16.11.2007. Նախագահը ՊՆ-ում
16.11.2007. Նախահագ. "Հյուսիսային պողոտան Երեվանի երկրորդ այցեքարտն
25 Նոյ 2011  
25.11.2011  |  13:48   |   Թերթեր և ամսագրեր

17.11.2007. Մի փոքր "Արբատ" մենք էլ ունեցանք

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Թամանյանի նախագծած Հյուսիսային պողոտան` օրինակ այլ նախագծերի իրականացման համար:

Երեկ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ շահագործման հանձնվեց վերջին տարիներին Երեւանում իրականացված քաղաքաշինական ամենածավալուն նախագծերից մեկը` Հյուսիսային պողոտան, որ դեռեւս անցյալ դարի 20-ական թվականներին նախագծել էր Ալեքսանդր Թամանյանը:

Քաղաքապետ Երվանդ Զախարյանի խոսքերով, Հյուսիսային պողոտան առանցքային տեղ էր զբաղեցնում Թամանյանի կազմած Երեւանի նոր հատակագծում, բայց չիրականացվեց խորհրդային տարիներին, ինչի պատճառներից մեկը նաեւ ներդրումային մեծ ծախսատարությունն էր:
1999 թվականին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կայացրեց կարեւոր մի որոշում` կյանքի կոչել Հյուսիսային պողոտայի նախագիծը: Նախագահի խոսքերով, նույնիսկ այդ ժամանակ պատկերացնելի չէր, թե ինչ ազդեցություն կունենա այս պողոտան ընդհանրապես Հայաստանի տնտեսական զարգացման, շինարարության ոլորտի զարգացման վրա:

"Եվ ընթացքը ցույց տվեց, որ շինարարությունը դարձել է վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժը: Տասնյակ հազարավոր մարդիկ աշխատանք են գտել այս ոլորտում, տասնյակ հազարավոր ընտանիքներ գումար են վաստակում իրենց կյանքի որակը բարելավելու համար", - նշեց Հայաստանի նախագահն, ընդգծելով, որ շինարարական կազմակերպություններն էլ վերազինվեցին նոր տեխնիկայով, Հայաստան ներմուծվեցին նոր տեխնոլոգիաներ, եւ շինարարության որակը, տեմպերը, պատկերացումներն էապես փոխվեցին: Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, պողոտայի կառուցումը լուծում է տվել կարեւոր սոցիալական հարցի. արդեն երրորդ տարին է, ինչ նվազել է Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնող շինարարների թիվը: Քաղաքաշինական ու ճարտարապետական առումով Երեւանն, ըստ Քոչարյանի, ստացել է ճանաչելիության ու մասշտաբների տեսակետից իր երկրորդ այցեքարտը` Հանրապետության հրապարակից հետո:

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից ոմանց` Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու առնչությամբ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ դա քաղաքացիների իրավունքն է: "Եթե իրացման ընթացքում սխալներ ենք թույլ տվել, եթե դատարանը որոշի, թե փոխհատուցումը համաչափ չէր, ապա, իհարկե, հարգելու ենք Եվրոպական դատարանի որոշումը: Իհարկե, ներողամիտ պետք է լինեն մարդիկ, եթե կարծում են, որ բավարար չափով փոխհատուցում չեն ստացել: Կարեւոր է նաեւ, որ այդ փորձի վրա մենք բարելավեցինք օրենսդրությունը", - ասաց Քոչարյանը:

Ստեղծված հեղինակային խումբը (ղեկավար, ճարտարապետ` Նարեկ Սարգսյան) եւ քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակն ապահովեցին ձեռնարկի իրականացումը: Ընդ որում, Հյուսիսային պողոտայի կառուցման փորձը կկիրառվի նաեւ հետագայում` Երեւանի դեմքը պահպանելու տարբերակով:

2002-ին սկսվեց պողոտայի շինարարությունը: Ըստ էության, Հայաստանի անկախացումից ի վեր սա մայրաքաղաքում զանգվածային շինարարության առաջին օրինակն է: "Երկար սպասված այս նախագիծն իրականություն դարձավ 5 տարում: Կառուցված ընդհանուր մակերեսը 320 հազար քառակուսի մետր է, կատարվել են 101 միլիարդ դրամի ներդրումներ", - ներկայացրեց քաղաքապետ Զախարյանը:

Հյուսիսային պողոտան առաջինն է, որ կառուցապատվեց ամբողջությամբ քաղաքաշինական ժամանակակից չափանիշներով: Սկսած բնակելի, գործարար եւ հասարակական սպասարկման հատվածներից մինչեւ ստորգետնյա բազմահարկ ավտոհանգրվանները` հաշվարկված մինչեւ 2000 ավտոմեքենայի համար: "Պողոտան եզրագծող երկու տասնյակից ավելի շենքերից յուրաքանչյուրն ունի իր ուրույն ճարտարապետությունը, միաժամանակ ներկայացնելով մի ընդհանուր, հաստատուն դիմագիծ: Պողոտայի հարավային դարպասի` Հանրապետության հրապարակին հարող հատվածի շենքերը կառուցված են ավանդական ոճավորմամբ, համահունչ հրապարակի միջավայրին", - նշեց քաղաքապետը:

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի կարծիքով` պողոտան ամենօրյա հետեւողական աշխատանքի արդյունք է: Բացի քսանյոթ մետր լայնությամբ կենտրոնական հետիոտն պողոտայից, այս տարածքում հաղորդակցության առումով կարեւոր լուծում է Տերյան փողոցի շարունակականությունը` ապահովելով Գրիգոր Լուսավորչի փողոցից մինչեւ Աբովյան պուրակ անընդմեջ երթեւեկություն:

Հյուսիսային պողոտայի ներդրումային ծրագիրն, ըստ Երվանդ Զախարյանի, առաջին հաջողված փորձն է, երբ մասնավոր, այդ թվում` արտասահմանյան ներդնողների միջոցներն արդյունավետությամբ ի նպաստ դրվեցին քաղաքի զարգացման եւ բարեկարգման պետական ծրագրերի իրականացման համատեքստում: Շատ կարեւոր է, որ այստեղ լուծվում են նաեւ սոցիալական խնդիրներՙ թե՛ իրացումների, թե՛ փոխհատուցումների եւ թե՛ հին բնակֆոնդը նոր, ժամանակակից կառույցներով փոխարինելու բացառիկ հնարավորության շնորհիվ: «Երեւանի այսօրվա կառուցապատվող տարածքներում մի քանի տարում բնակարանների եւ տարածքների իրացման գներն աճել են մոտ 45 անգամ, ինչը բերում է մեր բնակչության ունեցվածքի էական արժեւորման», կարեւորեց քաղաքապետը:

Կառավարությունից էլ հատկացվել են պետական լուրջ միջոցներ` ինժեներական ենթակառուցվածքների ձեւավորման, հաղորդուղիների արդիականացման, վերակառուցման, շրջապատի մաքրման եւ տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացման համար:

Հյուսիսային պողոտան, Զախարյանի համոզմամբ, Երեւանի համար նոր, ամբողջական եւ ժամանակակից քաղաքային միջավայր է` ստեղծված պետության անկախության ժամանակաշրջանում: "Նորդ Այլենդ", "Սոգլասիե Արմենիա", "Բիզնես կենտրոն", "Պրոգրես Արմենիա", "Լոկալ Դիվելոփըրս", "Գառնի գրուպ" եւ այլ ընկերությունների մասնակցությամբ, ճարտարապետ Նարեկ Սարգսյանի ղեկավարությամբ` ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանի, Հրաչիկ Պողոսյանի, Գուրգեն Մուշեղյանի, Գագիկ Հովհաննիսյանի եւ ուրիշների նախագծմամբ իրականություն դարձած Հյուսիսային պողոտան նման այլ նախագծերի սկիզբ կդառնա:

"Այն իր շարունակությունն է ունենալու բազմաթիվ քաղաքաշինական ծրագրերում, որոնք արդեն ամրագրված են մայրաքաղաքի զարգացումը պայմանավորող Երեւանի գլխավոր հատակագծում: Դրանք այսօր իսկ հետեւողական իրականացման փուլում են, եւ մեկը մյուսի հետեւից շարք մտնելով (Հյուսիսային ճառագայթ, Գլխավոր պողոտա, կենտրոնը շրջանցող առաջին արագընթաց մայրուղի` Սարալանջի ճանապարհ եւ այլն), ծառայելու են նոր, ժամանակակից մակարդակի բարձրացնելու մեր մայրաքաղաքի բարեկեցությունն ու քաղաքաշինական դիմագիծը", - նշեց Երեւանի քաղաքապետը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: