27.09.2006. "ARMENIE MON AMIE". Հայաստան` իմ բարեկամ
05.12.2007. Ծաղկաձորի մարզաբազայի նոր դեմքը
15 Սեպ 2011  
15.09.2011  |  10:50   |   Թերթեր և ամսագրեր

Լավագույններից լավագույնը

Սեպտեմբերի 20-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր էր ստորագրել ՀՀ անկախության հռչակման 13-րդ տարեդարձի առթիվ պետության գնահատանքին արժանացած մշակույթի երախտավորներին եւ իրենց աշխատանքով երկրի կայացմանը նպաստ բերած մի խումբ գործիչների պատվավոր կոչումներ եւ պարգեւներ շնորհելու մասին:

"Ավանդույթ է ձեւավորվել` պետական տոներին ընդառաջ ամփոփելու անցած ճանապարհը եւ ըստ արժանվույն գնահատելու այն մարդկանց գործը, ովքեր ներդրում են ունեցել մեր պետականության ամրապնդման գործում: Իսկ ամուր պետականությունը ե՛ւ բանակն է, ե՛ւ արվեստն է, ե՛ւ գիտությունը, եւ միայն բոլոր ուղղություններով համաչափ զարգացումը կարող է բերել իսկապես կայուն եւ ամուր պետության: 

Բոլորս` ամեն մեկը իր տեղում, իր աշխատանքով է ձեւավորում մեր պետականությունը, եւ պարգեւատրվում են նրանք, ում մոտ դա ավելի լավ է ստացվում. նրանք, ովքեր ավելի արդյունավետ են: Իսկ ավելի արդյունավետ են նրանք, ովքեր ավելի շատ, ավելի մեծ նվիրումով են աշխատում եւ ավելի նպատակասլաց են՝ իրենց տեսակով", - նախագահականում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ արձանագրեց երկրի ղեկավարը` պետական պարգեւները եւ կոչումները հանձնելով "հասցեատերերին":

"Շնորհակալություն բոլորիդ՝ ձեր աշխատանքի համար, նրա համար, որ դուք կաք, ստեղծագործում եք: Յուրաքանչյուրդ ձեր ոլորտում ձեր լուման եք բերում մեր պետականության կայացման գործին", - ասաց նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ներկաներին եւս մեկ անգամ շնորհավորելով Անկախության տոնի առթիվ: 

Առաջինը երկրի նախագահից պետական պարգեւն ստանալու պատիվը վերապահված էր 90-ամյա Եղիշե Ասծատրյանին: Հայաստանի երկրորդ հանրապետության պետական եւ կուսակցական պատասխանատու պաշտոններ զբաղեցրած այս գործիչը, ճիշտ է, առաջին անգամ չէ, որ արժանանում է պետության գնահատանքին եւ խորհրդային շքանշանների, մեդալների ու պատվոգրերի մի ամբողջ հավաքածու ունի, բայց այս մեկը` "Սբ Մեսրոպ Մաշտոց" շքանշանը, որ վաստակել է "Հայաստանի տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, պետական եւ հասարակական ակտիվ գործունեության համար", հատկապես արժեւորում է: Քանզի սա, ինչպես ինքն է նկատում, Հայաստանի անկախ հանրապետության բարձր պարգեւն է, յուրատեսակ ամփոփումը տասնամյակների իր վաստակի եւ հայրենիքի կայացման գործում ունեցած ներդրումների: 

Այնուհետ երկրի ղեկավարը "Մովսես Խորենացի" մեդալ հանձնեց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ռոզա Մխիթարյանին: Պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, աշխարհի բազմաթիվ բեմեր եւ երաժշտասերների սրտերը նվաճած երգչուհի Արաքս Դավթյանը արժանացավ ժողովրդական արտիստի, սիրված երգահան Արա Գեւորգյանը, ջութակահար Նիկոլայ Մադոեւը, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Գրետա Մեջլումյանը եւ Հարություն Մովսիսյանը՝ վաստակավոր արտիստի կոչման: 

Նկատենք, որ այս անգամ, ինչ-որ տեղ թերեւս ուշացումով, արժեւորվել է նաեւ իր ֆանտաստիկ գործերով աշխարհը զարմացրած տաղանդավոր մանրաքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանի առասպելական աշխատասիրությունը, շռայլ երեւակայությունը եւ նորարարական եռանդը, որը, "արժեքավոր գործեր ստեղծելու համար" արժանացել է արվեստի վաստակավոր գործչի կոչման: 

Առողջապահության ոլորտը նույնպես չի անտեսվել. այս բնագավառում դրսեւորած "անձնվեր աշխատանքի" համար Կապանի հակատուբերկուլյոզային դիսպանսերի ավագ բուժքույր Մարուսյա Ղուկասյանին շնորհվել է "Մխիթար Հերացու" մեդալ, իսկ "Ամասիայի առողջության կենտրոն" ՓԲԸ-ի մանկաբույժ Եվա Բեժանովան արժանացել է վաստակավոր բժշկի կոչման: 

Նախագահը պարգեւներ հանձնեց նաեւ պաշտպանության եւ ՆԳ համակարգում իրենց լավագույնս դրսեւորած անձանց: Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Գաբրիելյանը, հրթիռային զորքերի եւ հետեւակային վարչության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը եւ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Քաջիկ Մնացականյանը (վերջինս՝ հետմահու) պարգեւատրվեցին "Վարդան Մամիկոնյան" շքանշանով, ոստիկանության Երեւանի վարչության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայկ Ղալումյանը, ցավոք, նմանապես հետմահու, 2-րդ աստիճանի "Մարտական խաչ" շքանշանով:   
   
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀՐԱՇԱԳՈՐԾ

Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետական պարգեւներ հանձնեց մշակույթի երախտավորներին եւ իրենց աշխատանքով երկրի կայացմանը նպաստ բերած մի խումբ այլ գործիչների: 

Պետության ուշադրությունը եւ գնահատանքը "նյութականացնող" պարգեւատրումների այս ավանդույթը պարգեւատրվողներին ի՞նչ է տալիս. արդյոք, սոսկ հավուր պատշաճի "արձանագրո՞ւմ" է, թե՞ մղում է նոր աշխատանքային սխրանքների, ինչպես, որպես կանոն, հավաստիացնում են պարգեւների եւ կոչումների արժանացած գործիչները: 

"Հայոց Աշխարհ"-ի թղթակցի այս հարցին ի պատասխան, արվեստի վաստակավոր գործչի կոչմանը արժանացած մանրաքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանը համեստորեն նկատում է: "Ուրախ եմ, որ 60 տարվա աշխատանքից հետո վերջապես գնահատվեց իմ գործը: Մանրաքանդակագործությունը շատ բարդ արվեստ է. շատերը չեն հասկանում՝ մազի մեջ "ներդրված" հեռուստացույցը ինչպե՞ս կարող է 4 ալիքով աշխատել: Մարդիկ կային, որ ինձ ասում էին՝ դիմացիր, 9000թ. կհասկանան, աշխատանքդ կգնահատեն: 

Հիմա, երբ արդեն հասկանում եւ գնահատում են, դա, իհարկե, պարտավորեցնում է, ուժ է տալիս, ոգեւորում է: Իհարկե, ես բազմաթիվ այլ կոչումներ, ոսկե մեդալներ եմ ստացել, մասնակցել եմ բազմաթիվ արտասահմանյան ցուցահանդեսների, բայց Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի բարձր կոչումը ուրիշ է. դա ինձ համար մեծ պատիվ է": 

Նկատենք, որ չնայած տարիքը, ինչպես ասում են, "առաջացել" է, մեր տաղանդավոր հայրենակիցը շարունակում է հրաշագործի իր "աշխատանքը" եւ նորանոր զարմանահրաշ գործեր ստեղծում: "Երբեմն ինքս էլ եմ զարմանում. ինչպե՞ս է լինում, որ Քրիստոսը (խոսքը "Քրիստոսը եւ իր աշակերտները" մանրաքանդակի մասին է) գլուխը շարժում է, աշակերտները հարցեր են տալիս՝ պատասխանում է",- ասում է նա՝ ոչ առանց հպարտության նշելով, որ զուգահեռաբար՝ նաեւ զբաղվում է գիտական աշխատանքով. երկարակեցության հետ կապված՝ գիտական ուսումնասիրություններ է իրականացնում, որի արդյունքները "Ինչպե՞ս ապրել 200 տարի" վերտառությամբ, առաջիկայում պատրաստվում է հրատարակել. առայժմ՝ թերթերից մեկում: 

Մեր հարցին ի պատասխան՝ խոստովանում է, որ "աշխատանքային պայմանները, իհարկե, այն չեն", բայց "վնաս չունի. եթե մարդ ստեղծագործելու ցանկություն եւ ասելիք ունի, նկուղի մեջ էլ գցես՝ էլի կաշխատի": 

Ինչ վերաբերում է Էդ. Տեր-Ղազարյանի մանրաքանդակների հռչակավոր հավաքածուին, ապա այն, ցավոք, Հայաստանում չէ. "արտագաղթել" է Հոլանդիա եւ ցուցադրվում է Ամստերդամի հեղինակավոր սրահներից մեկում: Կառավարության որոշմամբ, ԱԺՄ-ի շենքում ցուցադրությանը հատկացված տարածքը, որտեղ 10 տարի շարունակ ցուցադրվում էին նրա աշխատանքները, այլեւս այդ նպատակին չի ծառայում. "ԱԺՄ-ն եկավ, մեզ այնտեղից դուրս արեց՝ մնացինք անօթեւան": Այնպես որ, հայ մանրաքանդակագործի գործերը կարելի է տեսնել աշխարհի ամենատարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Հոլանդիայում եւ այլուր, բայց, ավաղ, ո՛չ Հայաստանում:
   
ԿՈՉՈՒՄԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ է

Վաստակավոր արտիստի կոչումը պարտավորեցնող է համարում նաեւ Արա Գեւորգյանը: "Չե՞ք պատրաստվում հանդես գալ անկախությանը նվիրված մշակումներով" հարցին ի պատասխան՝ ճանաչված երաժիշտը ոգեւորությամբ նկատում է. "Լավ միտք է: Ես ունեմ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներին նվիրված ստեղծագործություններ, շուտով կավարտեմ 12 մայրաքաղաքներին նվիրված շարքը, բայց երեւի պետք է մտածեմ անկախությանը նվիրված քայլերգ գրելու մասին": 

Իսկ ի՞նչ նոր ծրագրերի վրա է աշխատում Ա.Գեւորգյանը: Առաջին հերթին՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր ծրագրի, որ "թարգմանվում է աշխարհի տարբեր լեզուներով, եւ այդ երկրների երգիչներն էլ հենց հանդես են գալիս կատարումներով: Արդեն պատրաստ է ամերիկացի երգիչ Դենիել Բեքերի կատարմամբ տեսահոլովակը եւ ձայնագրությունը: Նույն երգը կհնչի նաեւ ֆինն երգչուհի Ինկա Կոպոմակիի կատարմամբ՝ ֆիններեն լեզվով գերմանացի երգիչ Կայ Աուհագենի կատարմամբ՝ գերմաներեն լեզվով: Հայոց Ցեղասպանությանը նվիրված մեր ծրագրին կմասնակցեն հրեա երգչուհիներ՝ Էստեր եւ Սվետլանա Խանին զույգը: Կարծում եմ, հետաքրքիր մտահղացում է": 

Ինչ վերաբերում է վաստակավոր արտիստի կոչմանը, "ցանկացած պարգեւ, ցանկացած նվեր արդեն իսկ գեղեցիկ բան է: Առավել եւս, եթե դա կոչում է՝ քո աշխատանքի դիմաց: Իսկ երբ այդ կոչումը հանձնում է երկրի առաջին դեմքը՝ նախագահը, դա կրկնակի պարտավորեցնող է": Այնքան պարտավորեցնող, որ իր հռչակավոր գլխարկից անբաժան մեր զրուցակիցը անգամ պատրաստ է հրաժարվել դրանից, չնայած՝ "գլխարկով գոնե մի քիչ երաժշտի նման եմ: Առանց գլխարկի՝ քիմիայի դասատուի կնմանվեմ", կես-լուրջ, կես-կատակ, նկատում է նա: 

Իսկ ի՞նչ կարծիքի է "Էրեբունի-Երեւանը" մայրաքաղաքի օրհներգը դարձնելու որոշման մասին: 

"Էդգար Հովհաննիսյանի եւ Պարույր Սեւակի "Էրեբունի-Երեւանը", կարծում եմ, բոլոր երեւանցիներիս հոգեհարազատ, մեր հոգում, սրտում նստած հրաշք երաժշտություն եւ նույնքան գեղեցիկ խոսքեր ունի: Բայց պաշտոնական արարողակարգերի ժամանակ 5-6 րոպե շարունակ հոտնկայս քաղաքի օրհներգը լսելը, կարծում եմ, փոքր-ինչ անհարմար է: Դրա համար էլ ընդհանրապես ընդունված է, որ օրհներգը ավելի կարճ, մաժորային, առավել աշխույժ լինի",- գտնում է Ա.Գեւորգյանը: Փոխարենը՝ 2 ձեռքով կողմնակից է Հայաստանի Հանրապետության օրհներգը վերանայելու վարկածին եւ առաջարկում է "վերադառնալ Արամ Խաչատրյանի օրհներգին՝ մի քիչ փոխելով խոսքերը: Երաժշտությունը սովետական կամ ոչ սովետական չի լինում: Իսկ տեքստի մեջ միշտ էլ կարելի է "սովետական" բառերը փոխարինել "ազատ, անկախ Հայաստան"-ով, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի":

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: