

Սիրելի հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ:
Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտը մեր ժողովրդի առջեւ բացեց խաղաղ ստեղծագործ աշխատանքի, երկրի շենացման եւ պատմական վերածննդի նոր դարաշրջան: Հարյուր հազարավոր հայորդիներ Խորհրդային բանակի շարքերում ու պարտիզանական ջոկատներում, ինչպես նաեւ սփյուռքահայեր տարբեր երկրների զորքերում ու դիմադրական շարժումներում իրենց կյանքը նվիրաբերեցին սպասված հաղթանակի կերտման գործին` տալով հայրենասիրության ու անձնազոհության բացառիկ օրինակներ:
1992 թվականին Շուշիի ազատագրումով մայիսի 9ը ձեռք բերեց կրկնակի խորհուրդ` իրենց հայրերի ու պապերի սխրանքին միավորելով նոր սերնդի արժանապատիվ կեցվածքը: Այն դարձավ մեր նորագույն պատմության փառավոր էջը եւ իր ազգային ու մարդկային իրավունքները պաշտպանելու` հայ ժողովրդի վճռականության առհավատչյան:
Շնորհավորում եմ բոլորիս եւ հատկապես մեր վետերաններին մայիսյան այս մեծ տոնի առթիվ, մաղթում եմ առողջություն, տոնական բարձր տրամադրություն եւ խաղաղ երկինք: