Անկախ Հայաստան - 20
Համադրել հայրենասիրությունն ու գործարարությունը
22 Սեպ 2011  

Հայաստանը` հայապահպանության հիմնական աղբյուր

"10 տարի, որ փոխեցին Հայաստանը" նախագծի շրջանակներում մենք ներկայացրեցինք նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքը, տեսակետներն ու հսկայական ջանքերը Հայաստան - Սփյուռք հարաբերությունները ցանակալի ուղղությամբ տանելու նպատակով:

Առաջիկա երկու օրերի ընթացքում ձեր ուշադրությանը կհանձնենք նախագահի այդ թեմային վերաբերող երկու ելույթ, երկու տարբեր միջոցառումների առիթով:

Առաջինը Ռոբերտ Քոչարյանի ելույթն է Հայաստան - Սփյուռք երրորդ համաժողովի բացման ժամանակ, որը տեղի ունեցավ հինգ տարի առաջ, այս օրերին:

***

18.09.2006. Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Հայաստան - Սփյուռք Երրորդ Համաժողովի բացման լիագումար նիստում

Վեհափառ տեր Գարեգին Երկրորդ,
Վեհափառ տեր Արամ Առաջին,
Հարգելի հայրենակիցներ,
Տիկնայք եւ պարոնայք,

Երկրորդ համաժողովից հետո անցած չորս տարին թե Հայաստանի, թե հայկական մեծ համայնքներ ունեցող երկրների համար լի էին բազմաթիվ զարգացումներով: Կարծում եմ, որ այս համաժողովը հնարավորություն է ընձեռում քննարկել այդ նոր իրականությունները եւ նախանշել մեր անելիքները առաջիկա տարիների համար:

Իմ ելույթում կանդրադառնամ երկու հիմնական թեմաների: Առաջինը` իրավիճակը Հայաստանում, առկա մարտահրավերներն ու առաջընթացի հեռանկարները: Երկրորդը` Սփյուռքին առնչվող խնդիրներ եւ Հայաստան-Սփյուռք կապն ամրապնդելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ:

Հարգելի պատվիրակներ,

Անցած 4 տարիները Հայաստանի համար լայնածավալ եւ ինտենսիվ բարեփոխումների ժամանակահատված էին: Տնտեսության ոլորտում դրանք ջանքեր էին` ուղղված շուկայական հարաբերությունների խորացմանը, բարենպաստ ներդրումային եւ մրցակցային միջավայրի ձեւավորմանը, փոքր եւ միջին գործարարության զարգացմանը: ԱՀԿ անդամակցությունը խթանեց համաշխարհային տնտեսության մեջ մեր ինտեգրման գործընթացը` կանխատեսելի դարձնելով հարաբերությունները առեւտրային գործընկերների հետ: Բարեփոխումների արդյունավետությունն ապացուցվում է գրանցված արդյունքներով: Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՆԱ-ի միջինացված տարեկան աճը կազմել է 12.2 տոկոս: Դրա 85 տոկոսը ձեւավորվում է մասնավոր հատվածում, այդ թվում` շուրջ 40 տոկոսը` փոքր եւ միջին գործարարության դաշտում: Արտասահմանյան ներդրումների ծավալն անցյալ տարի հասավ 500 միլիոն դոլարի: Սրանք ակնառու ցուցանիշներ են նավթ եւ գազ չունեցող հետխորհրդային պետության համար:

Էական փոփոխություններ է կրել տնտեսության կառուցվածքը` ինչպես սեփականության ձեւերի, այնպես էլ ոլորտների առումով: Առավել առաջատար եւ ակտիվ զարգացող ճյուղերի թվին կդասեի էներգետիկան, լեռնահանքային ոլորտը, վերամշակումը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ոսկերչությունը ու շինարարությունը: Անկասկած, կարեւոր է Սփյուռքի դերն այս բարեփոխումներում, ինչպես ուղիղ գործարար ներդրումների, այնպես էլ ենթակառուցվածքային ծրագրերին մասնակցության առումով:Բավական է հիշել "Լինսի" հիմնադրամի գործունեությունը, մի շարք խոշոր ծրագրեր, որոնք իրականացվել են սփյուռքի գործարարների ներդրումների միջոցով:

Ակնհայտ է, որ երկրի տնտեսությունը մտել է կայուն աճի փուլ, ինչը թույլ է տալիս կառավարությանը մշակել սոցիալական բնույթի միջնաժամկետ ծրագրեր եւ հետեւողականորեն իրագործել դրանք: Այսինքն, այսօր կառավարության գործունեությունն ունի համակարգային եւ նպատակաուղղված բնույթ:

Հատկապես կուզեի նշել աղքատության հաղթահարման ծրագիրը, որը մենք իրագործում ենք նախատեսվածից արագ: Ծրագիրը մշակվել է հասարակության լայն ներգրավմամբ, բաց եւ թափանցիկ եղանակով: Ի դեպ, այդպիսի գործելաոճը դառնում է բնորոշ կառավարության համար:

Հատուկ կուզեի նշել, որ երկրում սկսված են կրթական համակարգի բարեփոխումներ, որոնց նպատակն է ինտեգրվել համաեվրոպական կրթական տարածքին:

Մեծ աշխատանք է տարվում երկրի օրենսդրությունը բարեփոխված Սահմանադրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ: Դա, առաջին հերթին, դատաիրավական բարեփոխումներն են եւ իշխանության թեւերի միջեւ լիազորությունների վերաբաշխումը: Եվ Հայաստանի, եւ Սփյուռքի համար կարեւոր էր, որ վերացվել է երկքաղաքացիության արգելքը, եւ այժմ աշխատանք է տարվում այդ խնդրի իրավական կարգավորման ուղղությամբ:Կարծում եմ, Ձեզ կներկայացվի նաեւ, թե ինչ նպատակներ ունենք այս հարցի կարգավորման համար:

Երկրում կան իրենց լուծմանն սպասող շատ խնդիրներ: Կան բազմաթիվ թերացումներ: Չեմ թվարկի, վստահ եմ, որ դրանք Ձեզ հայտնի են: Ուզում եմ շեշտադրել մի հիմնահարց, որի լուծված չլինելու հետեւանքները կարող են ունենալ համազգային բնույթ: Դա Երեւանի եւ գյուղական շրջանների, հատկապես` բարձր լեռնային, սահմանամերձ եւ հեռավոր գյուղերի, զարգացման հսկայական անջրպետն է: Այդ գործընթացը խթանում է Երեւանում ազգաբնակչության կենտրոնացումը` մարդաթափ անելով առանց այդ էլ թույլ գյուղական շրջանները:

Այս հարցում վարչական լուծումներ լինել ուղղակի չեն կարող: Անհրաժեշտ է լուրջ ծրագիր, որը ապահովված կլինի խոշոր դրամական ներդրումներով: Հենց այդ պատճառով է, որ Հայաստանի կողմից փոխառված վարկերի գերակշիռ մասը վերջին շրջանում ուղղվում է գյուղերի զարգացմանը: "Հազարամյակի մարտահրավերներ" ամերիկյան հիմնադրամի ծրագիրն ամբողջությամբ կենտրոնացված է այդ խնդրի վրա: Սակայն պարզ է, որ դա բավարար չէ: Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը` մենք ներառեցինք այն համաժողովի օրակարգում` տալով դրան համահայկական բնույթ:

Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանը շարունակել է փոխլրացման իր քաղաքականությունը: Ռուսաստանի Դաշնության հետ սկիզբ է դրվել մի շարք փոխշահավետ խոշոր տնտեսական ծրագրերի, խորանում է ռազմա - քաղաքական համագործակցությունը: Հարեւան Իրանի հետ սկսել ենք խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրագործումը: Ձեւավորվել են կայուն եւ արդյունավետ հարաբերություններ: Միեւնույն ժամանակ, Հայաստանն ակտիվ քայլեր է կատարում Եվրոպական միության հետ իր հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: Ավարտվել է նոր հարեւանության եվրոպական քաղաքականության փաստաթղթի շուրջ բանակցային գործընթացը: Համաձայնեցված է եւ արդեն ընթացքում է գործընկերության անհատական ծրագիրը ՆԱՏՕ-ի հետ: Ահաբեկչության դեմ միջազգային պայքարի համատեքստում ընդլայնվել է Հայաստան-ԱՄՆ ռազմական երկկողմ համագործակցությունը: Հայկական բանակը մասնակցում է խաղաղապահ գործողություններին Իրաքում եւ Կոսովոյում: Այսպես կբնութագրեի մեր քաղաքականությունը` մենք խորացնում ենք մեր միջազգային ներգրավվածությունը` միաժամանակ ամրապնդելով կապերը ավանդական բարեկամների հետ:

Կուզեի հատուկ նշել, որ միջազգային սուր հարցերին վերաբերող բոլոր որոշումները մեր կողմից կայացվում են Սփյուռքի շահերը հաշվի առնելով: Խոսքը գնում է զգայուն տարածաշրջանի եւ զգայուն հարցերի մասին:

Արտաքին քաղաքականության համատեքստում կարեւոր գործոն է Սփյուռքի ներուժը քաղաքական լոբբինգի ոլորտում: Երկար տարիներ գործելով այլ քաղաքական մշակույթների միջավայրում` Սփյուռքի կազմակերպությունները յուրացրել են աշխատելու մեծ փորձ եւ արհեստավարժություն: Քաղաքական դաշտում ճանաչված հայկական կազմակերպությունները մեծ աջակցություն են ցուցաբերում հայ դիվանագիտությանը եւ առավել լսելի են դարձնում Հայաստանի ձայնը միջազգային ասպարեզում:

Դա եւս մի վկայությունն է Սփյուռքի կազմակերպված լինելու հսկայական նշանակության: Որքան համակարգված, համահունչ լինի Սփյուռքի ձայնը, այնքան ազդեցիկ է լինելու նրա խոսքը:

Շնորհիվ Սփյուռքի հետ համատեղված ջանքերի` մեծ առաջընթաց է արձանագրվել Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացում: Մի շարք երկրների խորհրդարաններ ընդունել են համապատասխան բանաձեւեր, կայացել են միջազգային համաժողովներ: Հայաստանը նախաձեռնել է ցեղասպանությունը դատապարտող միջազգային փաստաթղթերի ընդունումը ՄԱԿ-ում: Այս գործընթացում կարեւոր դեր է խաղացել Հայաստանի դիրքորոշման հստակ ձեւակերպումը` մենք նայում ենք դեպի ապագա, բայց մտադիր չենք հրաժարվել անցյալի հիշողությունից: Հետագայում եւս մենք պետք է պահպանենք այս գործելաոճը:

Հարգելի պատվիրակներ,

Այս ներկայացուցչական համաժողովում չեմ կարող չարտահայտվել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Արցախյան հերոսամարտը եւ դրան հաջորդած բանակցային գործընթացը Անկախության մեր տարիների անբաժանելի տարրն է:

Մենք ունեցել ենք բանակցային գործընթացի բազմաթիվ ելեւէջներ: Մի քանի անգամ մոտ էինք պայմանագիր կնքելուն, որը կամրագրեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը: Ափսոսանքով եմ ասում, որ դա չհաջողվեց: 

Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարություններին արձագանքելու անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ պատերազմի դեպքում հաղթանակը նվաճվում է ժողովրդի ոգով եւ մարտունակ բանակով, այլ ոչ թե հայտարարություններով:

Մեր դիրքորոշումը հետեւյալն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունն անվիճելի փաստ է: Նրա կազմավորման իրավական հիմքերն` անխոցելի: Երկրի տնտեսությունը զարգանում է կայուն, խորանում են ժողովրդավարական բարեփոխումները: Այսինքն, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փաստացիորեն իրագործեց եւ պաշտպանեց ինքնորոշման իր իրավունքը եւ այսօր արդյունավետ պետական շինարարության գործընթացում է: Արցախում ձեռք բերված այս նվաճումներից հրաժարվելու մտադրություն ոչ ոք չունի: Ազգային թիվ մեկ գերխնդիր պետք է դիտվի ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված համահայկական ջանքերի գործադրումը:

Հարգելի հայրենակիցներ,

Երբ 1999թ. հավաքվեցինք առաջին համաժողովին, հիմնական բարձրաձայնված հարցն էր, թե ի±նչ դեր պետք է ստանձնի Հայաստանը հայապահպանության գործում: Անցյալ համաժողովի ժամանակ ես նշեցի հիմնական ծրագրերն ու ուղղությունները, որ մեր պատկերացմամբ կարող էին պատասխան տալ այդ հարցերին: Այսօր արդեն հստակ են այդ ուղղությամբ մեր համատեղ ձեռքբերումները:

"Մեկ ազգ, մեկ մշակույթը", "Համահայկական խաղերը", "Բազե" միջազգային երիտասարդական ճամբարը դառնում են բարի եւ սիրված ավանդույթ: Այդ միջոցառումների մասնակիցների թիվը եւ աշխարհագրությունը կայուն աճ են ապրում, ինչը վկայում է, որ դրանք ունեն պահանջարկ եւ դրական արձագանք են գտնում հայկական համայնքներում: Յուրաքանչյուր տարի պետական բյուջեում մենք միջոցներ ենք նախատեսում դրանց անցկացման համար: Կարեւոր է, որ դրանց ընթացքում խթանվում է ոչ միայն Հայաստան - Սփյուռք կապը, այլ նաեւ երկխոսությունը Սփյուռքի տարբեր օջախների միջեւ: Հայաստանը պետք է դառնա աշխարհով սփռված համայնքների հավաքատեղ:

Մենք ուրախ ենք, որ Սփյուռքի կառույցներն ու կազմակերպությունները պարբերաբար իրենց հավաքներն անց են կացնում Հայաստանում: Կարեւորում եմ մանկավարժների վերապատրաստման ծրագրերը: Հայկական դպրոցում դասավանդող յուրաքանչյուր մանկավարժ պետք է հնարավորություն ունենա հիանալ Արարատով, այցելել Մատենադարան, տեսնել Խոր Վիրապը:

Ինտերնետը եւ հեռահաղորդակցության առաջընթացը թույլ են տալիս ապահովել ինտենսիվ տեղեկատվական հոսքեր Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ: Հանրային հեռուստատեսությունը եւ մասնավոր ՙԱրմենիա՚ հեռուստաալիքը ամուր տեղ են գրավել սփյուռքահայության հեռուստատեսային նախասիրությունների ցանկում: Կարծում եմ, որ Սփյուռքն էլ պետք է ավելի ակտիվ օգտագործի հայկական ԶԼՄ-ները` իր մասին տեղեկությունները հայաստանցիներին հասցնելու համար:

Կարեւոր է, որ Սփյուռքը առավել ակտիվ է սկսել ներգրավվել Հայաստանի տնտեսության մեջ: Այսօր արդեն Հայաստանում գործում են հարյուրավոր ձեռնարկություններ, որոնցում ակտիվ մասնակցում են արտերկրի մեր հայրենակիցները: Եվ խոշոր, եւ միջին, եւ փոքր բիզնեսում Սփյուռքն այսօր պատշաճ ձեւով ներկայացված է, եւ այդ փաստը ողջունելի է: Ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսական ներուժը հետաքրքիր է Սփյուռքի համար, իսկ Սփյուռքի մասնակցությունը մեծացնում է մեր տնտեսության հեռանկարները:

Պատահական չէ, որ համաժողովի փակման օրը կմեկնարկի համահայկական գործարար խորհրդաժողովը: Իսկ արդեն սեպտեմբերի 22-ին` ագրոֆորումն ու Հայաստանի տնտեսությունը ներկայացնող մեծ ցուցահանդեսը: Վստահ եմ, որ այդ միջոցառումները թույլ կտան Ձեզ ավելի լավ պատկերացնել Հայաստանի տնտեսության ներուժը:

Տիկնայք եւ պարոնայք,

Ընդամենը մի քանի օր հետո մենք տոնելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության 15-րդ տարեդարձը: Պետական շինարարության տեսանկյունից դա չափազանց կարճ շրջան է: Մենք կարողացել ենք այդ ընթացքում հատել կարեւոր մի ճանապարհահատված: Ակնհայտ է, որ առանց Սփյուռքի հոգատարության եւ անմիջական մասնակցության այդ ճանապարհը կլիներ շատ ավելի բարդ:

Միայն պետությունը կարող է ապահովել ինքնության պահպանման ամուր եւ հարատեւ նախադրյալներ: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր հայի խնդիր պետք է լինի պետականության ամրապնդմանն ուղղված ջանքերի գործադրումը: Մեր ինքնությունն անբաժանելի կերպով կապված է նաեւ քրիստոնեության հետ: Եկեղեցին մնում է աշխարհասփյուռ հայությանը միավորող հզորագույն գործոն:

Կարծում եմ, այս 15 տարիների գլխավոր նվաճումներից մեկն էլ այն է, որ մենք բացահայտեցինք միմյանց: Չէ± որ երկար տարիներ մենք գտնվել ենք գլոբալ գաղափարախոսական հակադրության ընդդիմադիր ճամբարներում: Կամա, թե ակամա: Այսօր ժամանակն է այդ մերձեցման փուլից անցնել երկարատեւ, ծրագրավորված աշխատանք պահանջող փոխգործակցության:

Հայաստանի պարտքն է լինել հայապահպանության գործի գլխավոր շարժիչը: Հայաստանը պետք է լինի հայոց մշակույթի աղբյուրը, որը սնում է Սփյուռքի մշակութային օջախները: Հայաստանը պետք է լինի ողջ աշխարհում հայոց դպրության շարունակությունն ապահովող գիտական եւ ուսումնական կենտրոնը: Այստեղ պետք է կենտրոնացվի եւ այստեղից տարածվի հայագիտությունը:

Հարգելի հայրենակիցներ,

Վստահ եմ, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Անհրաժեշտ է միայն համախմբել ջանքերը, պայմանավորվել փոխգործակցությունը շարունակելու հիմնական միջոցների շուրջ եւ մենք կհասնենք ցանկալի արդյունքների:

Մեկ անգամ եւս ողջունում եմ Սփյուռքից ժամանած պատվիրակներին, շնորհավորում եմ բոլորիս առաջիկա մեծ տոնի կապակցությամբ եւ մաղթում արդյունավետ աշխատանք:

Շնորհակալություն ուշադրության համար:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: