

2002 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այց էր կատարել Արագածոտնի, Լոռու եւ Շիրակի մարզեր:
Արագածոտնի մարզում նախագահը նախ այցելել էր Ապարանի վերականգնվող ջրամբար: Ջրամբարը հսկայական նշանակություն ուներ ոչ միայն Արագածոտնի մարզի գյուղատնտեսական հողերը ոռոգման ջրով ապահովելու գործում, այլ նաև Սևանից Արարատյան դաշտի համար բաց թողնվող ջրի ծավալը նվազեցնելու հարցում: Հետո Ռոբերտ Քոչարյանը ծանոթացել է Ռյա Թազա գյուղի դպրոցի շինարարության ընթացքին: Գյուղն ամբողջությմաբ բնակեցված է քրդերով, և նախագահի այցը վկայում է ազգային փոքրամասնությունների խնդիրների նկատմամբ նրա ուշադրության մասին: Այնուհետև նախագահը մասնակցել է Գեղարոտի նորակառույց դպրոցի բացման արարողությանը:
Արագածոտնի մարզից նախագահ Քոչարյանը մեկնել է Սպիտակ եւ Գյումրի քաղաքներ, որտեղ "Լինսի" հիմնադրամի միջոցներով կառուցվել եւ շահագործման էին հանձնվել Սպիտակում՝ 276 եւ Գյումրիում՝ 230 բնակարան:
"Լինսի" հիմնադրամը Լոռու մարզում իրականացնում էր 1120 բնակարանների ամրացման կամ նոր կառուցման ծրագիր, այդ բնակարաններից 529-ը պատրաստ պիտի լինեին մինչեւ տարեվերջ և շինարարները կատարեցին իրենց վրա դրված պարտավորությունները: Հիմնադրամի միջոցներով Գյումրիում վերականգնվում-ամրացվում էին 38 շենք, իսկ եւս 50-ը նոր էր կառուցվում: Այստեղ եւս 14 շենք կառուցվում էր պետբյուջեի գումարներով:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է շենքերի շահագործման հանդիսավոր արարողությանը, այցելել է նորակառույց բնակարաններ՝ շնորհավորել բնակիչների բնակարանամուտը: Աղետի գոտին հիմնովին վերականգնելու` նախագահ Քոչարյանի ծրագիրը իրականություն էր դառնում բոլորիս աչքի առաջ:
Այցի ավարտին Հանրապետության ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում, այնուհետեւ տպավորությունները կիսել լրագրողների հետ: