Լինսի հիմնադրամը Հայաստանում
Առագաստանավային ակումբ ՍԵՎանում
Աղետի գոտի

Աղետի գոտի

Թալանված ու վաղուց անգործության մատնված խորհրդային շինարարական կռունկների երկնասլաց ուրվականները էլ ավելի հոգեմաշ ու սարսափելի էին դարձնում երկրաշարժից ավերված քաղաքի տխուր պատկերը: Սա նշանակում էր աղետալի անտարբերություն "Աղետի գոտու" և այնտեղ ապրող մարդկանց ճակատագրերի նկատմամբ: Կարող էր Հայաստանի Հանրապետությունը տնտեսական վերելք ունենալ, եթե նրա երկրորդ քաղաքն ու առհասարակ` հյուսիսային Հայաստանի մի զգալի մասը ոչ միայն մասնակից չէին դառնալու այդ վերելքին, այլև ընկղմված էին մնալու "միջնադարյան" մոռացության  գրկում: Սա կնմանվեր համարձակորեն ծովը նետված լողորդի պարանոցից կախված հսկայական քարի: Այդպես չէր կարող լինել:

"Աղետի գոտի" իր առաջին իսկ այցի ընթացքում Հանրապետության նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանը բարձրաձայնեց այդ մասին: Ոչ միայն բարձրաձայնեց, այլև երկրի աղետյալ մասի վերականգնման կոնկրետ ժամկետներ նշեց: Թող որ այդ ժամկետները հետագայում փոքր ինչ փոփոխություններ կրեցին, սակայն Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց դեռ մինչ իր նախագահական երկրորդ շրջանի ավարտը ի չիք դարձնել "Աղետի գոտի" չարագուշակ տերմինը: Առաջին անգամ երկրի պետական բյուջեից երկրաշարժի հետևանքների վերացման համար գումար հատկացվեց Քոչարյանի նախագահ դառնալուց հետո միայն: Հասկանալի է, որ միայն բյուջեով անհնար էր կարճ ժամկետում շինարարական մեծ թափ հաղորդել վերականգնման աշխատանքներին: Օգտագործելով իր հեղինակությունը` Ռոբերտ Քոչարյանը կարողացավ այդ գործին ի սպաս դնել "Հայաստան" Համահայկականի,  Հանսմանի, ՀՕՖ-ի, ՀՕՄ-ի և  բազմաթիվ այլ բարեգործական հիմնադրամների ու կազմակերպությունների միջոցները: 

Բավական է միայն մի հետադարձ հայացք գցել իր նախագահական տարիներին "Աղետի գոտի" Քոչարյանի կատարած բազմաթիվ այցերի գրաֆիկին, որպեսզի այսօրվա հեռավորությունից էլ հասկանալի լինի, թե ինչ հսկայական է երկրորդ նախագահի դերն ու ջանքը մեր երկրի ավերված հատվածի վերազարթոնքի գործում:

Աղետի գոտի

"Բնակարանաշինություն" ծրագիրը

Լինսի հիմնադրամը 2001 թվականին Շիրակի և Լոռու մարզերում սկսեց "Բնակարանաշինություն" ծրագիրը: 2002 թվականին հիմնադրամը եռապատկեց հատկացված գումարը` հասցնելով այն 45 միլիոնի:

Այս ծրագրով Շիրակի և Լոռու մարզերում կատարվել են երկրաշարժից վնասված շենքերի ուժեղացման և վերականգնման, կիսակառույց շինարարության ավարտման և նոր շենքերի կառուցման աշխատանքներ:

"Բնակարանաշինություն" ծրագիրով Շիրակի և Լոռու մարզերում կառուցվել է 9 և ավելի բալ սեյսմակայունությամբ 149 շենք` 3674 բնակարանով:

Շիրակում բնակիչներին է հանձնվել 86 շենք. 85-ը Գյումրիում, մեկը` Ախուրյանում: Դրանցից 48-ը նորակառույց է, 38-ը` ուժեղացված և վերականգնված:

Լոռիում բնակիչներին է հանձնվել 63 շենք, որից 49-ը Սպիտակում, 3-ը` Վանաձորում, 9-ը` Ստեփանավանում և 2-ը` Գուգարք գյուղում: Դրանցից 52-ը նորակառույց է, 5 -ը` ուժեղացված և վերականգնված: Ավարտվել է կիսակառույց 6 շենքի շինարարություն: Բնակարաններ իրենց հատակագծային լուծումներով առավել հարվարավետ են և վերջնական հարդարված, ինչը շատ բնակչության սոցիալական ցածր կենսամակարդակի պայմաններում: Խոհանոցն ու սանհանգույցը սալիկապատված են, ներքին դռները` փայտյա: Շենքերը հիմնականում գազաֆիկացված են: Ներդրված է անհատական ջեռուցման համակարգ:

Ուժեղացված և վերականգնված բնակելի շենքերում, ի հաշիվ նոր նախագծային լուծումների, կատարվել են բնակելի մակերեսների ավելացումներ: Գյումրի քաղաքում կառուցապատվել է քաղաքի մուտքը համարվող Երևանյան խճուղին, Շիրակացի փողոցը, Անտառավան թաղամասի բնակելի գոտին, Հույս թաղամասը և Շառլ Ազնավուրի հրապարակը:

Սպիտակում կառուցվել են պայմանական անվանումներով Կենտրոն 1, Կենտրոն 2 և Կենտրոն 3 թաղամասերը: Այս նորաստեղծ բնակարանային համալիրի նախագիծը արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ամենամյա մրցանակին:

Այսպիսով` 149 շենք, 3674 բնակարան: Սա նշանակում է, որ 3674 ընտանիք հրաժեշտ է տալիս ժամանակավոր տնակներին և ավելի է հեռանում ահավոր երկրաշարժի հուշերից:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: