Նոր համագործակցության սկիզբ
Ավանդական արհեստ ԵՎ ժամանակակից բիզնես
30 Սեպ 2011  

Ֆրանսիական դրոշմ Երևանի սրտում

2006 թվականի սեպտեմբերի 29-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից մասում բացվեց Ֆրանսիայի հրապարակը:
 
Հրապարակի բացումը մի դրվագ էր Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում նախատեսված միջոցառումների: Այց, որը անգնահատելի նշանակություն ունեցավ ինչպես հայ-ֆրանսիական հարաբերությունների, այնպես էլ աշխարհաքաղաքական բազմաթիվ այլ խնդիրների համատեքստում: 

Սակայն կարևոր այս այցի շրջանակներում հրապարակի բացումը չի մոռացվում, որովհետև Ֆրանսիական հրապարակը բացվեց, ինչպես Ռ. Քոչարյանը նշեց իր խոսքում, Երևանի սրտում:

Ժակ Շիրակի պետական այցի շրջանակում նույնքան անմոռաց է նաև Հանրապետության հրապարակում տեղի ունեցած "Շարլ Ազնավուրը և ընկերները" բացօթյա համերգը, որին ներկա էին Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները: Հենց այս համերգով էլ մեկնարկեց աննախադեպ, իր ծավալներով ոչ մինչ այդ, ոչ էլ դրանից հետո նմանը չունեցող մշակութային մեկամյա շքերթը Ֆրանսիայում, այսինքն` Հայաստանի տարին Ֆրանսիայում, որը կրում էր "Հայաստան, իմ բարեկամ" խորագիրը:

Հարգելի այցելու, ներկայացնում ենք նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ժակ Շիրակի համատեղ ասուլիսը, ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահի  խոսքը Երևանում Ֆրանսիայի հրապարակի բացման առիթով: 

ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի համատեղ մամուլի ասուլիսը

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Ուրախ եմ եւս մեկ անգամ ողջունել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին այստեղ: Սա առաջին այցն է Հայաստան, որի շրջանակներում մտադրություն կա շարունակել մեր պետությունների միջեւ ձեւավորված երկխոսությունը: 

Քննարկեցինք բազմաթիվ հարցեր: Օրը դեռ շարունակվում է, շփման հնարավորությունը կա, այս հանդիպման ժամանակ չենք հասցրել քննարկել ամբողջ ծավալը, բայց կրկնում եմ` շարունակելու ենք: 

Մեր երկկողմ հարաբերությունների ծավալն այսօր իր բովանդակությամբ շատ մեծ է: Հատկապես կցանկանայի նշել, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը շատ ավելի բովանդակային է դարձել: Ֆրանսիական կապիտալով 100-ից ավելի ընկերություն կա Հայաստանում գործող: Ֆրանսիական խոշոր ընկերություններն արդեն ներկայացված են մեր ենթակառուցվածքներում: Որակապես փոփոխություն են ապրում տնտեսական ոլորտի հարաբերությունները: Կցանկանայի հատուկ նշել միջխորհրդարանական ակտիվ շփումները, պատվիրակությունների փոխայցերը եւ այն հանգամանքը, որ ավելի քան քսան քաղաքներ քույր քաղաքների կարգավիճակ ունեն եւ դրանց միջեւ շփումները բավական ակտիվ են: Սա լրացնում է երկկողմ հարաբերությունները, բովանդակային առումով` նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը: 

Մենք միշտ հատուկ շեշտադրում ենք բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությունը: Հայ-ֆրանսիական համալսարանը, իհարկե, այն կարեւոր օղակն է, որն այսօր կապում է մեզ այս ոլորտում: 

Մի քանի խոսք կցանկանայի ասել Ֆրանսիայում Հայաստանի տարվա վերաբերյալ: Հինգ հարյուրից ավել միջոցառումներ են լինելու ֆրանսիայի 120 քաղաքներում եւ դրանց մենք շատ լուրջ ենք պատրաստվում: Համոզված ենք , որ պատշաճ ձեւով ձեր երկրում կներկայացնենք Հայաստանը, հայ ժողովրդին իր մշակույթով: 

Նախագահ Շիրակի հետ քննարկել ենք Ղարաբաղի հարցի կարգավորման ներկա փուլը: Հատուկ կցանկանայի շեշտել, որ ֆրանսիայի նախագահը փորձագետի խորությամբ է տիրապետում այս հարցին եւ կարգավորման գործընթացում ունի անձնական ներգրավվածություն: Հատուկ կցանկանայի նշել ֆրանսահայ համայնքի դերակատարությունը մեր երկկողմ հարաբերություններում: Ես նկատեցի, որ այսօր հրապարակի բացմանը ներկա էին նաեւ մեծ թվով ֆրանսիահայեր, ովքեր ասում էին, որ եկել են Հայաստան` հատուկ այս միջոցառումներին մասնակցելու համար: Ես շնորհակալ եմ նախագահ Շիրակին` հրավերը ընդունելու համար, այստեղ ներկա լինելու համար: Դա մեծ իրադարձություն էր մեր հարաբերությունների զարգացման գործում: Հիմա խոսքը հաճույքով փոխանցում եմ իմ գործընկերոջը: Խնդրեմ:

Ժ. ՇԻՐԱԿ - Տիկնայք եւ պարոնայք, իհարկե, հասկանալի է, որ իմ առաջին խոսքը շնորհակալությունն է նախագահ Քոչարյանին` իր ջերմ խոսքերի համար: Դուք նրան լավ ծանոթ եք, ինչպես եւ ես: Տեւական ժամանակ է, ինչ բարեկամական հարաբերություններ ունենք: Մենք միմյանց շատ վաղուց ենք ճանաչում: Բայց կուզենայի հատուկ արտահայտել հուզմունքս, որ ունեմ այսօր որպես Ֆրանսիայի նախագահ` առաջին անգամ լինելով հայկական հողի վրա: 

Ֆրանսիայի համար Հայաստանը մոտիկ եւ ճանաչված երկիր է: Նախքան այստեղ գալը կարծում էի, թե Հայաստանը ճանաչում եմ, բայց իրականում առաջին անգամ եմ այստեղ, եւ սա ինձ հատուկ հուզմունք է պատճառում: Կուզենայի նաեւ ջերմ շնորհակալություններս հայտնել Հայաստանի իշխանուրթյուններին` նախագահին, Երեւանի քաղաքապետին եւ այն մեծ բազմությանը, որ այս առավոտ եկավ ներկա գտնվելու ֆրանսիայի հրապարակի բացմանը: Հուսով եմ, որ այն կլինի նաեւ խաղաղության հրապարակ: 

Պարոն Նախագահ, կուզենայի նաեւ ձեր բոլոր հայրենակիցներին ասել, թե ինչքան ուրախ եւ զգացված եմ իրենց ընդունելության համար եւ ինչքան ուրախ եմ, որ ֆրանսիան այս ձեւով մեծարվեց հենց Հայաստանի մայրաքաղաքի սրտում` Երեւանի ամենամեծ հրապարակներից մեկում: Այսօր շատ ուրախ եմ, որ պիտի նորից առիթ ունենամ հանդիպելու իմ շատ հին ընկերոջը եւ հռչակավոր անձին` Շառլ Ազնավուրին եւ ներկա գտնվելու իր համերգին: Բոլորը գիտեն նրան որպես մեծ ֆրանսիացու, մեծ հայի եւ մեծ արվեստագետի: Բոլորս ուրախ ենք այս ձեւով շեշտելու այն ջերմ, խոր մշակութային կապերը եւ մտերմությունը, որ գոյություն ունի Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ: 

Իհարկե, այս զգացմունքային խնդիրների կողքին ուրիշ նյութեր էլ քննարկեցինք: Քննարկեցինք այս տարածաշրջանի խաղաղության խնդիրը եւ նրան առնչվող ընդհանուր հարցեր: Ինձ` որպես ֆրանսացի եւ եվրոպացի ղեկավարի համար շատ հետաքրքիր էր լսել պարոն Քոչարյանի, Հայաստանի տեսակետը եւ վերլուծությունները տարածաշրջանի ապագայի վերաբերյալ: Քննարկեցինք եւ այնուհետեւ ճաշելու ընթացքում պետք է շարունակենք մտքեր փոխանակել Հայաստան-Եվրամիություն կապերի, եւ իհարկե մեր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, որոնք շատ ուժեղ են թե տնտեսական, թե մշակութային ոլորտներում: Իհարկե, առիթ կունենանք այս ճաշի ժամանակ քննարկել այն երկկողմ խնդիրները, որ դեռ կարող են գոյություն ունենալ: Այսօրվա կապակցությամբ ուզում եմ նորից ջերմ շնորհակալություններ հայտնել Նախագահին, Երեւանի բոլոր բնակիչներին, բոլոր հայերին եւ Ֆրանսիայի հայերին, թեեւ նրանց հետո կասեմ, բայց հիմա հատկապես Հայաստանի հայերին եմ շնորհակալություն հայտնում:

ՀԱՐՑ "Ֆիգարո" - Պարոն նախագահ, ֆրանսիայի Ազգային ժողովը շատ շուտով Սոցիալիստական խմբի առաջարկով պետք է քննարկի մի օրենքի նախագիծ, որով ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ է նախատեսվում:

Ժ. ՇԻՐԱԿ - Ես ուզում եմ մեկ անգամ եւս վերհիշել, որ ֆրանսիան ճանաչում է հայոց ցեղասպանությունը: Այն պաշտոնապես ճանաչվեց օրենքով: Մեր օրենքն է, եւ ուրեմն այն պետք է բոլորի համար կիրառվի: Ինչպես գիտեք, մենք իրավական պետություն ենք: ֆրանսիական օրենքով ռասսայական ատելություն հրահրող բոլոր դրսեւորումները դատապարտվում են եւ պատժվում: Այս օրենքի նախագծը կարող է քննարկենք Հայաստանի նախագահի հետ: Բայց ուզում եմ նշել, որ Ֆրանսիան լիարժեք ճանաչել է Ցեղասպանությունը եւ մնացածը ավելի շատ բանավեճի է վերածվում, քան իրավական խնդրի:

ՀԱՐՑ "Հ1" - Ֆրանսիական ներկայությունը Հայաստանում բավականին աշխույժ եւ զգալի է թե տնտեսական ոլորտում` բիզնեսի մեջ, թե շատ հաջողությամբ գործող ֆրանսիական Համալսարանով: Արդյոք այսօր քննարկել ե±ք ֆրանսիական կապիտալը Հայաստանի տնտեսության մեջ ավելի ակտիվորեն ներգրավելու տարբերակներ, փոխշահավետ ծրագրեր:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Ես ասացի, որ քննարկումները շարունակելու ենք: Տնտեսական բլոկի հարցերը անմիջապես մամուլի ասուլիսից հետո ավելի մանրակրկիտ կքննարկենք: Մենք ակնկալում ենք ակտիվ մասնակցություն բանկային համակարգում: Կարծում ենք` վերջերս "Կրեդի Ագրիկոլի" մուտքը Հայաստան շատ դրական ազդեցություն կունենա բանկային համակարգի զարգացման վրա: Ես մտադիր եմ խնդրել, որպեսզի խրախուսվի ապահովագրական ընկերության մուտքը Հայաստան, քանի որ մեր ֆինանսական հատվածի այս գործառույթները թույլ են ձեւավորված: Կան մի շարք այլ ուղղություններ` կապված այստեղ բժշկական կենտրոնի հնարավոր բացման հետ եւ մի շարք այլ հարցեր, որոնք դեռ քննարկման ենթակա են:

Բայց մի բան կարող եմ միանշանակ ասել, որ ֆրանսիայի նախագահի հետ մեր բոլոր հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվել: Մեր ջրային համակարգի կառավարման գործում ֆրանսիական ներկայությունը նախագահ Ժակ Շիրակի հետ քննարկել էինք երկու տարի առաջ: Բանկային համակարգում ֆրանսիական բանկերի ներգրավվածությունը եւ բազում հարցեր նույնպես քննակելիք էինք Ելիսեյան պալատում: Այդ առումով բավական լավատես եմ եւ մենք կոնկրետ հարցադրումներ ունենք փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար:

Ժ.ՇԻՐԱԿ - Լավատես լինելու նաեւ երկրորդ պատճառ կա: Այն է` տնտեսական աճը Հայաստանում շատ ուժեղ տեմպերով է առաջ գնում: Իհարկե, այն հիմնված է տնտեսական զարգացման վրա, բայց հիմնված է նաեւ հայ ժողովրդի հատուկ տաղանդի, երիտասարդության, փորձի եւ իր ժողովրդի հզորության վրա: Եւ եթե այս տնտեսական զարգացումը, աճն առաջ գնա, ուրեմն փոխհարաբերությունները աշխարհի եւ հատկապես ֆրանսիայի հետ կարող են էլ ավելի զարգանալ: Այսօր դրանք կարեւոր են եւ զարգանում են փոխվստահության մթնոլորտում: Պետք է իմանալ, որ այսօր ներդրողները վստահում են Հայաստանին, նրա տնտեսությանը եւ դա նրանց քաջալերում է շարունակել գործը:

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ - Որքան գիտեմ` Նախագահի մանկական ընկերը` պարոն Պիժոն, տարիներ առաջ ներդրում էր արել այստեղ եւ որքանով տեղյակ եմ` այդ ներդրումն այսօր ընդլայնում է: Փոքր էլեկտրակայան էր կառուցել ժամանակին եւ հիմա երկրորդն է ուզում կառուցել Սյունիքում:

ՀԱՐՑ "Լա Մոնդ" - Պարոն նախագահ, Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը արդյոք պայմանավորվա±ծ է ցեղասպանության ճանաչմամբ: Կուզեի հարցս ուղղել նաեւ պարոն Քոչարյանին` իմանալու համար, արդյո±ք նա անհանգիստ է նոր խնդիրներով, որոնք ծագել են Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Մենք շահագրգռված ենք ավելի կանխատեսելի, ավելի անվտանգ, ավելի խորը ժողովրդավարություն ունեցող երկրներ ունենալ մեր հարեւաների շարքում այդ առումով այս գործընթացում որեւէ վտանգ մեզ համար իհարկե չենք տեսնում: Միգուցե` ճիշտ հակառակը: Իհարկե, կցանկանայինք, որ այս գործընթացում նաեւ մեզ հուզող հարցերը լուծում ստանային: Եւ արժեքային այն համակարգը, բաց սահմանների նկատմամբ այն վերաբերմունքը, որ գոյություն ունի Եվրոպայում, տարածվի նաեւ Թուրքիայի քաղաքականության վրա, տարածվի ոչ թե անդամակցության վերջին փուլում, եթե այդպիսինը լինի, այլ սկզբնական շրջանում: 

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին: Իհարկե, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ նման լարվածութլունը միշտ ազդեցություն է ունենում մեր վրա: Մեր ճանապարհները Ռուսաստանի հետ Վրաստանի տարածքով են անցնում եւ դա անմիջապես ազդում է նաեւ մեր տնտեսական համագործակցության ծավալների վրա: Հուսով ենք, որ այն, ինչ կատարվեց, բանակցային ճանապարհով եւ արագ իր լուծումը կստանա, կհարթվի: Ես միշտ ասում էի եւ Ռուսաստանում եւ իմ վրացի գործընկերներին, որ Հայաստանը թերերս ամենամեծ շահագրգռվածությունն ունի ռուս-վրացական հարաբերությունների բնականոն ընթացքի մեջ: Միգուցե ավելի շատ` քան ուրիշները, քանի որ սա ուղղակի ազդեցություն է ունենում մեր տնտեսության վիճակի վրա:

Ժ. ՇԻՐԱԿ - Արդյո±ք Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունը, որպեսզի մտնի Եվրամիություն: Ես անկեղծորեն հավատում եմ, որ ամեն երկիր մեծանում է ընդունելով իր անցյալի խնդիրները, իր անցյալի փաստերը: Արդյո±ք երմանիայի դեպքում, որը ինչպես գիտեք` ճանաչել է հրեաների ցեղասպանությունը, կարելի է ասել, որ նա կորցրել է իր մեծությունը եւ վստահությունն իր նկատմամբ: Ընդհակառակը: Երկիրը միշտ մեծանում է` ճանաչելով անցյալի սխալները, հատկապես, երբ նպատակադրված է մտնել մի այնպիսի միության մեջ, որը կոնկրետ արժեքներ ունի` մարդու իրավունքների արժեքներ: Կարծում եմ, որ լավ կլինի Թուրքիան ճանաչի իր անցյալը եւ քննարկի այն:

ՀԱՐՑ "Մեդիամաքս" - Պարոն Շիրակ, վերջին շրջանում փորձեր են արվում ղարաբաղյան հակամարտության քննարկումները տեղափոխել տարբեր միջազգային ատյաններ, այդ թվում` նաեւ ՄԱԿ: Այսպիսով, փաստորեն, փորձ է արվում գործընթացից դուրս թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը տարիներ ի վեր զբաղվում է այս խնդրով: Դուք, լինելով համանախագահող երկրի ղեկավար, ինչպե±ս եք գնահատում միջնորդների գործունեությունը, ջանքերը: Եւ երկրորդ` ի±նչ եք կարծում, այս գործընթացի տեղափոխումն այլ ատյաններ կարո±ղ է բարձրացնել կարգավորման գործընթացի ընդհանուր արդյունավետությունը:

Ժ. ՇԻՐԱԿ - Դա շատ բարդ խնդիր է: Դուք, իհարկե, այդ հարցի բոլոր կողմերը գիտեք, բայց ուզում եմ ասել, որ Մինսկի խմբի փորձագետները տարիներ ի վեր հոյակապ աշխատանք են տանում, շատ բարդ աշխատանք: Համենայնդեպս, կարելի է ասել, որ հոյակապ աշխատանք են տանում եւ իրենց վերջին առաջարկները, որոնցմասին, իհարկե, չպետք է խոսեմ, որ կարող են քննարկվել Երեւանում եւ Բաքվում, կարծում եմ լուրջ առաջարկներ են եւ դրանք մշակել են շատ մասնագիտացված փորձագետներ: Այս համատեքստում Մինսկի խմբի պատասխանատվությունը հանձնել ուրիշ փորձագիտական խմբի, որն ըստ էության ավելի քիչ է ծանոթ հարցին, որովհետեւ նոր է սկսում հետաքրքրվել դրանով եւ չի հիշի բոլոր փաստերը, կարծում եմ ոչ տեղին առաջարկ է: Ինձ թվում է, որ դա ավելի դժվարություններ կառաջացնի, քան թե կհեշտացնի խնդրի լուծումը:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Համոզված եմ, որ կոնֆլիկտների լուծումները պետք է գտնվեն արհեստավարժ բանակցական թիմերի աշխատանքի արդյունքում, այլ ոչ թե ֆորումներում` քվեարկության ճանապարհով: Յուրաքանչյուր քվեարկություն նշանակում է կողմերի ջանքեր ձայներ մոբիլիզացնելու համար: Բայց դրանք կոնֆլիկտի լուծաման չեն բերելու, այլ բերելու են թղթապանակի աճին, այս կամ այն կողմի համար բարենպաստ, կամ ավելի քիչ բարենպաստ բանաձեւերի կուտակմանը: Սա հակամարտության լուծումը չէ, այլ միգուցե ճիշտ հակառակը` հակամարտության շարունակությունն է այդ ամբիոնններում: Եթե մարդիկ ձգտում են այս ուղղությամբ ուղղորդել բանակցային գործընթացը, ապա մեր մոտ լուրջ կասկածներ են առաջանում ազնիվ մղումների առումով: Ուրեմն կրկնեմ`այս հարցով, անկասկած, պետք է զբաղվի բանակցային արհեստավարժ դիվանագետների թիմը:

ՀԱՐՑ "Հյուրիեթ" - Հարցս ուղղում եմ պարոն Քոչարյանին: Թուրքիայի վարչապետ Էրդողանն իր նամակի մեջ, որը 2006 թ-ի ապրիլին ուղղել էր Թուրքիայի Ազգային ժողովում, Ձեզ առաջարկել էր հայ եւ թուրք պատմաբանների խումբ կազմել ցեղասպանության խնդիրը քննարկելու համար: Ուզում եմ իմանալ` ինչու± չպատասխանեցիք Թուրքիայի վարչապետի առաջարկին:

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ - Նախ ցավում եմ, որ Դուք չգիտեք իմ պատասխանի մասին: Երկրորդ` հարեւան պետությունների ղեկավարները, համոզված եմ, իրար հետ պետք է շփվեն ոչ թե մամուլով, այլ դիվանագիտական առաքելությունների միջոցով, որոնք պետք է ունենան համապատասխան երկրներում, արտգործնախարարությունների մշտական խորհրդատվությունների եւ շփումների ճանապարհով: Ցավում եմ, որ այդպիսի հարաբերություններ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ չկան: Պատասխանելով վարչապետ Էրդողանի նամակին, ես առաջարկել եմ ստեղծել միջպետական, միջկառավարական հանձնաժողով, որը այս բոլոր հարցերի լուծումը պետք է տա` ներառյալ պատմաբանների հնարավոր հանձնաժողովի ստեղծումը: Այդ պատասխանին պատասխան ես չեմ ստացել:

***

ՀՀ երկրորդ նախագահի խոսքը Երևանում Ֆրանսիայի հրապարակի բացման առիթով

Մեծարգո պարոն Նախագահ,
Հարգարժան Տիկին Շիրակ,

Բարի գալուստ Հայաստան, բարի գալուստ Երեւան: 

Տիկնայք եւ պարոնայք, սիրելի բարեկամներ,

Այսօր խորհրդանշական օր է: Երեւանի սրտում բացվում է Ֆրանսիայի հրապարակը: Եւ այս ամենը կատարվում է Ֆրանսիայում Հայաստանի Տարվա մեկնարկին, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի եւ իր Տիկնոջ ներկայությամբ:

Հազար տարի է անցել այն ժամանակներից, երբ ֆրանսիացի իշխաններն առաջին անգամ ոտք են դրել Կիլիկյան Հայաստանի հողի վրա, որտեղ նրանց ընդունել են բարեկամի ու հարազատի նման, ուր նրանք ապրել, աշխատել եւ պայքարել են ուս-ուսի:

Ահա այդ հին ժամանակներից հյուսվել է մեր ժողովուրդների բարեկամությունը եւ հարազատությունը: Ֆրանսիական թագավորները խրախուսել են Հայաստանի մասին գիտական ուսումնասիրությունները, հայկական ձեռագրերի հավաքումը եւ հայերենից թարգմանությունները: Հայ վաճառականներին արտոնություններ են տվել Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ առեւտուր ծավալելու համար: Չի եղել պատմական մի շրջան, որ այդ բարեկամությունը խամրի, այլ ընդհակառակը` դարերի հետ այն խորացել ու նոր իմաստ է ստացել:

Ֆրանսիացի մեծ լուսավորիչների գաղափարները խոր հետք են թողել ժամանակի հայկական մտքի զարգացման վրա: 19-րդ դարում հայկական մշակույթի զարթոնքը իր վրա կրում է ֆրանսիական հզոր մշակույթի ազդեցությունը: Հայ հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներից շատերն իրենց կրթությունը ստացել կամ զարգացրել են Ֆրանսիայում: Վերադառնալով` Հայաստանում եւ ողջ տարածաշրջանում նրանք տարածում էին մշակութային նոր հոսանքները եւ ազատության ու մարդասիրության վեհ գաղափարները:

Մեր բարեկամությունը կոփվել է մեծ փորձությունների պահին: Ֆրանսիական հասարակության լավագույն ներկայացուցիչները հիմնեցին արմենոֆիլ շարժումը: Դատապարտելով հայերի դեմ կազմակերպված ոճրագործությունը` նրանք մարդասիրական օգնություն էին կազմակերպում Եղեռնը վերապրածներին: Ֆրանսիական ռազմական նավերը հասան Հայկական Կիլիկիայի ափերը եւ փրկեցին կոտորածներից խուսափած հազարավոր հայերի: Ֆրանսիական հողում ապահով տանիք եւ մարդկային ջերմություն գտան մեծաթիվ գաղթականներ: Ահա այդ հայերն իրենց ողջ կարողությունն ու տաղանդը ներդրեցին նոր հայրենիքում` իրենց զավակներին ներարկելով անվերապահ նվիրվածություն Ֆրանսիային:

Մենք հպարտանում ենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայերը պատվով մասնակցեցին Դիմադրության շարժմանը եւ Ֆրանսիայի ազատագրմանը: Նրանցից ոմանք փառքով պսակեցին իրենց անունը, որով խորհրդանշվում է մեր ժողովուրդների եղբայրությունը:

Պարոն նախագահ,

Դուք բազմաթիվ առիթներով նշել եք ֆրանսահայերի մեծ ներդրումը Ֆրանսիայի տնտեսության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում: Երեկվա գաղթականների զավակները, լիիրավ ֆրանսիացի լինելով, հավատարիմ են նաեւ հայկական ինքնությանը: Շառլ Ազնավուրի անունը փայլուն բնորոշում է այդ զույգ պատկանելությունը: Ազնավուրի, Եղեռնից փրկված ծնողների զավակի, ճակատագիրը հայ ժողովրդի պատասխանն է ցեղասպանություններին:

Այդ իմաստով մենք կարեւորում ենք 2001 թվականին Ֆրանսիայի կողմից օրենքի ուժով Հայոց ցեղասպանության ճանաչումը: Դա ծանրակշիռ ներդրում է ինչպես հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների պաշտպանության, այնպես էլ մարդկության դեմ այդ սպառնալիքի կանխարգելման գործում:  

Հայաստանի անկախացումից հետո Ֆրանսիան դարձյալ առաջիններից մեկը կանգնեց մեր երիտասարդ պետության կողքին, շարունակաբար աջակցում է մեր պետականության կերտմանը, տնտեսության, մշակույթի ու կրթության զարգացմանը: Ֆրանսիան մեր հուսալի գործընկերն է եվրոպական եւ միջազգային հարթակում: Մեր երկրների միջեւ ծավալվում է հագեցած եւ օգտակար երկխոսություն բազմաթիվ ուղղություններով: Հատկապես բարձր գնահատանքի է արժանի Ֆրանսիայի աջակցությունը եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության խորացման ուղղությամբ: Հատուկ կուզենայի շեշտել Ֆրանսիայի կառուցողական դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: 

Հարգելի բարեկամներ,

Վերջին տարիներին մեր տնտեսական կապերն զգալի առաջընթաց են ապրել, ֆրանսիական խոշոր ընկերությունները հաջողակ ներդրումներ են անում մեր տնտեսության զանազան ճյուղերում: Ես կուզենայի ողջունել այդ ընկերություններից մի քանիսի ղեկավարներին, որոնք ներկա են այստեղ:

Կուզենայի ընդգծել նաեւ մեր երկրների տասնյակ եղբայրացած քաղաքների եւ շրջանների միջեւ ծավալվող կապերը, որին նպաստում է խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը: 

Մենք մեծ նշանակություն ենք տալիս եւ խրախուսում գիտահետազոտական, կրթության ու մշակույթի բնագավառներում ծավալվող աշխույժ համագործակցությունը: Այդ առումով կարեւոր ձեռքբերումներից մեկը Երեւանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունն է: Համալսարանը ոչ միայն որակյալ կադրերի պատրաստման հաստատություն է, այլեւ Հայաստանում ավանդաբար առկա ֆրանսախոսության խթանման կենտրոն:

Այս ամենը խոսում է մեր երկրների բացառիկ հարաբերությունների մասին, որի ամենաթարմ վկայությունը Ֆրանսիայում Հայաստանի Տարվա անցկացումն է: Այն մեր երկրի համար լավ հնարավորություն է ստեղծում իր մշակույթն ու տնտեսությունը, անցյալն ու ներկան լայնորեն ներկայացնելու Ֆրանսիային եւ նրա միջոցով` աշխարհին:

Պարոն նախագահ,

Ֆրանսիայում ամենուր կարելի է հանդիպել հայկական հիշատակների` հուշարձաններ, հայկական անվանումներով հրապարակներ եւ փողոցներ, հայկական տներ ու հաստատություններ: Ֆրանսիայի տարբեր վայրերում այսօր կանգնեցված են հայերին եւ Հայոց ցեղասպանությանը նվիրված հարյուրից ավելի հուշարձաններ: Դրանք հայ ժողովրդի հանդեպ հարգանքի եւ համակրանքի վկայություններ են, որի համար մենք շնորհակալ ենք Ֆրանսիայի ժողովրդին:

Ուրախ եմ, որ Ձեր այցը Հայաստան հնարավորություն է ստեղծել արժանին մատուցելու Ֆրանսիային, նրա անունով կոչելով այս գեղեցիկ հրապարակը: Հրապարակը շրջապատում են թատրոններ, երաժշտական հաստատություններ, թանգարաններ, ժողովրդական հանդիպման վայրեր: Սա իրոք մեր քաղաքի ամենասիրված վայրերից է, Երեւանի տարբեր թաղամասերն իրար կապող հանգույցը, Երեւանի սիրտը: Եւ այդ սրտի վրա այսուհետ դրոշմված է Ֆրանսիայի անունը:

Ուրեմն թող այդ անունը հավերժ լինի, ինչպես հավերժ է մեր բարեկամությունը:

Կեցցե Ֆրանսիան:

Կեցցե Հայաստանը:

Կեցցե հայ-ֆրանսիական բարեկամությունը:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: