

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Իսկ Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը, - համոզված է Ֆրանսիայի Հանրապետության նախագահը:
Կիրակի ավարտվեց Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակի պաշտոնական այցը Հայաստան: Այցի ընթացքում հանրապետության նախագահի ղեկավարությամբ ֆրանսիական պատվիրակությունը հանդիպեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Ցեղասպանության թանգարան: Ֆրանսիական պատվիրակությանն ընդունեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Երկու հանրապետությունների նախագահների հանդիպումից անմիջապես հետո տեղի ունեցավ համատեղ մամուլի ասուլիս: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ, երկկողմ հարաբերությունների ծավալն ու բովանդակությունը բավականին բարձր մակարդակի վրա է: Հատկապես կարեւոր է տնտեսական համագործակցությունը, այսօր ֆրանսիական կապիտալով 100-ից ավելի կազմակերպություններ են գործում Հայաստանում, միջխորհրդարանական ակտիվ շփումներ են տեղի ունենում: Երկու երկրներում կան ավելի քան 20 քույր քաղաքներ, ինչը, Ռ. Քոչարյանի գնահատմամբ, լրացնում է երկկողմ հարաբերությունների մակարդակը:
Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրեց, որ ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել են արցախյան հիմնահարցի կարգավորման ներկա վիճակը: "Հատուկ կցանկանայի շեշտել, որ Ֆրանսիայի նախագահը փորձագետի խորությամբ է տիրապետում հարցին", նշեց Ռ. Քոչարյանը: Երկու երկրների նախագահներն անդրադարձան ղարաբաղյան կարգավորման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբից այլ մարմին, մասնավորապես ՄԱԿ տեղափոխելու առաջարկին: Ֆրանսիայի նախագահի գնահատմամբ. "Դա ոչ տեղին մի առաջարկ է եւ առավել կդժվարացնի, քան կհեշտացնի հարցի լուծումը", քանի որ Մինսկի խմբի փորձագետները տարիներ ի վեր հոյակապ աշխատանք են տանում այդ շատ բարդ խնդրի լուծման ուղղությամբ եւ շատ լուրջ ու մասնագիտացված առաջարկներ են ներկայացրել: Ռ. Քոչարյանն էլ ավելացրեց, որ ձեւաչափի փոփոխությունը չի կարգավորի հակամարտությունը, եւ եթե կողմերից մեկը դա ցանկանում է, ապա մենք կասկածում ենք, որ իրոք ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը ժխտողներին պատժելու Սոցիալիստական կուսակցության առաջարկին, Ժակ Շիրակը նշեց, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001 թ.-ին ընդունված օրենքով, եւ իբրեւ իրավական պետություն Ֆրանսիայում դատապարտվում եւ պատժվում են "ռասիզմ գրգռող բոլոր նշանները: Ուզում եմ կրկին վերհիշել, որ Ֆրանսիան ճանաչել է հայերի ցեղասպանությունը եւ մնացածն ավելի շատ բանավեճի, քան իրավական խնդիր է":
Ֆրանսիական "Մոնդ" թերթի թղթակցի հարցին, թե արդյոք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը պայմանավորվա՞ծ է Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, Ժակ Շիրակը պատասխանեց. "Եթե հարցն այն է, թե արդյոք Թուրքիան պե՞տք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի ընդունվի ԵՄ, ես անկեղծ հավատում եմ, որ երկիրը մեծանում է` ընդունելով իր անցյալի խնդիրները: Գերմանիան, որ ճանաչել է հրեաների Հոլոքոսթը, արդյոք կարելի՞ է ասել, որ այդպիսով կորցրել է իր մեծությունն ու վստահությունը: Ընդհակառակը, մի երկիր եւ ազգ միշտ մեծանում էՙ ճանաչելով անցյալի սխալները: Ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է լավ մտածի, եւ լավ կլինի, որ ճանաչի ու քննարկի իր անցյալը":
Թուրքական "Հուրիեթի" ներկայացուցչի հարցին, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը մինչ օրս չի պատասխանել ամիսներ առաջ Էրդողանի` հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկին, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ ցավում է` լրագրողը չգիտի իր պատասխանի մասին, ապա ավելացրեց, որ իր համոզմամբ, հարեւան պետությունների ղեկավարները պետք է շփվեն ոչ թե մամուլի, այլ դիվանագիտական հարաբերությունների միջոցով, ինչը, ցավոք, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դեռեւս գոյություն չունի: Քոչարյանը լրագրողին տեղեկացրեց, որ ի պատասխան Էրդողանի, ինքն առաջարկել է ստեղծել միջկառավարական հանձնաժողովՙ հարցերն այնտեղ քննարկելու համար, ինչին որեւէ պատասխան չի տրվել:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահը գոհունակությամբ է խոսել երկու պետությունների տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների մասին: Ամենայն հայոց կաթողիկոսը նախագահին տեղեկացրել է, որ շուտով Ֆրանսիայում հռչակվելու է Հայ եկեղեցու մեկ թեմ, ինչին տասնյակ տարիներ ձգտում էին հայոց եկեղեցին եւ հայ համայնքը:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ
www.azg.am
Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ: