

1999 թվականի հուլիսի 13-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական երկօրյա այցով մեկնել էր Լեհաստանի Հանրապետություն: Մինչ այս այցը, երկու երկրների միջև փոխայցելությունները եղել էին ավելի ցածր մակարդակով և սա առաջին դեպքն էր, երբ Լեհաստան է մեկնում Հայաստանի Հանրապետության նախագահը: Բնականաբար քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության մկարդակն էլ առանձնապես բարձր չէր, և Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը այս բացը լրացնելու նպատակ ուներ:
Հետաքրքիր է, որ հինգ տարի անց, 2004 թվականի սեպտեմբերին Լեհաստանի նախագահ Կվասնեվսկու հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ է պաշտոնական այցով լինում Լեհաստանում: Երկու երկրների միջև կնքվում են երկկողմ համաձայնագրեր` ռազմական համագործակցության և կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարի մասին, ինչպես նաև Լեհաստանի` "Մանր ու միջին ձեռներեցության" միության և Հայաստանի` Առևտրի ու տնտեսական զարգացման նախարարության միջև համագործակցության վերաբերյալ:
Դեռևս Խորհրդային միության վերջին տարիներին, երբ Լեհաստանը պայքարում էր Վարշավայի դաշնագրից դուրս գալու, և կոմունիստական մենիշխանությանը վերջ տալու, իսկ Հայաստանը Ղարաբաղի ու իր անկախության համար` երկու երկրների և ժողովուրդների միջև առաջացել էր համակրանքի ու փոխըմբռնման գերազանց մթնոլորտ: Հետագայում, սակայն, այս ամենը մոռացվեց, և Հայաստանում իշխանության եկած ուժերը արհամարհեցին կամ չկարողացան օգտագործել լեհ ժողովրդի այդ համակրանքն ի շահ Ղարաբաղի խնդրի ու Հայաստանի շահերի: Ռոբերտ Քոչարյանի զույգ այցերը Լեհաստան, ինչ որ չափով այս վիճակը շտկեցին և Եվրամիության անդամ Լեհաստանը այդուհետ իր աջակցությունն էր բերելու Հայաստանին` եվրաինտեգրման և բազմաթիվ այլ հարցերում:
Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ: