Սփյուռք
Կազմակերպված պետություն
14 Սեպ 2011  

Հայկական ինքնություն

Ազգ հասկացության սահմանումը հայոց մեջ առաջին անգամ տվել է Գրիգոր Արծրունին: Ըստ նրա, ազգը ինքնության գիտակցություն ունեցող այն հանրությունն է, որը ճանաչում է նույն հայրենիքը, խոսում նույն լեզվով և հետապնդում նույն նպատակները:

Ղարաբաղյան շարժումն ու Արցախյան պատերազմը  սովետահայ ժողովրդին նորից վերադարձրեցին դեպի ազգային խնդիրները:  Եվ այս վերազարթոնքն էր, որ ապահովեց ինչպես հաղթանակը պատերազմում, այնպես էլ անկախության ճանապարհի բոլոր  խոչնդոտների հաղթահարումը: Սակայն պատերազմում հաղթած և անկախություն նվաճած ազգը սկսեց կորցնել դիմագիծը, ինչպես նաև ազգային հպարտությունն ու երազանքները: Իր կացությունից դժգոհ ժողովուրդը սկսեց մտածել, որ ինքն արժանի է այդ վիճակին:  Սա սեփական ինքնության թերագնահատում էր, որը սպառնում էր առհասարակ իքնության կորստով: 

Որևէ ազգի ինքնությունը պայմանավորված է նրա անցած պատմական ճանապարով, ստեղծած քաղաքակրթական արժեքների համակարգով ու ապագայի ընդհանուր երազանքներով:  Երեքի մեջ էլ գլխավոր դերը պատկանում է մշակույթին:

Անկախության առաջին տարիներին նորի ձգտումը շփոթվել էր օտարամոլության հետ և մեծ քամահրանք կար ամեն բանի հանդեպ, ինչը հայկական էր, ազգային: Մի տարօրինակ արհամարհանք կար նաև մտավոր աշխատանքով զբաղվողի նկատմամբ: Սա էր պատճառը, որ մարդիկ հազարներով լքում էին երկիրը` պետությունից խորթացած, օտարացած ու արհամարված:  Պետք էր շտապ կասեցնել ազգային ինքնության անկման ընթացքը: Դրությունը փոխվեց 1998-ից սկսած, երբ երկրում իշխանափոխություն տեղի ունեցավ: Ձևավորվեց մի նոր մթնոլորտ, որում հստակ գիտակցվում էր, որ ժողովրդին զրկել հոգևոր և ազգային մշակույթից, նշանակում էր կտրել նրան իր արմատներից: 

Առաջին քայլերից մեկը, որ արեց Ռ. Քոչարյանը մշակույթի ոլորտում, նախագահական ու պետական մրցանակների սահմանումն էր գրականության ու արվեստի բոլոր ճյուղերի, գիտության բոլոր բնագավառների համար: Պետությունը ստեղծագործողին դրանով ասում էր, որ այսուհետ նկատում ու կարևորում եմ քո աշխատանքը: Հետո եկավ մշակութային օջախների վերանորոգման հերթը, և մեկ-երկու տարում դրանք այնպիսի տեսք ու հարմարավետություն ստացան, որ այլևս այնտեղ աշխատելը արժանապատվության հարց չէր:

Պետությունը մշակեց գիտության, կրթության և մշակույթի զարգացման հայեցակարգեր, որոնց մեջ ներառվեցին եվրոպական ու համաշխահային փորձն ու նոր մոտեցումները, սակայն չմոռացվեց ու չուրացվեց  դարերով ստեղծված ազգայինը: Տարբեր երկրներում հայ մշակույթի օրեր, ամիս կամ նույնիսկ ամբողջ տարի անցկացնելը, ինչպիսին եղավ Ֆրանսիայում, ուներ մեկ հիմնական նպատակ. աշխարհին ներկայացնել հայի դիմագիծը, որպես հինավուրց  ու բարձր մշակույթի տեր ազգի, որն այսօր էլ քաղաքակրթական ինքնատիպ արժեքներ է ստեղծում:
 
Հայության  ինքնության գլխավոր պայմաններից մեկն էլ ազգային ու կրոնական դավանանքն է:  Քրիստոնեության ընդունման 1700 ամյակին նվիրված  հանդիսություններն ու միջոցառումները շարունակվեցին գրեթե մի ամբողջ տարի: Սրանով էլ հայը աշխարհին ավելի ծանոթ ու ճանաչելի դարձավ` որպես Քրիստոնեությունը առաջինը պետականորեն ընդունած ազգ ու պետություն:

Որևէ ազգի ինքնությունը մեկնդմիշտ հաստատված ու կաղապարված հասկացություն չէ: Ինքնությունը, ինչպես նաև այն պայմանավորող մշակույթը ժամանակին համընթաց զարգանում ու փոփոխվում են: Վերարժեվորման շատ բան կար դեռ, բայց որ ազգն արդեն  վերագտել էր իր հպարտությունը` անտարակույս է:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: