

2006 թվականի հունիսյան այս օրերին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել էր թեթեւ քաշային կարգում IBF-ի բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով աշխարհի հնգակի եւ IBO-ի բռնցքամարտի միջազգային կազմակերպության վարկածով աշխարհի քառակի չեմպիոն, ավստրալաբնակ մեր հայրենակից Վախթանգ Դարչինյանին եւ նրա առաջին մարզիչ Վազգեն Բադալյանին:
Վախթանգ Դարչինյանն առաջինն է հայկական մարզաշխարհի պատմության մեջ, ով արժանացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոնի կոչման:
Աշխարհահռչակ բռնցքամարտիկը թեեւ ներկայացնում է Ավստրալիան, նրա յուրաքանչյուր մարտից առաջ հնչում է Արա Գեւորգյանի ստեղծագործությունը, եւ բարձրացվում է հայկական դրոշը:
Հաջողություններ մաղթելով Վախթանգ Դարչինյանին, Հանրապետության նախագահն ուրախալի է համարել այն փաստը, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի ասպարեզում երեւան են գալիս հայկական անուններ: Նրա խոսքով, յուրաքանչյուր հաջողություն ոգեւորիչ օրինակ է լինում շատերի համար:
Վախթանգ Դարչինյանը պատմել է հետագա մարտերի եւ ծրագրերի մասին: Նա ասել է, որ մտադրություն ունի Վանաձորում հիմնել բռնցքամարտի ակումբ եւ նպատակը մեկն է` ցանկանում է, որ հայկական բռնցքամարտի դպրոցի հրաշալի ավանդույթները պահպանվեն եւ հայաստանցի բռնցքամարտիկների հաղթարշավը շարունակական լինի:
Ավելացնենք, որ այս հանդիպումից որոշ ժամանակ անց Վախթանգ, կամ Վիկ Դարչինյանը, կամ նույն Կատաղած ցուլը, ինչպես նրան անվանում են պրոֆեսիոնալ բոքսի աշխարհում, որոշում կայացրեց այդուհետ ներկայացնել ոչ թե Ավստրալիան, այլ` Հայաստանի Հանրապետությունը: