04.05.2007. Ոչ միայն ընտրություններ
07.05.2004. Կենսատու երակ ԱՐՑԱԽԻ ու ՀԱՅԱՍՏԱՆԻ համար
16 Մայ 2012  
16.05.2012  |  14:25   |   Թերթեր և ամսագրեր

05.05.2007. Լայնածավալ շինարարություն

Լավ շինարարի հետեւից բիզնեսն է վազում, համոզված է նախագահ Ռոբերտ Քոչարյանը

"Լինսի" հիմնադրամի երկրորդ ծրագիրը ներկայում ընթանում է մեծ թափով։ Երեւանում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին երեկ ծանոթացավ երկրի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։ "Հատուկ ուշադրություն է դարձվում որակի վրա. այս անգամ փորձել ենք կիրառել ամենաժամանակակից ստանդարտները։ Մոտ 17 մլն դոլար հատկացվել է դպրոցաշինությանը, կառուցվելու է տասը դպրոց, մակարդակի առումով լինելու է լավագույն վերջին խոսքը", - ասաց նա լրագրողների հետ կարճատեւ զրույցում։ Բացի այդ, երկրի նախագահը հարկ է համարում շեղել ուշադրությունն ընտրություններից եւ հիշեցնել, որ "շատ լավ բաներ են կատարվում, եւ բացի նախընտրական կրքերից, Հայաստանում կան նաեւ այլ թեմաներ"։

Մայրաքաղաքի Սմբատ Բյուրատի անունը կրող թիվ 125 միջնակարգ դպրոցը կառուցվել է 1956 թվականին։ Ըստ դպրոցի տնօրեն Ծովինար Ղազարյանի՝ մինչեւ հիմնանորոգումը այն գտնվել է վթարային վիճակում. 2-րդ եւ 3-րդ հարկերի միջեւ հատակ-առաստաղը կախված է եղել՝ լուրջ վտանգ ստեղծելով երեխաների կյանքի համար։ Շենքն ամբողջությամբ ապամոնտաժվել է, ամրացվել են հիմքերը։ Նախատեսվում է, որ հաստատությունն ամբողջությամբ կապահովվի գույքով, լաբորատորիաներով, կունենա երկու սպորտդահլիճ՝ ցնցուղներ ունեցող հանդերձարաններով։ Դպրոցը կունենա նաեւ փոքրիկ այգի, որը կխնամվի երեխաների ուժերով։ Տեղեկացնենք, որ այս դպրոցի հիմնանորոգման աշխատանքների արժողությունը 3,5 մլն դոլար է։ Կապալառու "Ալգարա" ՍՊԸ-ն շինարարությունն սկսել է ընթացիկ տարվա հունվարի կեսին։ Թեեւ ծրագրված է դպրոցը շահագործման հանձնել 2008-ի մայիսին, բայց շինարարները խոստացել են աշակերտներին ուրախացնել ընթացիկ տարվա աշնանը։ Թիվ 125 դպրոցի 825 աշակերտները ներկայում հյուրընկալվել են հարեւան դպրոցում, եւ դասերն անցկացնում են երկրորդ հերթով։

Երկրի ղեկավարն այցելեց նաեւ Երեւանի նոր մայրուղու՝ "Հաղթանակ" զբոսայգու հարեւանությամբ գտնվող երկրորդ տեղամաս։ Այդ հատվածում մեծ տրանսպորտային հանգույց է լինելու. խաչվելու են Ազատության պողոտան, Սարալանջի հին փողոցը եւ նոր մայրուղին։ Մայրուղու երկրորդ տեղամասում ներկայում կատարվում են մեծածավալ հողաշինարարակական աշխատանքներ, եւ կառուցվում են կամուրջները։

Ռ. Քոչարյանի գնահատմամբ, Սարալանջի ճանապարհը "հզոր ծրագիր" է։ "Այն շատ լուրջ ձեւով կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնը, Բաղրամյան պողոտան։ Դա լինելու է շատ լուրջ տրանսպորտային հանգույց։ Ամբողջը նախագծված է մեր մասնագետների կողմից, մտահղացումն էր հետաքրքիր", - ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ մեկ տարվա ընթացքում կկարողանանք տեսնել արդյունքը։ "Հիմա ակնհայտ է, որ շինարարական տեխնիկայի, կիրառվող տեխնոլոգիաների, շինարարաների տեսքի առումով շինարարության ոլորտում որոշակի մշակույթ է ձեւավորվում։ Մի քանի տարի առաջ այսպիսի հանդիպման ժամանակ ասել եմ, որ շինարարների մեծ պակաս ենք ունենալու, եւ այսօր դա այդպես է։ Լավ շինարարը ոչ թե աշխատանք փնտրելու պրոբլեմ ունի, այլ հակառակը՝ լավ շինարարի հետեւից բիզնեսն է ուղղակի վազում։ Պետք է այնպես անենք, որ բոլոր մյուս ոլորտներում նույնպես լավ մասնագետը միշտ ունենա իր տեղը եւ պատշաճ ձեւով վարձատրվի", - համոզված է Ռ.Քոչարյանը։ Նախագահը շինարարական կազմակերպություններից մեկի ղեկավարից իմացել է (դեռ պետք է ստուգի), որ շինարարի միջին աշխատավարձը մոտ 180 հազար դրամ է, եւ հիշեցնում է, որ դեռեւս հինգ տարի առաջ շինարարարի աշխատավարձը քիչ էր 30-40 հազար դրամից։

"Լինսի" հիմնադրամի "Ճանապարհաշինություն" ԾԻԳ—ի տնօրեն Էդուարդ Բեզոյանի խոսքերով, մայրաքաղաքի կարեւորագույն մայրուղին սկսվելու է Հերացի փողոցից, անցնելու է Ազատության պողոտայով՝ միանալով Ավետիսյան փողոցին։ "Սա Երեւանի համար նոր եւ կարեւորագույն մայրուղի է, որը կբեռնաթափի դեպի Կոմիտասի պողոտա տանող բոլոր կենտրոնական փողոցները", - նշեց նա՝ հավաստելով, որ քաղաքի կենտրոնից Կոմիտասի պողոտա նոր ճանապարհով գնացողները կշահեն մոտ 20 րոպե։ Նշենք, որ 2006-ի աշնանը սկիզբ առած աշխատանքների առաջին եւ երկրորդ փուլերը թեեւ նախատեսված է եղել ավարտել 2008 թվականի օգոստոսին, բայց կավարտվի ընթացիկ տարվա նոյեմբերին։

Նախագահի աշխատանքային այցի վերջին կանգառը Վաղարշ Վաղարշյանի անունը կրող թիվ 80 միջնակարգ դպրոցն էր։ 1953 թվականին կառուցված այս ուսումնական հաստատությունը նույնպես հիմնանորոգվում է "Լինսի" հիմնադրամի հատկացրած միջոցներով։ Դպրոցի տնօրեն Ռիտա Արսենյանի ներկայացմամբ, դպրոցը լուրջ խնդիրներ ուներ մշտական խոնավության առումով, անմխիթար վիճակում են եղել նաեւ 4 հարկանի կառույցի բոլոր ծածկերը։ Այս դպրոցի աշակերտները, որ հիմնականում Կիլիկիա եւ Նորագյուղ թաղամասերի բնակիչներ են, արդեն մեկ ուսումնական տարի հյուրընկալվում են հարեւան դպրոցում։ Նշենք, որ 1, 3 մլն դոլար արժողությամբ ծրագրով նախատեսվում է նաեւ կահավորել դպրոցը, կառուցել նոր մասնաշենք, որը կներառի երկու մարզադահլիճ, գրադարան, բուֆետ, աշխատանքի ուսուցման կաբինետներ։ 350 աշակերտ ունեցող դպրոցը նորոգումից հետո կարող է տեղավորել 720 սովորողի։ Ի դեպ, կապալառու "Տրիտոն" ՍՊԸ-ն արդեն կատարել է աշխատանքների մոտ 11 տոկոսը։

"Լինսի" հիմնադրամի "Դպրոցաշինություն" ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանի տեղեկացմամբ, ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքներ են տարվում 10 դպրոցներում՝ 5—ը մարզերում եւ 5—ը մայրաքաղաքում։ Ծրագրով նախատեսվում է, որ բոլոր աշխատանքները կավատվեն 2008 թվականի աշնանը։ 

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
www.hhpress.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: