Առագաստանավային ակումբ ՍԵՎանում
Լինսի հիմնադրամը Հայաստանում
Նոր Երևան

Նոր ԵրԵՎան

Մայրաքաղաքի և կենտրոնական փողոցների վերակառուցման նպատակով հատկացվել է 14 միլիոն դոլար, որով նորոգվել է 700 հազար քառակուսի մետր մակերեսով ասֆալտբետոնյա ծածկ: Դրանցից կարելի է հիշատակել Մաշտոցի և Արշակունյաց պողոտաները, Բաղրամյան, Աբովյան, Սայաթ - Նովա, Թումանյան, Խանջյան, Նալբանդյան, Ամիրյան և այլ փողոցներ: Որոշ փողոցներում վերականգնվեցին նաև կոմունիկացիոն գծերը` ջրի, կոյուղու, գազի խողովակներ, էլեկտրագծեր: Ամբողջովին նորացվել է փողոցային լուսավորությունը: Խաչմերուկներում տեղադրվել են նոր լուսակիրներ:

Հիմնովին վերակառուցվել է Երևանի Հանրապետության հրապարակը: Հրապարակի ներքին շրջանը և մայթերը պատվել են հայկական տարբեր քարատեսակներով: "Հաղթանակ" կամրջի շարունակության հատվածում, Մյասնիկյանի արձանի դիմաց, կառուցվել է եռանկյունաձև նոր հրապարակ:

Իրականացված բոլոր աշխատանքների ծավալները, որակը, կատարման ժամկետները եղել են մշտական վերահսկողության ներքո: "Լինսի" հիմնադրամի կառավարման խորհրդի հայաստանյան գրասենյակի, ծրագրերի իրականցման գրասենյակների, շինարարական աշխատանքները վերահսկող կազմակերպությունների, նախագծերի հեղինակների և պետական մարմինների կողմից արվել է ամեն ինչ զերծ մնալու համար չարաշահումներից, ֆինանսական միջոցների վատնումներից:

Բոլոր շինարարական ընկերությունները, շինարարական աշխատանքների տեխնիկակն վերահսկման կազմակերպությունները ընտրվել են հրապարակային մրցույթներով: Մրցույթների մասին նախապես հայտարարվել է հանրապետական մամուլում: Անհրաժեշտության դեպքում հայտարարվել է միջազգային մրցույթ: Մրցույթների արդյունքում հաղթող են ճանաչվել նվազագույն գնային առաջարկություն ներկայացրած շինարարական ընկերությունները:

Ընդամենը երկու տարվա ընթացքում կատարվել է Հայաստանի համար աննախադեպ ծավալի աշխատանք` 150 միլիոն դոլարի շինարարություն: Աշխատանքի որակը որպես կանոն ունեցել է բարձր մակարդակ: Ցածրորակ աշխատանքի դեպքում շինարարական կազմակերպությունը չի վարձատրվել մինչև իր կողմից թերությունների վերացումը: Անհրաժեշտության դեպքում շինարարական աշխատանքների պայմանագրերը դադարեցվել են, այդ շինարարական ընկերությունների նկատմամբ կիրառվել են ֆինանսկան պատժամիջոցներ, և անավարտ մնացած շինարարական աշխատանքների համար հայտարարվել են նոր մրցույթներ:

Մինչ որևէ կառույցի շինարարության ավարտը շինարարական ընկերությունը վարձատրվել է պայմանագրի արժեքի 90 տոկոսի չափով: Աշխատանքն ամբողջությամբ ավարտելուց, որակը ստուգելուց և պետական հանձնաժողովին հանձնելուց հետո շինարարական ընկերությանը վճարվել է ևս 5 տոկոսի չափով, իսկ վերջին 5 տոկոսը վճարվելու է տվյալ կառույցը մեկ տարի շահագործելուց հետո:

Խոստում ի կատար

Իրականացված ծրագրեր

Երևանն ավելի քան կես տասնամյակ հսկայական շինհրապարակ էր հիշեցնում: Հաղթանակի զբոսայգուց կամ Նորքի բարձունքից քաղաքին նայելիս, աչքի էր զարնում բարձրաբերձ շինարարական կռունկների եռուզեռը, որը մի պահ Խորհրդային խաղաղ ու շինարար տարիների հուշն էր արթնացնում: Սակայն, ի տարբերություն խորհրդային տարիների, նորօրյա Երևանը կառուցվում էր բարձր որակով ու ճարտարապետական ազգային դիմագծով: Առավոտից մինչև երեկո բեռնատարները շինանյութ էին կրում մայրաքաղաք: Երևանցիները անհարմարություններից չէին դժգոհում ոչ միայն այն պատճառով, որ գրեթե յուրաքանչյուր ընտանիքից շինարարության մեջ աշխատատեղ ունեցող գոնե մի անդամ կար, այլ  որովհետև հասկանում էին, որ այդ անհարմարությունները ժամանակավոր են: Չէին դժգոհում, որովհետև տեսնում էին մայրաքաղաքի օր-օրի գեղեցկանալը: Տեսնում էին ու հասկանում, որ երկրի նախագահը իրականություն է դարձնում Երևանը եվրոպական լավագույն մայրաքաղաքներից մեկը դարձնելու իր խոստումը:

***

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

Հանրապետության հրապարակի քայքայված ասֆալտի տակից տեղ-տեղ արդեն խոտ էր բուսնում` որպես նախատինք ու ամոթանք: Պատեհ կամ անպատեհ առիթներով Երևանի գեղեցկությամբ հպարտացողներս մոռանում էինք, որ մեր մայրաքաղաքի թերևս ամենահաճախելի ու մարդաշատ վայրը հենց Հանրապետության հրապարակն է: Հրաշք ճարտարապետական կոթողներով շրջանակված հրապարակին այևս վայել չէր կամաց-կամաց արոտավայր հիշեցնող հարթահատակը: Այն արդեն նույնիսկ հարթ էլ չէր: Այսօր այդ հարթահատակի ակնահաճո ու բարձրարվեստ մոզաիկային նայելիս դժվար է հավատալ, որ երկար տարիներ հանդուրժել ենք նրա անխնամ ու տհաճ տեսքը: Իսկ առաջին անհունդուրժողը երկրի առաջին դեմքը եղավ: Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախանձախնդրության շնորհիվ Հանրապետության հրապարակի վերակառուցումն ընդգրկվեց "Լինսի" հիմնադրամի միջոցներով իրականացվող շինարարական ծրագրի մեջ և ունեցանք այն, ինչ հիմա ունենք: 

***

ԵՐԵՒԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐ

Էներգետիկ ճգնաժամի տարիներից էր քաղաքին ժառանգություն մնացել քայքայված ասֆալտով փողոցները: Չմաքրվող ձյունը տարիներ շարունակ իր սև գործն արել էր: Եվ եթե մայրաքաղաքի ծայրամասային փողոցները մասնակի վերանորոգումներով դեռ կարելի էր հանդուրժել, ապա կենտրոնում այդ վիճակնն անընդունելի էր: Այդ էր պատճառը, որ Երևանի կենտրոնի 17 փողոցների հիմնանորոգումն ընդրկվեց "Լինսի" հիմնադրամի "Երևանի փողոցներ" ծրագրի մեջ: Հատկացված 14 միլիոն դրամի շրջանակներում նորոգվեց շուրջ 700 հազար քառակուսի մետր ասֆալտ-բետոնե ծածկ: Փողոցների մեծ մասում նախապես նոր ջրագծեր, կոյուղի, գազատար խողովակներ տեղադրվեցին: Բայց նորոգված փողոցը չէր նշանակում միայն նոր ասֆալտ: Բոլոր 17 կենտրոնական փողոցներում նորոգվեց նաև լուսավորման համակարգը, խաչմերուկներում նոր լուսակիրներ դրվեցին:

***

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ

Մեծ հայն ու ճարտարապետը` Ալեքսանդր Թամանյանը, Հայաստանի նոր մայրաքաղաքը կերտեց գրեթե ոչնչից: Սակայն հանկարծահաս հիվանդությունն ու մահը մեծ թվով  ծրագրեր թողեցին անկատար: Դրանցից գլխավորն անշուշտ Հյուսիսային պողոտայի տեսիլքն էր ու երազանքը: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում գործելաոճին հատուկ էին լայնամասշտաբ ծրագրերը, թափը կամ մեծ վրձնահարվածները, մասնագետների հետ բամաթիվ խորհրդակցություններից հետո հայտարարեց, թե Հյուսիսային պողոտայի շինարարությունը շատ շուտով կսկսվի: Այսօր, թեև չկան դեռ, անավարտ են նախատեսված կանաչ ծառուղին ու շատրվանները, այնուհանդերձ Հյուսիսային պողոտան իրողություն է և վաղուց է դարձել Երանցիների ու մայրաքաղաքի սիրելի վայրերից մեկը:

***

ՍԱՐԱԼԱՆՋԻ ՃԱՆԱՊԱՐՀ

Ամեն անգամ պաղ ջուր խմելով ու հագեցնելով ծարավը` անցորդը փառք է տալիս աղբյուր կառուցողին: Ճիշտ այդպես մեր վարորդներն ու պարզապես ուղևորներն են փառք տալիս Սարալանջի ճանապարհը կառուցողներին, որովհետև չեն կարող մոռանալ մշտական խցանումները, շոգն ու ցուրտը, անեծքներն ու հայհոյանքները, ի վերջո` կորցրած թանկ ժամանակը: Վթարները, վառելիքի ավելորդ ծախսն ու օդի աղտոտվածությունն էլ ձեզ "նվեր": Երևանի կենտրոնը շրջանցող և մայրաքաղաքի տարբեր հատվածներն իրար մոտեցնող Սարալանջի ճանապարհի կառուցումը սկզբում փոքր ինչ արկածային էր թվում: Անգամ մասնագետների համար էր անիրական թվում: Սակայն նախագահ Ռոբերտ Քոչարյանը գիտեր այդ ճանապարհի ողջ նշանակությունն ու արժեքը և աներեր մնաց իր որոշման մեջ: Սարալանջի ճանապարհը կառուցվեց թեև կարճ ժամկետում, բայց միջազգային բարձրորակ մակարդակով: Այսօր էլ այն գործում է անխափան, և այդ ճանապարհով երթևեկողների օրհնանքի ու երախտագիտության շշունջները դեռ չեն մարել:

***

Շնորհիվ "Լինսի" հիմնադրամի, որի ստեղծման նախաձեռնողները հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանն էին, Երևանն աստիճանաբար հրաժարվում էր մութ ու ցուրտ տարիներից ժառանգություն մնացած իր մռայլ ու կիսավեր պատկերից:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: