03.05.2002. Ռոբերտ Քոչարյանի ելույթը Արգենտինայի միջազգային խորհրդում
05.06.2006. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Երկխոսության եւ
03 Հուն 2011  
03.06.2011  |  14:39   |   Համացանց

Mediamax.am. Վիկտոր Սողոմոնյան. "Պատվերով հոդվածները մեր գործելաոճը չէ"

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը
- Հունիսի 1-ին գործարկվեց Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը: Ու՞մ նախագիծն է դա եւ ինչպե՞ս է դրան մասնակցում նախկին նախագահի գրասենյակը: 

- Նախագծի գաղափարը եւ կայքը պատկանում են նախաձեռնող խմբին, որը կայքի ստեղծման վրա աշխատել է մոտ մեկ տարի: Դրանք մարդիկ են (հիմնականում` երիտասարդներ), որոնք ոչ միայն կիսում են Հայաստանի երկրորդ նախագահի քաղաքական հայացքները, այլեւ իրական պրոֆեսիոնալներ են ինտերնետ-տեխնոլոգիաների ոլորտում: Այս որակների համադրության արդյունքում եւ ստեղծվեց տվյալ կայքը: 

Նախկին նախագահի գրասենյակը, բնականաբար, ամեն կերպ աջակցելու է այդ նախագծին եւ նպաստելու է դրա զարգացմանը: Մենք արդեն մեծ քանակությամբ նյութեր ենք պատրաստել 1998-2008թթ. նախագահ Քոչարյանի գործունեության մասին եւ մոտ ժամանակներս կփոխանցենք դրանք կայքի կազմակերպիչներին: Միեւնույն ժամանակ, մենք չենք միջամտելու բովանդակային հարցերին. դա նախագծի կազմակերպիչների բացառիկ արտոնությունն է: 

Օգտվելով առիթից, կցանկանայի Ռոբերտ Քոչարյանի եւ իր գրասենյակի անունից շնորհակալություն հայտնել կայքի ստեղծողներին հիանալի կատարված աշխատանքի, սկզբունքայնության եւ հայրենասիրության համար: 

- Նախորդ շաբաթ տեղեկատվություն տարածվեց Մոսկվայում Ռոբերտ Քոչարյանի եւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին: Այն բանից հետո, երբ դուք հաստատեցիք այդ հանդիպման փաստը, որոշ ԶԼՄ-ներում հայտնվեցին բազմաթիվ բացասական հրապարակումներ, այնուհետեւ ռուսաստանյան կայքերից մեկը, վկայակոչելով անանուն աղբյուրին, տեղեկատվություն տարածեց, որ նման հանդիպում իրականում չի եղել: Մի քանի օր անց նույն կայքը` վկայակոչելով արդեն այլ տեղյակ աղբյուրին, հաստատեց հանդիպման փաստը: Դրանից հետո այս թեմային հոդվածի միջոցով անդրադարձավ Արտաշես Գեղամյանը, որը քննադատության ենթարկեց տեղական կայքերից մեկում տեղադրված "պատվերով հոդվածը" եւ, փաստորեն, այդ "պատվերի" մեջ մեղադրեց նախկին նախագահի գրասենյակին: Մի խոսքով, սկսվեց աժիոտաժ, որը շարունակվում է մինչ օրս: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: 

- Անկեղծ ասած, ես արդեն վաղուց սովորել եմ նման ռեակցիային` կապված Ռուսաստանի վարչապետի հետ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումների հետ: Ինձ նույնիսկ չզարմացրեց ձեր կողմից հիշատակված "լուրը", չնայած զարմանալու համար առիթը լուրջ էր: Վերջ ի վերջո, մայիսի 24-ին ինքս եմ ուղեկցել նախագահ Քոչարյանին Նովո Օգարյովո եւ ներկա եմ գտնվել այդ հանդիպման սկզբին եւ վերջին: 

Կարող եմ միայն ափսոսանք հայտնել այդ հիստերիայի առիթով: Ինձ միշտ թվացել է, որ երկու բարեկամ երկրների նախկին նախագահների միջեւ բարեկամական հարաբերությունների պահպանման հարցը (հատկապես` Հայաստանի եւ Ռուսաստանի դեպքում), ինչպես նաեւ նրանց պարբերական հանդիպումների մասին հաղորդագրությունները, կարող են միայն հպարտության եւ լավատեսության առիթ դառնալ: Բայց, ինչպես պարզվեց, մեզ մոտ դա այլ կերպ են ընկալում: 

Կարծում եմ, որ այդ քարոզչական "հնարքների" հեղինակները պետք է փորձեն գոնե մեկ անգամ "իջնել սեփական զանգակատնից" եւ որոշ իրադարձություններին նայել ազգային շահերի, եւ ոչ թե նեղ անձնական հաշվարկների եւ մանր ինտրիգների  տեսանկյունից: Համոզված եմ, այդ ժամանակ նրանք ստիպված չեն լինի հրապարակային հիստերիա տարածել եւ ավելորդ փողեր ծախսել պատվերով հոդվածների վրա: 

Ինչ վերաբերվում է պ-ն Գեղամյանին, ապա, ամենայն հավանականությամբ, նա ղեկավարվում է այսպես կոչված "դավադրության տեսությամբ", փորձելով քանդել գլոբալ եւ գաղտնիքների շղարշով պատված ինչ-որ քաղաքական խաղերի թելերը` հիմնվելով մեկ ինտերնետ-աղբյուրի մեկ հոդվածի վրա: Ստիպված եմ հիասթափեցնել պ-ն Գեղամյանին. պատվերով հոդվածները մեր գործելաոճը չէ: Դուք հաստատ շփոթել եք հասցեն: 

- Մի քանի օր առաջ Հայաստանի խորհրդարանը նախագահի առաջարկությամբ համաներում հայտարարեց, որի արդյունքում ազատության մեջ հայտնվեցին նաեւ "մարտի 1-ի" գործով դատապարտվածները: Ինչպե՞ս եք գնահատում այդ իրադարձությունը: Կօգնի՞ արդյո՞ք այդ համաներումը ներքաղաքական լարվածության նվազմանը: 

- Համաներման հայտարարումը, անկասկած, մարդասիրական քայլ է: Չէ՞ որ ազատության մեջ հայտնվեցին ոչ միայն այն մարդիկ, որոնք անմիջական պատասխանատվություն են կրում «մարտի 1-ի» զանգվածային անկարգությունների եւ 10 մարդկանց կյանքերի համար: Ինչ վերաբերվում է համաներման ենթադրվող  նպատակներից մեկին` ներքաղաքական լարվածության թուլացմանը, ապա այսօր դժվար է կանխատեսումներ անել այդ առիթով, հատկապես ազատ արձակված ընդդիմադիրների հայտնի հայտարարությունների ֆոնին: Կցանկանայի հուսալ, որ լարվածությունն իրոք կթուլանա: Ժամանակը ցույց կտա: 

Ինձ փոքր-ինչ մտահոգեց այլ փաստ. քաղաքական գործիչների եւ ԶԼՄ-ների մի ամբողջ շարք համաներումը ներկայացրին որպես "աննախադեպ իրադարձություն", իսկ քաղբանտարկյալների ազատ արձակումը` որպես "Քոչարյանի ժառանգության հաղթահարմանն ուղղված հերթական քայլ": Այս պնդումները զարմացնում են: Առաջինը, անկախության ձեռքբերումից հետո մեր պետությունն արդեն մի քանի անգամ համաներում է հայտարարել (եթե չեմ սխալվում, այս համաներումը 7-րդն է): Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության տարիներին համաներում է հայտարարվել երեք անգամ` 1998, 2001 եւ 2006թթ: Այնպես որ, ոչ մի աննախադեպ բան, բնականաբար, չկա: 

Ինչ վերաբերվում է "... հաղթահարմանն ուղղված հերթական քայլին", ապա ստիպված եմ հիշեցնել, որ 1998-2007թթ. Հայաստանի Հանրապետությունում ոչ մի քաղբանտարկյալ չի եղել: Դա հանրահայտ փաստ է: Վերջերս ազատ արձակված քաղաքական գործիչները տարբեր ժամկետների ազատազրկման են դատապարտվել 2008 թվականի ապրիլից հետո: Այնպես որ, որեւէ "ժառանգության" եւ առավել եւս` դրա "հաղթահարման" մասին խոսք լինել չի կարող: 

- Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ եւ ՀԱԿ ներկայացուցիչներ Արտակ Դավթյանը եւ Սուրեն Աբրահամյանը մեկնաբանեցին Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերաբերմունքը իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ երկխոսությանը: Արտակ Դավթյանը պատասխանելու փոխարեն խորհուրդ տվեց ծանոթանալ վերջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանի ելույթի հետ, իսկ Սուրեն Աբրահամյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը "ոչ թե խանդում է, այլ սարսափում է այդ երկխոսությունից": 

- Նախ, նշեմ, որ Ռոբերտ Քոչարյանը հստակ արտահայտեց իր կարծիքը այդ երկխոսության վերաբերյալ վերջերս ձեր գործակալությանը տված հարցազրուցում, եւ այստեղ ես, կամ առավել եւս` ուրիշները, լրացնելու ոչինչ չունեն: 

Երկրորդը, չեմ կարող հիշել, որ երբեւէ ՀՀԿ անդամները վկայակոչեին Տեր-Պետրոսյանի ելույթը` սեփական դիրքորոշումն արտահայտելու համար: Դա, երեւի թե, "ժամանակակից-երկխոսական" քայլ է, որը, մեղմ ասած, պատիվ չի բերում ՀՀԿ ներկայացուցչին: Ինչ վերաբերվում է Աբրահամյանին, ապա, իմ կարծիքով, մարդկանց արդեն վաղուց պարզ է, թե ով եւ ինչից է "սարսափում": Դրա ամենալավ վկայությունը ՀՀՇ-ականների հիսթերիկ ռեակցիան է նախագահ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքին եւ Ռուսաստանի վարչապետի հետ նրա հանդիպումներին, ինչի մասին ես արդեն ասացի:

Mediamax.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: