Անժամանցելի ոճիր
Երկիրը հաղթահարել է ամենաբարդ փուլը
29 Ապր 2013  

Գովք հիմարության

Էրազմ Ռոտերդամցու այս վերնագիրն այնքանով է հանճարեղ, որ արդիական է բոլոր ժամանակներում: Մի քանի տարի առաջ, երբ էլի դժգոհ էինք մեր զանգվածային լրատվամիջոցներից, դեռ չէինք կարող պատկերացնել, թե ինչ սրընթաց անկումով է այն գահավիժելու անմտության խորը անդունդը: Բայց գանք սկզբից: Մի լրատվամիջոց, բնականաբար, ոչ պատահական լրատվամիջոց, լուր տարածեց, թե կոռուպցիայի դեմ պայքարի մի ռուսական հասարակական, ուշադրություն դարձրեք, ոչ թե պաշտոնական, այլ հատկապես հասարակական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց է ներկայացրել ՌԴ դատախազություն: Եվ ինչպես ժողովրդական ասացվածքում է ասվում, մի հիմար քարը գցեց հորը, բայց մեր հեքիաթում տասը "խելոքները" ոչ թե փորձեցին ու չկարողացան հանել այդ քարը, այլ շուրջպար բռնեցին այդ փոսի շուրջն ու ծափ զարկելով սկսեցին հին աշուղների հանգույն իրենց երգերը երգել տվյալ թեմայով: Ընդ որում, այդ երգերն այնքան անտաղանդ ու ապաշնորհ են, որ ռաբիսը նրանց համեմատ դասական կարող է թվալ: Երգի մուղամը զլեցին ու զլեցին, մոռանալով, որ աղմուկը ճշմարտություն չէ, և ճշմարտությունն էլ ծամոն չէ, որ բերանիդ մեջ լփլփացնես, ծամես, ծամծմես ու մատներով ձգես, ինչքան որ կերկարի: Ախր, գիտեք որ կեղծ լուրը ծամոն դարձրած ծամելուց հետո, նույն ձեր բերանով, ձեր շուրթերով ու ձեր շնչով ծամոնը փուչիկ եք դաձնելու և պայթեցնելու եք: Անկեղծ ասած, երբ մենք դիմեցինք երկրորդ նախագահի գրասենյակ, պարզաբանումներ ստանալու խնդրանքով, կարծում էինք, թե հանգամանալից հերքում ենք ստանալու, բայց շատ արագ համոզվեցինք, որ Վիկտոր Սողոմոնյանի սարկաստիկ պատասխանը լավագույն ընտրությունն էր: Ուրիշ ինչ կերպ կարելի է պատասխանել ծայրահեղ անմտությանը: Որևէ այլ կարգի պատասխան նույնքան աբսուրդ կլիներ, որքան անիմաստ են շրջանառվող լուրերը: Թեև 2rd.am-ը դասական իմաստով լրատվամիջոց չէ, մենք էլ լրագրող չենք, բայց որոշ իմաստով լրագրողներին մեր գործընկերն ենք համարում, ու չէինք ցանկանա մեր այսպես կոչված կոլեգաների վարքին անդրադառնալ: Սակայն նրանց ծամոնային վերլուծություններն այլ ընտրություն չեն թողնում: Օրինակ, ո՞նց վերբերվենք այնքան հեռու գնացող այս "գենեալնիյ" եզրահանգմանը, որը կատարել է "Լրագիր.am" կայքը: Կարդացեք ինքներդ.

“Ռուսաստանը Հայաստանում արդեն գործընկեր չունի: Ընդամենը մի քանի տարում գործնականում բոլոր կուսակցությունները, որոնք չէին պատկերացնում Հայաստանը ռուսամետ տարածքից դուրս, փոխել են իրենց վեկտորը: Եվ Կրեմլին մնացել է միայն կոմպրոմատով Քոչարյանի վրա ճնշում գործադրելը”: 

Ասել կուզի, որ Հայաստանում այնքան են աճել հակառուսական տրամադրությունները, որ խեղճ Ռուսաստանը, Քոչարյանի վրա գործ է սարքում, որպեսզի ուժեղացնի իրեն հավատարիմ միակ գործչին: Բոլոր կարգի անառողջ տրամաբանությունը, նաև հակառուսականության վտանգավոր ու աներևույթ տրամադրության պատրանքը մի կողմ թողնելով, կարելի է միայն մի հարց հնչեցնել: Ախր, եթե մի գործչի ուզում են առաջ մղել, չեն վարկաբեկում չէ՞, այլ փառաբանում են:

Թե "Իրավունքն" ու "Իրատես de facto"-ն իրարից ինչով են տարբեր թերթեր` դժվար է կռահել, բայց որ նույնն են այս հարցի շուրջ բարձրացրած նույն դատարկամտությամբ, անկասկած է: Հա, մոռացանք Քոչարյանի դեմ կոռուպցիոն գործի նախակարեպետին, թե Նոյ նահապետին, որ արդեն մի քանի ամիս է իր կյանքի երազանքն է դարձրել, այդպիսի մի գործի մասին կեղծ լուրեր տարածելը: Խոսքը "Հայրենիք և պատիվ" կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի մասին է: Իմացեք, որ այդպիսի կուսակցություն էլ կա: Գառնիկ Մարգարյանը` որպես աղմուկի սկզբնաղբյուր, իրեն դժբախտ է զգում, որ ուրիշները ձեռքից խլել են բամբասանք տարածելու մենաշնորհն ու շտապել է մի ծավալուն հարցազրույցով վերադարձնել զրպարտության առաջնորդի "պաշտոնը": Նրան էլ հասկանալ կարելի է: Մարդն արդեն քանի ամիս է բզբզում է, որ մի բան դուրս գա, բայց, ախր հավատացողներն էին քիչ: Եվ ծավալուն իր հարցազրույցում "Հայրենիքի ու պատվի" Գառնիկը հայտարարում է.

"Ունենալով պայմանագիր ՌԴ-ի և 14 երկրների հակակոռուպցիոն կազմակերպությունների հետ, մենք այդ նյութերն ուղարկեցինք Ռուսաստան: Ժողովուրդը հակված է հավատալ, որ նախկին նախագահին /Ռ. Քոչարյանին/ հովանավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որպեսզի այդ թյուրըմբռնումը վերանա, մենք պահանջեցինք, որ ուղարկված նյութերը հասնեն երկրի առաջին դեմքին, և արդեն ստացել ենք հաստատումը": 

Պատկերացնու՞մ եք, նա պահանջեց, և վերջ, Քոչարյանի գործը Պուտինի սեղանին է: Տես է, քարավան կտրողը մի զարկով փչացրեց Պուտինի ու Քոչարյանի մտերիմ հարաբերությունները:

Հետաքրքիրն այն է, որ Գառնիկ Մարգարյանի այս հերոսապատումին ոչ ոք չի հավատում, բայց շատերն են կծիկը ձեռքն առնում ու նույն թելը մանում: Նրանց էլ հասկանալ կարելի է: Ռոբերտ Քոչարյանի նկարը, կամ լուր` թեկուզ կեղծ, բազմապատկում է թերթերի ընթերցողների կամ կայքերի այցելուների թիվը: Բայց ի՞նչ երեսով են վաղը շարունակելու իրենց խիստ "անաչառ ու անկախ" գործունեությունը, երբ Գառնիկ Մարգարյանն ասենք հրաժարվի իր հյուսած սարդոստայնից: Սարդոստայն, որի մեջ ընկնող ճանճերն առաջին հերթին հենց նրան ձայնակցողներն են: Չէ, որ լուրն առաջինը տպողներից "Առավոտի" խմբագիր Արամ Աբրահամյանն արդեն տարակուսած է, թե ինչ փութաջանությամբ իրենց, մեղմ ասած` անհավաստի լուրը դարձավ վերլուծություն, մեկնաբանություն, աշխարհաքաղաքական եզրահանգում: Այսօր Քոչարյանը մեր լրագրողների թեթև ձեռքով Ռուսաստանի դատախազությանը պիտի պատասխան տա, վաղը կարող են գրել, թե Սերժ Սարգսյանն էլ ամերիկյան դատարանի առջև է, և այդպես շարունակ: Արժե, որ Գառնիկ Մարգարյանն առհասարակ պատվի, իսկ մեր գործընկերները լրագրողական պատվի մասին մի քիչ մտահոգվեն: Թե չէ, ինչի՞ նման է: Վիկտոր Սողոմոնյանի պատասխանի  կիսակատակ, հեգնական վերնագիրը` "Բուշի գործը ՀՀ դատախազությունում", հրապարկվելուց հաշված րոպեներ հետո հայկական լրատվամիջոցներում արդեն տարածվել էր որպես լուրջ քաղաքական սենսացիայի կանխավայելք: Ինչ որ է. թեման կարծես թե այսքանով փակվում է: Մենք որ այլևս տրամադիր չենք Ռոտերդամցու վերանգիրը հիշեցնող լուրեր մեկնաբանել:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: