Բանակցությունների այդ փուլը Ռամբույե արվարձանում
Կյանքը շարունակվում է
13 Փետ 2012  

Իսկապես... Քոչարյանը թող գա

Թվական իմաստով այս շաբաթ տպագիր և էլեկտրոնային մամուլն ավելի քիչ էր անդրադարձել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի թեմային, սակայն քանակական նվազումը ոչ մի կերպ չի դրսևորվել նաև հետաքրքրության պակասով:

Մեծ քաղաքականություն նրա վերադարձի թունդ հակառակորդները, հակառակորդներ, որոնց մի մասը կարծում է, թե Ռ. Քոչարյանը չունի վերադարձի ռեսուրս, և մյուս մասը, որը կարծում է, թե կա այդ հնարավորությունը, սակայն պնդում է, թե այդ վերադարձը Հայաստանի համար կլինի հետընթաց քայլ, այս շաբաթ երկու իմաստով էլ նահանջ էին գրանցել, ասել կուզի հրաժարվել էին իրենց կտրուկ ոճից, և անվերապահ ճշմարտություն ասողի կեցվածքից: Թերևս, դեռ կգա ժամանակը, որ այս արմատական հակաքոչարյանականներն ընդհանրապես կմոռանան իրենց "վկայությունները", սակայն առայժմ դեռ շարունակում են "մարգարեի" կեցվածք դրսևորել: Նրանցից մեկն օրինակ ծամծմում է երկրորդ նախագահի` ՀՀԿ ցուցակի երկրորդ տեղում հայտնվելու հրապարակ նետված բամբասանքն ու վճռում, որ այդպիսով հանրապետականները կտուժեն, քանի որ, ճիշտ է` Քոչարյանն ունի որոշ համակիրներ, բայց նրա հակառակորդները ընտրողների մեջ շատ ավելի շատ են:

Բայց ի հեճուկս այս պնդումի, էլեկտրոնային մեկ այլ լրատվամիջոց հայտնում է, որ եվրոպացի անաչառ և անկաշառ սոցիոլոգները հետազոտություն են անցկացրել, այսինքն` սոցիոլոգիական հարցումներ, և գրանցել հանրապետության առաջին և երկրորդ նախագահների հավասար վարկանիշ: Իբր այս թվերը հավատ չեն ներշնչել նախագահական պալատում, ուստի նրանք էլ նույն եվրոպացի անաչառ ու անկաշառ սոցիոլոգներին հանձնարարել են նույն հարցաթերթիկով մեկ անգամ էլ հարցում անցկացնել և դարձյալ ստացել են նույն պատկերը: 

Մենք էլ մեզ թույլ ենք տալիս փոքր ինչ կասկածով վերաբերվել այս պատմությանը: Չէ որ փորձագետներն ու սոցիոլոգները եղել են անաչառ ու անկաշառ` մենք կարող ենք հավատալ, սակայն կասկածելի է թվում հենց երկու նախագահներին նույն հարթության վրա դնելու փաստը: Մեր նկարահանում հարցումները միանգամայն այլ պատկեր են ցույց տալիս: Ըստ մեր հարցումների` Ռոբերտ Քոչարյանին ձայն տալ պատրաստվողները առնվազն տասն անգամ ավելի շատ են, քան Լ.Տ.Պ.-ին: Եվ սա այն պարագայում, երբ երկրորդ նախագահը դեռևս չի հայտարարել իր վերջնական վճռի մասին: Ամիսներ առաջ տված ընդամենը մեկ հարցազրույցով, մեկ անգամ Օլիմպիական կոմիտեի տոնական երեկոին ու մեկ անգամ էլ Բանակի օրվա առիթով կազմակերպված տոնական համերգին հանրության ուշադրության ներքո հայտնվելով միայն, Ռոբերտ Քոչարյանը, եթե նույնիսկ հավատանք հրապարակված թվերին, նույն վարկանիշն է ապահովում, ինչ որ կանոնավորապես հանրահավաքներում իր վերլուծությունները ներկայացնող, մեկ երկխոսելու, մեկ էլ կազմաքանդելու մեսիջները հղող առաջին նախագահը: 

Այո, իսկապես որ մտահոգվելու բան ունեն Քոչարյանի վերադարձի գաղափարից գրեթե շոկային վիճակում հայտնվող` թե քաղաքական ուժերը և թե նրանց սպասարկող լրատվամիջոցները, որովհետև հասկանում են, որ "ամենաանաչառ" ու "ամենաանկաշառ" սոցիոլոգներն էլ չեն կարող զսպել նրա բարձրացող վարկանիշը, երբ կհայտարարի իր վերադարձի և հատկապես` երկրի ապագայի հետ կապված ծրագրերի մասին:

Մի վերլուծաբան էլ կանխազգալով այս անխուսափելիությունը, իր հոդվածը վերնագրել է` "Քոչարյանը թող գա", և այս բառերի մեջ մի տեսակ հուսահատ հառաչանք կա, մոտավորապես այսպես. "Է~հ, ի՞նչ արած, Քոչարյանը թող գա": Հաշտվելով այդ փաստի հետ, որ եթե Քոչարյանն ուզենա քաղաքականություն վերադառնալ, ապա մեծ խնդիրներ չի ունենա, հուսահատ հոդվածագիրը փորձում է իր համար սփոփանք գտնել, որին ժողովուրդն ուղղակի ասում է  ".... սրտին` մխիթարանք": Եվ այդ մխիթարանքը հետևյալն է: Թող գա Քոչարյանը, և հասարակությունը հնարավորություն կունենա նրան հարցեր ուղղել, հարցեր` սկսած հոկտեմբերի 27-ից մինչև մարտի 1-ի դեպքերը: Այսպիսին է մոտավորապես սփոփանքի ձևակերպումը: Օրինակ է բերվում առաջին նախագահի վերադարձը քաղաքականություն, թե ինչպես ստիպված եղավ Լ.Տ.Պ-ը. նույնպես պատասխանել տարիներ շարունակ հասունացած հարցերին: Հոդվածագիրը խոստովանում է, որ առաջին նախագահի այդ պատասխանները չեն բավարարել ողջ հասարակությանը: Դե, ինչպե՞ս բավարարեին, երբ մարդը հայատարարում էր, թե ինքը 1996 թվականի նախագահական ընտրություններում հաղթել է Վազգեն Մանուկյանին: Բայց սա մեր խնդիրը չէ... Մենք ուզում ենք ասել, որ չկա այնպիսի հարց, որից Ռ. Քոչարյանը խուսափի, կամ զգուշանա: Հանրությունը շատ երկար ժամանակ է ունեցել հոկտեմբերի 27-ի առիթով նրան հարցեր ուղղելու, և ուղղել է ու ստացել պատասխաններ: Հասկանում ենք, որ հոդվածագիրը շարունակում է պղտոր ջրում ձուկ որսացողների արդեն շուրջ մեկուկես տասնամյակ տևող բամբասանքն ու կեղծ լուրերը, որով Ռ. Քոչարյանին վերագրում են առնչություն կամ նույնիսկ մասնակցություն այդ ստոր ահաբեկչությանը:

Նույնը վերաբերում է նաև մարտի 1-ի դեպքերին: Այո, հարցեր դեռ լինելու են, և լավ է, որ լինելու են: Այդպես միայն լույս կսփռվի այդ օրվա ողբերգության բուն պատճառների ու իսկական մեղավորների հարցի վրա:

Եվ վերջապես, Ռոբերտ Քոչարյանին վարբերող անցած շաբաթվա մեր մամուլի հրապարակումներից առանձնացրել ենք տպագիր թերթերից  մեկի համառ պնդումը, թե իբր, հենց Ռոբերտ Քոչարյանը գնում է իր ընկեր Վլադիմիր Պուտինին հանդիպելու, նրան իր նախընտրական խնդիրներում օգնելու, ինչպես նաև իր վերադարձի ձևերը պայմանավորվելու` անմիջապես "շառը" գցում է "Սիստեմա" ընկերության վրա:

"Սիստեմա" ընկերությունը Քոչարյանին անհրաժեշտ օրերին նիստեր հրավիրելու "գեշ խասյաթ" ունի, - գրում է թերթը: Ինչ ասենք: Կարող ենք միայն առաջարկել այդ թերթին, որ որպես կարգախոս օգտագործի "Բախտի տերը թաղեմ" կամ էլ "...բախտ բաժանող" արտահայտությունները: Թերևս, այդպիսով միաժամանակ կարտացոլվի հովանավորից եկած գումարով հերթապահ դժգոհությունը, ինչպես նաև գալիք իրադարձություններին համահունչ ու ամենօրյա մխիթարանք կլինի:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: