Ժամանակի հարց
Կարապի լիճը ձմեռային սահադաշտ
13 Դեկ 2012  

Հետահայաց գնահատական

Ինչպես արդեն խոստացել էինք, ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցը "Հայոց աշխարհ" և "Голос Армении" թերթերին: Հարցազրույցը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ավարտից շուրջ երեքուկես տարի անց, 2010 թվականի նոյեմբերին, սակայն հրապարակվել ամանորյա տոներից հետո` 2011թ.-ի հունվարին: Երբ գլխավոր գործող անձը ինչ-ինչ պատճառներով լռում է, ակտիվանում են էպիզոդիկ դերակատարները, իսկ այդպիսինները, մեղմ ասած` միշտ չէ, որ ճշմարտությունն են ասում: Թե ինչպես և ինչքան փոխվեց մեր երկիրը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիներին, գիտեն և իրենք իրենց հոգու խորքում խոստովանում են նույնիսկ Քոչարյանի ամենամոլի ընդդիմադիրները: Ինչպես սույն հարցազրույցի անցկացման օրերին, այնպես էլ հիմա ավելի կարևոր է հենց իր` Ռոբերտ Քոչարյանի կարծիքն ու վերաբերմունքը այդ լայնածավալ բարփոխումների մասին: Ի՞նչ ժառանգություն էր ստացել, ի՞նչ հասցրեց անել, և ի՞նչն էր, որ անավարտ մնաց:

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՎԱՃՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

- Ինչպե՞ս ժամանակին սկսվեց Ղարաբաղի անցումը ռազմական ռելսերից խաղաղ շինարարության։ Ի՞նչ ձեռնարկեցիք առաջին հերթին, եւ ե՞րբ ի հայտ եկան առաջին արդյունքները։

- ԼՂՀ տնտեսության հիմնական խնդիրն այն ժամանակ միասնական ենթակառուցվածքի բացակայությունն էր. տրանսպորտային, էներգետիկ եւ կապի։ ԼՂԻՄ շրջաններին էլեկտրականություն էր մատակարարվում անմիջականորեն Ադրբեջանի մերձակա շրջաններից։ Մարտակերտի շրջանը՝ Միրբաշիրից, Հադրութը՝ Ջաբրայիլից եւ այլն։ 
   
Ստեփանակերտից Մարտունի եւ Մարտակերտ տանող ճանապարհն անցնում էր Աղդամով ու Ֆիզուլիով, իսկ դեպի Հադրութի շրջանի հարավային գյուղեր՝ Ջաբրայիլով։ Ներքին ճանապարհները գյուղականի կարգավիճակում էին կամ էլ իսպառ բացակայում էին։ Նույնն էլ կապի ոլորտում էր։ 
   
Ակնհայտ է, որ դա արհեստականորեն սարքած իրավիճակ էր՝ ԼՂՀ-ն Ադրբեջանից լիակատար կախման մեջ պահելու համար։ Կարեւորագույն խնդիրը միասնական ենթակառուցվածքի ձեւավորումն էր, առանց որի չէր կարող լինել ոչ մի տնտեսություն։ 
   
Ոչ պակաս կարեւոր էր պատերազմի ընթացքում ավերված բնակֆոնդի վերականգնման խնդիրը։ Ավերածության ծավալները չափազանց մեծ էին։ Որոշ գյուղեր ոչնչացված էին հիմնովին։ Ստեփանակերտը հիշեցնում էր Մեծ հայրենական տարեգրության կադրերը։ Երկու խնդիրներն էլ ստիպված էինք լուծել զուգահեռաբար՝ Հայաստանի եւ Սփյուռքի ռեսուրսների ակտիվ ներգրավմամբ։ Ի դեպ, այդ խնդիրների լուծումը ԼՂՀ-ում շարունակվում էր նաեւ Հայաստան իմ տեղափոխվելուց հետո։
   
- Վարչապետի պաշտոնում ձեր նշանակումից, այնուհետ նաեւ Հայաստանի նախագահ ընտրվելուց անմիջապես հետո երկրի տնտեսության մեջ սկսվեցին դրական շարժեր։ Որքանո՞վ էր ծանր նախկին իշխանության ձեզ թողած տնտեսական ժառանգությունը, եւ ինչի՞ շնորհիվ կարողացաք հասնել առաջին հաջողություններին այդ ոլորտում։ Եվ հարկ ունեցե՞լ եք տնտեսության վերականգնման փուլում կիրառել ժողովրդականություն չվայելող միջոցներ։
   
- Տնտեսությունը փաստորեն կաթվածահար էր։ Աղքատության մակարդակն անասելի բարձր էր, բնակչության յուրաքանչյուր շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 1997 թվականին կազմում էր ընդամենը 433 ԱՄՆ դոլար։ Իսկ 300 միլիոնից պակաս բյուջե ունեցող երկրի սոցիալական ոլորտի մասին խոսելն արդեն անիմաստ է։
   
Արտաքին փոխառությունների հնարավորությունը ծայրաստիճան սահմանափակ էր։ Երկրի արտաքին պարտքն արդեն գերազանցում էր ՀՆԱ-ի 46 տոկոսը։ Տնտեսության փոքրիշատե նկատելի վերելքի մասին մտածելը՝ առանց արմատական փոփոխությունների, միամտություն կլիներ։ Չէ՞ որ միջին տոկոսադրույքները 1997-ին անցնում էին տարեկան 50 տոկոսից։
   
Անհրաժեշտ էր տնտեսության կառավարմանը ակտիվ օպերատիվ մասնակցության համադրում (այն ժամանակ պետական մասնահատվածը դեռեւս շատ մեծ էր) պետության կենսագործունեության բոլոր ոլորտների լայնածավալ խոր բարեփոխումների հետ։ Այն ամենը, ինչ անում էինք այն ժամանակ, ժողովրդականություն չէր վայելում. էլեկտրաէներգիայից ու տրանսպորտից օգտվելու արտոնությունները դրամական փոխհատուցմամբ փոխարինելուց մինչեւ "Արմենիա" հյուրանոցի եւ Երեւանի կոնյակի գործարանի սեփականաշնորհումը։
   
Անհրաժեշտ էր վերացնել բոլոր խոչընդոտները մասնավոր ձեռներեցության ճանապարհին եւ բացել դռները օտարերկրյա ներդրումների առջեւ։ Ըստ որում, խոսքը ինչպես խոր օրենսդրական ու կանոնադրական բարեփոխումների, այնպես էլ դրանց գործնական կիրառման մասին է։ 
   
Խոստովանեմ, հեշտ չէր։ Ձեռնարկվող քայլերի անայլընտրանքայնության ըմբռնման բացակայությունը հասարակության մի մասի կողմից մեծ էր։ Անհրաժեշտ էր գործընթացն առաջ տանելու կամք, երբեմն՝ պարզապես համառություն։ Ես զգացի բեկումը 2001-2002 թվականներին, նախեւառաջ մարդկանց տրամադրության, բիզնեսում ակտիվ ինքնադրսեւորվելու նրանց պատրաստակամության աճի մեջ։
   
- 2002-2007թթ. ժամանակահատվածում երկրի տնտեսական ցուցանիշները տպավորիչ էին։ Կարելի՞ է ասել, որ այդ ցուցանիշներին հաջողվեց հասնել հիմնականում օտարերկրյա ներդրումների եւ մասնավոր տրանսֆերտների հաշվին։ Այսօր այդ առնչությամբ տարածված կարծիք կա։
   
- Աճն ապահովվում էր տնտեսության գործնականում բոլոր մասնահատվածներով եւ ֆինանսավորման տարբեր աղբյուրներով։ Բավական է նայել վիճակագրությանը։ Գյուղատնտեսությունը տասը տարվա ընթացքում վերելք ապրեց 90 տոկոսով, միջին տարեկան աճը 2003-2007 թվականներին կազմեց 8 տոկոս։ Արդյունաբերությունը տասը տարվա ընթացքում աճեց 74 տոկոսով։ Շինարարությունը ամեն տարի ավելանում էր 22-29 տոկոսով։ Հետաքրքիր թիվ զբոսաշրջության վերաբերյալ. 1998 թվականին երկիր այցելել է մոտ 32 հազար զբոսաշրջիկ, 2007-ին՝ 510 հազար։ 
   
Ֆինանսավորման աղբյուր էին ինչպես օտարերկրյա, այնպես էլ ներքին ներդրումները։ Հայաստանի կոմերցիոն բանկերի վարկային փաթեթը 1997 թվականին ընդամենը 46 միլիարդ դրամ էր, 2007 թվականին՝ արդեն 427 միլիարդ դրամ։ Օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը 1998-2007 թվականներին կազմում էր 3651 միլիոն ԱՄՆ դոլար (համեմատության համար. 1991-1997-ին՝ 125,9 միլիոն դոլար)։ Ի դեպ, օտարերկրյա ներդրումների այդօրինակ աճը շատ բանի մասին է վկայում. առաջին հերթին՝ երկրի բարենպաստ ներդրողական մթնոլորտի, այսինքն՝ իշխանությունների արդյունավետ ջանքերի։ 
   
- Ի՞նչն էր ընկած այն ներդրումային քաղաքականության հիմքում, որն անցկացվում էր ձեր կառավարման ժամանակաշրջանում։ Կարո՞ղ եք առանձնացնել ձեր պաշտոնավարման տարիներին իրագործված ամենահաջող ներդրումային նախագծերից որեւէ մեկը։
   
- Գործողությունների տրամաբանությունը պարզ էր. բիզնեսի առջեւ ծառացող խնդիրների զրոյականացում դրա ձեւավորման բոլոր փուլերում։ Բարենպաստ եւ հասկանալի հարկային օրենսդրության եւ դրա կիրառման պրակտիկայի ձեւավորում։ Հարկման առանձնահատուկ, պարզեցված ռեժիմներ փոքր եւ միջին բիզնեսի համար։ Վարկերի մատչելիության ապահովում՝ բիզնեսի համար խելամիտ եւ տանելի տոկոսներով։ Տարբեր ստուգող մարմինների կողմից ամենատարբեր ստուգումների եւ ռեւիզիաների արմատական կրճատում, այդ մարմինների լիազորությունների էական վերանայում։
   
Ամենագլխավոր խնդիրներից մեկն էր համարվում փոքր եւ միջին բիզնեսի պաշտպանվածության ապահովումը։ Բոլորից. ուժայիններից, չինովնիկներից, օլիգարխներից, քրեականներից։
   
Հաջողվեց, թե ոչ, պետք է դատել ըստ թվերի։ ՀՆԱ միջին տարեկան աճը 1998-2007 թվականներին 10,5 տոկոս էր։ Ընդ որում՝ իմ պաշտոնավարման վերջին 7 տարիներին՝ 12,5 տոկոս։ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալը 2006 թվականին գրեթե հինգ անգամ գերազանցեց 1998-ի ծավալները։ 
   
Ներդրումային հաջող նախագծերը չափազանց շատ էին։ Դրանք էին՝ Հյուսիսային պողոտան, Երեւանի հյուրանոցները, կոնյակի գործարանը, "Գրանդ Քենդին", "ՎիվաՍելը", IT ողջ ոլորտը, հատկապես "Սինոպսիսը", գյուղատնտեսության ամբողջ վերամշակումը, ճանապարհները կամ ողջ շինարարական ինդուստրիան, ծառայությունների ոլորտը եւ բազմաթիվ այլ բնագավառներ։
   
- Հինգ տարի առաջ անցկացվեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվե։ Ո՞րն էր այդ բարեփոխման կարեւորությունը ձեր ընկալմամբ։
   
- Դա մեր պարտավորության իրականացումն էր Եվրախորհուրդ մտնելիս։ Բարեփոխման նպատակը սահմանադրության համապատասխանեցումն էր իշխանության ճյուղերի միջեւ հավասարակշռության, քաղաքական մրցակցության պարամետրերի եւ մարդու իրավունքների մասին եվրոպական պատկերացումներին։
   
Ես չէի գերագնահատի սահմանադրական բարեփոխման կարեւորությունը։ Դրա նպատակներին հասնելու համար ծայրաստիճան կարեւոր է կիրառման պրակտիկան, կայուն ավանդույթների ձեւավորումը հասարակության քաղաքական մշակույթում։ Այսինքն՝ բուն հանրաքվեն ստեղծում է անհրաժեշտ հիմք, բայց չի երաշխավորում հաջողությունը։
   
Ցավոք, ես այստեղ նկատելի առաջընթաց չեմ տեսնում, թեեւ իհարկե հասկանում եմ, որ դա իներցիոն գործընթաց է, եւ ժամանակ է պետք վերջնական դատողությունների համար։
   
- Գո՞հ եք պետական ապարատի համակարգում անցկացված բարեփոխումների արդյունքներից։ Ի՞նչն եք համարում գլխավոր նվաճում։
   
- Դրանք, կարծում եմ, ամենաբարդ եւ զգայուն բարեփոխումներից էին։ Դրանց էությունը պրոֆեսիոնալ եւ պատասխանատու բյուրոկրատիայի ձեւավորումն է, որի շահերն ուղղակիորեն կապված են երկրի կայուն եւ առաջընթաց զարգացման հետ։
   
Պետական ծառայության համակարգի ներդրմամբ ձեւակերպվեց պետության կադրային քաղաքականությունը. հասկանալի եւ բաց։ Քաղաքական պաշտոնների զատումը որոշակիություն է մտցնում պետապարատի եւ կուսակցական ֆունկցիոներության հասկացությունների մեջ։
   
Մեր իրականության հիմնական խնդիրներից մեկը խնամիականությունն է (թայֆայությունը)։ Պետական ծառայության մասին օրենքների սահմանափակումները շրջանցելու փորձեր կլինեն ամեն քայլափոխի. շարժառիթները չափազանց մեծ են։ Գերատեսչությունների աշխատակազմերի կոլեկտիվ մուտքը գերատեսչությունների ղեկավարների կուսակցություններ նողկալի երեւույթ է։ Երկրի համար դա ճանապարհ է դեպի դատարկություն։
   
Մենք ոչ մի բանի չենք հասնի, եթե չչեզոքացնենք այդ երեւույթի ազդեցությունը պետության կառավարման գործընթացների վրա։ Այստեղ նույնպես անչափ կարեւոր է ճիշտ ավանդույթների ձեւավորման եւ կիրառման գործելակերպը։
   
- Ինչպե՞ս ընդունվեց Հյուսիսային պողոտայի շինարարության մասին որոշումը։
   
- Այն ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ընդունելություն խնդրեց եւ ինձ ներկայացրեց Հյուսիսային պողոտայի գաղափարը։ Ասաց, որ մտահղացման հեղինակը Ալեքսանդր Թամանյանն է։ Շարունակեցինք նախագծի քննարկումը պատկերասրահի պատշգամբում, իսկ ավելի ուշ Ազատության հրապարակում՝ Հյուսիսային պողոտայի մանրակերտով եւ իհարկե, Երեւանի քաղաքապետի մասնակցությամբ։ 
   
Ինձ դուր եկավ բուն գաղափարը, հատկապես դրա թափը։ Միանգամից հասկացա, որ Հյուսիսային պողոտան ոչ միայն պարզապես կզարդարի Երեւանը, այլեւ ընդհանրապես շինարարական ինդուստրիայի զարգացման հզոր խթան կդառնա։ Չէ՞ որ մայրաքաղաքի կենտրոնը գործնականում հաջողության դատապարտված ներդրում է։ Պետք էր առաջ տանել նախագիծը, ցույց տալ դրա ներդրողական հրապույրը։ Ստացվեց։
   
Այստեղ պիտի առանձնահատուկ նշեմ Երեւանի քաղաքապետարանի լավ աշխատանքը։ Ընթացքում մշակվեցին, ապա եւ իրականացվեցին Գլխավոր պողոտայի եւ Հյուսիսային ճառագայթի կառուցապատման գաղափարները։
   
Ըստ էության Հյուսիսային պողոտան դարձավ Երեւանի ծավալուն կառուցապատման գլխավոր նախագիծը։ Շինարարության աճի միջին տարեկան տեմպերն այն տարիների գերազանցում էին 25 տոկոսը։
   
   
- Ինչպե՞ս պայմանավորվածություն ձեռք բերվեց Քըրք Քըրքորյանի հետ Լինսի հիմնադրամի ստեղծման վերաբերյալ։ Գո՞հ եք հիմնադրամի գործունեության արդյունքներից։
   
- Քըրք Քըրքորյանը Հայաստան եկավ 1998 թվականի ամռանը, նախագահի պաշտոնում իմ ընտրվելուց շատ չանցած։ Տեղի ունեցավ մեր առաջին հանդիպումը։ Զրույցը չափազանց հետաքրքիր եւ բովանդակալից էր։ Ես ներկայացրի Հայաստանի ապագայի իմ պատկերացումը։ Տպավորված էի Քըրք Քըրքորյանի ընդգրկուն մտածողությամբ եւ համեստությամբ։ 
   
Երկխոսությունը շարունակվեց ԱՄՆ-ում, եւ դրա գլխավոր արդյունքը դարձան Լինսի հիմնադրամի ծրագրերը Հայաստանում։ Դրանք ճանապարհներ էին, դպրոցներ, աղետի գոտին, մշակույթի եւ արվեստի օբյեկտներ։ Վստահ եմ, որ ծրագիրը հզոր բազմապատկիչ դերակատարություն ունեցավ Հայաստանի տնտեսության, սոցիալական եւ մշակութային ոլորտների համար։ Ես երախտապարտ եմ Քըրք Քըրքորյանին իր շռայլ բարեգործության համար։
  
- Հայտնի է, որ մինչեւ 1997 թվականը իշխանությունները գործնականում չէին հետաքրքրվում աղետի գոտու խնդիրներով։ Ինչի՞ց սկսեցիք դուք։ Գո՞հ եք աղետի գոտում 1997-2007թթ. աշխատանքների արդյունքներից։
   
- 1997 թվականին որպես վարչապետ իմ առաջին այցը տարածաշրջան ուղեւորությունն էր Գյումրի։ Տպավորությունը չափազանց ճնշող էր։ Անելանելիություն, աղքատություն, ավերակներ, թերահավատություն, որ իրենց խնդիրներն ընդհանրապես որեւէ մեկին հետաքրքրում են։ 
   
Դրա հետ մեկտեղ ջերմ վերաբերմունք զգացի իմ նկատմամբ եւ թեթեւակի հույս, որ ինչ-որ բան կփոխվի։ Հավանաբար Ղարաբաղում անցած իմ ճանապարհը որոշակի լավատեսություն էր ներշնչում մարդկանց։ Հասկանում էի, որ իրավունք չունեմ հուսախաբ անել նրանց։ Աղետի գոտու վերականգնումը իմ եւ կառավարության համար դարձավ պատվի հարցը։ Քանզի երկիրը չի կարող երջանիկ լինել, եթե նրա տարածաշրջաններից մեկը աղետալի վիճակում է։ Ինչպես որ ընտանիքում չի կարող երջանկություն լինել, եթե անդամներից մեկը տառապում է։
   
Սկսեցինք աղետի գոտու վերականգնման նկատմամբ մոտեցումների փոփոխումից։ Շեշտադրեցինք Գյումրիի, Սպիտակի եւ Վանաձորի կենտրոնի շինարարությունը։ Պետք էր վերադարձնել քաղաքներին իրենց դեմքը։ Պետք էր վերականգնել Գյումրին ու Սպիտակը հենց որպես քաղաքներ, այլ ոչ թե պարզապես ինչ-որ տանիք տալ մարդկանց։ 
   
Կտրուկ ավելացրինք կանգուն մնացած, բայց վթարային շենքերի ամրացման ծավալները։ Զուգահեռաբար մտցրինք սերտիֆիկատների ծրագիրը, որպեսզի չգցենք բնակարանների առանց այդ էլ ցածր գները։ Միանգամից հրաժարվեցինք «կիսաֆաբրիկատ տներից», երբ հանձնում էին կասկածելի որակի բնակարաններ՝ առանց դռների, սանտեխնիկայի եւ այլն։ Մարդիկ տարիներ շարունակ չէին բնակվում այդտեղ։ Նրանք պարզապես փող չունեին այդ ամենը գնելու համար։
   
Առանձնահատուկ կնշեի բնակարանը կորցրած ընտանիքների հաշվառման կարգավորումը։ Այդտեղ տիրում էր ինչ-որ մեկին ակնհայտորեն ձեռնտու, պարզապես քրեական խառնաշփոթ։ Ավելացրինք շինարարությանը հատկացվող բյուջետային ծախսերը, աղետի գոտի ուղղորդեցինք «Հայաստան» հիմնադրամի ներուժը, համոզեցինք USAID-ին սկսել սերտիֆիկատների ծրագիրը, Լինսի հիմնադրամը հանձն առավ աշխատանքների տպավորիչ ծավալ։ Հանթսմանը սկսեց մի ամբողջ թաղամասի շինարարություն։ Գործին միացան այլ հիմնադրամներ։ Ծավալներն ավելացնում էինք տարեցտարի, եւ արդյունքն իհարկե ակներեւ էր։
   
Մինչեւ 1997 թվականը ցանկացած ղեկավարի համար Գյումրի ուղեւորությունը սաստիկ ստրեսային իրադարձություն էր։ Մարդիկ պարզապես նրանց գլխին էին թափում իրենց դժգոհությունն ու չարացածությունը։ Ինձ համար աղետի գոտի կատարած ուղեւորությունները ամենահագեցածն ու հարմարավետն էին հուզական առումով։ Ուրախ եմ, որ ես՝ այն ժամանակ աշխատող թիմի հետ միասին, պատիվ ունեցա հաղթահարել այդ խնդիրը։
   
- Տասը տարի շարունակ դուք բանակցություններ եք վարել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի նախագահներ Հեյդար եւ Իլհամ Ալիեւների հետ։ Ո՞րն եք համարում բանակցային գործընթացի գլխավոր նվաճումն այդ ժամանակահատվածում։ Մենք երբեւէ չափազանց մոտ եղե՞լ ենք հիմնախնդրի լուծմանը։
   
- Բանակցային գործընթացի գլխավոր նվաճումը պետք է լինի հիմնախնդրի վերջնական կարգավորումը։ Դա չկատարվեց այն ժամանակ եւ չկա ներկայումս։ Բայց կասկածից դուրս է, որ 1998 թվականից ի վեր նկատելիորեն բարելավել ենք մեր դիրքերը բանակցություններում։ 
   
Միջնորդներից մշտապես ստանում էինք համեմատաբար ընդունելի առաջարկներ։ Այսինքն՝ մենք նրանց ասում էինք "այո"՝ վերապահումներով, Ադրբեջանը ասում էր "ոչ" ողջ փաթեթին։ Դա հեշտացնում էր մեր կյանքը. չէ՞ որ ավելի դյուրին է բացատրել վերապահումների անհրաժեշտությունը, քան բացարձակ մերժման պատճառները։ Իսկ դրան նախորդում էր ահռելի աշխատանք՝ մեր շարժառիթների, մեր մոտեցումների իրատեսականության եւ պրագմատիկության պարզաբանման ուղղությամբ։
   
Դրական արդյունքների թվին կդասեի փոխադարձ հավակնությունների տոնայնության մեղմացումը։ Իսկ դա Հեյդար Ալիեւի հետ ձեւավորվող համեմատաբար վստահալից փոխհարաբերությունների անմիջական հետեւանքն էր։ Մենք ի վիճակի էինք ինքնուրույն, առանց միջնորդների կապվել հեռախոսով, կազմակերպել հանդիպումներ։ Թուլացնել լարվածությունը միջազգային տարբեր կազմակերպություններում, պայմանավորվելով նրբաբնույթ ձեւակերպումների շուրջ։ 
   
Բնականոն դարձավ Ադրբեջանի պաշտոնատար անձանց մասնակցությունը Հայաստանում ԱՊՀ բազմակողմ հանդիպումներին եւ հակառակը։ Լրագրողների, մշակույթի եւ արվեստի գործիչների ուղեւորությունները դադարեցին ինչ-որ արտակարգ երեւույթ լինելուց։ Այդ ամենը, իհարկե, անդրադարձավ շփման գծում լարվածության թուլացման վրա։
   
Երբ իշխանության եկավ Իլհամ Ալիեւը, վիճակը փոքր-ինչ փոխվեց, բայց այդուհանդերձ մնաց նրա հոր գծած հունի մեջ։
   
Անչափ մոտ եղե՞լ ենք խնդրի լուծմանը։ Այո, եղել ենք։ Ես կնշեի Քի Ուեսթում հանդիպմանը նախորդող ժամանակաշրջանը։ Գաղտնի բանակցությունների տարիները պիտի ավարտվեին համաձայնագրի ստորագրմամբ։ Միջնորդները ժամանեցին պահի պատմականության մեջ համոզվածությամբ։ Նույնիսկ սեղանն էր պատրաստ համաձայնագիրը ստորագրելու համար։ Բայց չստացվեց։
   
- Ի՞նչ ջանքեր էր ձեռնարկում մեր պետությունը ձեր պաշտոնավարման ժամանակաշրջանում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։
   
- Միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչումն ընդգրկվեց Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ Առաջին անգամ ես դա հնչեցրի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 1998 թվականի սեպտեմբերին։ Սակայն բոլոր ուղղություններով ջանքերի կենտրոնացումը սկսվեց նախագահական ընտրություններից անմիջապես հետո։ Թեման քննարկվում էր իմ արտասահմանյան գրեթե բոլոր այցերի ընթացքում։ 
   
Անհրաժեշտ էր համոզել մեր բոլոր գործընկերներին, որ ցեղասպանության միջազգային ճանաչումն անհրաժեշտ է ոչ թե պարզապես պատմական արդարության վերականգնման, այլ առաջին հերթին՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար։ Անցյալի այդպիսի բեռով ազգերը առանց ապաշխարանքի չեն կարող հաշտվել։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, բոլոր դեսպանները հստակ հրահանգ ունեին ակտիվորեն ուժգնացնել ճնշումը։ Դա իհարկե թեւավորեց Սփյուռքին, եւ նա բազմապատկեց ճանաչման ուղղությամբ ջանքերը գործնականում բոլոր այն երկրներում, որտեղ ազդեցության ռեսուրս ուներ։ Սիներգետիկ էֆեկտը գործեց։
   
Պիտի նշեմ, որ ե՛ւ ՀՀ ԱԳՆ-ն, ե՛ւ Սփյուռքը այդ խնդիրը հաղթահարեցին հաջողությամբ։ Տասը տարվա ընթացքում (1997-2007) 14 երկրների խորհրդարաններ ճանաչեցին Ցեղասպանությունը, այդ թվում՝ Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Շվեդիան, Շվեյցարիան, Գերմանիան, Լեհաստանը, Նիդերլանդները, Լիբանանը, Արգենտինան, Չիլին, Վենեսուելան եւ այլն։
   
Ի դեպ, Ցեղասպանության ճանաչումն անմիջականորեն կապված է Հայաստանի անվտանգության հետ։ Անցյալում ցեղասպանության ենթարկված ժողովուրդն իրավունք ունի ներկայումս ակնկալել իր անվտանգության ապահովման ավելի բարձր ձողանիշ։
   
- Ձեր պաշտոնավարության տարիներին հայ-ռուսական գործընկերությունը, ընդլայնվելով եւ խորանալով, ստացավ «ռազմավարականի» կարգավիճակ։ Կարելի՞ է նշել այդ ճանապարհի հիմնական փուլերը։
   
- Ես չէի բաժանի այդ գործընթացը ինչ-որ փուլերի։ Ընթանում էր համագործակցության ծավալների պլանաչափ, ակտիվ աճ բոլոր ուղղություններով, հատկապես տնտեսության, ինչը նախկինում չկար։ Ռուսաստանյան խոշոր բիզնեսը սկսեց մուտք գործել Հայաստան, ըստ որում ամենատարբեր ոլորտներում։ Դրանք են էներգետիկան, բանկերը, շինարարությունը, տրանսպորտը, վերամշակումը, մետալուրգիան (ՌուսԱլ), կապը։ Ռուսաստանյան ներդրումներն իհարկե կարեւոր դեր կատարեցին տնտեսության աճի բարձր տեմպերը պահպանելու գործում 2001-2008 թվականներին։ 
   
Կցանկանայի նշել նաեւ համագործակցության նկատելի աշխուժացումը հումանիտար ոլորտում։ Նշանակալի իրադարձություն կանվանեի Ռուսաստանում ՀՀ տարվա եւ Հայաստանում ՌԴ տարվա անցկացումը։
   
Բոլոր մակարդակներով քաղաքական շփումների բովանդակալից բնույթը դրսեւորվում էր բազմաթիվ կոնկրետ նախագծերի իրականացմամբ։
   
- Երկրների միջեւ հարաբերություններում ի՞նչ դեր են կատարում պետությունների ղեկավարների անձնական հարաբերությունները։ Կարելի՞ է խոսել այն մասին, որ, օրինակ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հետ ձեր հարաբերությունները առանձնահատուկ գործոն դարձան հայ-ռուսական եւ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում։
   
- Անձնական շփումները, գործընկերների միջեւ վստահալից հարաբերությունները կարեւոր են ամեն ինչում, այդ թվում նաեւ միջպետական հարաբերություններում։ Իսկ եթե դրանք առաջնորդների միջեւ լավ են դասավորվում ժողովուրդների պատմական եւ մշակութային մտերմության, նրանց պետական շահերի խորապատկերի վրա, ապա արդյունքը բազմակի է ստացվում։ Դա տեղի ունեցավ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի պարագայում։
   
- Ձեր պաշտոնավարման տարիներին էականորեն փոփոխվեց հայկական Սփյուռքի հետ հարաբերությունների վեկտորը։ Ի՞նչն էր ընկած այդ ուղղությամբ քաղաքականության հիմքում։ Ձեր կարծիքով, ի՞նչ պիտի լինի Հայաստանը արտասահմանում ապրող հայերի համար։
   
- Սփյուռքի հետ հարաբերությունների համակարգի կառուցման սուր անհրաժեշտություն կար։ Այդ հարաբերություններն ինչ-որ չափով ինստիտուտայնացնելու։ Դա բխում էր մեր պետականության կայացման համար Սփյուռքի ներուժի մեծ կարեւորության ըմբռնումից։ 
   
Սկսեցինք այդ հարաբերությունների տարբեր կողմերն ընդգրկող համահայկական նախաձեռնությունների ձեւակերպումից եւ իրականացումից։ Դրանք առաջին հերթին "Հայաստան-Սփյուռք" երեք գիտաժողովներն էին, որտեղ ըստ էության ձեւակերպվում էր գործողությունների համահայկական օրակարգը։ Այսինքն՝ կողմնորոշիչները, ջանքերի ընդհանուր վեկտորը կազմակերպված Սփյուռքի բոլոր մասերի համար, առանց կենտրոնացված ղեկավար մարմինների ձեւավորման։ 
   
Ի դեպ, այդպիսի վեկտորներ էին Հայաստանի տնտեսության մեջ ներդրումները, Ցեղասպանության ճանաչումը, լոբբիստական գործունեությունը միջպետական երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ եւ, իհարկե, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ընդգրկվածությանն ու նրա անկախության անկասելիության ըմբռնմանը նպաստումը։
   
Առանձնահատուկ կնշեի համահայկական այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են Համահայկական մարզախաղերը, "Մեկ ազգ, մեկ մշակույթ" փառատոները։ Ըստ որում խոսքը մեկանգամյա միջոցառումների մասին չէ, այլ մշտապես գործող համահավաքների, որոնք ձեւավորում են Սփյուռքի հետ փոխհարաբերությունների ավանդույթներ եւ մշակույթ։
   
Պատկերավոր ասած, Հայաստանը պետք է ձգտի դառնալ բաղձալի ուխտագնացության եւ հայկական ինքնության հուզական սնուցման վայր:

ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: