

Սիրելի հայրենակիցներ,
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Բայց հիշողությունն այդ ոճրագործության մասին մեր հոգիներում միշտ է առկա:
Հայ ժողովրդի հետ այս օրը հիշում եւ ոգեկոչում են աշխարհի բազմաթիվ երկրներ:
Միջազգային հանրությունը գիտակցել է, որ ցեղասպանությունը հանցագործություն է` ուղղված ոչ միայն առանձին ժողովրդի, այլեւ ողջ մարդկության դեմ. հանցագործություն, որի նախապատրաստումից եւ իրագործումից պակաս վտանգավոր չեն դրա ժխտումն ու քողարկումը:
Փորձություններն ու անարդարության զգացումն ունեն միավորելու հատկություն:
Ցեղասպանության արհավիրքը խտացրեց հայ ինքնության զգացումը, ստիպեց հայությանը համախմբվել, ուժեղացրեց անկախ պետականության իղձը: Լինելով հայության դարավոր երազանքի արտացոլումը` Հայաստանի Հանրապետությունը պետք է շենանա եւ զարգանա որպես համայն հայության Հայրենիք:
Ուժեղ, ժողովրդավարական, բարեկեցիկ Հայաստանը պետք է լինի հայ ժողովրդի պատասխանը Հայոց եղեռնը ծրագրողներին, իրագործողներին եւ ժխտողներին: