

2002 թվականի մայիսի 2-ից 9-ը Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով գտնվում էր Լատինական Ամերիկայի երկրներում: Սա առհասարակ երկրորդ նախագահի ամենաերկարատև աշխատանքային բացակայությունն է հանրապետությունից, այսինքն ամենաերկարատև ու հանգամանալից այցը: Երեք տարբեր երկրներ` Արգենտինա, Ուրուգվայ և Բրազիլիա կատարած այցերի ընթացքում ինչպես համանման խնդիրներ են քննարկվել, այնպես էլ` միանգամայն տարբեր, ելնելով տվյալ երկրների առանձնահատկությունից: Ուրուգվայը առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայոց Ցեղասպանության փաստը: Այնտեղ ապրող հայ համայնքը շարունակում է ազդեցիկ մնալ երկրում, ուստի Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդիոյում Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն երախտիքի խոսք է ասում, այլև քաղաքական համագործակցության հոր հեռանկարներ ուրվագծում: Նույնքան գործունյա և ազդեցիկ է հայ համայնքը նաև Արգենտինայում, սակայն այս երկրի տնտեսական անկայուն վիճակն ու մի շարք այլ համգամանքներ այդ երկրի հետ Հայաստանի Հանրապետության տնտեսական հարաբերությունները նվազագույն մակարդակի են պահում: Արգենտինայի հետ հարաբերությունններում էլ Ռոբերտ Քոչարյանը տնտեսական փոխգործակցության ավելացումից զատ ու նույնիսկ առավել քան տնտեսականը, կարևորում էր քաղաքական համագործակցությունը միջազգային ասպարեզում: Հետաքրքիր է, որ ժամանակ առ ժամանակ տնտեսական կոլապս ապրող Արգենտինան շարունակում է պահպանել իր քաղաքական կշիռն աշխարում և չի ենթարկվում նաև քաղաքական ֆիասկոյի: Միանգամայն այլ է հարաբերությունների սերտացումից ակնկալիքները Բրազիլիայի հետ: Խոշորագույն լատինամերիկյան երկիրը ինչպես տնտեսական առաջնընթացով ու ներուժով կարող է Հայաստանի համար արդյունավետ գործընկեր դառնալ, այնպես էլ քաղաքական կշռով ու հեղինակությամբ:
Ահա այս առաջնահերթություններն էլ հենց արտացոլվում են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի լատինամերիկյան երկրներում ունեցած ելույթներում: Այսպես, ՀՀ երկրորդ նախագահը Բրազիլիայում հանդիպում է այդ երկրի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, և բացման խոսքով հանդես գալիս, ապա Արգենտինայում ելույթ է ունենում այդ երկրի միջազգային հարաբերությունների խորհրդում: Ավելացնենք միայն, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Լատինական Ամերիկայի երկրներ պատմական էր այն իմաստով, որ մինչ այդ մեր երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումներից մի տեսակ դուրս էր մղված այդ տարածաշրջանն ու դրանով` նաև հայության այնտեղ ապրող հատվածը:
Նյութերի բաժնում ներկայացնում ենք Ռոբերտ Քոչարյանի արդեն ակնարկված երկու ելույթները ամբողջությամբ: