03.03.2006. Բաքվում հասկանում են, որ հաջորդ պատերազմը կարող է
16.03.2002. ՀՀ Նախագահը "Մասիս Տոբակոյում"
03 Մար 2012  
03.03.2012  |  18:53   |   Համացանց

Քոչարյա՞նն է ասել Տեր-Պետրոսյանին

Անդրադառնալով Բարգավաճ Հայաստան կուսակցությանը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի անդամակցությանը եւ փաստացի ողջունելով այն, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ "շշպռեց" այդ զարգացման համատեքստում Ռոբերտ Քոչարյանի դերակատարություն նկատողներին: 

"Դրանով նրանք, մի կողմից ժխտելով Օսկանյանի եւ Ծառուկյանի ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունը, նրանց հատկացնում են խրտվիլակի դերակատարություն, մյուս կողմից, Քոչարյանի ուրվականով սարսափեցնելով ժողովրդին, նպաստում են Սերժ Սարգսյանի բռնապետության ամրապնդմանը", հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը 2012 թվականի մարտի 1-ի հանրահավաքում: 

Ընդամենը մեկ տարի առաջ, 2011 թվականի փետրվարի 16-ին, Հայ ազգային կոնգրեսի ամենեւին ոչ երկրորդական գործիչ հանդիսացող Դավիթ Շահնազարյանն իր ասուլիսում հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության միջոցով փորձում է ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, բայց Հայ ազգային կոնգրեսը նրան թույլ չի տա անել այդ բանը: 

Փաստորեն, մեկ տարի առաջ էլ Հայ ազգային կոնգրեսը կամ առնվազն նրա առանցքային գործիչներից մեկը՝ Դավիթ Շահնազարյանն էին նպաստում Սերժ Սարգսյանի բռնապետության ամրապնդմանը: Ի դեպ, Շահնազարյանի ասուլիսի հենց հաջորդ օրը կնքվեց փետրվարի 17-ի կոալիցիոն հայտնի հուշագիրը, իսկ դրա հաջորդ օրն էլ տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, որտեղ ոչ մի բառով անգամ չհիշատակվեց այդ հուշագիրը, որով փաստացի ամրագրվում էր Սերժ Սարգսյանի անվերապահ իշխանությունը: 

Կամ էլ, մեկ տարի առաջ Հայ ազգային կոնգրեսը տեսնում էր Ռոբերտ Քոչարյանի "ականջները" ԲՀԿ հետեւում, իսկ հիմա՝ մեկ տարի անց, ըստ Հայ ազգային կոնգրեսի, դրանք չեն երեւում: Իսկ ինչ է փոխվել այդ ընթացքում: Արդյոք ԲՀԿ-ն ինքն է Կոնգրեսին ասել, որ այդ "ականջները" չկան, թե Քոչարյանն է այդ բանը հավաստիացրել Տեր-Պետրոսյանին: Այն, որ ԲՀԿ-ն հրապարակավ հերքում է Քոչարյանի ազդեցությունը կուսակցության վրա, դա դեռ ոչինչ չի նշանակում, որովհետեւ ԲՀԿ-ն մեկ տարի առաջ էլ հերքում էր, երկու տարի առաջ էլ, երեք տարի առաջ էլ հերքում էր: 

Իսկ իրավիճակի փոփոխության առումով, իրադարձությունների զարգացման տրամաբանությունը հուշում է, որ Քոչարյանի "ապակայունացնող" ակտիվությունը ոչ միայն չի նվազել, այլ նույնիսկ ավելացել է, եթե նկատի ունենանք, որ անցնող տարվա ընթացքում Բարգավաճ Հայաստանը գրեթե հակամարտության մեջ էր ՀՀԿ հետ, չնայած փետրվարի 17-ի հուշագրի ստորագրմանը: 

Ուրեմն ինչն է պատճառը, որ Կոնգրեսի առաջնորդի համար Ռոբերտ Քոչարյանի ազդեցության հիշատակումը դարձավ Սերժ Սարգսյանի բռնապետության սպասարկում: Միգուցե այն, որ Սարգսյանի այդ բռնապետությունը մեկընդմիշտ հրաժարվեց Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու ցանկությունից, ինչը ցույց էր տալիս մեկ տարի առաջ: Մեկ տարի առաջ Կոնգրեսը լի էր երկխոսության հրաշափառ ազդեցության հանդեպ հավատով, իսկ Ռոբերտ Քոչարյանին էլ ներկայացնում էր որպես ապակայունացման աղբյուր: Հիմա պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյան չկա: 

Շատ շատերն այդ ամենը շատ հանգիստ կբացատրեն քաղաքականությամբ, շախմատով, մանեւրներով, այդ թվում հիանալով Կոնգրեսի առաջնորդի մարտավարական եւ ռազմավարական հմտությամբ, քաղաքական իմաստնությամբ: Ի դեպ, գրեթե նույն իմաստնությամբ էլ աչքի է ընկնում ասենք Սերժ Սարգսյանը, երբ Արտաշես Գեղամյանին մեկ դհոլ է անվանում, մեկ էլ ընկալում իբրեւ երկրի զինվոր՝ նայած թե ինչպես կպահանջի իր քաղաքական շահը: 

Պարզապես Սերժ Սարգսյանը չունի Լեւոն Տեր-Պետրոսյանի բանասիրական հմտություններն ու նրա մոտ այդ ամենը չի ստացվում այդքան սահուն եւ մեղմաշունչ: 

Իսկ տրամաբանությունը նույնն է: Բայց, աներկբա է, որ այդ տրամաբանության մեջ ոչ թե քաղաքական իմաստնությունն ու շախմատն են "հսկիչ փաթեթը" կազմում, այլ հակառակը՝ սնանկությունը, գործիքակազմի, մտածողության, քաղաքական որակների առաջընթացի բացակայությունը: Այլապես, Սերժ Սարգսյանն օրինակ տարին մեկ չէր փոխի իր կարծիքը Արտաշես Գեղամյանի, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործոնի մասին:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
www.lragir.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: