Դաշնակից պետությունների ղեկավարների հերթական հանդիպումը
Հանդիպում, որը մեծ նշանակություն էր ստանալու երկրի համար
21 Հուն 2013  

Արժանապատիվ կեցվածք և հպարտություն պարգևող ելույթ

Հարգելի այցելու,

Շարունակում ենք ներկայացնել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթները: Արդեն առիթ եղել է` Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում հնչեցրած ելույթից հատվածներ տեղադրելու մեր կայքում: Նույն ելույթի տարբեր հատվածներ դեռ մինչ մեր հրապարակումները դրված են եղել համացանցում և այցելուների ու հետաքրքրվողների ֆանտաստիկ քանակ են ապահովել: Այն մի տեսակ իմիջային հոլովակ է դարձել ոչ այնքան հենց Քոչարյանի համար, որքան` Հայաստանի:

Դրանք հայտնվում են նաև օտար կայքերում ու լրատվամիջոցների էջերին: Այս անգամ այդ ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ: Ինչո՞ւ ենք ներկայացնում, և ինչո՞ւ դեռ էլի կներկայացնենք: Պարզ մի պատճառով: Ռոբերտ Քոչարյանի, ինչպես միջազգային կառույցներում հնչացրած այլ ելույթները, այս մեկն առավել չափով հպարտություն է ներշնչում մեր նախագահի արժանապատիվ, միևնույն ժամանակ հավասարակշիռ ու կարևորագույն հարցադրումներ պարունակող խոսքով: 

***

23.06.2004. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում /Ստրասբուրգ/

Հարգելի պարոն նախագահ,
Խորհրդարանական վեհաժողովի հարգելի անդամներ,
Տիկնայք եւ պարոնայք

Անկեղծորեն ուրախ եմ Ձեր առջեւ ելույթ ունենալու հնարավորության համար: Անցյալ անգամ ես այս ամբիոնի մոտ էի Հայաստանի համար շատ կարեւոր մի օր` Եվրոպայի Խորհրդին անդամակցելու օրը:

Անցել է ինտենսիվ բարեփոխումների երեք տարի, որոնք շոշափել են Հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտները եւ պահանջել են ազգային ռեսուրսների առավելագույն մոբիլիզացում: Այսօր ես հայտարարում եմ, որ Հայաստանն արդեն կատարել է Եվրոպայի Խորհրդին անդամակցելու կապակցությամբ ստանձնած պարտավորությունների ճնշող մեծամասնությունը: Մնացած մասի վերաբերյալ կազմված է գործողությունների համաձայնեցված պլան, որի իրականացումը կավարտվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Բայց ամենակարեւոր ձեռքբերումը ես կանվանեի սեփական ապագայի նկատմամբ հայ հասարակության ընկալումների մեջ կատարված էական փոփոխությունները: Աճում է մարդկանց ներգրավվածությունը երկրի ամենօրյա կյանքում: Ամրապնդվում է նվիրվածությունը ազատության եւ ժողովրդավարության արժեքներին, տեղի է ունենում քաղաքացիական հասարակության ձեւավորման ակտիվ գործընթաց:

Նշանակում է սա, արդյոք, որ Հայաստանը հասել է ժողովրդավարական ազատությունների ցանկալի մակարդակին: Ակնհայտ պատասխանն է` ոչ: Աղքատության բարձր ցուցանիշներ ունեցող ցանկացած երկրում ժողովրդավարությանը բարդ ճանապարհ է սպասվում: Անհրաժեշտ է սոցիալական երաշխիքների որոշակի նվազագույն մակարդակ` ժողովրդավարական գործընթացներում մարդկանց լիարժեք մասնակցության համար: Հենց այդ պատճառով մենք փորձել ենք համաժամանակյա դարձնել տնտեսությանը, քաղաքական համակարգին, դատաիրավական եւ սոցիալական ոլորտներին վերաբերող բարեփոխումները: Հայաստանում, ըստ էության, ավարտված է իշխանության եւ տնտեսության նախկին կենտրոնացված համակարգի ապամոնտաժումը, որը հնարավորություն էր տալիս տոտալ ձեւով վերահսկել հասարակությունը:

Երկրում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ տնտեսության կառուցվածքում` ինչպես ճյուղերում, այնպես էլ սեփականության ձեւերում: Բարեփոխումների ծավալն ու խորությունը հնարավորություն են տվել, որ շուկայական հարաբերությունները լիարժեք աշխատեն: Այսօր Հայաստանի ՀՆԱի ավելի քան 85 տոկոսը արտադրվում է մասնավոր սեկտորի, այդ թվում` 36 տոկոսը փոքր եւ միջին բիզնեսի կողմից: Վերջին երեք տարիներին ՀՆԱի տարեկան միջին աճը կազմել է 12 տոկոս` չնայած Եվրոպայի Խորհրդի գործընկեր երկու պետությունների կողմից իրականացվող շրջափակմանը:

Տնտեսական աճի դինամիկան մեզ հնարավորություն է տվել մշակել աղքատության հաղթահարման երկարաժամկետ ռազմավարություն: Առաջին անգամ Հայաստանում այդ կառավարական ծրագիրը մշակվել է ոչ միայն միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ, այլեւ` հասարակության լայն ներգրավմամբ: Այսօր այդ փաստաթուղթը հիմք է հանդիսանում քաղաքական որոշումներ ընդունելու եւ բյուջետային առաջնահերթությունները որոշելու համար:

Արդյունավետ ժողովրդավարության հաստատման ճանապարհին մյուս կարեւոր քայլը կոռուպցիայի դեմ պայքարն է: Հայաստանի կառավարությունը կոռուպցիան դիտում է որպես համակարգային չարիք, որը հնարավոր չէ արմատախիլ անել միայն բարձրագոչ հայտարարություններով կամ ցուցադրական դատավարություններով: Մենք կենտրոնանում ենք համակարգային վերափոխումների վրա, որոնք վերացնում են կոռուպցիայի մոտիվները: Հենց այդ պատճառով էլ անդամակցել ենք ԳՐԵԿՕի խմբին, որտեղ կարող ենք ուսումնասիրել այդ ոլորտում այլ երկրների փորձը: ԵԱՀԿ-ի, Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի մասնակցությամբ լայն քննարկումների միջոցով մենք մշակել ենք համապարփակ Հակակոռուպցիոն ռազմավարություն: Մի քանի շաբաթ առաջ իմ հրամանագրով ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարը համակարգող խորհուրդ:
 
Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելուն ուղղված անհետաձգելի միջոցառումների շարքին առաջին հերթին կդասեի դատաիրավական համակարգի բարեփոխումների խորացման անհրաժեշտությունը, հարկային եւ մաքսային մարմիններում վարչարարության կատարելագործումը, պետական ծառայության արդյունավետ համակարգի ձեւավորումը: Այսինքն` հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործուն մեխանիզմների ստեղծումը:

Ընդհանուր կոռուպցիոն ռիսկերի կրճատման տեսանկյունից հատկապես կնշեի մրցակցային միջավայրի հաստատման կարեւորությունը, կառավարության գործողությունների կանխատեսելիությունը, ընթացակարգերի պարզեցումը« դրանց թափանցիկությունն ու հասարակական վերահսկողությունը: Այսպիսին են այսօրվա մեր առաջնահերթություններն ու դրանց նպատակն է ապահովել Հայաստանում տնտեսական բարեփոխումների եւ ժողովրդավարացման գործընթացի անշրջելիությունը:

Տիկնայք եւ պարոնայք:

Համոզված եմ, որ ձեզանից շատերը հարց են տալիս` ինչ է տեղի ունեցել Հայաստանում անցած գարնանը: Ինչով է պայմանավորված ընդդիմության ակտիվության պոռթկումը, որը խորհրդարանական գործունեությունը փոխարինել է հանրահավաքային հեղափոխականությամբ: Չէ որ, բոլորովին վերջերս` հունվարին, Հայաստանում էր Եվրոպայի Խորհրդի մոնիտորինգի խումբը, որը էական առաջընթաց էր արձանագրել այդ կազմակերպության առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ£ Իսկ դա, ամենից առաջ, ժողովրդավարության խորացմանն ուղղված բարեփոխումներն են: Միջազգային ֆինանսական կառույցների կողմից Հայաստանին տրված բոլոր փորձագիտական գնահատականներն առավել քան լավատեսական են: Հայաստանում առկա երկնիշ թվով տնտեսական աճը եւ բյուջեի կատարման պրոֆիցիտն, ըստ էության, ոչ մի կերպ չեն նպաստում հեղափոխականությանը: Իսկ մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններն էլ դեռ ամբողջ երեք տարի կա: Այսինքն` քաղաքական ակտիվության շիկացում կանխագուշակող ներքին նախադրյալներ ուղղակի չկային:

Ուրեմն ինչ էր տեղի ունեցել: Պատասխանը պարզ է: Ընդդիմությունը ո,եշնչվել էր հարեւան Վրաստանում "վարդերի հեղափոխության" արդյունքով եւ որոշել էր պատճենել այն հայկական իրականության մեջ, որն վրացականի հետ ոչ մի ընդհանրություն չունի: Ընդդիմությունը հաշվի չէր առել այն փաստը, որ Հայաստանի տնտեսությունն, ի տարբերություն այն ժամանակվա վրացականի, դինամիկ զարգանում է, կառավարությունը բավականին արդյունավետ է, եւ ժողովրդավարական ձեռքբերումներն ամրապնդված են ինստիտուցիոնալ կառուցվածքներով, ներառյալ ոստիկանությունը, որն ի վիճակի է պահպանել հասարակական կարգը:

Պատմությունը սովորեցնում է, որ օտար հեղափոխություններով ոգեշնչվելը ոչ մի լավ բանի չի հանգեցրել: Բայց, ցավոք, շատերը սովորում են միայն իրենց սեփական փորձի վրա: Այդպես եղավ նաեւ մեզ մոտ: Թողնելով խորհրդարանն, ընդդիմությունը հանրահավաքային գործունեություն ծավալեց, որի նպատակը բացահայտորեն հայտարարված էր` խառնել իրավիճակը երկրում, հավաքել մարդկանց առավելագույն քանակ, շրջապատել Նախագահական նստավայրը եւ ստիպել ինձ հրաժարական տալ:

Հայտնաբերելով հանրահավաքների նկատմամբ հասարակության հետաքրրության բացակայությունը, ընդդիմությունը որոշեց սրացման գնալ` ըստ երեւույթին, ուշադրություն բորբոքելու համար: Շրջափակվել էր Երեւանի ամենածանրաբեռնված պողոտան£ Դա խանգարում էր ոչ միայն տրանսպորտի, այլեւ Ազգային ժողովի, Նախագահի աշխատակազմի, Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությանը: Ի դեպ, այդտեղ են տեղակայված նաեւ չորս դեսպանություն եւ քաղաքի խոշոր դպրոցներից մեկը: ործողության կազմակերպիչները ցուցադրաբար քաղաքացիներին անհնազանդության կոչ էին անում: Ոստիկանությանն այլընտրանք չէր մնում. կարգուկանոնը վերականգնվեց արագ, առանց գործողության մասնանկիցների առողջությանը լուրջ վնաս պատճառելու:

Ոստիկանական նմանատիպ գործողությունների անհրաժեշտությունը միշտ էլ ցավ է առաջացնում: Բայց, իշխանությունը պետք է հասարակությանը պաշտպանի քաղաքական ծայրահեղականությունից: Առավել եւս երիտասարդ ժողովրդավարությամբ երկրներում, որոնք քաղաքական եւ իրավական կուլտուրայի կայացած ավանդույթներ չունեն: Հատկապես, երբ բնակչության մի մասը դեռեւս ապրում է աղքատության շեմին, եւ կարող է ենթարկվել ամբոխահաճ ճարտասանության ձեռնածություններին: 

Հատկապես կուզենայի նշել, որ այդ ողջ ժամանակահատվածում կառավարող կոալիցիա կազմող կուսակցությունները բազմիցս համագործակցության ձեռք են մեկնել ընդդիմությանը: Ցավոք, այդ առաջարկությունները մերժվում էին ընդդիմության կողմից, որը հավանաբար, ենթադրում էր, թե համագործակցությունը կարող է նվազեցնել իր կողմնակիցների հեղափոխական տրամադրվածությունը:

Երկիրն իր կայացման կարեւոր փուլում է, եւ ես համոզված եմ, որ կան շատ ուղղություններ, որոնք ընդհանուր ջանքեր են պահանջում: Մենք ընդդիմությանն առաջարկել ենք համագործակցել ամենակարեւոր հարցերի շուրջ` սահմանադրական բարեփոխումներ եւ ընտրական օրենսգիրք: Այդ առաջարկություններն մնում են ուժի մեջ, բայց դրանք պետք է քննարկել խորհրդարանում, այլ ոչ թե` փողոցում:

Այս ամենի մասին ես չէի խոսի, եթե չլիներ ԵԽԽՎի վերջին բանաձեւը Հայաստանի վերաբերյալ: Ես ցավում եմ, որ մեր որոշ պատգամավորներ ԵԽԽՎ ներքաշել են այդ դիսկուսիայի մեջ£ Համոզված եմ, որ Եվրոպայի Խորհրդի ամբիոնն ամենահարմար տեղը չէ իշխանությունների եւ ընդդիմության հարաբերությունները պարզելու համար: Այդ ամենը պետք է արվի սեփական խորհրդարանի ամբիոնից, այսինքն` Հայաստանի քաղաքական գլխավոր խոհանոցում:

Հարգելի պարոն Նախագահ,

Այժմ ես ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանի համար առաջնահերթ մեկ այլ հարցի£ Եվրախորհրդին անդամակցելիս Հայաստանը պարտավորվել է քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք նման պարտվորություն ընդունել ենք, քանի որ բարձր ենք գնահատում հարեւան երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների անհրաժեշտությունը: Սակայն, երկարատեւ լուծումն արդյունավետ փնտրելու համար անհրաժեշտ է հակամարտության էության խոր իմացություն: Ես կցանկանայի նշել Ղարաբաղյան հակամարտությունը բնութագրող երկու կարեւոր գործոն:

Առաջինը. Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Դա փաստ է: ԽՍՀՄ փլուզման արդյունքում նախկին Ադրբեջանական ԽՍՀի տարածքում կազմավորվեցին երկու անկախ պետություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը: Այդ պետությունների գոյության իրավական հիմքերը նույնական են: Այսինքն` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Եվ մենք պատրաստ ենք հակամարտության կարգավորման հարցը քննարկել իրավական հարթության վրա:

Երկրորդը` 1992-94թթ. պատերազմն ադրբեջանական իշխանությունների ագրեսիայի արդյունք էր, որով նրանք փորձում էին էթնիկ զտումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում` այն զավթելու նպատակով: Ձեւավորված դե ֆակտո իրավիճակը սեփական հողում ապրելու համար Լեռնային Ղարաբաղի հայերի անձնուրաց պայքարի արդյունքն է: Սա ինչպես ինքնորոշման իրավունքի իրականացման, այնպես էլ տարածքային ամբողջականության սկզբունքը էթնիկ զտումները հիմնավորելու համար օգտագործելու դասական օրինակ է:

Ղարաբաղի ժողովուրդը պաշտպանել է ժողովրդավարական հասարակության մեջ ազատ ապրելու իր իրավունքը: Ղարաբաղի փաստացի անկախությունը 16 տարեկան է: Այնտեղ արդեն մեծացել է մի սերունդ, որը երկրի այլ կարգավիճակ չի պատկերացնում£ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր կայացած պետություն է, որն, ըստ էության, համապատասխանում է Եվրոպայի Խորհրդին անդամակցելու բոլոր չափանիշներին£ Սա այն իրողությունն է, որից ուղղակի անհնար է խուսափել: Հենց այդ պատճառով ենք մենք պնդում Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցությունը բանակցային գործընթացում, որին Հայաստանն ակտիվորեն մասնակցում է:

Կարգավորումը պետք է բխի հակամարտության էությունից, այլ ոչ թե` ապագա նավթային դոլարներով Ադրբեջանի հավանական ուժեղացման նախադրյալներից: Դա առճակատման բանաձեւ է, այլ ոչ թե` փոխզիջման: Հայաստանը պատրաստ է հրադադարի ռեժիմի պահպանմանն ու ամրապնդմանը: Մենք պատրաստ ենք հակամարտության համապարփակ կարգավորման լուրջ բանակցությունների: Հենց այդ պատճառով մենք համաձայնություն էինք տվել միջնորդների վերջին երկու առաջարկություններին, որոնք, ցավոք, մերժվեցին Ադրբեջանի կողմից:

Հատկապես կուզեի նշել Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության զարգացման կարեւորությունը: Հնարավոր համագործակցության ընդգրկումը կարող է ձգվել օրենսդրության ներդաշնակեցումից մինչեւ փոխկապակցված տրանսպորտային ցանցի վերականգնումն ու համատեղ նախագծերն էներգետիկայում: Մենք նաեւ համոզված ենք, որ տարածաշրջանում համագործակցությունը լավ նախադրյալ է հակամարտությունների կարգավորման համար:
 
Հարավային Կովկասը որպես համապարփակ տնտեսական համագործակցության գոտի կարող է ավելի շատ բան նշանակել, քան այն, ինչի մասին տարածաշրջանի երեք երկրներից յուրաքանչյուրը կարող է երազել միայնակ:
 
Հարավային Կովկասը միշտ էլ զգայուն տարածաշրջան է եղել արտաքին ազդեցությունների նկատմամբ: Այն գտնվում է քաղաքակրթությունների խաչմերուկում եւ, հաշվի առնելով նրա էներգետիկ եւ տարանցիկ ներուժը, միշտ էլ եղել է մեծ հետաքրքրությունների ոլորտ: Այդ հանգամանքը մեզ մղել է մշակել կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն, որի էությունն հետեւյալն է. Հայաստանը շահ է փնտրում համաշխարհային եւ տարածաշրջանային տերությունների հակասությունների հարթեցումից, այլ ոչ թե` դրանց ուժգնացումից: Այդ մոտեցումը մեզ հնարավորություն է տվել վստահելի հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի, Եվրոպական Միության եւ Իրանի հետ, ամրապնդել ավանդական մերձավորությունը Ռուսաստանի հետ: Մենք հավատում ենք խաղաղությանն ու համագործակցությանը Հարավային Կովկասում:

Հատկապես կուզեի անդրադառնալ հայ-թուրքական հարաբերություններին, ավելի շուտ` դրանց բացակայությանը: Իրականությունն այն է , որ այդ հարաբերությունները ծանրաբեռնված են անցյալի ժառանգությամբ` Եղեռնով, դրա հետեւանքներով եւ ապաշխարանքի բացակայությամբ: Այսօր իրավիճակը դժվարանում է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմամբ: Ես կուզեի հնչեցնել երկու սկզբունք, որոնք իմ կարծիքով անհրաժեշտ են փակուղուց դուրս գալու համար:
 
Առաջինը. գործնական կապերի կարգավորումը եւ ժառանգած խնդրի քննարկումը պետք է տեղի ունենան տարբեր հարթություններում եւ չկապվեն միմյանց հետ:

Երկրորդը. հայ-թուրքական հարաբերությունները չպետք է պայմանավորվեն երրորդ երկիր հետ մեր հարաբերություններով /Ադրբեջան/: Նախապայմաններ պարտադրելու ցանկացած փորձ զրոյի է տանում յուրաքանչյուր հեռանկար:

Հարգելի պարոն նախագահ,
Տիկնայք եւ պարոնայք,

Վերջում ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ Հայաստանն իր ապագան տեսնում է Եվրոպական ընտանիքի հետ սերտ ինտեգրման մեջ: Մի քանի օր առաջ Եվրամիությունը որոշում ընդունեց Հայաստանը ներգրավել "նոր հարեւանության" նախաձեռնության մեջ: Դա կուժեղացնի մեր ձգտումը` համապատասխանել եվրոպական չափանիշներին, մեր ավանդը ներդնել եւ օգտվել մեր պետությունների ու ժողովուրդների համագործակցության բարիքներից: Մենք այդ ճանապարհով գնում ենք խորը համոզվածությամբ եւ երախտապարտ ենք ձեզ` այդ դժվար գործընթացին աջակցելու համար:

Շնորհակալություն ուշադրության համար:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: