Դրվեցին Ճապոնիայի հետ բարեկամության ամուր հիմքերը
Երթեվեկության շարունակական բարելավում
22 Դեկ 2011  

Միանգամայն իրատեսական, բայց չիրականացած կանխատեսում

Ավանդույթի համաձայն Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարեմուտի նախաշեմին հանդիպում էր ունենում գործարար շրջանակների հետ` քննարկելու թե անցնող տարվա ձեռքբերումներն ու բացթողումները և թե ուրվագծելու հաջորդ տարվա գլխավոր անելիքները: Այո, ավանդույթի համաձայն այս թեմաներն են մշտապես եղել ՀՀ նախագահ-գործարարներ հանդիպումների ամենամյա քննարկումների առանցքը, սակայն  հետևելով այդ հանդիպումների տարեգրությանը, անհնար է չնկատել, թե ինչպես են տարեցտարի փոխվում քննարկումների շեշտադրումներն ու խոշորանում, բարձրանում նպատակների նշաձողերը: Այս փաստը հրաշալի դիտանկյուն է` քննելու ու համոզվելու համար, թե ինչպես է երկրի տնտեսությունը արագ զարգացում ապրել: Այսինքն` տնտեսության զարգացմանը զուգընթաց փոխվում են նաև հրատապ քննարկվելիք թեմաները: Դրանք ակնառու են դարձնում Ռ. Քոչարյանի նախագահության շրջանում շարունակական  բարեփոխումների արդյունքները:

"Ամբողջությամբ կատարված է պետբյուջեն, թեեւ տարվա ընթացքում այն ավելացրել էինք 38 մլրդ դրամով: Նույնիսկ այդ ավելացված բյուջեն գերակատարվել է: Սա հնարավորություն է տվել պետությանը ամբողջությամբ կատարելու իր բոլոր պարտավորությունները եւ լուծելու շատ լուրջ սոցիալական հարցեր: Թերեւս հիշում եք, որ անցյալ տարվա մեր հանդիպմանն ասացի, որ հատուկ ուշադրություն ենք դարձնելու հարկային-մաքսային վարչարարությանը: Իհարկե, բոլորը չեն երջանիկ այդ ուշադրությունից, բայց ակնհայտ է, որ այդ քաղաքականությունը պետության համար լուրջ հնարավորություններ է ստեղծել սոցիալական ուղղվածությամբ բյուջե ձեւավորելու եւ սոցիալական հարցեր լուծելու համար:

Էապես ավելացել են ծախսերը կրթության, առողջապահության ուղղությամբ, կայուն աճ ունեն բյուջետային ոլորտի եւ մասնավոր հատվածի աշխատավարձերը, - ասել է Ռոբերտ Քոչարյանը 60-ից ավել գործարարների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ ու ավելացրել, - "Համոզված եմ, որ հաջորդ տարի դրանք էլի են աճելու: Էապես ավելացել են կապիտալ ծախսերը` ուղղված հատկապես ենթակառուցվածքներին` ճանապարհաշինություն, ջրամատակարարում: Ակնհայտ է նաեւ, որ երկրի տնտեսության ծավալների տարեցտարի ավելացումը բարենպաստ ազդեցություն է ունենում ժողովրդի բարեկեցության վրա: Լուրջ հնարավորություններ կան, եւ արդեն բյուջեով նախատեսված է, թոշակների, նպաստների հետագա աճը ապահովելու համար":

Նախագահը նշել է, որ շարունակում են աճել սպառողական ապրանքների շուկայի ծավալները, ընդլայնվում է հիպոթեքային վարկավորումը` արձանագրելով վարկերի մարման ժամկետների երկարացում եւ տոկոսադրուքների իջեցում, ինչը զգալիորեն աշխուժացրել է նաեւ անշարժ գույքի շուկան: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ կարվի հնարավորը, որպեսզի հաջորդ տարիներին այս միտումը շարունակվի, եւ ավել մեծ թվով քաղաքացիներ հնարավորություն ստանան բարելավելու իրենց բնակարանային եւ կենցաղային պայմանները: Նախագահն ընդգծել է, որ այդ բոլոր հաջողություններում կա նաեւ գործարարների ներդրումը, եւ որ այն կառավարություն-գործարար շրջանակներ գործընկերային հարաբերությունների արդյունք է: 

Խոսելով հաջորդ տարվա տնտեսական ակնկալիքների մասին Նախագահն ասել է, որ, շնորհիվ սպասվող մեծածավալ ներդրումների, հաջորդ տարի էական զարգացում է սպասվում բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում: Ռոբերտ Քոչարյանի խոսքով, միայն լեռնահանքային արդյունաբերության ոլորտում առաջիկա մի քանի տարիներին ակնկալվում են կես միլիարդ դոլարից ավելի ներդրումներ:

Ռոբերտ Քոչարյանն  անդրադարձել է նաեւ խնդրահարույց հարցերի, որպես այդպիսիք նշելով հասարակության շերտերի միջեւ դեռեւս չհաղթահարված սոցիալական բեւեռացումը, մայրաքաղաքի եւ մարզերի զարգացման տեմպերի մեծ տարբերությունը. "Վերջին տարվա ընթացքում փորձել ենք ավելի ուշադիր լինել այդ խնդրի նկատմամբ, բավականին ծրագրեր են մշակվում այս շեղումը շտկելու համար, բայց պրակտիկ քաղաքականության առումով հաջորդ եւ մյուս տարիներին ներդրումների ծավալի միջոցով կփորձենք իրավիճակը զգալիորեն բարելավել:Գիտենք` ինչ պետք է անել այստեղ, ռեսուրսների հնարավորությունները դեռեւս ճշգրտվում են եւ, կրկնում եմ, սա այն հարցն է, որ որոշակի իներցիա ունի իր մեջ ծավալների պատճառով, եւ չեմ կասկածում, որ այստեղ եւս առաջիկայում հաջողություններ ունենալու ենք", - ասել է Նախագահը:

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաեւ մենաշնորհների թեմային, նշելով, որ այս դեպքում խոսքն ավելի շուտ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների մասին է, որոնց գործունեության դաշտ նոր տնտեսվարողների մուտք չգործելը թեւերս մրցակցության առումով հոգեբանական գործոններով է պայմանավորված, որոնց հաղթահարման ուղղությամբ պետք է հետեւողական աշխատանք տարվի: 

Խոսելով գլոբալ գործընթացների ազդեցության հետեւանքով Հայաստանում առկա խնդիրների մասին, Նախագահն առաջնահերթ նշել է նավթի եւ հացահատիկի գների աճով պայմանավորված` սպառողական շուկայում արձանագրվող գների տատանումները. "Կառավարության համար չափազանց կարեւոր է լինելու այնպես անել, որ այդ տատանումները չօգտագործվեն ոչ արդար մրցակցային գործիքներ կիրառելու առումով, որ տատանումները լինեն արդարացված միայն միջազգային գների շրջանակներում եւ ոչ գերիշխող դիքերը օգտագործելու արդյունքում", - ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: 

Անդրադառնալով հաջորդ տարվա հնարավոր քաղաքական ռիսկերին, Ռոբերտ Քոչարյանը խոսել է նախագահական ընտրությունների մասին: Նախագահը վստահեցրել է, որ արվելու է ամեն ինչ, որպեսզի քաղաքական զարգացումները բացասական ազդեցություւն չունենան տնտեսական ոլորտում, նշելով, որ դրա փորձն արդեն կա` ի դեմս մինչ այս կայացած ընտրությունների ժամանակ իշխանությունների` տնտեսությունն առանց ցնցումների պահելու կարողության:

Գործարարները Նախագահի հետ քննարկել են ոլորտին առնչվող օրենսդրությունում խաղի կանոններն առավելագույնս հստակեցնելու, տնտեսության գերակա հայտարարված ուղղությունների համար զարգացման ամբողջական մեխանիզմներ ներդնելու, պարզեցված հարկի վերջին փոփոփոխությունները փոքր եւ միջին գործարարների համար հնարավորինս մեղմելու, կայուն եւ կանխատեսելի դրամավարկային քաղաքականություն ապահովելու հետ կապված հարցեր:

Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ բարձրացված բոլոր հարցերն ընթացք կստանան, նշելով, որ դրանցից շատերի ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում:

Ավարտելուց առաջ անդրադառնանք հանդիպման հենց սկզբում Ռոբերտ Քոչարյանի տված գնահատականին ու կանխատեսմանը: 

"Տնտեսական աճի 13,6 տոկոս ցուցանիշով ավարտվող 2007 թվականը ամենից հաջողներից մեկն է: Վերջին 7 տարիներին արձանագրվող երկնիշ տնտեսական աճը վկայում է, որ իրականացվող բարեփոխումները արդյունավետ էին եւ դրանց արդյունքում այսօր ունենք կայուն, դինամիկ զարգացող տնտեսություն: Վստահ եմ, որ առաջիկա առնվազն 4-5 տարվա համար եւս երկնիշ տնտեսական աճի ռեալ հնարավորություն ունենք":
 
Այս  միանգամայն իրատեսական ու հաշվարկված կանխատեսումը, ցավոք, իրականություն չդարձավ ՀՀ երկրորդ նախագահի կամքից անկախ` ինչպես օբյեկտիվ, այնպես էլ` սուբյեկտիվ պատճառներով: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որից մեր տնտեսությունը զերծ պահել չհաջողվեց, ամենաօբյեկտիվ պատճառն էր: Դե, իսկ սուբյեկտիվ պատճառների մասին բոլորս էլ լավ գիտենք:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: