ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Հարգելի այցելու,

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում չափազանց ուշագրավ մի նյութ, որը մեզ է տրամադրել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի նախկին տեղակալ Իրինա Ղուլինյանը: Խորին երախտագիտությունը հայտնելով նրան, ուզում ենք ավելացնել, որ մեր գործընկերուհու ջանքերի շնորհիվ մի փոքրիկ շտրիխ է ավելանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեզ հայտնի կերպարի վրա, մի տեսակ ամբողջացնում է նրա դիմագիծը, քանզի հումորի զգացումը մարդկային ամենաթանկ պարգևներից մեկն է և հաճախ օգնության է հասնում ամենադժվար պահերին: Իմաստուն է տարածված այն տեսակետը, որ ոչինչ այնքան լավ պատկերացում չի տալիս մարդու նկարագրի մասին, քան թե ինչի վրա է նա ծիծաղում: Եվ վերջում հավելենք, որ ինքը` Իրինա Ղուլինյանը նույնպես նուրբ հումորի զգացումով է օժտված, ինչի շնորհիվ էլ ըմբռնել ու կարևորել է տարիների ընթացքում իր լսած ու տեսած հոմորով խոսքն ու իրադրությունները: 

Նախաբան

2004թ. սեպտեմբերին լրագրողական դաշտից աշխատանքի անցա ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունում:

Առաջին մամուլի հաղորդագրությունը, որ պետք է պատրաստեի` Իրանից ժամանած պատվիրակության հետ Նախագահի հանդիպման մասին էր: Հանդիպման ավարտից հետո տեսա, որ նշումներս բավականին երկար են` գրառումներ եմ արել ոչ միայն բուն զրույցի, այլեւ Նախագահի բանակցելու պահվածքի եւ  հումորային մի դիտարկման մասին, ինչի պատճառով հաղորդագրություն պատրաստելը ժամանակային առումով մի քիչ երկարեց: Մտածեցի` ահա ինչ ասել է լրագրողական իներցիա ու որոշեցի այլեւս ծավալուն նշումներ չանել: Որոշ ժամանակ անց, սակայն, փոշմանեցի. իսկ ինչո°ւ չնշել, ո°վ գիտե, գուցե երբեւէ պետք գան: Իսկ ահա թե ինչն առիթ եղավ տարիներ անց  դրանց անդրադառնալու:

2009թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ԼՂՀ անկախության տոնական միջոցառումներին ներկա էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Դրանցից մեկի ժամանակ լրագրողները շրջապատեցին նրան: Բարեւեց. "Հը, ո°նց եք", ապա ժպտալով քննախույզ հայացք նետեց. "Էս ինչքա~ն եք գեղեցկացել...": Զվարթ ծիծաղի միջից մի լրագրողուհի հակադարձեց, թե` պարո՛ն Նախագահ, ինչի առաջ գեղեցիկ չէի°նք: Պատասխանը չուշացավ. "Դե, առաջ ձեր հարցերին էի ավելի շատ նայում, քան` ձեզ...":

Հումորային այս "լադը" չշեղեց լրագրողներին, որ հարցերի տարափ տեղան հարցազրույցից ակնհայտորեն խուսափել ցանկացող նախկին Նախագահին: Բայց նա էլ աննահանջ էր: "Պարոն Նախագահ, ինչպե°ս եք Ձեզ զգում պաշտոնաթողությունից հետո": "Չգիտեի, որ ազատությունն էսքան լավ բան է...": "Պարոն Նախագահ, այսօր ԼՂՀ անկախության օրն է, ի°նչ եք կարծում, ի°նչն է մեզ այսօր պակասում": "Մի բաժակ օղին ու մի կտոր լավ թթուն: Առավոտից տոնն սկսվել է, բայց դեռ հյուրասիրող չկա: Տեսնենք` կեսօրից հետո կառաջարկե°ն...":Ու մինչ հարց ու պատասխանները հումորային ոգով շարունակվում էին` հիշեցի գրառումներիս մասին:

Երբ Ռոբերտ Քոչարյանն ազատվեց լրագրողների օղակից, զրույցի բռնվեցինք: Ասաց, որ հաճախ է ճամփորդում: Հիշեցրի, որ տարիներ առաջ մի արտերկրացի հյուրի հետ հանդիպմանը ինչ-որ տեսարժան վայր այցելելու հրավեր ստանալով` ասաց, թե նախագահի կարգավիճակով ամեն ինչ այնքան պաշտոնական շրջանակում է լինում ու արագ ընթանում, որ տեսարժան վայրերը վայելել չի ստացվում, ուստի երազում է պաշտոնավարման ավարտից հետո հանգիստ, "մի ուսապարկով" շրջագայել: Ծիծաղեց. "Ոնց էլ հիշո°ւմ ես": Պահն ինքը թելադրեց, որ պատմեմ գրառումներիս մասին: Նախ զարմացավ, ապա հարցրեց, թե ո°նց է մտքովս անցել այդպիսի նշումներ անել: Հենց այդ պահին էլ որոշեցի որևէ կերպ ամբողջացնել այն և հրապարակել:

Իրինա Ղուլինյան
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի նախկին տեղակալ

1. ՌԴ զարգացման նախարար Վլադիմիր Յակովլեւի հետ հանդիպումն էր: Քննարկվում էին տեղական ինքնակառավարմանը, կոմունալ սպասարկումների բարեփոխումներին վերաբերող հարցեր: Նախագահը մանրամասն ներկայացնում էր Հայաստանում բարեփոխումների փորձը: Յակովլեւը լսեց-լսեց ու թե. "Պարոն Նախագահ, չեմ նախանձում Ձեր նախարարներին. այնքան լա՛վ եք տիրապետում իրավիճակին, որ նրանց շա՜տ դժվար կլինի Ձեզ մոլորեցնել": Նախագահն էլ թե. "Պարոն Յակովլեւ, Դուք կես ժամում դա հասկացաք, բայց նրանք արդեն քանի տարի եղավ` չեն հասկանում է~...":

2. ՌԴ նահանգապետերից մեկի այցն էր: Նա պատմեց, որ տեղի հայկական համայնքը բարձրակարգ նվագախումբ է կազմավորել եւ հաջողությամբ ելույթներ են ունենում: Ապա դարձավ հանդիպմանը ներկա ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանին` ասելով. "Պարոն դեսպանը վերջին համերգին  ներկա էր եւ կհաստատի ասածս": Արմեն Սմբատյանը հապաղելով` մի տեսակ անորոշ պատասխան տվեց, որից պարզ չեղավ նրա կարծիքն այդքան գովաբանված նվագախմբի մասին: Նախագահը միջամտեց. "Սմբատյա°ն, դիվանագիտությունը "սլուխդ" ոնց որ թե փչացրել է, հա°...":

3. Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Իգոր Լեւիտինի հետ հանդիպումն էր: Խոսք բացվեց Վերին Լարսի անցակետի մասին: Նախագահն ասաց, որ շուտով ծիրանի բերքի իրացման ժամանակն է եւ հիմա հատկապես կարեւոր է անցակետի բացումն ու անխափան աշխատանքը: Այս թեմային զրուցակիցները կատակով կնքեցին "Օպերացիա աբրիկոս" անունը: Երբ հրաժեշտ էին տալիս, Նախագահը դարձավ Լեւիտինին, թե` Իգոր Եվգենեւիչ, ծիրանը չմոռանաք, հա~: Լեւիտինն ասաց` Ռոբերտ Սեդրակովիչ, խոստանում եմ, որ ծիրանը կլինի ուշադրության կենտրոնում: Նախագահն էլ թե. "Ծիրանն էսպես թե էնպես` ուշադրության կենտրոնում է, իմ ասածն էն է, որ օպերացիա~ն լինի, օպերացիա~ն...":

4. 2006թ. սեպտեմբերն էր: Նախագահն ընդունել էր Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահին: Զրույցի ընթացքում հյուրը հարցրեց, թե Նախագահն ի°նչ սպորտաձեւերով է զբաղվում: Ասաց` նայած տրամադրության ու պատմեց, որ, օրինակ, մի քանի օր առաջ տրամադրություն չի ունեցել եւ սուզվել է ակվալանգով. "Ասացի` մտնեմ ջրի տակ` ոչ մեկի երեսը չտեսնեմ...":


5. Նույն հանդիպմանը խոսվեց նաեւ առաջիկա օլիմպիադայում հայերի ակնկալիքների մասին: Նախագահը մի քիչ դառնացած ասաց, որ չնայած սպորտին մեծ ուշադրություն է դարձվում, բայց ցանկալի արդյունք չի ստացվում: Հետո դարձավ Գագիկ Ծառուկյանին. "Հը, Գագիկ, ի°նչ կասես, այս օլիմպիադային մեդալի հույս ունենա°նք": Ծառուկյանն էլ թե. "Պարոն Նախագահ, ասել եմ, եթե էս անգամ էլ ոսկի չբերեն, պիտի արդեն Օլիմպիական կոմիտեների նախագահներով մրցենք": Նախագահն ասաց. "Դե, բա որ վերջում հույսներս էլի դու ես, էսքան միջոցներն ինչի° ենք քամուն տալիս, էդ կարգը մտցրեք, պրծնենք, էլի...":

6. 2002 թվականի աշնանը Նախագահի մոտ խորհրդակցություն էր` Երևանի տրանսպորտի հետ կապված հարցերով: Քննարկվեց նաև տրամվայի գծերը ապամոնտաժելու հարցն ու որոշվեց անել դա մինչև 2003-ի ձմռան սկիզբը: Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն այնքան էլ կողմ չեր այդ ժամկետին ու ասաց, թե եթե նախագահական ընտրություններից առաջ այդ գործն անենք բազմաթիվ ձայներ կկորցնենք, տրամվայների ուղևորներն էլ հաստատ մեզ ձայն չեն տա: Նախագահն էլ թե. "Գիտես, Ռոբերտ, այդ տրամվայներն այնպիսի վիճակում են, որ դրա նստողը հաստատ մեզ ձայն չի տա":

7. Լիտվայի ԱԺ խոսնակի հետ հանդիպմանը Նախագահը հետաքրքրվեց այնտեղ կոալիցիոն կառավարությունների կենսունակությամբ: Պարզվեց` միջինը 8 ամիսը մեկ կառավարությունը լուծարվում է: Նախագահը թե. "Դե, մենք էլ ի°նչ ենք դարդ անում, մեր կոալիցիան 2 տարուց ավել է` դիմանում է": Հանդիպմանը ներկա ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը տեղից ինքնաբուխ ասաց. "Պորա...": Նախագահը ծիծաղելով դարձավ դեպի Թորոսյանն ու թե. "Ձեզ որ մնար` վաղուց էր "пора", "пора" ցույց կտամ ձեզ...":

8. Նիկոլայ Ռիժկովի հետ հանդիպմանը զրուցում էին ներդրումների թեմայով: Ռիժկովն ասաց, թե Հայաստանում որոշ շուկաների մենաշնորհը զգուշավոր է դարձնում ներդնողներին: Հետո նա պատմեց Հայաստանում մոլոկանների համայնք իր կատարած այցելությունից: Նախագահը պահը որսաց ու թե. "Նիկոլայ Իվանովիչ, իմիջիայլոց ասեմ, որ մոլոկաններն էլ մեր կաղամբի թթվի մոնոպոլիստներն են...":

9. ԱՄՆ դեսպանատան նորակառույց շենքի բացմանը, իսկ դա ապրիլին Բաղրամյան պողոտայում, նախագահական նստավայրի մոտակայքում, կայացած ցույցերին հաջորդող ժամանակաշրջանում էր, Նախագահը դարձավ դեսպանատան ներկայացուցիչներին, թե. "Դուք, ախր, շատ ուղղակի եք հասկացել Բաղրամյան պողոտան ազատելու կարգադրությունս...":

10. Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններից մեկի նախագահի հետ հանդիպում էր: Հյուրն ասաց, որ Հայաստանում ամուսինների կողմից բռնության ենթարկվող կանանց օժանդակող կազմակերպությունների գործունեության պասիվություն է նկատվում: Նախագահը նկատեց, որ պետք է հաշվի առնել նաեւ հայկական ընտանիքների ավանդական հոգեբանությունը, քանի որ երրորդ կողմի, այն էլ` օտարների միջամտությունն ավելի կարող է դժվարացնել ներընտանեկան խնդիրների կարգավորումը: Հետո էլ ավելացրեց. "Լավ, էդքան որ ասում են կանանց իրավունք, բռնություն, բա տղամարդկանց մասին ո°վ մտածի... Մի ասող չկա, թե այ կին, ուրեմն էդ ինչ էիր արել, որ էդ մարդուն բռնության հասցրիր...":

11. 2006թ. հանդիպում էր Հայ ավետարանչական եղեկեցու պատվիրակության հետ: Զրույցի ընթացքում Ռընե Լեւոնյանը Նախագահին առաջարկեց գնալ Շվեյցարիա, որտեղ ցույց կտա փաստաթղթային ապացույցներ առ այն, որ դեռ 1800-ականներին Շուշիում ավետարանչական եկեղեցի է եղել: Նախագահն ասաց. "Կարծում էի` պիտի  ասես գնանք Շուշի": Հետո էլ թե. "Գերապատվելի, բա ո°ւմ հաշվին ենք գնում` ի°մ, թե° քո": Ռընե Լեւոնյանը թե. "Պարոն Նախագահ, ախր ավետարանչականի միջոցները...", Նախագահը ծիծաղելով ընդմիջեց. "Չեղավ, չեղավ, մեր հարեւանությամբ ԱՄՆ դեսպանատան շենքն եք առնում ու դեռ միջոցներից դժգոհո°ւմ...":

Հետո Ավետարանչականի խնդիրների մասին խոսեցին, ու դրանցից մեկի լուծման համար Նախագահը խոստացավ միջնորդել: Ընդ որում, խոսքը ֆինանսական միջոցներ տնտեսելու հնարավորություն ստեղծելու մասին էր:

Ակնհայտորեն լավ տրամադրություն ունեցող Նախագահը կրկին դարձավ Ռընեին. "Գերապատվելի, հիմա էլ հո միջնորդություն արեցի: Դե հիմա ասա` ո°ւմ հաշվին ենք գնում Շվեյցարիա": Ռընե Լեւոնյանը չհապաղեց. "Պարոն Նախագահ, Շվեյցարիան Ձեր հաշվին, Շուշին` իմ": "Այ մարդ, էդքան միջնորդեցի` վարձքս Շուշի°ն էր...": Ամբողջ պատվիրակությունը քահ-քահ ծիծաղում էր Նախագահի ու Գերապատվելու մենամարտի վրա:

12. Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների մասին աշխատանքային քննարկում էր: Կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը արտերկրյա փորձ էր ներկայացնում` վկայակոչելով օտարերկրացի ինչ-որ հեղինակի ծավալուն աշխատությունը: Երբ Նախագահը մի քանի կոնկրետ հարց տվեց` հասկանալու փորձի էությունը, Խաչիկյանը կրկին սկսեց այդ աշխատությունից մեջբերումներ անել: Քննարկմանը ներկա լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց թե, այ Վազգեն, էդ գիրքը մի պատմի է~, մեզ ասա, թե ո°նց անենք, էսպե°ս, թե° էնպես: Երբ Խաչիկյանը "էսպես", թե "էնպեսը" սկսեց հիմնավորել դարձյալ երկարաշունչ հղումներ անելով նույն գրքին, Նախագահն էլ չհամբերեց. "Վազգեն, էդ գրքի կարճ վերսիան չկա°ր..."

13. Նույն հանդիպմանը խոսվում էր կենսաթոշակային հիմնադրամի տարածքային գրասենյակների հաստիքացուցակների մասին: Նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ հաստիքներն ուռճացված են: Երբ պատասխանատուներն սկսեցին արդարացնող տարբեր բացատրություններ բերել, Նախագահն ասաց. "Հիմա դուք ուզում եք ինձ համոզել, որ 13-14 հոգանոց աշխատակազմերում 7-8 գործավարի հաստիքը նորմա°լ է: Ընդ որում` էդ գործավարների մեծ մասը տղամարդ է: Ձեր ասելով` ամեն տարածքայինում 7-8 հայ տղամարդ ամբորջ օրը թեյ ու սուրճ են տանում-բերո°ւմ...":

14. Պետական գնումների մասին քննարկում էր: Նախագահի վերահսկողական ծառայությունը չարաշահումներ էր հայտնաբերել կալանավայրերի սննդամթերքի գնումների գործընթացում: Պարզվել էր, որ ըստ փաստաթղթերի, կալանավորների համար ամենաթանկ միսն են առնում: Պատասխանատուները փորձում էին ինչ-որ բացատրություններ տալ, թե ցանկացել են լավ սնունդ առնել, թե գուցե լավ տեղյակ չեն եղել գներին, որտեղ նույն լավ միսը կարելի է ավելի էժան առնել եւ այլն: Նախագահն էլ թե. "Դե ասեք, ձեր պատճառով է, էլի, որ հանցագործների թիվն աճում է: Փաստորեն, լսել են ձեր սննդի համբավն ու պետության հաշվին ռեստորան են գալիս...":

15. ՀՀ բանկերի ասոցիացիայի անդամների հետ հանդիպում էր: Ասոցիացիայի նախագահ Ստեփան Գիշյանն ասաց, թե ուզում են ԿԲ-ի հետ համագործակցության շրջանակում արտագնա նիստեր կազմակերպել: Նախագահն ընդմիջեց. "Գիշյան, էդ արտագնան քեֆ-ուրախությո՞ւնն է...":

16. Նույն հանդիպմանը Ստեփան Գիշյանը խոսում էր ԿԲ-ի հետ համագործակցությունը սերտացնելու ասոցիացիայի մտադրության մասին եւ այդ ուղղությամբ տարբեր մտահղացումներ ներկայացնում: Նախագահն ասաց. "Չէ, չէ, էդքան չքիփանաք, թե չէ հիմա էլ ձեզ իրարից հեռացնելու գլխացավանքի մեջ ենք ընկնելու...":

17. Գարնանային ծառատունկ էր "Հաղթանակ" զբոսայգում: Նախագահը խնամքով տնկում էր իր բաժին ծառը: Կողքին կանգնած էին պաշտոնյաներ, այդ թվում եւ քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Նախագահը աշխատանքի միջից գլուխը մի պահ բարձրացրեց, նայեց քաղաքապետին ու թե "Դե լավ է, էլի°, Երվանդ, մենք ծառ տնկենք, այգի գցենք, դու հետո տաս սրճարանների տակ...":

18. Նույն ծառատունկի ժամանակ Ռազմիկ Դավոյանը կողքից ուղղություն տվեց Նախագահին` տնկին մի քիչ աջ, թե ձախ թեքելու համար: Նախագահը մեջքը շտկեց ու թե. "Ռազմի՛կ, չորս տարի խորհրդական էիր` մի խորհուրդ չտվիր, հիմա° ես տալիս...":

19. Քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցություն էր: Երբ անդրադարձ եղավ "Մեկ պատուհանի" համակարգի ներդրմանը, որի մասին խոսվել էր նաեւ նախորդ երկու խորհրդակցությունների ընթացքում, պարզ դարձավ, որ դեռ էլի ժամանակ է պետք, որպեսզի այն լիարժեք գործի: Նախագահը դարձավ դեպի զեկուցողը. "Ես չհասկացա, հիմա դուք քանի° պատուհան եք ներդնում, որ էսքան երկար է տեւում...":

20. Բանկիրների հետ հանդիպում էր: Նրանք սկսեցին դժգոհել ստվերի պատճառով տնտեսության բանկայնացման աստիճանի ցածրությունից: Հետո էլ սկսեցին գանգատվել փողերի լվացման դեմ պայքարի մասին օրենքից, ասելով, թե բանկերը հաճախորդին գումարների ծագման մասին մանրամասն քննելու պատճառով շատ հաճախորդ են կորցնում: Նախագահը թե. "Ձեզ էլ հասկացանք. էդ երբ տնտեսության ստվերի մասին է խոսքը, լավ բողոքում եք, բայց երբ ձե՛ր ստվերի մասին է` ոչինչ, հա°...":

21. 2005-ի տարեվերջյան ավանդական հանդիպումն էր գործարարների հետ: Կրկին անդրադարձ եղավ տնտեսության ստվերին: Նախագահը խոսում էր տարբեր ճյուղերում առկա վիճակի մասին. "Օրինակ, որ նայում ես ներմուծված ու այստեղ արտադրված կոշիկների ընդհանուր քանակին ու դա համեմատում մեր բնակչության թվի հետ` ստացվում է, որ էս ժողովրդի կեսը ոտաբոբիկ է...":

22. Բանկիրների հետ հանդիպում էր: Դժգոհեցին, որ թերթերը գրում են, թե բանկերն էժան վարկ են ներգրավում եւ թանկ վարկավորում, որ լրագրողները հաշվի չեն առնում բազմաթիվ հանգամանքներ, որոնցով պայմանավորված են տոկոսադրույքները եւ բացասական կարծիք ստեղծում վարկավորման գործընթացի շուրջ, դրանով խանգարում նոր վարկառուների ներգրավմանը: Նախագահն ասաց. "Էս որ ութ տարի է իմ դեմ գրում են` ո°նց եմ անում, դե հա՛մ կարդացեք, հա՛մ աշխատեք է~...":

23. 2006-ի մայիսին Եղեգնաձորի Գնդեվազ գյուղում մեծ ջրագծի բացման արարողությանը Նախագահին դաշույն նվիրեցին: Դրանից առաջ էլ Կրասնոդարի երկրամաս այցի ժամանակ տեղի հայ համայնքը սուր էր նվիրել: Նախագահը նվերը տնտղելով` բարձր մտմտաց. "Էս բոլորդ Նախագահին զինում եք: Չեմ հասկանում, թե ի°նչ եք ակնարկում...":

24. 2006թ. Մշակույթի գործիչների մրցանակաբաշխությունից հետո Նախագահը զրուցում էր նրանց հետ: Հարցրեց, թե ինչո°ւ անկախության 15-ամյա պատմությունը, հաղթանակները չեն արտացոլվում մեր կինոյում եւ մշակույթի այլ ճյուղերում: Օրինակ բերեց, որ խորհրդային տարիներին 2-րդ աշխարհամարտի ներկայացվածությունն արվեստում ամենուր էր: Ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցն ասաց. "Պարոն Նախագահ, այն ժամանակ, ախր, պետությունը պատվեր էր տալիս": Նախագահը հոնքերը վեր բարձրացրեց ու թե. "Էլի° ե՛ս մեղավոր դուրս եկա...":

25. Նույն հանդիպմանը դերասանուհի Նելլի Խերանյանը խոսում էր այն մասին, որ ոչ երիտասարդ դերասանները թատրոնների հաստիքացուցակներում կան, բայց դերեր չունեն, որ խաղան: "Պարոն Նախագահ, օրինակ` ես, երեսուն..." ու կարճ դադար տալով` միտքը շարունակեց նոր նախադասությամբ. "Այդ դերասանները դեռ ստեղծագործական բարձունքում են, բայց դեր չկա, նրանց որ կրճատեն` ու°ր գնան, ինչո°վ զբաղվեն": Նախագահը դեմքի լուրջ արտահայտությամբ ընդմիջեց դերասանուհուն. "Նելլի, քի՛չ մնաց տարիքդ ասեիր, հա...": 

26. 2006թ. լրագրողների մրցանակաբաշխության արարողությունից հետո Նախագահը նրանց անկաշկանդ եւ արդյունավետ զրույցի հրավիրեց` ասելով, որ ուրախ կլինի առկա խնդիրների վերաբերյալ նաեւ կոնկրետ առաջարկներ լսելու: Ինչպես որ շատ հայկական նմանատիպ հավաքույթներին է հատուկ, խոսեցին ընդհանուր, էմոցիոնալ: Պարգեւատրվածների շարքում կային նաեւ ազգությամբ քուրդ եւ եզդի լրագրողներ: Նրանք Նախագահին դիմեցին անձնական խնդրանքներով: Նախագահը խոստացավ օժանդակել եւ տեղում հանձնարարական տվեց օգնականին: Հանդիպման ավարտին Նախագահը նկատեց. "Փաստորեն, ձեր միջից ամենակոնկրետն ու արդյունավետը ձեր քուրդ եւ եզդի գործընկերնե՛րը դուրս եկան...":

27. Նախագահական ընտրարշավ էր: Ծովագյուղում հանդիպման ժամանակ Նախագահը զրույցի բռնվեց գյուղացիներից մեկի հետ: Թեման Սեւանն ու ձուկն էր: Նախագահը գյուղացուն խոստացավ միասին ձուկ բռնելու գնալ: Ոգեւորված ծովագյուղցին էլ թե. "Աչքիս վրա, Նախագահ ջան, կգնանք դինամիտով կբռնենք": Ռոբերտ Քոչարյանն ասաց. "Չէ, չէ, ախր դինամիտով չի՛ կարելի, արգելվա՛ծ է": Գյուղացին զարմացած բացականչեց. "Վա՛հ, Նախագահ ջան, դու որ հետս եղար, արգելվածը ո°րն է, ո°վ կարա բան ասի...": Ներկաների հուժկու ծիծաղի ներքո Նախագահը վրա բերեց. "Դե լավ, լավ, առանց Նախագահի էլ եք բռնում ու արգելող էլի չկա...":

28. Լրագրողների հետ ոչ պաշտոնական հանդիպում-հյուրասիրություն էր Սեւանում: Դա Ռոբերտ Քոչարյանի առաջին նախագահության շրջանում էր, կոնյակի գործարանի վաճառքի թոհ ու բոհից հետո: Լրագրողներից գրեթե ոչ-ոք կոնյակը չգերադասեց: Կոնյակի բաժակը ձեռքին` Նախագահը հայացք ձգեց նրանց ու թե. "Էսպես էլ բան կլինի°. համ մեջներդ կոնյակ խմող չկա, համ էլ ինձ էդքան քննադատում էիք գործարանի վաճառքի համար, երբ որ կոնյակ խմողը ես եմ...":  

29. 2006թ մայիսի 28-ին Սարդարապատի ավանդական տոնախմբությանը մի տարեց գյուղացի նամակը ձեռքին մոտեցավ Նախագահին եւ ուզում էր այն առձեռն հանձնել: Երբ անվտանգության աշխատակիցները փորձեցին նրան կողմնորոշել օգնականի ուղղությամբ, գյուղացին ձայնը բարձրացրեց, թե` էս ինչ բան է, չեք թողնում էս մարդուն մի բան ասեմ: Նախագահը շրջվեց ձայնի ուղղությամբ, մոտեցավ տարեց մարդուն, ձեռքերը դրեց նրա ուսերին ու հանդարտ հարցրեց, թե ինչն է բանը: Լսեց խնդիրը ու նամակը վերցրեց ձեռքից: Հետո էլ խմեց գյուղացու` թերմոսից հյուրասիրած գինին: Անվտանգության աշխատակիցները լարվեցին` ով գիտե` գինին ի°նչ էր, ո°նց էր...

Տոնական համերգի ժամանակ արեւելյան մարտարվեստի դպրոցի փոքրիկ սաները պար-ճակատամարտ բեմադրեցին ու ավարտին մոտեցան Նախագահին: Նա գրկեց-ուսերին դրեց երկու փոքրիկի ու այդպես գնաց մտավ երեխաների խմբի մեջ ու լուսանկարվեց: Լրագրողները նկատել էին Նախագահի ընդգծված բարձր տրամադրությունը ու ճեպազրույցի ժամանակ այդ մասին ինչ-որ հարց եղավ: Նախագահը կատակեց. "Ինչ արեց` էն բիձու տված գինի՛ն արեց...": 

30. Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանի նորանշանակ դեսպաննն իր հավատարմագրերն էր հանձնում Նախագահին: Դեսպանը վրացական տարազով էր` կողքից էլ դաշույն կախած: Զրույցի ավարտին դեսպանն ուզում էր հուշանվեր հանձնել, բայց պայուսակի փականը չէր բացվում: Անհարմարորեն ձգվող պահը Նախագահը հումորով հարթեց. "Պարոն դեսպան, իսկ Դուք դաշույնո՛վ փորձեք, դաշույնո՛վ...": Բանը դաշույնի չհասավ` փականը տեղի տվեց:

31. Մարզային այցերից մեկի ժամանակ մեծ թվով լրագրողների մասնակցությամբ ասուլիս էր: Մինչ սկսելը` վերջին պահին, հիշեցի, որ իմ ձայնագրիչը չեմ դրել, որպեսզի հետո պաշտոնական կայքի համար տեղեկատվություն պատրաստեմ ու ուշացած լրագրողների հետ մոտեցա, որ ձայնագրիչս դնեմ: Արդեն ներածական խոսք ասել պատրաստվող Նախագահը դարձավ ինձ. "Չհասկացա, էս հիմա դու ի°մ թիմից ես, թե° իրենց...":

32. 2006-2007թթ. Ամանորյա ընդունելություն էր լրագրողների համար: Ավանդույթի համաձայն` Նախագահը մոտենում էր բոլորին, սեղան առ սեղան շնորհավորում, զրուցում: Հերթական սեղանի մոտ խոսքի բռնվեց Հանրապետության գլխավոր Ոզնու հետ: Արամայիս Սահակյանը ոզնիաբար մի քիչ "կսմթեց" Նախագահին: Հետո, երբ նա խոսք բացեց "Ոզնի" հանդեսի այդ տարի նշվելիք 50-ամյա հոբելյանի մասին, Նախագահը "հավասարեցրեց" հաշիվը. "Արամայիս, իմ իմանալով` ոզնին շա՜տ-շա՜տ` տասը տարի կարող է ապրել, հիմա դու էդ ինչ հիսունամյակից ես խոսում...": 

33. 2007թ. դեկտեմբերն էր: Նախագահական նստավայրում տեսագրվելու էր Ռոբերտ Քոչարյանի` նախագահի պաշտոնում վերջին ուղերձը: Նախորդ տարիներին հաճախ էր անհրաժեշտ եղել ինչ-որ վրիպակի պատճառով ուղերձը նորից տեսագրել: Դե, օբյեկտիվի առաջ լարվելը բոլորին է հատուկ, լինի նախագահ, թե հենց լրագրող: Այնպես որ, կարծում էինք, թե մեկ անգամով դժվար թե ստացվի:
 
Նախագահն աշխույժ քայլերով ներս մտավ, բարեւեց ու դարձավ նկարահանող խմբին` դե ասեք, ինչ եմ անում, ոնց եմ անում: Ամեն ինչ պատրաստ էր, երբ ռեժիսորն ասաց, որ լուսարձակների ներքո Նախագահի ճակատը փայլում է եւ պետք է մի թեթեւ շպարել: Շտապ "պեղված" դիմափոշու տուփը ձեռքիս մի քիչ տատանվելով մոտենում էի, Նախագահը ծիծաղեց, թե. "Արի՛, արի՛, գնացող Նախագահ եք գտել, պուդրա էլ կքսեք, բա ինչ կանեք..." 

Ռոբերտ Քոչարյանն ուղերձը կարդաց մեկ փորձով ու շատ լավ ստացվեց: Երբ ասացին, որ ամեն ինչ լավ էր, թե° խոսքի տեմպը, թե հստակությունը, եւ որ դա նրա լավագույն ուղերձն էր, դարձավ մեզ ու թե. "Այ էսպես է, էլի. մարդ մինչեւ մի բան սովորում է լավ անել, արդեն գնալու ժամանակն է լինում...":

|
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: