

Հարգելի այցելու,
Այսօր ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Եվրոպայի խորհրդի գագաթաժողովում:
Ինչո՞վ էր կարևոր այս ելույթը մեր երկրի համար: Առհասարակ Եվրոպայի խորհրդի գագաթաժողովներն անց են կացվում մեծ ընդմիջումներով: Շեշտենք, որ գագաթաժողովը հսկայական և ներկայացուցչական լսարան ունի, և ելույթի հնարավորությունը եզակի առիթ էր ողջ եվրապական հանրության ու եվրոպական երկրների ղեկավարների առջև Հայաստանի Հանրապետության դեմ ծառացած խնդիրների մասին բարձրաձայնելու համար: Ռոբերտ Քոչարյանը լավագույնս ներկայացրեց թե Ղարաբաղյան խնդրի և թե Թուրքիայի հետ հարաբերությունների բարդությունները: Նախագահի խոսքն ու եզրահանգումներն այնքան հստակ ու ամբողջական էին, որ ոչ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ոչ էլ Թուրքիայի կողմից նախապայմանների լեզվով Հայաստանի հետ խոսելու հարցում ոչ մի սողանցք չէր մնում տարընթերցումների, ճնշումների կամ միակողմանի զիջումներ կորզելու փորձերի համար: Սրան հավելենք, որ Ռ. Քոչարյանի ելույթը նաև կառուցողական էր ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու և տնտեսկան զարգացման հնարվորությունների ու ճանապարհների մատնանշման առումով:
***
16.05.2005թ. ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՈՒՄ
Պարոն նախագահ,
տիկնայք եւ պարոնայք,
Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Կվասնեւսկուն գագաթաժողովի կազմակերպման հոգածության համար: Համոզված եմ, որ Եվրոպայի Խորհրդի անդամպետությունների ղեկավարների հանդիպումը ժամանակին է եւ արդիական: Եվրոպան փոխվում է, եւ դա անկասկած պետք է քննարկման նյութ դառնա Եվրոպական կառույցների եւ հաստատությունների բարեփոխմանը համարժեք միջոցներ ձեռնարկելու համար:
Իսկ փոփոխությունները կրում են հիմնարար բնույթ: Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպաները քաղաքական տերմինից վերածվել են սովորական աշխարհագրականի: Դրանով հանդերձ, "Եվրոպա" բառը դադարել է պարզապես մայրցամաքի անուն լինել: Այն դարձել է քաղաքական տերմին, որ ավելի շատ ընկալվում է որպես պետությունների հանրակցության նոր` եզակի մոդել, իսկ եվրոպացին` որպես այդ հանրակցության անդամ:
Ընդ որում, գործընթացի ինստիտուցիոնալ ձեւակերպումն ու հոգեբանական ընտելացումն ընթացնում են ձեռքձեռքի` ըստ երեւույթին, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացի շնորհիվ: Վերափոխման արագությունն այնպիսին է, որ գործընթացն ընդգրկում է մեկ սերնդի կյանքի տեւողություն: Երբեմն ինձ թվում է, որ այս գործընթացն ունի իր ներքին տրամաբանությունը եւ այնքան էլ կախված չէ քաղաքագետներից:
Այս բոլորը հարուցում են իմաստավորում եւ պատասխան պահանջող մի շարք հարցեր: Մասնավորապես.
- Եվրոպական ինտեգրացիոն գործընթացներն ունե՞ն, արդյոք, աշխարհագրական եւ մշակութային սահմաններ, եւ որտե՞ղ են դրանք:
- Ինչպե՞ս կազդի Եվրոպայի Միության ընդլայնումն ու հետագա ինստիտուցիոնալիզացիան այլ կազմակերպությունների, այդ թվում Եվրոպայի Խորհրդի ունեցած դերի վրա: Չէ՞ որ ակնհայտ է, որ Եվրոպայի Միության անդամ երկրների համար մեր ակումբը պակաս գրավիչ է:
- Ինչպե՞ս պետք է կառուցվեն Եվրոպայի հարաբերությունները մնացյալ աշխարհի հետ, որն ունի այլ պատկերացումներ ու ավանդույթներ:
- Եվրոպայում կատարվողը կվերաճի՞ նոր գաղափարախոսության` դրանից բխող գլոբալ բաժանման հետեւանքներով:
Այստեղ բավական անորոշություն կա, եւ այդ հարցերի պատասխանները մեծ չափով կախված են այս սեղանի շուրջ նստած եվրոպական ղեկավարներից:
Տիկնայք եւ պարոնայք,
Հայաստանը գտնվում է եվրոպական ինտեգրացիայի դժվար ճանապարհի սկզբին: Մինչեւ ընթացիկ տարվա վերջ մենք ամբողջությամբ կավարտենք Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած հետընդունելության պարտավորությունների կատարումը: Դա բարեփոխումների դժվար, բայց արդյունավետ գործընթաց էր, որն ստացավ հասարակության լայն շերտերի աջակցությունը:
Մենք մտադիր ենք խորացնել փոխգործակցությունը Եվրոպայի Միության հետ "Եվրոպական հարեւանություն" քաղաքականության շրջանակներում: Մեզ համար դա քաղաքական եւ տնտեսական բարեփոխումները շարունակելու հնարավորություն է` արդեն Եվրոպայի Միության հովանու ներքո: Մենք մեզ ընդհանուր Եվրոպայի մաս ենք զգում: Մեր մշակութային ժառանգությունը եվրոպական մշակույթի մասն է: Մենք բարեփոխումներն իրականացնում ենք մեր պետության ներքին պահանջներից ելնելով, այլ ոչ նրա համար, որ մեզ գովաբանեն: Թերեւս դա է պատճառը, որ բարեփոխումների իրականացման արդյունավետությունը Հայաստանում բավական բարձր է:
Հայաստանում հավատում են Եվրոպային` բաց սահմաններով, առանց բռնության, շրջափակումների ու փախստականների, Եվրոպային, որտեղ հարգում են մարդու իրավունքները եւ ժողովուրդների ազատ ընտրության իրավունքը, որտեղ ներկան կառուցվում է անցյալի անաչառ գնահատականի հիման վրա£ Այս համատեքստում ենք մենք տեսնում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարը: Այն է` եվրոպական ինտեգրացիոն գործընթացներում դե ֆակտո կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ներգրավելու բանաձեւի որոնումը: Եվրոպական արժեքների հանդեպ հավատով են բացատրվում եւ մեր ջանքերը 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Այս տարի մենք նշում ենք այդ ողբերգական իրադարձությունների 90-րդ տարելիցը եւ շնորհակալ ենք մեզ աջակցած բոլոր երկրներին:
Տիկնայք եւ պարոնայք,
Մեր գագաթաժողովն անց է կացվում Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 60-ամյակը տոնախմբելու օրերին: Այն տեղի է ունենում մի երկրում, որն առաջիններից եւ ամենամեծ չափով է տուժել այդ ավերիչ պատերազմից: Սա խորհրդանշական է, քանի որ այնտեղ, որտեղ տասնամյակներ առաջ տեղի ունեցավ Եվրոպայի բեկումը, այսօր մենք խոսում ենք նրա վերաինտեգրման մասին: Այն հաղթանակը փրկեց աշխարհը ֆաշիզմից, բայց բաժանեց Եվրոպան: Այսօր, նոր մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարում, մեզ պետք է ոչ միայն հաղթել, այլեւ խուսափել նոր բաժանարար գծերից, ստեղծել խաղաղության եւ կայունության եվրոպական ճարտարապետության միասնական կառույց:
Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ: