29.05.2002. Իր աշխատանքն ավարտեց "ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ" համահայկական
25.09.2001. Նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ելույթը Ն.Ս. Հովհաննես Պողոս
27 Սեպ 2012  
27.09.2012  |  13:34   |   Հարցազրույցները

24.09.2001. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանները իտալական "ԱՎՎԵՆԻՐԵ" թերթի հարցերին

ՀԱՐՑ - Պարոն Նախագահ, այս օրերին Հայաստանը նշում է քրիստոնեության 1700-ամյակը: Ի՞նչ նշանակություն ունի այդ տոնը պետության համար:

ՊԱՏԱՍԽԱՆ - Քրիստոնեության որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակը կարեւորագույն իրադարձություն է հայ ժողովրդի եւ պետության կյանքում: Քրիստոնության ընդունմամբ Հայաստանում սկիզբ դրվեց հոգեւոր-մշակութային նոր զարթոնքի, ստեղծվեց գիր ու գրականություն, ճարտարապետության, պատմագրության, փիլիսոփայության փայլուն օրինակներ, որոնք հարստացրեցին համաքրիստոնեական արժեքների գանձարանը:

Մենք՝ հայերս, հպարտ ենք, որ քրիստոնեության մարդասիրական վեհ գաղափարներն առաջինն ընդունեցինք եւ խրախուսեցինք պետականորեն:
 
Քրիստոնեության 1700-ամյա տարելիցն այսօր մեր պետության համար եւս մեկ առիթ է՝ գնահատելով անցյալը, հավաստել անկախ Հայաստանի հավատարմությունն ու նվիրվածությունը քրիստոնեական համամարդկային արժեքներին: Այն միայն տուրք չէ անցյալին, այլ նաեւ՝ համայն հայության հոգեւոր միասնության տոն է, որով մենք ամրացնում ենք հավատն ազատ ու բարգավաճ Հայրենիք կերտելու ճանապարհին:

ՀԱՐՑ - Պատմության մեջ առաջին անգամ Հռոմի Պապը կայցելի Հայաստան: Ի՞նչ զգացմունքներով ու սպասելիքներով եք պատրաստվում դիմավորել նրան:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի այցը Հայաստան, անկասկած, կարեւորագույն իրադարձություն է մեր երկրի եւ հոգեւոր-մշակութային, եւ քաղաքական կյանքում: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն առաջին անգամ այցելում է Հայաստան, եւ մենք սպասում ենք այդ պատմական իրադարձությանն ուրախությամբ եւ ամենաջերմ զգացումներով: Հայաստանը բարձր է գնահատում Վատիկանի դերը ոչ միայն որպես հոգեւոր կենտրոն, այլեւ՝ մարդու իրավունքների ու բարոյական նորմերի պաշտպան, աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման ջատագով:

ՀԱՐՑ - 1915թ. դեպքերն արդեն որակվել են Վատիկանի կողմից որպես ցեղասպանություն: Կարծում եք՝ կարեո՞ր է, որ Պապը նորից անդրադառնա դրան այստեղ՝ Հայաստանում: Ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ միջազգային հանրության վրա: 

ՊԱՏԱՍԽԱՆ - Մենք ողջունում ենք Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ արեգին Երկրորդի հայոց ցեղասպանության վերաբերյալ անցած տարի ընդունած համատեղ կոմյունիկեն: Սա համամարդկային արժեքներին Վատիկանի անվերապահ նվիրվածության վկայությունն է: Առանց պատմական ճշմարտության վերականգնման անհնարին է ազատվել անցյալի վերքերից, եւ Վատիկանն այդ ուղղությամբ շատ կարեւոր քայլ կատարեց: 

Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ երկրների խորհրդարաններ, ինչպես նաեւ՝ քաղաքներ ու նահանգներ ընդունել են հայերի ցեղասպանությունը դատապարտող բանաձեւեր եւ որոշումներ։ Սա ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ քաղաքակիրթ մարդկության խնդիրն է եւ ունի միջազգային եւ՛ բարոյական, եւ՛ քաղաքական նշանակություն։ 

Աշխարհն արդեն հասցրել է քաղել նման հանցագործությունները լռության մատնելու դառը պտուղները՝ ի դեմս նմանատիպ նոր ոճիրների։ 

Կարծում եմ, Հայաստանում գտնվելու օրերին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, եւս մեկ անգամ քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը կհրավիրի անցած դարի այդ ոճրագործությանը՝ այլեւս երբեք նման դաժանություններ թույլ չտալու խորհրդով:

ՀԱՐՑ - Հովհաննես Պողոս Երկրորդի այցը համընկնում է ՀՀ անկախության 10-րդ տարեդարձի հետ: Այդ տասը տարիները նշանավորվեցին ռազմական կոնֆլիկտով, տնտեսական ճգնաժամով եւ զանգվածային արտագաղթով դեպի արտասահման: Կարծո՞ւմ եք Ձեր ազգակիցները որեւէ պատճառ ունե՞ն տոնելու այդ տարեդարձը: 

ՊԱՏԱՍԽԱՆ - Անկախության ճանապարհը դժվարին է բոլորի համար, եւ դեռեւս ոչ մի ժողովրդի չի հաջողվել խուսափել այդ դժվարություններից: Մենք դրսեւորելով հավաքական կամք, հաղթահարում ենք այդ դժվարություները: Անկախության առաջին տարիներին մեր ժողովուրդը ստիպված եղավ հիմնականում լուծել գոյության խնդիրներ՝ ղարաբաղյան պատերազմ, շրջափակում, տնտեսական անկում եւ կարողացավ պատվով դուրս գալ այդ փորձությունից: Այսօր դանդաղ, բայց վստահ մենք հասնում ենք տնտեսական զարգացման նորմալ տեմպերի: Ես խորապես համոզված եմ, որ առաջիկա տարիները լինելու են շատ ավելի հեշտ, շատ ավելի անվտանգ ու ապահով, քան նախորդները: Մեր ժողովուրդը հնարավորություն է ստանալու ամբողջովին զբաղվել խաղաղ, ստեղծագործ աշխատանքով՝ ապահովելու համար իր ընտանիքի բարօրությունն ու երջանկությունը: Ավելին, համոզված եմ, որ երկրից դուրս եկած մեր քաղաքացիներից շատերը վերադառնալու են տուն՝ այստեղ գտնելու համապատասխան աշխատանք եւ կենսապայմաններ:

Այո, մեր ժողովուրդը պատճառ ունի տոնելու իր անկախ պետության տասնամյա տարեդարձը, քանի որ այդ տասը տարիների ընթացքում բազմաթիվ դժվարությունների հետ մեկտեղ, մենք ունենք ակնառու հաղթանակներ ու ձեռքբերումներ, որոնք վստահություն են ներշնչում, որ մեր ընտրած ճանապարհը ճիշտ է: 

ՀԱՐՑ - Արցախում պատերազմն ավարտվել է 1994թ., բայց դեռ խաղաղություն չկա: Որքա՞ն ժամանակ կպահանջվի որեւէ լուծման հասնելու համար: 

ՊԱՏԱՍԽԱՆ - Կարծում եմ, այդպիսի հարցերում ժամկետ նշել, կանխատեսումներ անել ճիշտ չէ: Միայն կասեմ, որ մենք շարունակում ենք ակտիվ աշխատել այդ ուղղությամբ:

ՀԱՐՑ - Հայաստանն, ի տարբերություն մի շարք նախկին խորհրդային երկրների, ամրապնդում է իր կապերը Ռուսաստանի հետ: Դա ունի միայն պաշտպանողական նշանակություն, թե կան նաեւ այլ դրդապատճառներ: 

ՊԱՏԱՍԽԱՆ - Ռուսաստանը Հայաստանի ավանդական դաշնակիցն է, եւ երկու երկրների հետաքրքրությունները բազմաթիվ առումներով մոտ են կամ համընկնում են: Առաջին հերթին, հենց դրանով է պայմանավորված ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջեւ: Հայ-ռուսական հարաբերությունները հարստացնում են նաեւ մեր համատեղ պատմությունը, երկու ժողովուրդների միջեւ խորը հոգեւոր եւ մշակութային կապերը:
 
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությանը, ապա Ռուսաստանի ներկայությունն այս տարածաշրջանում լուրջ կայունացնող դեր է խաղում:

ՀԱՐՑ - Երրորդ հազարամյակի Հայաստանը դեռ համարում է իրեն իբրեւ արեւմտյան քաղաքակրթության պատվար ընդդեմ՝ Իսլամի առաջխաղացման:

ՊԱՏԱՍԽԱՆ - Նախորդ բոլոր հազարամյակների Հայաստանը երբեք իրեն չի համարել արեւմտյան քաղաքակրթության պատվար ընդդեմ Իսլամի առաջխաղացման:

1915թ. Օսմանյան կայսրությունում իսլամական ծայրահեղականության վայրենի դրսեւորումները, մենք երբեւէ չենք շփոթել Իսլամի իրական արժեքների հետ, որոնց հետ կողք-կողքի ապրում ենք արդեն երկար դարեր: Մենք ջերմ եւ բարեկամական հարաբերություններ ունենք իսլամական շատ պետությունների հետ. հայկական հոծ գաղութներն իրենց կրոնական ու ազգային ինքնությունը պահպանում են Իրանում, Մերձավոր Արեւելքի երկրներում: Այսօր քաղաքակրթությունների երկխոսության համատեքստում, մենք պաշտպանում ենք համաձայնության եւ համընդհանուր բարեկամության գաղափարը:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: