10.07.2003. Ընթացքի մեջ է մշակույթային օժախների վերանորոգումը
02.04.2004. Հայաստանն ու Լիբանանը ստորագրել են միջկառավարական
30 Մար 2012  
30.03.2012  |  16:27   |   Համացանց

Ինչպես Քըրքը Հայաստան եկավ

1998թ. հունիսի 9-ն էր: Ես Նյու Յորքում էի, մասնակցում էի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի hատուկ նիստին, երբ կարևոր հեռախոսազանգ ստացա Լոս Անջելեսից: Լինսի հիմնադրամից Ջիմ Ալջյանն էր` Քըրք Քրքորյանի աջ ձեռքը և մտերիմը:

"Պարոն Օսկանյան, պարոն Քըրքորյանը կարող է հանդիպել ձեզ հետ", - ասաց նա: 

Ես սպասում էի այդ զանգին: Երկու ամիս առաջ որպես նորանշանակ արտգործնախարար իմ առջև մի քանի նպատակ էի դրել` նախ, ավելի արդյունավետ համագործակցություն հաստատել Սփյուռքի հետ, երկրորդ` արտաքին-քաղաքական օրակարգում ունենալ միջազգային տնտեսական հարաբերությունները: Այդ երկու նպատակների համար էլ Քըրքորյանի դերը շատ կարևոր էր: Ես անպայման ցանկանում էի հանդիպել նրան և խնդրել նշանակալից մասնակցություն ունենալ Հայաստանի զարգացմանը:

Քըրքի հետ երբեք չէի հանդիպել: Նա առասպել էր, որով հիանում էինք հեռվից: 1996թ Սփյուռքի հայկական հաստատություններին սատարելուց բացի՝ նա մեծահոգաբար համաձայնել էր աջակցել նաև AIM-ին ("Հայկական միջազգային ամսագիր"): 1990թ. մի խումբ ընկերների հետ ես հիմնադրել էի անգլալեզու այդ հանդեսը, որի խմբագիրն էր Սալբի Ղազարյանը: Հենց նա էլ կապ էր հաստատել Քըրքի հետ:

Մայիսի վերջին նա Քըրքին էր հանձնել նամակս, որում ես յուրահատուկ մի առաջարկ էի արել: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական սահմանափակումները և խնդրահարույց հարևանությունը, ես նրա աջակցությունն էի հայցում հյուսիս-հարավ մայրուղու կառուցման գործում, որը հայ-իրանական սահմանից կձգվեր մինչև վրացական նավահանգիստներ: Ժամանակակից նման զարկերակը ոչ միայն Հայաստանը կվերածեր հյուսիս-հարավ միջանցքի, այլև կլուծեր մեր երկրի սեփական տրանսպորտային խնդիրները և ելք կապահովեր դեպի ծով:

Մայիսյան նամակին պետք է հետևեր հունիսյան հանդիպումը:

Երկու օր հետո արդեն այնտեղ էի: Նյու Յորքից մեկնեցի Վաշինգտոն` ելույթներով հանդես եկա "Հերիթիջ ֆաունդեյշն" հետազոտական կենտրոնում և "Քարնեգի" հիմնադրամում, մի քանի հանդիպում ունեցա ԱՄՆ պետական և հասարակական գործիչների հետ: Հունիսի 11-ի երեկոյան Վաշինգտոնից մեկնեցի Լոս Անջելես:

Ջիմ Ալջյանն ասել էր, որ հանդիպումը տեղի կունենա ուրբաթ առավոտյան "Բեվերլի Հիլս" հյուրանոցում, որտեղ և իջևանեցի:

Հաջորդ օրը վաղ առավոտյան հանդիպումից առաջ ինձ այցելեցին Ջիվան Թաբիբյանը և Սալբին: Մենք արդեն որոշել էինք, որ Ջիվանը պետք է մեկներ Վիեննա` որպես ԵԱՀԿ-ում Հայաստանի դեսպան (ուր և ծառայեց մինչև 2008թ.), իսկ Սալբին ավելի ուշ պետք է տեղափոխվեր Հայաստան և ԱԳՆ-ում աշխատեր որպես իմ խորհրդական:

Բաժանվելով նրանցից՝ գնացի Քըրքորյանի հետ հանդիպման: Գիտեի, որ դա պատմական հանդիպում է լինելու: Հանդիպումը մեծ նշանակություն ուներ նաև անձամբ ինձ համար: Ավագ դպրոցից դուրս մնացած Քըրքը հսկայական հաջողությունների էր հասել և՛ բիզնեսի, և՛ բարեգործության ոլորտներում: 

1988թ. երկրաշարժից հետո նա առաջին անգամ հնարավորություն էր ունեցել Հայաստանում անմիջականորեն ներգրավվելու: Երկրաշարժի պատճառած հսկայական ավերածությունները նրան դրդել էին ստեղծելու և ֆինանսավորելու Միացյալ հայկական հիմնադրամը (ՄՀՀ)՝ մի պայմանով, որ Սփյուռքի հայկական կազմակերպությունները պետք է ներգրավվեն և գործեն միասնական: Հարութ Սասունյանն առաջին իսկ օրվանից գլխավորեց կազմակերպությունը, որը գործում է առայսօր և օդային կամրջի դեր է կատարում Հայաստանի և Արևմուտքի միջև՝ տեղափոխելով բարեգործական նշանակության ապրանքներ: 

Միացյալ հայկական հիմնադրամը պետք չէ շփոթել "Հայաստան" համահայկական հիմնադրամի հետ, որը 1992թ. հիմնադրեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` ռազմավարական նպատակ ունենալով Սփյուռքը կապել Հայաստանի հետ: 1993թ. "Հայաստան" համահայկական հիմնադրամն առերեսվեց առաջին մարտահրավերին: Պատերազմական շրջափակման ամենադժնդակ օրերին Հայաստանը վառելիքի սուր կարիք ուներ:

"Հայաստան" հիմնադրամը ՄՀՀ-ի հետ համատեղ համասփյուռքյան մեծ դրամահավաք նախաձեռնեց բավարար քանակությամբ վառելիք գնելու հայաստանցիներին այդ ձմեռ ջերմությամբ ապահովելու համար: Քըրքը խոստացել էր եռապատկել այն գումարը, որը կհավաքվեր ամբողջ արշավի ընթացքում: Հավաքվեց 7 միլիոն դոլար, որը վերածվեց 21 միլիոնի: Դա Քըրքի երկրորդ մեծ ներգրավվածությունն էր Հայաստանի հետ:

Հիմա` 1998-ին, Հայաստանի ղեկավարությունն արդեն մեկ այլ ձևով էր ցանկանում ներգրավել այս չափազանց կարող, չափազանց հայրենասեր և չափազանց սրտաբաց մարդուն: 

Այդ առավոտ "Բեվերլի Հիլս" հյուրանոցում Քըրքի հետ հանդիպմանը ներկա էր նաև Ջիմ Ալջյանը: Մասնագիտությամբ հաշվապահ Ջիմը, որի հետ ես հաջորդ մի քանի տարիների ընթացքում պետք է շփվեի ամեն շաբաթ, ավելին էր, քան պարզապես "Լինսի" հիմնադրամի ներկայացուցիչը: Քըրքի համար նա հուսալի ընկեր էր, փոքր եղբայր և ամենամտերիմն ու վստահելին: 

Զրույցը սկսեցինք այստեղից-այնտեղից: Նրանք հարցրեցին այն, ինչ հայերը միշտ հարցնում են իրար. "Որտեղի՞ց ես, Սիրիայի՞ց": Չէ, դա բավարար չէր: "Ընտանիքդ ինչպե՞ս էր հայտնվել այնտեղ": Ես նրանց ասացի, որ պապիս ընտանիքը տեղահանվել է Մարաշից: 

Քըրքն ասաց, որ իր ծնողները Խարբերդից են և իր ծնողների հուշերից իր հիշողություններից պատմեց: Ջիմն էլ իր արմատների մասին պատմեց. նրանց մի ճյուղը նույնպես Խարբերդից էր: Ամերիկահայերի այդ սերունդը կառչած էր արմատներից. հայրենիքից ուրիշ բան չէին բերել:

Նրանց հարցերը հիմնված էին այն ամենի վրա, ինչ գիտեին Հայաստանի ու հայ պատմության մասին և իրենց սեփական ցանկության լսել նոր, անկախ Հայաստանի մասին: Նրանից ամեն մեկը հայրենասեր էր իր յուրովի ձևով, և ես վստահ էի, որ առաքելությունս հաջող կլինի:

1998թ. Քըրքը 81 տարեկան էր` առողջ, աշխատունակ, արագ ու սրամիտ: Սկզբիցևեթ պարզ էր, որ նա գործի մարդ է, մարդ, որը երկար պատմություններ լսելու համբերություն չունի: Ամեն անգամ, երբ փորձում էի խոսքս սկսել նախաբանով, նա ինձ ընդհատում էր, մի հարց տալիս, և ստացված պատասխանը բավարար էր զրույցը հաջորդ փուլ տեղափոխելու համար:

Կասկած չկար, որ Քըրքը կարդացել էր նամակս և լավ ընկալել դրա բովանդակությունը: Կարող եմ նաև ասել, որ դա նրան դուր էր եկել: Նա մշտապես հիշատակում էր իր հորը, որը հաճախ ասելիս է եղել, որ Հայաստանի վիճակը ծանր է՝ դեպի ծով ելք չունի: Թվում էր, թե ցանկանալով ինչ-որ մասնակցություն բերել այդ հարցի լուծմանը, նա փարատում էր հոր մտահոգությունները և հարգում նրա հիշատակը:

Սկսեցինք քննարկել մանրամասները: Ոչ միայն դեպի ծով ելք չունենալը, այլև երկրի բարդ տեղանքը, ձմեռները, որոնք անանցանելի են դարձնում Սյունիքի մեծ մասը, դրա հետևանքները տնտեսական զարգացման ու անվտանգության համար... խոսեցինք ամեն ինչի մասին: Տարանցման, հասանելիության և անվտանգության բոլոր ասպեկտները քննարկվեցին մեր հարևանության, մասնավորապես, Իրանի համատեքստում, որի հետ ԱՄՆ-ն արդեն բարդ հարաբերությունների մեջ էր:

Զրույցը չավարտված, որը տևեց գրեթե մեկ ժամ, Քըրքը կարճ ժամանակով դուրս եկավ սենյակից: Ես ու Ջիմը շարունակեցինք զրուցել: Նրա հետ մի քանի տարիների իմ հետագա աշխատանքում համոզվեցի, որ որքան էլ տասնամյակներ շարունակ Ջիմն աշխատել է մեծ տեսլական ունեցող Քըրքի հետ, հոգու խորքում մնացել է հաշվապահ: Ջիմը չափազանց զգուշավոր և պահպանողական անձնավորություն էր, երբ խոսքը վերաբերում էր դրամին: Քըրքի բացակայության մի քանի րոպեների ընթացքում նա ինձ հարցրեց՝ ինչ գումարների մասին է խոսքը: "Առնվազն հարյուր միլիոն դոլարի", - պատասխանեցի ես: Ջիմն անհանգիստ շարժվեց աթոռի վրա: "Լսի՛ր, - ասաց, - ես քեզ մի բան ասեմ: Սա քո առաջին հանդիպումն է Քըրքի հետ, նման հսկա թվերից մի՛ սկսիր": 

Քըրքը վերադարձավ՝ շարունակելով կարծես Ջիմի կիսատ թողած միտքը: Դեռ չնստած` հարցրեց, "Վարդա՛ն, ի՞նչ գումարների մասին ենք խոսում": Առանց վարանելու պատասխանեցի՝ 100 միլիոնի: Նա նույնպես առանց վարանելու պատասխանեց. "Կստանաք այն" (You got it):

Չնայած վստահ էի, որ ճիշտ ժամանակին ճիշտ գաղափարը ներկայացրել էի ճիշտ մարդու, լեզուս պապանձվել էր: Նախագծի վիթխարիությունն ու կարևորությունը և այդ մարդու զորությունն ու մեծահոգությունն ինձ ապշեցրել էին:

Ահա այդպես ավարտվեց մեր առաջին հանդիպումը: Մենք միասին դուրս եկանք հյուրանոցի նախասրահ և խոսեցինք նրա՝ Հայաստան գալու մասին: Խոստացավ, որ շատ չի ուշանա:

Այդպես էլ եղավ: Նույն ամսվա վերջին զանգահարեց նրա օգնականներից մեկը՝ ասելով, որ "պարոն Քըրքորյանը կուզենար խոսել ձեզ հետ": Քըրքը վերցրեց լսափողն ու ասաց. "Ես Ֆրանսիայում եմ: Կարող եմ վաղը ժամանել Հայաստան, հարմա՞ր է":

Հաջորդ օրը կեսօրին նա արդեն Երևանում էր: Նրա հեռախոսազանգի և ժամանման միջև ընկած 24 ժամերի ընթացքում մենք որոշում էինք՝ ինչպես ողջունել նրան և ինչպես կազմակերպել նրա այցը: Նախագահ Քոչարյանի հետ նրան դիմավորեցինք օդանավակայանում: Երբ Քըրքն իջավ իր անձնական օդանավից, շատ հուզված էր: Այցի ողջ ընթացքում զգացմունքները համակել էին նրան:

Նրա հանդիպումները նախագահի հետ հաճախակի էին, կարճ ու բովանդակալից: Երկու օրվա ընթացքում երկրի ու մարդկանց տեսանելի կարիքները, որին գումարվեց վստահությունը մեր նկատմամբ, 100 միլիոնի վերաբերյալ պայմանավորվածությունը վերածեցին 200 միլիոնի որոշման: Փոխվեցին ոչ միայն թվերը: Հյուսիս-հարավ մայրուղու ծրագրին գումարվեցին երկրաշարժի գոտում անօթևանների համար բնակարանաշինության ծրագիրը, Երևանի կենտրոնի, ինչպես նաև Հայաստանի խոշորագույն մշակութային հաստատությունների վերականգնման ծրագրերը:

Հյուսիս-հարավ մայրուղու վերաբերյալ հետագա քննարկումների ժամանակ մենք կանգնեցինք խնդրի առջև` ԱՄՆ կառավարությունը կոշտ դիրքորոշում ուներ այն բարեգործական գումարների վերաբերյալ, որոնց օգտագործումը թեկուզ անուղղակիորեն կարող էր նպաստել Իրանի տնտեսական զարգացմանը: Ուստի այս ենթակառուցվածքային բաղադրիչը վերջնական նախագծերում վերածվեց Հայաստանի տարբեր շրջաններում ճանապարհների և կամուրջների կառուցմանն ու վերականգնմանը:

Աշխատանքային հանդիպումներից բացի՝ Քըրքը մի քանի տեսարժան վայրեր այցելեց: Ծիծեռնակաբերդում, Ցեղասպանության թանգարանի մուտքի մոտ թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը պատմում էր, Քըրքը՝ լսում: Ես կանգնած էի մի քանի քայլ հեռու, լսեցի, որ Քըրքն ինձ է կանչում: Նա կանգնած էր Արևմտյան Հայաստանի փորագրած մեծ քարտեզի առջև, որը բացահայտում էր մեր կորուստների վիթխարիությունը: Շրջվեց դեպի ինձ ու շատ անկեղծ հարցրեց, "Որքա՞ն փող է պետք այս ամենը գնելու համար": Ես պատասխանեցի տենչանքով. "Դրա համար միայն փողը բավարար չէ, Քըրք":

Բուն ծրագիրը սկսվեց որոշ ժամանակ անց: Մինչ այդ կատարվում էին կազմակերպչական և օրենսդրական նախապատրաստությունները: Սեպտեմբերին Միացյալ հայկական հիմնադրամը նշեց իր 10-ամյակը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալուց հետո, նախագահ Քոչարյանը մեկնեց Լոս Անջելես: Մինչ "Սենչյուրի Պլազա" հյուրանոցում կսկսվեր ՄՀՀ-ի կազմակերպած ընդունելությունը, հավաքվեցինք Քոչարյանը, ես ու Քըրքորյանը: Հանդիպման չորրորդ մասնակիցը Ալեքս Եմենիջյանն էր՝ Քըրքի հավատարիմներից, որը հետագայում գլխավորեց MGM ստուդիան: Նրա հարաբերությունները Քըրքի հետ կարծես հոր և որդու անկեղծ հարաբերություններ լինեին: Այդ հանդիպման ժամանակ էր, որ բազմաթիվ նախագծերի իրականացման մեխանիզմը հաստատվեց: Ինձ ու Ալեքսին հանձնարարվեց կոորդինացնել այդ բոլորը: 

Հետագայում, երբ սկսվեց ծրագրի իրականացումը, միացյալ աշխատանքները գլխավորեցին սկզբում Արտաշես Թումանյանը, ապա Արմեն Գևորգյանը, և ծրագրի ամբողջ ընթացքում Հարութ Սասունյանը Լինսի հիմնադրամի ծրագրերի պատասխանատուն էր:

Քըրքն ահա այսպես սկսեց մասնակցել Հայաստանի զարգացմանը:

Վարդան Օսկանյան` ՀՀ արտաքին գործերի նախարար 1998-2008թթ.
www.mediamax.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: