Վիկտոր Սողոմոնյանի` Աղվան Հովսեփյանին ուղարկված նամակի ճակատագիրը
09.09.2006թ. "ԺԵ"-ի խմբագրին՝ 4,5 տարվա ազատազրկում
30 Հոկ 2013  
30.10.2013  |  14:13   |   Թերթեր և ամսագրեր

19.08.2006թ. "ԺԵ"-ի խմբագիրը իրեն մասամբ մեղավոր է ճանաչում

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեկնարկեց "Ժամանակ Երեւան" թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի դատավարությունը։ 

Չնայած դատական առաջին նիստին դատակոչված երեք վկաներն ու մեկ տուժողը չէին ներկայացել (նրանք գրությամբ դատարանին տեղեկացրել են հանրապետությունից իրենց բացակայության մասին), սակայն դատավարության կողմերը չառարկեցին եւ դատաքննությունն սկսվեց։ 
   
Նշենք, որ այս քրեական գործով դատարանում որպես մեղադրող հանդես է գալիս գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության վարչության ավագ դատախազ Ժաննա Կոտիկյանը, իսկ ամբաստանյալի դատապաշտպանն է Ռոբերտ Գրիգորյանը։
   
Նախագահող Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ Արման Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի երկրորդ մասով (ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը, որ կատարվել է փաստաթղթերի կեղծման ճանապարհով) եւ 324 հոդվածի երկրորդ մասով (պաշտոնական փաստաթղթերի հափշտակություն)։ Առաջին դեպքում Քր.օր.-ը նախատեսում է 1-5 տարի ազատազրկում, երկրորդ դեպքում՝ առավելագույնը 2 տարվա ազատազրկում։
   
Ներկայացնելով մեղադրական եզրակացությունը, Ժաննա Կոտիկյանը հայտարարեց, որ 2006թ. հունիսի 26-ին ձերբակալված եւ հունիսի 27-ին կալանավորված Արման Բաբաջանյանը "մեղադրվում է այն բանում, որ նա զինվորական ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության դեպքում անօրինական կարգով զինծառայության տարկետում ստանալու նպատակով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, հափշտակել է պաշտոնական փաստաթղթեր, դրանք կեղծելու եւ խաբեության ճանապարհով, մոր՝ Էլմիրա Բաբաջանյանի օժանդակությամբ խուսափել է ժամկետային զինվորական ծառայության զորակոչից"։
   
Այսպես, ըստ մեղադրական եզրակացության, Արման Բաբաջանյանը, 1996թ. լքելով Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցը եւ չունենալով զինծառայության տարկետման իրավունք, 1997թ. Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այնուհետեւ զինծառայությունից անօրինական կարգով տարկետման իրավունք ձեռք բերելու նպատակով Հայաստանյայց եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արեւմտյան թեմի եւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի դիվանապետի անունից, 2001թ. սեպտեմբերի 10-ին եւ նույն թվականի հոկտեմբերի 12-ի ամսաթվերով, համակարգչի օգտագործմամբ, կազմել է կեղծ գրություններ՝ ուսումը ԱՄՆ-ում մինչեւ 2004 թվականը շարունակելու մասին։ Եւ դրանք Էլմիրա Բաբաջանյանի միջոցով 2002թ. ամռանը ներկայացրել Երեւան քաղաքի Շենգավիթի տարածքային զինկոմիսարիատ։ 
   
Այնուհետեւ զինկոմիսարիատից տեղեկանալով, որ նշված գրությունները բավարար չեն զինծառայությունից տարկետում ստանալու համար, 2002թ. աշնանը հափշտակել է ԱՄՆ-ում բնակվող իր ընկերոջ՝ Վահե Աբովյանի ամուսնության եւ երեխայի ծննդյան վկայականները։ 
   
Դրանց օգտագործմամբ, կազմել իր անվամբ, այսինքն՝ սարքել իր ամուսնության եւ երկու երեխաներ ունենալու վերաբերյալ կեղծ վկայականներ, որոնք Է.Բաբաջանյանը որդու ընտանիքի կազմի վերաբերյալ Շենգավիթի թիվ 20 տեղամասի լիազոր ներկայացուցչից խաբեությամբ վերցրած կեղծ տեղեկանքի հետ միասին ներկայացրել է զինկոմիսարիատ։ Կեղծ փաստաթղթերի հիման վրա Արման Բաբաջանյանը ստացել է զինվորական տարկետման իրավունք եւ խաբեության ճանապարհով խուսափել ժամկետային զինծառայության զորակոչից։
   
Մեղադրողի ելույթից հետո ամբաստանյալը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքներից ընդունում է միայն մեկը. "Ես ինձ մեղավոր եմ ճանաչում այն բանում, որ փաստորեն իմ թույլտվությամբ կեղծ փաստաթղթեր են օգտագործվել"։ Նա նշեց նաեւ, որ համաձայն չէ այն մեղադրանքին, թե ինքը խուսափել է զինծառայությունից եւ ոչ էլ մասնակցել է կեղծ փաստաթղթերի պատրաստմանը։
   
Իր երկար ցուցմունքի ընթացքում, Ա.Բաբաջանյանը, շեղվելով մեղադրանքի բովանդակությունից, մանրամասն պատմեց սեփական կենսագրությունը, նշեց, որ սովորել է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, Կալիֆոռնիայի համալսարանում, անգամ չմոռացավ այդ տարիներին նկատված իր առողջական ինչ-ինչ խնդիրներից խոսել, հասավ ուսումնառության վերջին տարիներին ու ներկայացրեց ավարտաճառեր գրելու բարդությունները։ Նույնիսկ հիշեց Գարեգին Առաջին կաթողիկոսի առողջական վիճակի վատթարացման շրջանը։
   
Ինքնակենսագրականը մանրամասնելուց հետո, ի վերջո, հասավ բուն նյութին եւ նշեց, որ Սեւանի ճեմարանում ուսանելու տարիներին ինքը մինչեւ 2001-ը ունեցել է տարկետման իրավունք, բայց 1998-ին որպես զբոսաշրջիկ մեկնել է ԱՄՆ (թեեւ ավելի ուշ, պատասխանելով մեղադրողի հարցին, նշեց, որ 98-ին հեռացել է երկրից "քաղաքական դրդապատճառներով, իշխանափոխության պատճառով")։
   
Ցուցմունք տալու ընթացքում մեղադրանքին առնչվող եւս մեկ հայտարարություն արեց, նշելով, որ ինքն իր ընկերոջ հետ այնքան մտերիմ էր, որ չէր կարող նրա փաստաթղթերը հափշտակել, այլ ուղղակի վերցրել է։ Պատասխանելով մեղադրողի հաջորդ հարցին, թե արդյո՞ք իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ինչպես պնդում է "ԺԵ" թերթը, Ա.Բաբաջանյանը նշեց, որ իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելը իրեն ենթադրել է տալիս, որ այդպես է։
   
Երեկ Ա.Բաբաջանյանի հայրը՝ Շամիլ Բաբաջանյանը, օգտվելով օրենքով սահմանված իր իրավունքից, հրաժարվեց ցուցմունք տալուց։ 
   
Դատարանը բավարարելով վկաների մասնակցությունը ապահովելու եւ նրանց լսելու նպատակով նիստն ընդմիջելու մասին մեղադրողի միջնորդությունը, դատաքննությունը հետաձգեց մինչեւ օգոստոսի 31-ը, ժամը 12։00-ն։ 
   
Ի դեպ, երեկ, ի թիվս այլ ինքնահռչակ իրավապաշտպանների (Վարդան Հարությունյան, Արտակ Զեյնալյան), որպես "խոսքի ազատության պաշտպան" դատարան էր աճապարել նույն ինքը՝ 94-ին տասնյակ լրատվամիջոցներ բռնի ուժով լռեցրած-փակած ԿԳԲ-ի շեֆը՝ Դավիթ Շահնազարյանը։

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: