

Տարեվերջին հանրապետության երկրորդ նախագահի մամուլի խոսնակը բոլորի համար պարզ եւ մատչելի բացատրեց, որ քաղաքական գործընթացի այս փուլում Ռոբերտ Քոչարյանն իր առջեւ օր առաջ նախագահական վերադառնալու խնդիր չի դրել, բայց կարտահայտի իր տեսակետը առաջիկա ընտրությունների վերաբերյալ։
Mediamax.am կայքէջին երեկ տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը նախընտրական իրավիճակը բնութագրել է ընդամենը մեկ բառով՝ "անհետաքրքիր"։ Եվ դա ինչ-որ տեղ թերեւս հասկանալի է, այն առումով, որ ընտրական գործընթացի հանգուցալուծումից մեկ-մեկուկես ամիս առաջ ստեղծված իրադրությունն իսկապես հեռու է ինտրիգային լինելուց։
Իշխանություն-ընդդիմություն սուր առճակատում չկա, ի տարբերություն 1991 թվականից հետո անցկացված բոլոր նախագահական ընտրարշավների, ընտրությունների արդյունքները եւ հետընտրական իրավիճակն էլ առավել քան երբեւէ կանխատեսելի են։ Լա՞վ է դա, թե՞ վատ՝ ճաշակի հարց է, ինչպես ասում են։
Իրավիճակի առանձնահատկությունների վրա "չծանրանալով"՝ երկրորդ նախագահն անդրադառնում է այս հանգրվանում ակտիվ քաղաքականություն վերադառնալուց եւ նախագահական "մարտերում" առանցքային դերակատարություն ստանձնելուց ձեռնպահ մնալու շարժառիթներին՝ նշելով, որ հարցազրույց տալու միակ պատճառը ընտրական գործընթացի վերաբերյալ դիրքորոշումը բարձրաձայնելու խոստումն է։
"Գիտեմ, որ գալիք ընտրություններին իմ հնարավոր մասնակցության որոշակի սպասումներ կային: Թեեւ երբեք չեմ հայտարարել մասնակցելու մտադրության մասին, այնուամենայնիվ ճիշտ եմ համարում որոշ բացատրություններ տալ գործողություններիս վերաբերյալ",- ասում է Ռ.Քոչարյանը:
Ո՞ր հանգամանքներն են դրդել երկրորդ նախագահին ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց։ "Առաջինը` իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա:
Երկրորդ՝ չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ եւ, վստահ եմ, երկրի համար վնասակար ձեւաչափի կազմավորմանը",- նշել է Ռ.Քոչարյանը:
Դե ինչ, Ռ.Քոչարյանը եւս մեկ անգամ փաստեց, որ ընկերությունը եւ գործընկերությունը, միասին անցած ճանապարհը իր համար սոսկ դատարկ խոսքեր չեն: Ճիշտ այնպես, ինչպես գործող նախագահ Սերժ Սարգսյանը, որ նմանապես երբեք (ո՛չ 2008թ., ո՛չ էլ դրանից առաջ) տուրք չի տվել իր եւ իր վաղեմի զինակից Ռոբերտ Քոչարյանի միջեւ սեպ խրելու, թշնամանք սերմանելու նկրտումներին։
Եվ սա՝ ի հեճուկս շահագրգիռ շրջանակների կողմից համառորեն շրջանառության մեջ դրվող սադրիչ հրապարակումների՝ առ այն, որ Սերժ Սարգսյանի "միահեծան իշխանությունը" վտանգող ամենամեծ սպառնալիքը երկրորդ նախագահն է։
Սա այն դեպքը չէ, երբ տարիների սերտ համագործընկերությունը ավազի վրա կառուցված տնակի պես փլվում է՝ չդիմանալով ժամանակի փորձությանը։ Ու երբեմնի մտերիմ ընկերները, գործընկերները, որոնք տասնամյակներ շարունակ միասին աշխատել են, աղուհաց կիսել, ուս ուսի կռիվ տվել ադրբեջանական ագրեսիայի դեմ, պայքարել հանուն Արցախի եւ Հայաստանի պետականության կայացման, առաջին իսկ "մեղմ զեփյուռից" դարձել են անհաշտ հակառակորդներ։
Միմյանց նկատմամբ ընդգծված հարգալից վերաբերմունքով, կոռեկտ պահվածքով Ռ.Քոչարյանը եւ Ս.Սարգսյանը, ըստ էության, կարողացան կոտրել մեզանում ձեւավորված կեղծ կարծրատիպը, թե "չկան հավերժական բարեկամներ՝ կան միայն հավերժական շահեր"։ Ասել է թե՝ քաղաքականության մեջ ամեն ինչ թույլատրելի է. նպատակն արդարացնում է միջոցները։
Հատկանշական է, որ անգամ գոյություն ունեցող տնտեսական խնդիրների մասին խոսելիս երկրորդ նախագահն ինքնանպատակ չի քննադատում, չի չարախնդում՝ արձանագրում է փաստը, որ "տնտեսությունը սկսել է աճել"։
Միաժամանակ, որպես երկրի ապագայով մտահոգ պետական գործիչ, որն իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել 90-ականներին ավերված տնտեսությունը "շողուլի բերելու" դժվարին գործում, իր մտահոգությունն է հայտնում. "Արդյոք այդ աճը կայո՞ւն կլինի նվազող ներդրումների պայմաններում, եւ որքանո՞վ է այն պայմանավորված լինելու պարտքերի կուտակմամբ":
Ի հեճուկս առաջին նախագահի, որ պարբերաբար ահաբեկում էր հանրությանն իր չարագուշակ կանխատեսումներով, նաեւ լավատեսորեն նշում է, որ "տնտեսության համար լուրջ դրական գործոն կարող է հանդիսանալ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Աբխազիայով, ինչը հնարավոր է դառնում Վրաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո":
Եվ ավելացնում. "Կառավարության հանգիստ ու հանդարտ ջանքերով շատ դժվար է լինելու կոտրել այս միտումները: Մեզ շատ ավելին է պետք. այն, ինչը կմոբիլիզացնի հասարակությանը, հավատ կներշնչի եւ կմղի գործողությունների: Հուսով եմ, որ իշխանությունը կհաղթահարի այս մարտահրավերները":
Այսպիսով՝ Ռ.Քոչարյանը կոտրում է հայրենի "քաղաքական մշակույթի" անբաժանելի մասը դարձած եւս մեկ վնասակար կարծրատիպ, որով առաջնորդվել եւ, ցավոք սրտի, շարունակում են առաջնորդվել հայրենի քաղգործիչները՝ հայտնվելով "իշխանությունից դուրս" վիճակում. "Որքան վատ, այնքան լավ"։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
www.armworld.am