Քանակական ու բովանդակային փոփոխություններ
"Ինչ լավ բան կա Հայաստանում` իր շնորհիվ եղավ"
20 Փետ 2012  

Երկու անհայտ` առանց հավասարումի

Նկատեցի՞ք, հարգելի այցելուներ, թե ինչ հիստերիկ, լաչառ կնոջ էին նմանվել այս շաբաթ մեր լրատվական դաշտի առանձին ներկայացուցիչներ` իրենց տպագիր ու էլեկտրոնային միջոցներով: Վիրավորանք, լացուկոծ, անեծք, հայհոյանք, սպառնալիք, բանդագուշանք և հիստերիայի մնացած բոլոր "ժանրերն" ի հայտ եկան այն բանից հետո, երբ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց ԲՀԿ մտնելու իր վերջնական վճռի մասին: Փորձենք հասկանալ և հարյուրավոր լալահառաչ հոդվածներից  ի մի բերել, դասդասել քիչ թե շատ տարամաբանական թվացող մեկնաբանությունների ընդհանուր ուղղվածությունը: 

Եվ այսպես, բազմաթիվ "հանճարեղ" վերլուծաբաններ համոզված են, որ Վարդան Օսկանյանի այդ որոշման հեղինակը ոչ թե ինքը` Վարդան Օսկանյանն է, այլ` Ռոբերտ Քոչարյանը: Նրանք  դավադրության պարզունակ տեսություններ են առաջ քաշում, դետեկտիվ ժանրի սցենարներ գրում` ըստ երևույթին ազդված հայկական քրեական  սերիալների առատությունից: Բայց այս սցենարի մեջ էլ, ինչպես սերիալներում, հաճախ են "կիքսեր" լինում: Ուրեմն, մի կողմից համարում են, որ դա Օսկանյանի ինքնուրույն քայլը չէր, մյուս կողմից մեղադրում ուշ կողմնորոշվելու մեջ, իբր վաթսունի մոտ նոր միայն կողմնորոշվում է սեփական գաղափարական հակվածության հարցում:

Եվ վիրավորական ու հայհոյանքի  խոսքեր են հնչում նաև այնպիսի քաղաքական գործիչների բերանից, ովքեր մինչ այս պահը կարծես "մաքուր բերան"-ի համբավ ունեին: Ինքը` Վարդան Օսկանյանը չիջավ այդ հայհոյանքներին պատասխանելու մակարդակին, բայց նրա այդ քայլը միանգամայն ինքնուրույն ու դրական համարեցին ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն ու "Ժառանգության" պատգամավորական խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը: Երկու քաղաքական ուժերն էլ կարող էին խռովածի կեցվածք ընդունել, որովհետև չէր բացառվում Վարդան Օսկանյանի անդամակցումը նաև այս քաղաքական կազմակերպություններին: Անհասկանալի է, թե մնացած քաղաքական ուժերն ու նրանց սպասարկող լրատվամիջոցներն ինչու են այդպիսի ուժգին ցնցում  ու շոկ ապրում այն փաստից, որ նախկին արտգործնախարարը կուսակցական է դառնում և ըստ երևույթին` նաև պատգամավոր: 
 
Ախ, հա~, շոկն ուրիշ առիթով է: Իրենք մազոխիստաբար պնդում են, որ Օսկանյանի վերադարձով իրականում Ռոբերտ Քոչարյանն է վերադառնում քաղաքականություն, և իրենք իրենց վախից ընկնում շոկի մեջ: Հասկանում ենք, որ նրանք էլ մեզ պես շատ են սպասում երկրորդ նախագահի վերադարձին, բայց ի տարբերություն իրենց, մենք գիտենք, որ եթե Ռոբերտ Քոչարյանը ուզենա վերադառնալ` ապա ինքը կհայտարարի այդ մասին շիտակ և առանց վարանելու: Ռոբերտ Քոչարյանին քիչ թե շատ ճանաչողները գիտեն, որ նա, ոմանց նման, սովորություն չունի ուրիշների թիկունքում թաքնվելու: 

Հոդվածագիրների հաջորդ թյուր պնդումը վերաբերում է Ռոբերտ Քոչարյան-ԲՀԿ հարաբերություններին: Որ այդ հարաբերությունները ջերմ  են` կարծում ենք պարզ է, դժվար է դա ժխտելը: Սակայն ինչո՞ւ են մարդիկ հարաբերությունները միայն տերն ու ծառայի ճորտային ֆորմատով պատկերացնում և չեն էլ ենթադրում, որ դրանք կարող են լինել պարզ գործընկերային: Չէ... միայն դավադրություն, միայն  ստորակարգ հարաբերություններ:

Մամուլի չորրորդ անհաստատ կարծիքն այն է, որ Վարդան Օսկանյանի "բարգավաճումով" սկսվեց նախագահական ընտրապայքարը: Այ, այստեղ է, որ մեր վերլուծաբաններն իրենք իրենց դնում են երկու անհայտով հավասարում լուծելու բարդ խնդրի առաջ: Արդյոք այդ պայքարը վերաբերում է 2013-ի՞, թե՞ 2018-ի  նախագահական ընտրություններին: Եվ երկրորդ անհայտը թեկնածուի հարցն է: Արդյոք Ռոբերտ Քոչարյանն ինքը՞ կդառնա նախագահի թեկնածու 2013-ին, կամ 2018-ին, թե՞ առաջ կմղի դարձյալ Վարդան Օսկանյանին, իրեն վերապահելով վարչապետի պաշտոնը: Բարդ կոմբինացիաներ են մտածել, խոսք չկա: Իսկ մեր "հավաստի" աղբյուրները վկայում են, որ պայքարը լինելու է 2023 թվականին, և այս հեռահար նպատակով է նախկին արտգործնախարարը դիմում գրել ԲՀԿ մտնելու ցանկությամբ:

Վստահ, որ դավադիր ու դետեկտիվոտ այս կոմբինացիաները ճշգրիտ են, մի քանի հոդվածագիրներ էլ ավելի առաջ են գնում ու հայտարարում, որ Ռոբերտ Քոչարյանն այս պլանը մտահաղացել էր դեռևս 2007 թվականին, և դեռ այն ժամանակ էր ուզում նախագահ դարձնել Վարդան Օսկանյանին, որպեսզի իրեն էլ վարչապետությունը մնա: Եվ սա մեր մամուլի այս շաբաթվա անհեթեթությունների թոփ տասնյակի հինգերորդ հորիզոնականում է: Մի անգամ էլ կրկնենք, որ սույն հոդվածագիրները այդպես էլ չեն հասցրել լավ ճանաչել երկրորդ նախագահին: Մի քիչ ուշադիր լինելու պարագայում, հետադարձ հայացք կգցեին մեր ոչ հեռավոր անցյալին ու կհամոզվեին, որ Ռոբերտ Քոչարյանը չունի քաղաքական ոչ մի ձախողում: Նա ինչ որ նախանշել է, և ում միջոցով նախանշել է` ամեն ինչ իրագործել է ըստ այդ ծրագրի և չի տապալվել: Այլ կերպ ասած` որպես քաղաքական գործիչ, թե որպես որսորդ, երբևէ չի վրիպել: Բայց այստեղ մի այլ նկատառում էլ կա: Ռոբերտ Քոչարյանին իսկապե՞ս պետք էր իր քաղաքական մտադրություներն իրականացնելու համար ստեղծել նոր կուսակցություն, ինչպես պնդում են գրեթե բոլոր վերլուծաբանները: Նա մի առիթով հայտարարեց, թե Հանրապետական կուսակցության պատգամավորական ցուցակներն ինքն էր հաստատում, և Հանրապետական կուսակցությունից հերքում չլսվեց: Ուրեմն տեղին մի հարց է առաջանում. եթե Ռոբերտ Քոչարյանն ուզենար ինքը դառնալ Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդը, արդյոք հանրապետականները դեմ կլինեին կամ կմերժեին նրա այդ ցանկությունը: Դժվար է հավատալ:

Եվ վերջապես, լրատվամիջոցների այս շաբաթվա վեցերորդ թյուր  պնդումը վերաբերում է ԲՀԿ-ի  վարկանիշի հարցին` Օսկանյանի անդամագրվելուց հետո: Ժպիտ է առաջացնում քաղաքական մնացած ուժերի` ԲՀԿ  հիմնական մրցակիցների "խորը ցավն ու կսկիծը" առ այն "իրողությունը", որ այդ կուսակցությունը Վ. Օսկանյանին իր կազմում ներառելով, և Ռոբերտ Քոչարյանի հետ կապվելով` վարկանիշի  կտրուկ անկում է ունենալու: Եթե վստահ եք ձեր պնդումներում, ապա ինչո՞ւ եք դարդոտել, ինչի՞ չեք ուրախանում, ինչի՞ եք խորհուրդ տալիս շուտափույթ ազատվել թե Օսկանյանից և թե Քոչարյանից: 

Մենք, ի տարբերություն ձեզ, հակառակ կարծիքի ենք: Որքան համառորեն տեղին ու անտեղի կապեցիք ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, այնքան բարձրացրեցիք այդ կուսակցության հեղինակությունը: Իսկ ով համամիտ չէ մեզ հետ` թող դիտի մեր հին ու նոր հարցումները Երևանի փողոցներում ու հանրապետության այլ մարզերում: Դրանք մեր կայէջում են:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: