05.07.2006. Հայաստան - Իրան
25.03.2006. Լավագույն մարզական ավանդույթները
09 Հուլ 2011  
09.07.2011  |  14:30   |   Ելույթներ և ուղերձներ

27.05.2002. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Հայաստան-Սփյուռք երկրորդ խորհրդաժողովի բացման ժամանակ

Վեհափառ հայրեր,
Հարգելի պատվիրակներ,
Հարգարժան հյուրեր,

Շնորհավորում եմ բոլորիդ Հայաստան-Սփյուռք երկրորդ խորհրդաժողովի բացման առթիվ: Երեք տարի առաջ մենք սկսեցինք մի գործընթաց, որի նշանակությունը դժվար է գերագնահատել: Գործընթացի իմաստն է` Հայաստանի եւ սփյուռքի ինտեգրացման հնարավորությունների գնահատում եւ դրան հասնելու ուղիների որոնում: Նպատակն է` ազգային ներուժի պահպանում ու հզորացում արագ փոփոխվող աշխարհում: 

Փորձեմ գնահատել անցած երեք տարիները: Դրանք չափազանց հարուստ էին իրադարձություններով, որոնք լրջորեն ազդում են միջազգային հարաբերությունների վրա եւ պահանջում են մանրակրկիտ իմաստավորում: Առաջին հերթին`

- եվրոպական ինտեգրացիայի գործընթացների արագացումը
- գլոբալ անվտանգության համակարգում սեպտեմբերի 11-ից հետո կատարվող արմատական փոփոխությունները.

ա) ԱՄՆ - Ռուսաստան հարաբերությունները
բ) Ռուսաստան - ՆԱՏՕ հարաբերություները

Մենք գտնվում ենք խիստ զգայուն տարածաշրջանում: Հայաստանը փոքր երկիր է: Ճիշտ մասնակցությունը միջազգային անվտանգության համակարգում` մեր ազգային անվտանգության կարեւոր բաղկացուցիչն է:

Կյանքը ցույց տվեց, որ մեր վարած փոխլրացման քաղաքականությունը ճիշտ է: Դրա իմաստն է. շահ փնտրել մեծ տերությունների եւ բլոկների հակասությունների հարթեցման մեջ, ոչ թե` դրանց սրման: Այս բանաձեւը նաեւ սփյուռքին թույլ է տալիս տարբեր երկրներում արդյունավետ աշխատել հայկական պետության շահերն առաջ մղելու ուղղությամբ: Ակնհայտ է նաեւ Եվրոպային ինտեգրման ուղեգծի ճշտությունը:

Ինչպե±ս ընթանալ առաջ: Հարցը լուրջ է, եւ ես ակնկալում եմ արդյունավետ բանավեճ խորհրդաժողովի շրջանակում: Բայց ակնհայտ է մի բան. ընդհանրապես աշխարհում ուժ կազմող կենտրոններում չափազանց կարեւոր դեր են սկսում խաղալ Հայասատանի անվտանգության հարցերը:

Հայաստանի ներքաղաքական իրավիճակում երեք տարում եւս շատ բան է տեղի ունեցել: 1999 թվականի հոկտեմբերի ողբերգական իրադարձությունները խորհրդարանում, եւ իբրեւ հետեւանք` քաղաքացիական պատերազմի վտանգ: Հաջողվեց վիճակը կայունացնել: Դա խոսում է առաջին հերթին Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորվածության բավարար մակարդակի մասին:

Այսօր մենք ունենք կայուն ներքաղաքական իրավիճակ: Երկիրը պատրաստվում է 2003 թվականի ընտրություններին: Հնարավոր են որոշ դրեւորումներ, որ հատուկ են անցումային շրջանի երկրներին, բայց համոզված եմ, որ ամեն ինչ լինելու է օրենքի շրջանակում: Մենք դարձել ենք Եվրոպայի Խորհրդի անդամ: Դա նշանակում է, որ ժողովրդավարացման, մարդու իրավունքների պաշտպանության գործընթացները դարձել են մեր միջազգային պարտավորությունները եւ ենթակա են մշտական մոնիտորինգի միջազգային հանրության կողմից: Այսինքն` տեղի է ունենում ժողովրդավարական բարեփոխումների անշրջելիության ինստիտուցիոնալ ձեւակերպում:
 
Տնտեսության մեջ բարեփոխումների տեմպերն արագացվել են: Նպատակն է գերակա ոլորտների զարգացումը, ներդրումների ներգրավումը եւ արտահանման խրախուսումը: Հատուկ ուղղություն է պայքարը կոռուպցիայի դեմ: Այստեղ ունենք ծրագիր:Անդամակցությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը մեզ թույլ կտա կանխատեսելի մուտք ունենալ ԱՀԿի անդամ երկրների շուկաներ: Դա կվկայի նաեւ, որ երկրում շուկայական հարաբերությունները բոլոր թերություններով հանդերձ կայացած են ու անշրջելի: Հուսով եմ, այս տարի անդամակցության հարցը դրական լուծում կստանա:
 
Տնտեսական իրավիճակը ես կբնութագրեի հետեւյալ կերպ: Տնտեսության մեջ իրականացված բարեփոխումների ծավալը թույլ է տալիս լիարժեքորեն աշխատել շուկայական մեխանիզմներին, ձեւավորում է բարենպաստ ներդրումային միջավայր: Արդյունքում` տնտեսական աճի բարձր տեմպեր են, Հայաստանի վարկանիշի բարձրացում որպես բիզնեսի համար գրավիչ երկրի: 

Հարգելի հայրենակիցներ,

Կանգ առնեմ կատարված աշխատանքների վրա առաջին խորհրդաժողովում հնչած գաղափարների եւ առաջարկների ուղղությամբ:

1) Միասնական տեղեկատվական դաշտի, որպես ինտեգրացիայի գործիքի, ստեղծում.

Հանրային հեռուստատեսությունն այսօր հեռարձակվում է Ավստրալիայից մինչեւ Լոս Անջելես: Աշխատանքներ են տարվում ժամանակային գոտիներին եւ լեզվական տարբեր պայմաններին լուծումներ գտնելու ուղղությամբ: Վերջնական նպատակը հետեւյալն է. տեղեկատվական դաշտը պետք է լինի ինտերակտիվ եւ հաշվի առնի սփյուռքի աշխարհագրական ու լեզվական առանձնահատկությունները: Մենք ձգտում ենք ստեղծել հայկական CNN - ի նման մի երեւույթ: Խնդիրը լիարժեքորեն լուծելի է միայն ձեր ակտիվ մասնակցությամբ: Համահայկական ինտերնետ ցանցի ստեղծում: Արվում են առաջին քայլերը: Համոզված եմ, որ գաղափարն ամբողջությամբ իրագործելի է:

2) Համահայկական նախաձեռնությունների իրագործում եւ դրանցում սփյուռքի ակտիվ ներգրավում Հայաստանի հետ հավասար պայմաններում:
Համահայկական սպորտային խաղեր: Մասնակիցների քանակի եւ աշխարհագրության զգալի ընդլայնում:
Փառատոններ` "Մեկ ազգ, մեկ մշակույթ" կարգախոսով:

Համահայկական մրցույթների, օլիմպիադաների, հավաքների (օրինակ` երիտասարդ գիտնականների) կազմակերպում, որոնք ակտիվ էին հատկապես անցյալ տարվա ընթացքում:

Քրիստոնեության ընդունման 1700 - ամյակի տոնակատարում եւ սփյուռքի լիարժեք մասնակցություն բոլոր գործընթացներին:

3) Հայաստանում համահայկական երիտասարդական կենտրոնի ստեղծում: Այսպիսի խոստում կար, եւ այստեղ մենք ուշացել ենք: Հարցի կազմակերպական եւ ֆինանսական մասը լուծված է, եւ վստահ եմ, որ 2003 թվականին կենտրոնը կսկսի աշխատանքը: Չեմ կասկածում, որ Ծաղկաձորում մենք կունենանք ամենահեղինակավոր համահայկական երիտասարդական ակումբը:

Մենք ողջունում ենք այս համատեքստում ամառային հավաքները Հայաստանում անցկացնելու` Սփյուռքի տարբեր երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությունները (սկաուտներ, Հոմենըթմեն եւ այլն):

4) Հայկական զարգացման գործակալության ստեղծում, որի Խորհրդի կազմում ընդգրկված են սփյուռքի ներկայացուցիչներ: Այսօր գործակալությունը կայացած կառույց է եւ վայելում է միջազգային տարբեր ֆինանսական հաստատությունների ակտիվ աջակցությունը:
Այս գաղափարի զարգացման ուղղությամբ մենք ավելի առաջ գնացինք:
 
Հայաստանում ներդրողների հետ աշխատող կառույցները ստացել են ինստիտուցիոնալ ձեւակերպում:

Սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվել են տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների զարգացման, գործարարության աջակցման եւ այլ Խորհուրդներ: Պետք է ասեմ եւ հատուկ նշեմ, որ սփյուռքի մեր եղբայրներն այս ոլորտներում չափազանց կարեւոր դեր են խաղում, քանի որ իրենց հետ բերել են իրենց փորձն ու մոտեցումները, եւ դա այդ կազմակերպությունների աշխատանքին, իսկապես, ավելի գործնական բնույթ է տալիս:
 
5) Ուսուցիչների վերապատրաստում. 2000-2001 թվականներին վերապատրաստվել են 500-ից ավելի ուսուցիչներ, որոնց մեծ մասը` ուղղակի գաղթօջախներում:

6) Կառավարական պարգեւներն արդեն համահայկական բնույթ են կրում:

Սա առաջին խոհրդաժողովից հետո մեր կատարած աշխատանքների թվարկումն է, որ հեռու է ամբողջական լինելուց:
 
Հիմա խոսքը պետք է գնա գործակցության ծավալների մեծացման մասին: Հատկապես կառանձնացնեի համահայկական տեղեկատվական ցանցի ստեղծմանն ուղղված աշխատանքների շարունակման անհրաժեշտությունը: Դա կլինի միասնական լեզվական եւ մշակութային տարածքի ձեւավորման ամենաարդյունավետ գործիքը: 
Անկասկած, պետք է շարունակվեն համահայկական նախաձեռնությունները, որոնց օրակարգը կարող է ընդլայնվել: Ավելացնեմ մի քանի կոնկրետ նախագծեր, որոնց իրագործումը Հայաստանին կտար ակնհայտ առավելություններ: Օրինակ, Հայաստանը բժշկական եւ կրթական տարածաշրջանային կենտրոն դարձնելու ջանքերի կենտրոնացում: Բնականաբար ծրագիրը պետք է ունենա կոմերցիոն ուղղվածություն:

Հայաստանի բոլոր դպրոցների կոմպյուտերիզացիա:

Հետաքրքիր գաղափարներ եւ ծրագրեր շատ կան: Ես մեծ հույս ունեմ, որ ներկա խորհրդաժողովում դրանք բաց քննարկման կարժանանան:

Հարգելի հայրենակիցներ,

Կա մի հարց, որը նման հավաքների ժամանակ միշտ հնչում է. Հայաստան - Սփյուռք ինտեգրացման համար կազմակերպական ո±ր ձեւերն են այսօր ամենաընդունելին£ Սա բոլորիս մտահոգող հարց է:
Ինձ համար պարզ է, որ աշխատանքի կազմակերպման որեւէ ձեւ պետք է հաշվի առնի սփյուռքի իրողությունները: Այն է.

- Սփյուռքն անցել է ինքնակազմակերպման մեծ ճանապարհ: Կան տասնամյակներով աշխատող կառույցներ` ձեւավորված հարաբերությունների բարդ համակարգով: Բացի այդ, գաղթօջախները խորապես ինտեգրված են իրենց բնակության երկրներում եւ օրինաչափորեն արտացոլում են այդ երկրների առանձնահատկությունները:

Ակնհայտ է, որ հնարավոր չէ, կառավարել սփյուռքը որպես մեկ միավոր եւ դրա անհրաժեշտությունը չկա: Ավելի, նման փորձը կստեղծի բազմաթիվ նոր բարդություններ եւ մեզ կհեռացնի միմյանցից, ինչպես նաեւ ճիշտ հակառակը` պետք չէ Սփյուռքից ղեկավարել Հայաստանը, որը եւս կբերի որոշ դժվարությունների:
Բայց համոզված եմ, որ հնարավոր է.

- Համազգային խնդիրների նկատմամբ մոտեցումների ընդհանրացում:

- Համաձայնեցված դիրքորոշումներից բխող գործունեության կոորդինացում:

- Համազգային բնույթ ունեցող կոնկրետ ծրագրերի իրականացում:

Այս երեք ուղղություններով մենք ի վիճակի ենք շատ հստակ աշխատել:

Այդպիսի գործակցության կազմակերպական ձեւաչափը կարող է լինել պարբերաբար հրավիրվող համահայկական խորհրդաժողովը£ Այսինքն այն, ինչ մենք անում ենք հիմա: Իր ներկայացուցչական իմաստով սա չունի հավասարը:

Եթե ոչ այստեղ, ապա որտե±ղ մենք կարող ենք դասակարգել համահայկական խնդիրները եւ մշակել ընդհանուր մոտեցումներ այդ խնդիրների հանդեպ:

Ունենալով համաձայնեցված դիրքորոշումներ` սփյուռքի յուրաքանչյուր կազմակերպություն կկարողանար աշխատել ինքնուրույն` ելնելով իր ապրած երկրի առանձնահատկություններից, առկա փորձից, գործող կառույցների հնարավորություններից: Կարող ենք հավաքել երեք, չորս կամ երկու տարին մեկ: Սա մեր որոշման խնդիրն է, բայց համոզված եմ, այդպիսի մոտեցումն իրատեսական է:
 
Այսպիսի գործակցության փորձ կուտակենք. կյանքը ցույց կտա` ինչպե±ս շարժվել առաջ:

Հայաստան - Սփյուռք հարաբերությունների հատուկ թեմա է բարեգործությունը: Մենք շնորհակալ ենք սփյուռքահայությանը տարբեր կազմակերպությունների միջոցով իրականացվող բարեգործության համար: Դա միայն օգնություն չէ տասնյակ հազարավոր մարդկանց սոցիալական հարցերի լուծմանը: Տնտեսության սոցիալական բեռի թեթեւացումը երկրին թույլ է տալիս կենտրոնանալ տնտեսական բարեփոխումների եւ անցման փուլի խնդիրների հաղթահարման վրա: Այն, ինչ Հայաստանում արվում է "Լինսի" հիմնադրամի միջոցներով, վեր է ամեն գովեստից: Դա լուրջ ներդրում է եւ բարեգործության, եւ երկրի տնտեսության զարգացման մեջ: "Հայաստան" հիմնադրամի միջոցով ԼՂՀ-ում "Հյուսիս - Հարավ" ճանապարհի կառուցումը Արցախի տնտեսության զարգացման անհրաժեշտ պայման է:
Աղետի գոտի, դպրոցներ, հիվանդանոցներ. ահա բարեգործության հիմնական հասցեները: Մարդիկ դա տեսնում են եւ երախտապարտ են: Ցանկալի կլիներ տեսնել Հայաստանի կառավարության հետ ավելի կոորդինացված ու համաձայնեցված գործողություններ: Այն, ինչը մենք արդեն ունենք մեծ կազմակերպությունների հետ համագործակցության պարագայում: Հատկապես այն կազմակերպությունների հետ, որոնք արդեն բարեգործական աշխատանքում կենսագրություն ունեն: Պետք է խոստովանեմ, որ բարեգործական բեռների մասով մեր կառավարական կառույցներն այդպես էլ չգտան արդյունավետ օրենսդրական ու վարչական լուծումներ: Հաճախ ծանրաշարժ գործողություններով ստեղծում ենք քաշքշուկ եւ արդարացի վրդովմուք: Գործող կարգը պետք է վերանայվի:

Առանձին մեծ խոսակցության նյութ է սփյուռքի ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ: Նշեմ հիմնական պահերը:
 
Մենք ակտիվորեն աշխատում ենք սփյուռքի գործարար շրջանակների հետ: Սփյուռքահայ գործարարների կամ նրանց ակտիվ ներգրավմամբ բիզնեսհամաժողովները դարձել են ընդունված կարգ: Վերջին երկու տարվա ընթացքում անցկացվել է նման 17 համաժողով եւ բազմաթիվ ցուցահանդեսներ` սփյուռքահայ գործարարների մասնակցությամբ: Պետք է նշեմ այստեղ առկա դրական տեղաշարժերը, կան բազմաթիվ հաջողված օրինակներ:
Տնտեսության մեջ ներգրավվածությունը կարող է լինել բազմաբնույթ:

- Ուղղակի ներդրումների ձեւով.

ա) մասնակցություն սեփականաշնորհմանը
բ) նոր ձեռնարկությունների կառուցում

- Տարբեր օտարերկրյա ընկերությունների ներգրավում անձնական կապերի միջոցով: Մեր հայրենակիցներն ունեն այդպիսի կապեր, աշխատում են նման ընկերությունների հետ եւ իրենց կապերն, անձնական փորձը կարող են շատ օգտակար լինել այդ գործընթացների համար: Դա կբերի պատվերների տեղադրման Հայաստանում եւ հայկական ապրանքների առաջխաղացմանը դեպի նոր շուկաներ:

- Գործնական կապեր Հայաստանի գործարարների հետ

ա) պատվերների տեղադրում
բ) հայկական ապրանքների առաջխաղացում դեպի նոր շուկաներ

- Մասնակցություն արժեթղթերի շուկայում եւ բանկային ոլորտում

- Խորհրդատվական եւ լոբբիստական ծառայություններ տարբեր ապրանքային խմբերի քվոտաներ կամ պրեֆերենցիաներ ստանալու համար: Սա շատ կոնկրետ ուղղություն է, բազմաբնույթ, բայց ամեն մեկն ունի իրականանալու հսկայական ներուժ, որը շատ լուրջ խթան կարող է հանդիսանալ Հայաստանի տնտեսության զարգացման համար: 
Հայաստանի տնտեսական բարեփոխումների ամբողջ իմաստը համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելն է: ործարարությունը Հայաստանում պետք է լինի հասկանալի եւ կանխատեսելի: Ներդրումները պետք է հուսալիորեն պաշտպանված լինեն օրենքով եւ գործով: Այստեղ կառավարությունը դեռ մեծ անելիքներ ունի: Մենք պատրաստ ենք լսել այս նպատակներին ուղղված բոլոր ձեր առաջարկությունները: 

Այսօր ես չեմ կարող չանդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հարցին: Փորձեմ արտահայտվել բանաձեւերով.

- Մենք կողմ ենք խնդրի խաղաղ լուծմանը` բանակցությունների սեղանի շուրջ:

- Մենք անհրաժեշտ ենք համարում կարգավորման գործընթացին ԼՂՀ-ի ներգրավումը:

- Մենք ճանաչում ենք ԼՂՀի ինքնորոշման եւ ինքնապաշտպանության իրավունքը:

- Մենք պատասխանատու ենք ԼՂՀ-ի բնակչության անվտանգության համար: ԼՂՀ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում եւ ձեւավորվել է Սովետական Միության փլուզման պրոցեսների արդյունքում: Այստեղ չի կարող խոսք լինել որեւէ երկրի տարածքային ամբողջականության խախտման մասին, բացի Սովետական Միության տարածքի: 

- Մենք պատրաստ ենք քննարկել կարգավորման հարցերը իրավական հարթությունում:

Ինձ հաճախ հարց են տալիս. "Որտե±ղ է զիջման սահմանը": Անկախության եւ անվտանգության փաստացի մակարդակը: Ահա, սա է այն սահմանը, որից այն կողմ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում մենք չենք կարող զիջման գնալ:
 
ԼՂՀ-ն պետք է մնա հայ ժողովրդի ուշադրության կենտրոնում: Մենք պարտավոր ենք լրջորեն զբաղվել Ղարաբաղի տնտեսությամբ եւ սոցիալական ոլորտով: Հանգստանալ այս հարցում նշանակում է վտանգել ողջ ձեռքբերումները: Ինձ չեն գոհացնում ՀյուսիսՀարավ մայրուղու կառուցման տեմպերը: Բավարարված չեմ Ղարաբաղի տնտեսության մեջ արված ներդրումների ծավալներով: Առաջարկում եմ այս հարցերն ընդգրկել մեր խորհրդաժողովի առաջնահերթ որոշումների թվում:

Կարեւոր եմ համարում նաեւ, որ ԼՂՀ-ի պետականության կառուցումը համահունչ լինի եվրոպական արժեքներին: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, շուկայական բարեփոխումները Արցախին թույլ կտան ներդաշնակորեն ընդգրկվել միջազգային հանրության մեջ` նույնիսկ ներկա կարգավիճակով եւ ինչքան ավելի մեծ ներգրավվածություն լինի, այնքան ավելի հեշտ կլինի նաեւ Լեռնային Ղարաբաղի քաղաքական շահերը պաշտպանել միջազգային ատյաններում:
 
Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդիրը: Այն շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության եւ սփյուռքի օրակարգում: Շատ զգայուն հարց է եւ վերաբերում է բոլորիս: Վերջին տարիներին մենք վկան եղանք մի շարք երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման իրողությանը: ործընթացը շարունակվում է: Հարցի հաջող լուծումը ենթադրում է սփյուռքի բոլոր կազմակերպությունների եւ մեր պետական կառույցների հետեւողական ու կոորդինացված գործունեություն: Սա է հարցի հաջողության գրավականը:
 
Ես չեմ ուզում հատուկ անդրադառնալ լոբբիստական գործունեությանը, երկար խոսել, քանի որ այս դահլիճում կան մարդիկ, մասնագետներ, ովքեր ավելի վարժված են այդ հարցերում: Ասեմ որ չափազանց կարեւոր ուղղություն է, եւ համոզված եմ, որ խորհրդաժողովի շրջանակում այս հարցի շուրջ լինելու է շատ արդյունավետ ու հետաքրքիր քննարկում: Հատկապես, այսօրվա գլոբալիզացիայի պարագայում, այսօր աշխարհում կատարվող իրադարձությունների համատեքստում այս խնդիրը շատ ավելի մեծ, ճակատագրական նշանակություն կարող է ունենալ քաղաքական շրջանակներում ակտիվ եւ ճիշտ աշխատանքի դեպքում: 

Հարգելի հայրենակիցներ,

Ես փորձեցի առավելագույնս կոնկրետ լինել: Մենք մի գործընթաց ենք սկսել, որ ունի սկիզբ, բայց չունի ավարտ: Հայաստանը եւ սփյուռքը միշտ լինելու են, եւ արդյունավետ համագործակցության հարցը միշտ լինելու է համահայկական օրակարգում: Սա հասարակ գործընթաց չէ, եւ պահանջում է ազգային ներուժի մեծ լարում: Այս պահին դժվար թե հնարավոր է ճշգրիտ ծրագրավորել ընթացիկ արդյունքները: Մաթեմատիկոսները կասեին. "Հավասարման մեջ չափից շատ են փոփոխականները": Չափազանցված ակնկալիքների դեպքում կարող են հիասթափություններ լինել, իսկ ուժերի թերագնահատման դեպքում` կորցված հնարավորություններ:
 
Առաջարկում եմ մտածել եւ գործել մասշտաբայնորեն: Ես Հայաստանը տեսնում եմ, որպես տարածաշրջանի ամենակազմակերպված երկիրը, զարգացած գիտատար տնտեսությամբ: Մեր սերնդի ուսերին դրվել է պատասխանատվություն եւ պատվավոր իրավունք` կառուցելու այդպիսի Հայաստան, կառուցելու ենք ձեզ հետ միասին` հայ ժողովիդի ջանքերով եւ այն պատկանելու է բոլորիս:
Այս ակնկալիքով ենք մենք հրավիրել ներկա խորհրդաժողովը, որին մաղթում եմ արդյունավետ աշխատանք եւ հաջողություններ:

Շնորհակալություն:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: