Մեծ ծրագրի լավագույն օրինակներից մեկը
ԹեԵՎ քչերն էին հավատում
19 Մար 2012  

Կռռալն, այնուամենայնիվ, վատ բան է

Մեր որոշ լրատվամիջոցների "խիստ լավատեղյակ աղբյուրները" Ռոբերտ Քոչարյանի մասին ամեն սուտ ու կեղծիք հորով-մորով անել-փորձելուց հետո, անցած շաբաթ հասան սարի սմբուլին: Այս անգամ նրանք "հավաստի" տեղեկություն ունեն, որ երկրորդ նախագահը առողջական խնդիրներ ունի: Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ թեև Ռոբերտ Քոչարյանը շարունակում է իր սիրելի Ծաղկաձորի բարդ դահուկուղիներով ոլորավայրէջքներ հաղթահարել, այնուհանդերձ, առողջական խնդիրներ ունի, որի պատճառով էլ հետազոտություն է անցել Գերմանիայում: Մի տեսակ դժվար է պատկերացնել, թե ոնց է անառողջ մարդը լեռնադահուկային սպորտով զբաղվում, բայց լուրն այնքան մեծ սուտ է, որ չենք ասում անգամ "բերաններդ խերով" բացեք, կամ էլ` "հերիք կռռաք": 

Հաջորդ հիվանդագին ընկալումը, որ պատել էր մեր  լրատվամիջոցներին, ԲՀԿ համագումարին Ռոբերտ Քոչարյանի մասնակցել-չմասնակցելու հարցն է: Թեման այնքան շատ արծարծումներ ունեցավ, որ կարելի էր մտածել, թե որոշել են սույն նյութի հիման վրա գիտական թեզ ու հակաթեզ պաշտպանել: Մի վերլուծաբան, օրինակ, հիանալով սեփական "կանխատեսությամբ", պնդում է, որ դեռ ամիսներ առաջ էր ինքը գրում, թե Ծառուկյանն անպայման դուրս կբերի իր կուսակցությունը Քոչարյանի ազդեցության գոտուց, մյուսն անում է տրամագծորեն հակառակ եզրահանգումը, իբր Քոչարյանը միտումնավոր հրաժարվել է մասնակցել ԲՀԿ համագումարին, որպեսզի չբացահայտի իր գերիշխանությունն այդ քաղաքական ուժի վրա:

Այս վայ-վերլուծությունների կողքին ավելի շատ էին մի տեսակ անմեղսունակ հրճվանքով տարված հայտարարությունների հեղինակները. "Ռոբերտ Քոչարյանին ԲՀԿ համագումարին մասնակցելու հրավեր չի ուղարկվի": Այստեղ հարցը նույնիսկ այն չէ` կուղարկվի հրավեր, թե չէ, պարզապես մեր լրատվամիջոցներն ազդեցիկ քաղաքական ուժի համագումարին վերաբերում են ոնց-որ  մի շնորհանդեսի, քեֆ-ուրախության, կամ հարսանիքի: Այս վայնասունը շատ նման է գեղական նախանձի ու բամբասանքի, թե ինչու սրան կամ նրան հարսանիքի չկանչեցին, կամ խնամի չտարան: Այս ամենն, իհարկե, թեև ծիծաղելի, բայց նաև` շատ տխրեցնող է: Թեմայի շուրջ  ստիպված եղավ բացատրություն տալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Մենք էլ կրկնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը ոչ պաշտոնավարման շրջանում, ոչ էլ դրանից առաջ ու հետո երբևէ չի մասնակցել որևէ կուսակցության համագումարի: 
 
Ուրախալի է, որ հնարվածի ու պատվիրվածի կողքին շաբաթվա ընթացքում նաև հավաստի ու դրական տեղեկատվություն է տրվել Ռոբերտ Քոչարյանի մասին: Խոսքը վերաբերում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հուշագրությանը, որը հրապարակել է "Մեդիամաքս" գործակալությունը: "Մի հանդիպման պատմություն" և "Ընդհանուր պետության գաղափարի ծնունդը" հոդվածներում Վարդան Օսկանյանը, եթե չասենք կարևոր գաղտնազերծումներ, ապա գոնե հետաքրքիր բացահայտումներ է անում Ղարաբաղյան խնդրի կարգավորման այն փուլի մասին, որը հաջորդեց ՀՀ առաջին նախագահի հրաժարականին, Լիսաբոնյան փուլային անվանված վտանգների հաղթահարմանն ու այդ գործում Ռոբերտ Քոչարյանի դերակատարությանը: Հետաքրքիր է, որ հրապարակումներից մեկը վկայված է նաև երրորդ կողմի` նույն "Մեդիամաքսի" տնօրենի հուշերով, ինչպես նաև մինչ այժմ չհրապարակված լուսանկարներով:

Շաբաթն առանձնացավ ևս մեկ յուրօրինակությամբ: Վերջին օրերին Քոչարյանի մասին հիշել են նաև Բաքվում: Ավելի ստույգ, "Ռեգնում" գործակալությունը հրապարակել է քաղաքական  հետազոտությունների "Ատլաս" կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուի հետ մի հարցազրույց, որն ուշագրավ է Վլադիմիր Պուտինի ՌԴ նախագահ ընտրվելու համատեքստում: Ալիևների  պալատական քաղաքագետ-վերլուծաբանի համբավ ունեցող Շահինօղլուն հայտարարում է, որ Ադրբեջանը լուրջ հույսեր էր կապում ՌԴ նախագահ Մեդվեդևի հետ, Ռուսաստանի հետ հարաբերություններում էական զիջումների էր գնացել` փոխարենն ակնկալելով ՌԴ կողմից Ղարաբաղի հարցի "արդարացի" լուծման քայլեր ու համապատասխան ճնշում հայկական կողմի վրա:
 
Հասկանալի է, թե ինչ նկատի ունի ադրբեջանցի քաղաքագետը արդար լուծում ասելով, սակայն նա պնդում է, որ Մեդվեդևն այդ ամենը չկարողացավ իրականություն դարձնել, որովհետև ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումների ընթացքում մշտապես, իր բառով ասած, Վլադիմիր Պուտինն ինչ-որ անհասկանալի հանդիպումներ ու բանակցություններ էր նախաձեռնում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ և դրանով իսկ ճնշում գործադրում գործող նախագահների վրա:

Դժվար է հաստատել կամ հերքել ադրբեջանցի քաղաքագետի այս պնդումները, դրանց համար ժամանակ է հարկավոր:

Ահա սրանք էին անցած շաբաթվա ընթացքում եղած այն հիմնական թեմաները, որոնք առնչվեցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվանը:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: