Աշխատանք N1
Կատակում է նախագահը
30 Հոկ 2012  

"Գործն է անմահ, լավ իմացեք..."

Մինչ քաղաքական տեխնոլոգիաների ի հայտ գալը, առասպելները ծնվում էին տարերայնորեն և տարածվում առանց ուղղորդման: Թե երբ է առաջին անգամ կիրառվել քաղաքական կամ ընտրական տեխնոլոգիա, դժվար է ասել, որովհետև Աստվածաշնչում վկայված է, թե ինչպես էր դեռ հրեաների Դավիթ թագավորը այդ կոչմանն արժանանալու, բառի բուն իմաստով ընտրվելու նպատակով քարոզչություն իրականացնում: Շատ ավելի ուշ առասպելը մանրացավ, դարձավ պատմություն կամ բամբասանք, ներբող կամ ասեկոսե, և արդեն ստեղծվելով ոչ ինքնաբուխ, այլ մարդու միտումնավորությամբ, նաև տարածվում էր մարդու կամ մարդկանց այս կամ այն խմբի ուղղորդումով: Նրան նոր անուն էր պետք և այն կոչվեց` սև կամ սպիտակ PR: Այդուհետ ավելի կարևոր էր մարդու մասին այն հանրային կարծիքը, որ ձևավորում էին համապատասխան մասնագետները, քան նույն մարդու բուն արժանիքները: Այդպես հյուսվում են մարդու մասին փուչ միֆերն ու առասպելները: Թեև հազվադեպ, բայց երբեմն այդ փուչիկը պայթում է, և դիմակազերծվելով, այս կամ այն քաղաքական գործիչը պարզում է իր սին էությունը: Սա հաճախ տեղի է ունենում հենց նրանց ձեռքով, ովքեր հնարել էին միֆը` օժտելով մարդուն ազգի փրկչի կամ ասենք` ժողովրդավարության մարտիկ-առաքյալի հեքիաթով: 

Անշուշտ հակառակը նույնպես շատ հաճախ է պատահում: Արժանավոր անհատն ուղղակի հեշտությամբ վարկաբեկվում է սև փիառի մասնագետների ձեռքով: Երբ դեռ քաղաքական կամ պետական գործիչը թամբի վրա է, նրանք իրենց հովանավորյալին մղում են այս կամ այն "մեղքին", որպեսզի դրա բացահայտման սպառնալիքով հետագայում կարողանան կամ իրենց բռում պահել, կամ նոր "տիրոջ" օգտին չեզոքացնել նախկինին` որպես մրցակից: Եվ դրա դեմն առնելու մեկ ու միակ ճանապարհը իսկական գործի միջոցով հասարակության  իրական համակրանքը և ժողովրդի հարգանքը վաստակելն է: Մնայուն գործ, որը չի պայթի փուչիկի պես, չի փլուզվի, երբ հասարակական կարծիքի մանիպուլյատորները որոշեն անել իրենց սև գործը:
 
Այս մտորումներին մղեց էլեկտրոնային սայթերից մեկի մի հրապարակումը, որտեղ արդարացիորեն առաջ էր մղվում հետևյալ գաղափարը. "Ռոբերտ Քոչարյանի ուժը նրա օրոք արձանագրված տնտեսական ցուցանիշներն են, եթե ուզում եք մոռացնել տալ նրան, ապա գերազանցեք այդ թվերը":

Այո, նախագահի պաշտոնը թողած Քոչարյանի դեմ իրարից անկախ, բայց միաժամանակ սկսեցին աշխատել մի քանի թիմեր: Առաջին հերթին կասկածի տակ դրվեցին տնտեսական աճի արձանագրված ցուցանիշները, բայց ժողովուրդը հիշողություն ունի և իր կաշվի վրա զգաց, որ նրա հեռանալուց հետո ապրելը շատ ավելի դժվարացավ: Այդպես էր մնացած բոլոր ասպարեզներում: Պարտադիր չէ, որ Դավթաշենի կամ Աշտարակի կամրջով, Սարալանջի էսկադայով  անցնող ցանկացած վարորդ կամ ուղևոր ամեն օր հիշի, թե ինչ խցանումների մեջ էր հայտնվում ինքն ամեն օր, բայց և նա չի մոռացել, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում էր, որ Երևանի ու հանրապետության անանցանելիության աստիճան քայքայված ճանապարհները հիմնովին նորոգվեցին: Հարկ չկա, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած հյուսիսային Հայաստանի բնակիչը գիտենա կամ հիշի, որ մինչև Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալը անկախ Հայաստանի պետական բյուջեից ոչ մի լումա չէր տրամադրվել աղետի հետևանքների վերացմանը, բայց հիշողությունը, որ նա խոստացավ վերացնել աղետի գոտի չարագուշակ արտահայտությունն ու խոսքի տերը եղավ` դեռ թարմ է: Շատերն են տեղի ու անտեղի քննադատում Հյուսիսային  պողոտան, որովհետև այն դեռևս անավարտ է, բայց ինչու են քաղաքական զբոսանքի սիրահարներից մինչև արտասահմանցի զբոսաշրջիկ նախընտրում  հենց Հյուսիսայինում անցկացնել իրենց ժամանակը: Ինչու են ռոքից մինչև ռաբիս, և ջազից մինչ պոպ բոլոր կարգի երգերի մեծ մասի հոլովակները նկարահանվում Հյուսիսային պողոտայում: Գուցե ոչ բոլորը, բայց ժողովուրդն ընդհանրության մեջ չի մոռացել, որ Թամանյանի երազանք Հյուսիսային պողոտան իրականություն դարձավ նախագահ Քոչարյանի նախանձախնդիր ու ջանադիր վերաբերմունքի շնորհիվ: Այսպես թվարկումը կարելի է երկար շարունակել` հասնելով մինչև "Լինսի" հիմնադրամի ծրագրեր ու Սփյուռքի համախմբում, պետական կառավարման համակարգի ամբողջական կատարելագործումից մինչև հաջողություններ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ասպարեզում, սակայն  ժողովուրդը, համենայն դեպս, միֆեր ստեղծողների կամ պայթեցնողների ազդեցության տակ չհայտնված, այսինքն չմանկուրտացած մեծամասնությունը դեռ երկար կհիշի, որ Ռոբերտ Քոչարյանը կարողացավ ի չիք դարձնել մտայնությունը, թե պատերազմում հաղթած Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելով միայն կարելի է Հայաստանի տնտեսական առաջընթացն ակնկալել: Այո, Ռոբերտ Քոչարյանին մոռացության տալու համար պիտի կարողանալ ջնջել ժողովրդի և սերունդների հիշողությունից այս ամենը: Իսկ դա այնքան էլ հեշտ գործ չէ: Կծառայեցնի արդյոք այս հիշողությունը Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական վերադարձին, որպեսզի շարունակի երկիրը շենացնելու կիսատ թողած գործը, թե կբավարարվի այնքանով, որ ժամանակը դեռևս պղտոր ջրեր  պարզելով կավելացնի ժողովրդական հարգանքն ու համակրանքը, որպես իր դերակատարությունն արդեն ունեցած պատմական անհատի` ցույց կտա ժամանակը: Այնպես որ նրա անվան ու գործի դեմ սուր ճոճողները կարող են վստահ լինել, մեծ Թումանյանը չի սխալվում, մի բան կա միայն, որ անմահ է ու ապրում է դարեդար:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: