Բարեկամության տարեգրություն
Բացառել Սումգայիթը աշխարհի որեվէ կետում
27 Փետ 2012  

Համակերպում կամ էվոլուցիա

Անցնող շաբաթն, ի տարբերություն բուռն ու փոքր ինչ հիստերիկ նախորդի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան արծարծման իմաստով ավելի հանգիստ էր, զուսպ ու սառը: Մի քանի ուշացած մեկնաբաններ դեռ չարչրկում էին Վարդան Օսկանյանի ԲՀԿ անդամակցումով Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու վարկածը: 

Այս հանդարտությունը, սակայն, չի նշանակում, թե դույզն ինչ կորել է հետաքրքրությունը երկրորդ նախագահի քաղաքական վերադարձի թեմայի նկատմամբ: Հետաքրիր է, որ  հակաքոչարյանականների ճամբարում որոշակի էվոլուցիա է տեղի ունենում, որի մասին չենք կարող ոչինչ չասել:  2008-ից, այսինքն նախագահական նստավայրը թողնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը սկսեց մեղադրվել բոլոր կարգի մեղքերի մեջ, և նույնիսկ այն ոչ քիչ թվով ձեռքբերումները, որոնց հասել էր նա` որպես նախագահ, կոչվեցին տապալումներ, ձախողումներ և այլն: Դե, պարզ է, որ հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի թեման կար ու դեռ կլինի, բայց խոսքը դրանց չի վերաբերում միայն: Երբ վրա հասան համաշխարհային տնտեսական ճգնաժամի ալիքները, չգիտես ինչու, Ռոբերտ Քոչարյանն սկսեց մեղադրվել տնտեսական ձախողումների մեջ: Երբ մեկնարկեց ֆուտբոլային դիվանագիտությունը` Ռոբերտ Քոչարյանն սկսեց մեղադրվել արտաքին քաղաքական տապալումների մեջ, իբր ավելի շուտ էր պետք Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները, չէ որ այդպես շատ այլընտրանքներ ենք ունենում` սկսած ճանապարհներից մինչև քաղաքական կողմնորոշում: Այլընտրանքներ, իհարկե չունեցանք, բայց Ռոբերտ Քոչարյանին հասցրեցին մեղադրել երկրի արտաքին քաղաքական մեկուսացվածության մեջ: 

Հերթական մեղադրանքը, որ քոչարյանամերժ մամուլն անընդհատ ծամծմում էր նրա հեռանալուց հետո, Ղարաբաղի հարցն էր: Երկրորդ նախագահին մեղադրում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բանակցային գործընթացից դուրս թողնելու մեջ, մոռանալով, որ մինչ Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալը, Ղարաբաղը ոչ միայն բանակցային գործընթացից էին պատրաստ դուրս թողնել, այլ առհասարակ թողնել Ադրբեջանի կազմում: 

Էլի ասպարեզներ, բնագավառներ կան, որոնցում նախագահ Քոչարյանի ակնհայտ ձեռքբերումներն այս տարիներին անհաջողություններ էին որակվում: Բայց բավարարվենք այսքանով ու նշենք, որ նախագահական լիազորությունները թողնելուց հետո, նրա հասցեին հնչող բոլոր այդ մեղադրանքները աստիճանաբար կորցրեցին իրենց պաթոսը, հետզհետե մարեցին, որովհետև այդ մեղադրանքների հեղինակները, որքան էլ ամոթ-աբուռ չունենային, այնուհանդերձ չէին կարող մարդկանց համոզել, որ Քոչարյանի օրոք երկրի վիճակն ավելի վատ է եղել: Եվ սա ենք մենք կոչում էվոլուցիա: Այլևս ոչ մեկը չի խոսում նախագահ Քոչարյանի արտաքին քաղաքականության տապալման մասին: Նույնը վերաբերվում է նաև Ղարաբաղի խնդրին: Բայց էվոլուցիան էլ փուլային ընթացք ունի: Երբ Ռոբերտ Քոչարյանը "Մեդիամաքսին" տված հարցազրույցով չբացառեց գործուն քաղաքականություն իր վերադարձի հնարավորությունը, նույն թեմաներով նույն աղմուկը նորից բարձրացավ, և նորից մարեց: 

Հակաքոչարյանական թևի թե քաղաքական գործիչները, և թե լրատվամիջոցները հասկացան ու համակերպվեցին փաստի հետ, որ այդ թեմաներով շահարկումներ այլևս չեն կարող անել: Ուզում ենք հույս ունենալ, որ այս բնական էվոլուցիայի մեջ մեր կայքն էլ ունի իր փոքրիկ ներդրումը: 
Այսօր արդեն հիմնական քննարկման թեման Քոչարյանի վերադարձի եղանակներն ու տարբերակները տալ-առնելն է: Եվ նոր բան չկարողանալով մտածել, մամուլը ասպարեզ է նետում լավ մոռացված նոր մի վարկած, որ Քոչարյանը նախ կդառնա վարչապետ, ինչպես 1998-ին, հետո օգտագործելով գործադիրի լծակները` կընտրվի նախագահ: Ու քանի որ հոդվածագիրը հավատում է, իր իսկ բառով` համոզված է, որ երկրորդ նախագահը քաղաքական վերադարձի հենց այդ տարբերակն է ընտրելու, ուրեմն պետք է հիստերիկ գուժկանի պես հարայ կանչել. "Վա~յ, հասե~ք, մի բան արեք, հանկարծ չդառնա վարչապետ: Վարչապետ որ դառավ, էլ դեմը չենք կարող առնել": Իսկ ի՞նչ է պետք անել այսպիսի "սոսկալի" զարգացման դեմն առնելու համար: Հարկավոր է հիասթափվել Բարգավաճ Հայաստանից ու խորհրդարանական ընտրություներին ձայն չտալ այդ կուսակցությանը: Իրոք, շատ հնարամիտ է:

Մեկ այլ լրատվամիջոց, նենգափոխելով իրականությունը, լուր է տարածում, թե մտավորականները պատրաստվում են ստորագրահավաք կազմակերպել Քոչարյանի վերադարձի դեմ: Թերթը չարամտորեն չի նշում, որ իրականում խոսքը Ադրբեջանի մտավորականների մասին է:  
Նույնքան, կամ ավելի զավեշտալի է էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի տարածած հարցազրույցն ընդդիմադիր պատգամավորուհու հետ, ով ընկնելով ֆրոյդիզմի ուսմունքի բավիղները և խճճվելով այնտեղ` հայտարարում է, թե Ռոբերտ Քոչարյանն  իշխելը գերադասում է սիրուց: Հետո, փորձելով դուրս գալ իր իսկ ստեղծած սեռա-քաղաքական լաբիրինթոսից, հայտարարում է, թե խոսքը չի վերաբերում սիրուն` որպես զգացմունքի, այլ ուրիշ  սիրո մասին է  ինքը խոսում: Ընդ որում, պատգամավորուհին չի զլանում իրավացիորեն հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական վերադարձի մեծ ռեսուրսներ ունի:

Եվ միակ ուշադրության արժանի հրապարակումը, որ այս շաբաթ  տեղ գտավ մեր լրատվամիջոցների բազմազանության մեջ, ռուսալեզու թերթերից մեկի վերլուծականն էր: Ըստ թերթի, առաջիկա խորհրդարանական ընտրությունների միակ ինտրիգը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հարցն է: Հակառակ դեպքում  ամեն ինչ պարզից էլ պարզ է ու անհետաքրքիր, որովհետև էս մի կուսակցությունը մի 2-3 ձայն ավել կստանա, թե էն մյուսը` այնքան էլ կարևոր չէ: Հոդվածագիրն իրավացիորեն նշում է, որ Քոչարյանի վերադարձի դեմ արտահայտվողներից բացի, կան նաև նրա վերադարձին սպասողներ, ովքեր հենց Ռ. Քոչարյանի հետ են կապում արտագաղթի կասեցումը, տնտեսության վերականգնումն ու ժողովրդի սոցիալական վիճակի  բարելավումը: 

Թե ովքեր են այս երկու խմբերից մեծամասնություն կազմում մեր հանրության մեջ` ժամանակը դեռ ցույց կտա: Իսկ մեր կայքէջի համար կատարված նկարահանում-հարցումներն արդեն ցույց են տալիս:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: