Նոր հարցազրույց
Քչերն էին հավատում, որ կկառուցվի
17 Նոյ 2012  

Արդյոք ովքեր են

Վերջին օրերը մեր կայքէջի աշխատողների համար անցան բուռն ու հետաքրքիր: Նախ` առաջին անգամն էր, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեզ հարցազրույց տվեց, ինչի համար կրկին մեր շնորհակալությունն ենք հայտնում և հույսը, որ այն շարունակություն կունենա: Եվ հետո, կայքէջ այցելուների  թվի կտրուկ ավելացումը մի ավելորդ անգամ էլ ապացուցեց մեր այն պնդումների իրավացիությունը, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հասարակության մեջ հետաքրքրությունը եթե գնալով չի մեծանում, ապա չի էլ նվազում: Հրապարակելով հարցազրույցը, հույս ունեինք, որ լուրջ քննարկումների հիմք ենք դնում, որովհետև  քաղաքական չափազանց կարևոր ու խորը ասելիք կար երկրորդ նախագահի խոսքում: Սակայն հարցազրույցի հրապարակմանը հաջորդած մի քանի ժամերի ընթացքում այնպիսի տպավորություն ունեինք, թե ոմանք արձագանքում են դրան առանց նույնիսկ կարդալու, պարզապես լսելով, որ Ռ. Քոչարյանը այսպիսի կամ այնպիսի տեսակետ է հայտնել: Ճիշտ այդպիսին էր, ասենք, Էդվարդ Շարմազանովի արձագանքը: Աժ փոխխոսնակի ցաքուցրիվ արտահայտություններն ի մի բերելով, մոտավորապես այսպիսի պատասխան ես ընկալում. "Չգիտեմ, թե Քոչարյանն ինչ է ասել, ինչ էլ ասի` սխալ է, մեռնեմ ես ՀՀԿ ջանին":

Ի դեպ, տպավորությունն այնպիսին է, որ Շարմազանովը չի կարդացել ոչ միայն վերոնշյալ հարցազրույցը, այլև երկրի Սահմանադրությունը, գոնե Սահմանադրության հին խմբագրությունը /1995-2005թթ/: Արդեն որերորդ անգամ նա պնդում է, թե Քոչարյանի նախագահության շրջանի տնտեսական հաջողությունների հիմքում ՀՀԿ-ն է: Չժխտելով այդ կուսակցության դերակատարությունը, այնուամենայնիվ  հիշեցնենք, որ Սահմանադրությամբ, առավել ևս` իրական կյանքում գործադիր իշխանության ղեկավարը երկրի նախագահն էր: "Վարչապետը կառավարության նիստը վարում է նախագահի հանձնարարությամբ". Սահմանադրության տեքստից այս մեջբերումը, կամ կառավարության բոլոր որոշումները նախագահի կողմից վավերացվելու դրույթը, մեղմ ասած, չեն խոսում Շարմազանովի տեսակետների օգտին: Ընդ որում, երկրորդ նախագահի ավելի վաղ արված այն հայտարարությունը, թե հանրապետականների խորհրդարանական ցուցակն ինքն էր հաստատում, ոչ մի հանրապետական, նույնիսկ Էդուարդ Շարմազանովը, այդպես էլ չհերքեցին:

Բացի այդ, սրա կամ նրա ստվերի կամ ուրվականի մասին նրա էզոթերիկ հայտարարություններն ու հետագա պարզաբանումները միանգամայն անհամադրելի են ու իրար հակասող: Ամեն դեպքում, եթե Շարմազանովն իսկապես նկատի ուներ Քոչարյանին, ապա ստացավ իր պատասխանը, իսկ եթե մեկ ուրիշի ստվերը նկատի ուներ, ապա ուրեմն շատ է խորացել ուրվականների աշխարհում, ինչը միստիկական իմաստով բավական վտանգավոր է Շարմազանովի պես պրագմատիկ մարդու համար: Խորհրդարանի մեծամասնական-համամասնական ընտրակարգերի մասին նրա այն տեսակետը, ըստ որի կարևորը ոչ թե ձևն է, այլ բովանդակությունը, ստիպեց մեզ անդրադառնալ ու նորից քննել մեծամասնական կարգով ընտրված պատգամավորների էությունն ու կարողությունը, և համոզվել, որ չնչին բացառությունները հաշվի չառած, այն որևէ կերպ չի բարելավել խորհրդարանի ոչ ձևը, ոչ էլ հատկապես` բովանդակությունը: Խոսենք թվերի լեզվով: 

1990 թվականին ձևավորված խորհրդարանում, որն այն ժամանակ դեռ Գերագույն խորհուրդ էր կոչվում, կար 260 պատգամավոր, բոլորն էլ ընտրված մեծամասնական կարգով: 1995 թվականին խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատգամավոր դարձած 190 –ից 150-ը մեծամասնական էին: 1999 թվականին խորհրդարանի 131 անդամից մեծամասնական  կարգով ընտրվել էին ընդամենը 56 պատգամավոր: Այսինքն այդ թիվը կրճատվել էր շուրջ 100 պատգամավորով: Այս հարաբերակցությունը պահպանվեց 2003 թվականի ընտրությունների արդյունքում, իսկ ահա հաջորդ` 2007 թվականին. խորհրդարանում դարձյալ կրճատվեց մեծամասնականների թիվը` հասնելով ընդամենը 41-ի: Այնպես որ Ռոբերտ Քոչարյանի օրոք իսկապես մի քանի անգամ կրճատվել է հանրապետության ընտրատարածքների ֆեոդալականացման հնարավորությունները: 

Դժվար թե Ռոբերտ Քոչարյանը, խորհուրդ տալով խելամիտներին լավ բացել աչքերը, նկատի ունենար նաև Զարուհի Փոստանջյանին, բայց վերջինս համառորեն ուզում է հայտնվել այդ ցանկում և հայտարարում է, թե ֆեոդալականացման հիմքերը դրվեցին Ռոբերտ Քոչարյանի օրոք: Կարծես թե, ասենք, այն Վանո Սիրադեղյանին, ում մոտ, ըստ ժողովրդական ուշ ասացվածքի, նախագահ էր աշխատում Լևոն Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն էր քաղաքական ասպարեզ բերել: Բայց ավելի կարևոր է, որ դարձյալ չի ըմբռնվել երկրորդ նախագահի խոսքի իմաստը: Ռ. Քոչարյանը խոսում է այն մասին, որ մեծամասնական համակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացմանը: Կրկնում ենք` նպաստում է: Ինչի հետ համաձայնել են նույնիսկ այնպիսի ուղնուծուծով հակաքոչարյանականներ, ինչպիսիք ասենք Գուրգեն Եղիազարյանն է, կամ Սմբատ Այվազյանը: Ռոբերտ Քոչարյանը երբեք չի ասել, թե մեծամասնականով ընտրվածները ֆեոդալներ են: Մինչդեռ չկարողանալով լուրջ հակափաստարկներ գտնել նրա հարցազրույցի դեմ, "խելամիտները" մի նոր "Արյոք ովքե՞ր են" կոչվող մանկամիտ խաղ են սկսել ու ըստ խաղի կանոնների, հարցնում են իրար` արդյո՞ք դու ֆեոդալ ես: Այո, մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացմանը, ինչի պատճառով, կամ ինչից խուսափելու համար էլ երկրորդ նախագահի պաշտոնավարման շրջանում մեծամասնական մանդատների թիվը 150-ից կրճատվեց մինչև 41-ի: Որևէ բան ասելն այստեղ այլևս ավելորդ է:

Փոքր-ինչ ավելի հետաքրքիր էր Արամ Աբրահամյանի դիտարկումը: "Առավոտի" խմբագիրը  թեև մշտական հակվածություն է ցուցաբերում Ռ. Քոչարյանի դեմ խոսելու, ինչ թեմա էլ որ արծարծվի, այնուհանդերձ այս անգամ, զիջելով դիրքերը, մի ստույգ հետևություն է անում, ըստ որի` ով էլ լիներ երկրի ղեկավարը` մարզերում ֆեոդալականացումը տեղի էր ունենալու, քանզի բնակչությունը, ընտրողն ինքն է հակված դրան:

Թվարկածներն անշուշտ միակ արձագանքները չէին Ռ. Քոչարյանի` մեր կայքին տված հարցազրույցին: Կային նաև հավասարակշիռ ու ադեկվատ արձագանքներ, սակայն դրանք այնքան քիչ էին, որ ընդհանուր տոնայնությունը անհարկի վայնասունի էր նման: Այնպես որ ստիպված ենք նորից հիշեցնել, թե ինչ չէր անում երկրորդ նախագահի Սիմբա շունը անտեղի:

Վստահ ենք, որ և քիչ թվով կառուցողական և թե անիմաստ ու հարցազրույցում բարձրացված հարցերին անհամարժեք պատասխանները շարունակվելու են: Մենք, բնականաբար, հետևելու ենք երկուսին էլ, և առաջիկայում առավել ամփոփ դրանք կներկայացնենք ձեր ուշադրությանը, բայց ինքներս էլ վերոհիշյալ հարցազրույցի վերաբերյալ երկու դիտարկում ունենք:

Մեր տեսակետից հարցազրույցում առանցքայինը երկրի կառավարման համակարգին վերաբերող գնահատականն էր: Համոզումը, որ երկիրը ապաշնորհ կամ խելամիտ կարելի է ղեկավարել ինչպես նախագահի նստավայրից, այնպես էլ` վարչապետի, տարակույս չի առաջացնում: 
Եվ երկրորդը, որ այսօր հանրապետության վարչապետի դերակատարությունը դե ֆակտո չափազանց նվազել է, մինչդեռ դե յուրե, այսինքն համաձայն բարեփոխված Սահմանադրության, նրա լիազորություններն ու իրավասությունները անհամեմատ բարձր են, և գործող Սահմանադրությամբ հենց վարչապետն է գործադիր իշխանության ղեկավարը:

Այնպես որ նրանց, ովքեր արձագանքում են Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, խորհուրդ ենք տալիս կարդալ այն, իսկ եթե մեկ-երկու անգամը բավարար չէ, թող էլի ու էլի կարդան:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: