

2002 թվականի հունիսի 10-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահն այցելեց Երևանի կոնյակի գործարան: Երբ դեռևս 1998 թվականին, պաշտոնավարման հենց սկզբում Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց Երևանի կոնյակի գործարանի սեփականաշնորհման նպատակահարմարության մասին, պահպանողական ու զգուշավոր տրամադրված մտավորականների մի խումբ անհանգստության ալիք բարձրացրեց: "Հայկական կոնյակը ազգային արժեք է, և չպիտի վաճառվի օտարին" - պնդում էին նրանք:
"Նավթն էլ Ադրբեջանի ազգային արժեքն է, արդյոք ադրբեջանցիների համար ճիշտ կլինի, որ նրանք էլ իրենց ազգային արժեք նավթը չվաճառեն օտարին" - ավելի համոզիչ հակափաստարկ էին բերում սեփականաշնորհման կողմնակիցները:
Հիշեցնենք, որ այդ տարիներին կոնյակի գործարանը առանձնապես բարվոք վիճակում չէր` սնկային հիվանդությամբ վարակված մեծ քանակությամբ կոնյակի հումք, մաշված տեխնոլոգիաներ, վարկային ռեսուրսների բացակայություն, կառավարման հնացած մեթոդներ:
Ի վերջո, Երևանի կոնյակի գործարանի սեփականատեր դարձավ ֆրանսիական աշխարհահռչակ "Պիեռնո Ռիկար" ընկերությունը: Երեքուկես տարի անց, 2002 թվականին հունիսի 10-ին, երբ նախագահ Քոչարյանն այցելում էր Երևանի կոնյակի գործարան, հայկական կոնյակը "Պիեռնո Ռիկարի" միջազգային հեղինակության շնորհիվ արդեն նորից սկսել էր հաստատել իր տեղը միջազգային շուկայում: Կոնյակի գործարանի սեփականաշնորհումը շոգեքարշի պես իր հետևից տարավ տնտեսության մի քանի ճյուղ ևս: Մասնավորապես` հիմնովին քանդված ու վերացված արժեքավոր խաղողի այգիների տեղում գյուղացին նորից սկսեց խաղողի նոր որդ տնկել: Ամեն տարի խաղողի այգիները հանրապետությունում ավելանում էին շուրջ 1000 հեկտարով: Խաղողի մթերման ամենաբարձր գինը մեր հանրապետությունում հենց "Պիեռնո Ռիկար" ընկերությունն էր առաջարկում:
Չանցած մի քանի տարի, հայկական կոնյակն արդեն նվաճում էր իր հին փառքն ու մեծածավալ սպառումը եվրոպական և առհասարակ` միջազգային շուկայում: