Հայ-ռուսական հարաբերությունները ստանում են նոր որակ
Տնտեսական համագործակցություն Ղազախստանի հետ
10 Սեպ 2011  
10.09.2011  |  15:19   |   Թերթեր և ամսագրեր

Նոր հեռանկարներ հայ-վրացական հարաբերություններում

Արտաքուստ թվում է, թե վերջին տարիների ընթացքում հայ-վրացական հարաբերությունները կառուցվել են փոխադարձ տարակարծությունները մեղմելու եւ տրանսպորտային-կոմունիկացիոն խնդիրները հարթելու "օպերատիվ աշխատանքների" ռեժիմի մեջ: Ավելին` ինչպես Հարավային Օսիայի շուրջը ստեղծված կացության, այնպես էլ Ջավախքում ստեղծված իրավիճակի պատճառով առաջ են եկել փոխադարձ անվստահության նորանոր առիթներ: Սակայն նման տպավորությունը բխում է ստեղծված կացության խիստ մակերեսային գնահատականից:
   
Իրականում վերջին տարիներին, այնպես էլ մանավանդ նախագահ Մ.Սահակաշվիլու պաշտոնավարման ընթացքում, հայ-վրացական հարաբերությունների դրական, կառուցողական բովանդակությունը անշեղ ընդլայնման միտումներ է դրսեւորել: Պատճառն ակնհայտ է. կողմերը կարողացել են երկկողմ շահերը տարանջատել երկու երկրների արտաքին-քաղաքական հայտնի նախապատվություններից եւ անընդհատ ընդառաջ գնալ մեկը մյուսին՝ դիմացինին հուզող խնդիրների լուծման գործում: Արտաքուստ ոչ միշտ տեսանելի ձեռքբերումների այդ հանրագումարը ներկայումս հետագա ամրապնդման ու կոնկրետացման կարիք է զգում:
   
Հայ-վրացական երկխոսության խորացումը կարող է նպաստել ոչ միայն սոսկ այնպիսի ընթացիկ քաղաքական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը, ինչպիսիք են ներկայումս ռուս-վրացական Վերին Լարս եւ վրաց-օսական Էրգնեթի սահմանային անցակետերում կարգ ու կանոնի հաստատմանը, վրացական նավահանգիստներով հայկական բեռների փոխադրման ծավալների մեծացմանը կամ գալիք ձմռանը Վրաստանին էլեկտրաէներգիա մատակարարելուն, այլեւ համատեղ ջանքերով անցնելու ավելի լուրջ ու հեռանկարային ծրագրերի իրականացմանը: 
   
Ներկայումս Ռուսաստանը կենսական շահագրգռություն է դրսեւորում Մերձավոր եւ Միջին արեւելքի շուկաներ թափանցելու համար երկաթուղային հաղորդակցության ուղիներ ունենալու հարցում: Այդ նպատակով աշխատանքներ է ծավալում Սեւ եւ Կասպից ծովերի վրայով ու Ադրբեջան-Իրան գծով կոմունիկացիաներ հաստատելու համար: Սակայն Վրաստանը, ունենալով Ռուսաստան մուտք գործող երկաթուղի, Աբխազիայի խնդրի պատճառով շարունակում է դուրս մնալ նման ծրագրերից` նրանցից դուրս դնելով նաեւ իր հարեւան Հայաստանին: Ռուս-վրացական տնտեսական փոխգործակցության ընդհանուր բանաձեւը գտնելու հարցում Հայաստանը կարող է խաղալ շահագրգիռ միջնորդի դեր, նպաստել այդ խնդիրը մեռյալ կետից շարժելու գործին, որն իր հերթին կարագացնի նաեւ քաղաքական հիմնահարցերի կարգավորումը:
   
Հայաստանը կարող է նաեւ նպաստել Վրաստանի տնտեսության մի շարք ճյուղերի զարգացմանը, եթե Վրաստանը, իր հերթին գիտակցելով այդ հանգամանքը, Սփյուռքի եւ Հայաստանի հնարավորությունները ներգրավի ներկայումս լայն թափով ծավալվող իր նավահանգիստների եւ մի շարք ձեռնարկությունների սեփականաշնորհման գործընթացների մեջ:
   
Նոր հեռանկարներ են բացվում նաեւ Եվրամիության, ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի հետ երկու երկրների համագործակցության խորացման ասպարեզում, որտեղ Վրաստանի ներկա դերակատարությունը կարող է է՛լ ավելի մեծանալ, եթե ձեւավորվի հայ-վրացական ընդհանուր շահերի դաշտ, մանավանդ Եվրամիության "Նոր հարեւաններ-ընդլայնված Եվրոպա" ծրագրի շրջանակներում: Նման ընդհանրության հիմքում պետք է աստիճանաբար դրվի Հարավային Կովկասի քրիստոնյա երկու երկրների շահագրգռությունը՝ հեռանկարում Եվրամիությանը ինտեգրվելու հարցում: Եթե այդ կարեւոր ասպարեզում Վրաստանն ու Հայաստանը կարողանան մշակել ընդհանուր մոտեցումներ, ապա հեռանկարում Եվրոպան նրանց կարող է համարել լուրջ այլընտրանք՝ ներկայումս ԱՄՆ-ի կողմից իր վզին փաթաթվող Եվրամիություն Թուրքիային ընդունելու հեռանկարին:
   
Նման ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի շուրջ կողմերի դիրքորոշումների աստիճանական մերձեցման խնդիրը ամենեւին էլ չի նշանակում, որ Հայաստանը ցանկություն ունի սեպ խրել Վրաստան-Թուրքիա կամ Վրաստան-Ադրբեջան հարաբերությունների մեջ: Սակայն նրանց ներկա միակողմանի ուղղվածության հաղթահարումը կարող է նպաստել որոշակի բալանսի ձեւավորմանը ինչպես Թուրքիայի ու Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի ու Հայաստանի հետ Վրաստանի փոխգործակցության մեջ:
   
Դա բխում է ոչ միայն Հայաստանի առջեւ կանգնած ինչ-ինչ ընթացիկ խնդիրների լուծման անհրաժեշտությունից, այլեւ հենց իր՝ Վրաստանի հեռանկարային ռազմավարական շահերի հաշվառումից, որոնք պահանջում են հակակշիռների որոշակի համակարգի ձեւավորման միջոցով խուսափել Վրաստանի միջոցով միասնական պետության վերածվող Թուրքիայից ու Ադրբեջանից միակողմանի կախման մեջ ընկնելու հեռանկարից:
   
Նման ընդհանուր ռազմավարական հեռանկարները կարող են հզոր ազդակ դառնալ երկու երկրների լայն ու բազմակողմանի համագործակցության ծավալման համար:

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
www.armworld.am

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԽՈՒԹԵՐ ՉԿԱՆ

Հայ-վրացական ճանապարհներին թե՛ միջպետական, տնտեսական հարաբերությունների առումով, թե՛ ուղիղ իմաստով, ըստ էության, խութեր, այլեւայլ խոչընդոտներ չկան, իսկ եղած հարցերն էլ միանգամայն լուծելի են՝ դարավոր հարեւանների երկուստեք բարյացակամության եւ փոխըմբռնման մթնոլորտում։ 

Հնարավորինս դիպուկ եւ հակիրճ թերեւս այսպես կարելի է բնորոշել Հայաստանի ու Վրաստանի ղեկավարների ինչպես առանձին, այնպես էլ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումների ոգին ու քննարկման բովանդակությունը։

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկ սկսված պաշտոնական այցը Վրաստան նման մակարդակով նախորդ շփումներից տարբերվում է նախ եւ առաջ նրանով, որ մեր պետության ղեկավարն այս անգամ հարեւան երկիր մեկնեց ավտոմեքենայով։ Ու պաշտոնական դիմավորման արարողությունն էլ տեղի ունեցավ Բագրատաշենի սահմանակետից ոչ հեռու, Հայաստանի այդ բնակավայրը վրացական Սադախլոյին կապող սահմանային կամուրջի մ
ոտ, պարզ է՝ սահմանի վրացական մասում։ 
   
Իսկ այն, որ մի երկրի ղեկավար հարեւան գործընկերոջ հրավերին արձագանքելով, պաշտոնական այցով նրան հանդիպելու է գնում ավտոմեքենայով, բարեկամական հարաբերությունների յուրօրինակ դրսեւորում է։ Ճիշտ է, սա նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջին պաշտոնական այցը չէ Վրաստան (թեպետ, առաջինն է Մ.Սահակաշվիլու նախագահ դառնալուց հետո), սակայն Հայաստանի ղեկավարն էլ համատեղ մամուլի ասուլիսում ընդգծեց. "Յուրաքանչյուր այց չափազանց կարեւոր է, նկատի ունենալով մեր հարաբերությունների ընդարձակ օրակարգը, որը հղկված է եւ տարեց տարի ընդլայնվում է"։
   
Նշենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայ-վրացական սահմանային կամրջի վրա Հայաստանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին, ինչպես ասուլիսում նշեց` "վաղուց վրաց ժողովրդի շատ լավ բարեկամին", դիմավորելու եկավ ուղղաթիռով, որը ժամանակին Գերմանիայի կանցլերն էր նվիրել Շեւարդնաձեին։ Նույն ուղղաթիռով էլ Ռոբերտ Քոչարյանը եւ Միխայիլ Սահակաշվիլին մեկնեցին Թբիլիսի։
   
Նախագահների առանձնազրույցին եւ ընդլայնված կազմով բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում Մ.Սահակաշվիլին հենց այդ յուրօրինակ երթուղուց էլ սկսեց իր խոսքը. "Այսօր Ռ.Քոչարյանի հետ որոշեցինք անցնել այն երթուղով, որն ամեն օր հատում են տասնյակ հազարավոր հայեր եւ վրացիներ։ Ես որոշեցի իմ ընկերոջը դիմավորել սահմանի վրա, եւ մեկ անգամ եւս հայտնաբերեցի, թե մեզ որքան մոտիկ է Հայաստանը։ Այդ թռիչքն ավելի կարճ տեւեց, քան Թբիլիսիում օդանավակայան հասնելը։ Ուստիեւ մենք երբեմն մոռանում ենք այդ հեռավորությունների մասին"։
   
Ընդհանրապես երեկ նախագահների համատեղ ասուլիսում գերակշռողը ճանապարհների եւ հաղորդակցության ուղիների թեման էր, ամենատարբեր շեշտադրումներով, սկսած Վերին Լարսի երեկ վերաբացված սահմանային ռուս-վրացական անցակետից, վերջացրած Ջավախքը Վրաստանի մյուս շրջաններին, մայրաքաղաք Թբիլիսիին միացնող ժամանակակից մայրուղի կառուցելու մասին Վրաստանի նախագահի խոստումով։ Սակայն, ըստ հերթականության ամենի մասին։
   
Ռոբերտ Քոչարյանը նախ հայտնեց, որ Միխայիլ Սահակաշվիլու հետ քննարկել են հայ-վրացական փոխգործակցության կոնկրետ հարցեր, հիմնական շեշտադրումը կատարելով տնտեսական խնդիրների վրա, մասնավորապես տրանսպորտի, էներգետիկայի ոլորտների, մաքսային հարաբերությունների, ոստիկանական կառույցների փոխգործակցության, օրենսդրությունների ունիֆիկացման առումներով։ "Հուսով ենք, այս երկու օրվա ընթացքում մեր պատվիրակությունները կաշխատեն միմյանց հետ եւ մինչեւ վերադարձը առաջադրված բազում հարցեր կամ պատասխաններ կունենան, կամ պարզ կլինի, թե ինչ ենք անելու հաջորդ քայլերով։ Կցանկանայի նշել, որ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացմանը զուգընթաց, մեր հարաբերություններում որոշակիությունն ավելացել է։ 
   
Նշեմ նաեւ, որ Վրաստանի ճանապարհներին կարգուկանոնն ավելացել է, ինչի մասին խոսում է մեր բիզնեսը Հայաստանում։ Եւ մեր մաքսային ծառայության գլխացավանքն էլ է նվազել` Վրաստանից մաքսանենգ ապրանքների ներհոսքի տեսանկյունից։ Զգում ենք նաեւ, որ Վրաստանում գործադիր իշխանությունը վերահսկում է իրավիճակը։ Եւ երկրում առաջընթացը զգալի է։ Ու դա մեզ ձեռնտու է",- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
   
Մ.Սահակաշվիլին եւս ջերմ արտահայտվեց. "Կարծում եմ, շատ լավ հանդիպում ունեցանք։ Երկկողմ հարաբերությունների հարցերի ողջ սպեկտրի վերաբերյալ մենք գործնականում փոխըմբռնում ունենք։ Մենք միշտ օգնության ենք հասնում մեկս մյուսին, երբ դա շատ անհրաժեշտ է։ Օրինակ՝ վերջերս, երբ դիվերսիա տեղի ունեցավ մեր էներգամատակարարման հիմնական գծերում, Հայաստանը արագորեն արձագանքեց մեր խնդրանքին եւ սկսեց էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան։
   
Մենք կցանկանայինք պարզեցնել մաքսային ու սահմանային անցման ընթացակարգերը։ Բոլորը նկատում են, որ էապես բարելավվել է մաքսանենգության դեմ պայքարի իրավիճակը։ Վրաստանից արդեն քիչ մաքսանենգ ապրանք է անցնում Հայաստան, որովհետեւ Վրաստանը սկսեց վերահսկել այդ հոսքը։ 
   
Մի խոսքով, բոլոր հարցերը, որ պետք է լուծվեն երկու եղբայրական երկրների միջեւ, մենք լուծում ենք եղբայրաբար, ընկերաբար, արագ եւ արդյունավետ։ Եւ դրա համար ես շատ շնորհակալ եմ Հայաստանի նախագահին։ Մեր միջեւ ձեւավորվել են շատ լավ, բարեկամական հարաբերություններ եւ փոխըմբռնում"։
   
Այ, եթե միայն նույնքան արագ լուծվեր հարավ-օսական ու վրացական վարչական սահմանի վրա լռված-մնացած մեր հայրենակիցների հարցը, շատ ավելի լավ կլիներ։ Հստակեցնենք, որ Հայաստանի նախագահի պաշտոնական այցի նախօրեին այդ խնդիրը եւս կարգավորվեց վրացական իշխանությունների կողմից։ Ի դեպ, նման իրավիճակ ստեղծվել էր Վերին Լարսի փակման հետեւանքով։ Իսկ երեկ ռուս-վրացական այդ անցակետը վերաբացվեց։ Այս առնչությամբ վրաց լրագրողներից մեկը հետաքրքրվեց Ռոբերտ Քոչարյանից, թե պատահակա՞ն էր արդյոք զուգադիպությունը Հայաստանի եւ ՌԴ նախագահների նախօրեի հեռախոսազրույցի եւ այդ անցակետի բացման մասին ռուսական կողմի հայտարարության միջեւ։
   
"Երբեմն լինում են պատահական, բայց հաճելի զուգադիպություններ։ Կարծում եմ, այն հանգամանքը, որ այդ ճանապարհը գործելու է, արդեն վկայում է, որ Բեսլանի դեպքերից հետո համենայն դեպս լարվածությունը Հյուսիսային Օսիայում անկում է ապրում։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ այդ քայլը (սահմանի փակումը.- Ա.Հ.) պայմանավորված էր հենց այն լարվածությամբ, որն առկա էր Հյուսիսային Օսիայում",- նշեց Ռ.Քոչարյանը։ 
  
Քիչ անց նա ավելացրեց, որ ճանապարհների փակ լինելուց կորուստներ են ունենում բոլոր կողմերը, այնպես չէ, թե որեւէ մեկը շահում է։ Ըստ Հայաստանի նախագահի, կարելի է փակման փաստի հետեւում ինչ-որ վատ պահեր փնտրել, բայցեւ կարելի է այդ իրավիճակը բացատրել եղած իրական անհանգստություններով։ Ցանկացած պարագայում. "Հակված չեմ դրամատիկացնել իրավիճակը։ Ցանկալի կլիներ, որ այդպիսի բան այլեւս չկրկնվեր, եւ բոլոր ճանապարհները նորմալ գործեին։ Որքան շատ լինեն ճանապարհները, այնքան` լավ։ Եթե Հայաստանի սահմանի վրա թուրքական ճանապարհն էլ գործեր, այս տարածաշրջանում ամեն ինչ ուղղակի հրաշալի կլիներ",- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Իսկ նրա վրաց գործընկերը երեկ, հարցերից մեկին անրդադառնալով, եւս մեկ անգամ հավաստեց, թե Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ արծարծել է Կարս-Գյումրի երկաթգծի բացման խնդիրը, նկատել թուրքական կողմի "կառուցողական մոտեցումը» եւ նրանցից երբեք` "ագրեսիվ արտահայտություններ չեմ լսել հարեւաններին առնչվող հարցերի վերաբերյալ"։ 

Ինչ վերաբերում է Վերին Լարսի բացմանը, ապա Միխայիլ Սահակաշվիլու կարծիքով «իսկապես, պատահական չէ, որ Հայաստանին նախագահի այցն ու մեր հանդիպումը եւս համընկան այդ ճանապարհի բացման հետ։ Բնականաբար կցանկանայինք, որ Ռուսաստանը լուծեր Հյուսիսային Կովկասի հետ կապված բոլոր հարցերը, բայց ե՛ւ վրաց արտահանողները, ե՛ւ մնացած բոլորը պետք է դիվերսիֆիկացնեն իրենց շուկաները։ Որպեսզի հետագայում խուսափեն պրոբլեմներից, պահպանելով լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ, ելքը դեպի ռուսական շուկա"։

Չափազանց ուշագրավ եւ ընդարձակ պատասխանեց Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլին "Հայոց Աշխարհ"-ի թղթակցի այն հարցին, թե վրացական իշխանություններն ի՞նչ քայլեր են ձեռնարկում, ունե՞ն կոնկրետ ծրագրեր Ջավախքի հայ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար։ Հետաքրքրվեցինք նաեւ, թե Մ.Սահակաշվիլին ե՞րբ է մտադիր այցելել Ջավախք, որտեղ չի եղել մինչ այժմ (նախագահ դառնալուց ի վեր)։

"Իրոք ես պարտք ունեմ Ջավախքի բնակչությանը, որն ինձ հրաշալի աջակցեց նախագահական ընտրություններում։ Իմ տիկինը արդեն 7 թե 8 անգամ եղել է այնտեղ։ Ես, ցավոք, դեռ տեղ չեմ հասել։ Թեպետ պատրաստվում եմ լավ այց կատարել։ Պարզապես ոչ մի տեղ դատարկաձեռն չեմ ուզում գնալ։ Հիմա բանակցում ենք դոնորների, այն բոլոր երկրների հետ, որոնք մեզ օգնում են եւ, կարծում եմ, կկարողանանք միջոցներ հայթայթել, որպեսզի Ախալքալաքի հետ կապող նոր ճանապարհ կառուցենք։ Դա մեզ համար ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական մեծ կարեւորություն ունի",- հայտարարեց Մ.Սահակաշվիլին։ 
   
Նա հայտնեց, որ ՀԲ-ի տրամադրած միջոցները բավարար են Ախալքալաք-Թբիլիսի նոր ճանապարհի կեսը կառուցելու համար եւ եկող տարի այդ շինարարական աշխատանքներն սկսվելու են։ Վրաստանի նախագահը վստահ է, որ ճանապարհի երկրորդ կեսը կառուցելու գումարն էլ կգտնվի, քանզի իր իսկ խոսքերով, "միանգամայն կոնկրետ խոստումներ կան"։ Ավելին. "Կարծում եմ, առաջիկա երկու տարում այդ ճանապարհը հիմնականում արդեն կառուցված պետք է լինի, որպեսզի Ջավախքի բնակչությունը ելք ունենա դեպի բոլոր շուկաները, տնտեսապես ինտեգրվի եւ առաջ գնա։

Մեզ համար նույնպես կարեւոր է, որ նրանք նաեւ պահպանեն կապերը Հայաստանի սահմանամերձ շրջանների եւ ընդհանրապես ողջ Հայաստանի հետ։ Բայց միաժամանակ կարեւոր է, որ նրանք տնտեսական հաջողությունների հասնեն ողջ երկրում։ Ճանապարհը դրա բանալին է"։ 

Դե ինչ, մնում է միայն ճանապարհի շինարարությունն սկսել։ Իսկ ինչ վերաբերում է եղած, բայց փակ ճանապարհներին, դիցուք, Աբխազիայով անցնող երկաթուղու բացման հեռանկարին, ապա չնայած այս անգամ նախագահների հանդիպման ժամանակ այն չէր քննարկվել, բայց այդ մասին տրված հարցին Ռ.Քոչարյանը պատասխանեց. "Սկզբունքորեն, որքան շատ են գործող ճանապարհները, այնքան լավ բոլորիս համար։ Ինչ վերաբերում է երկաթուղու կոնկրետ աբխազական տեղամասին, ապա չէ՞ որ այն գործում է Աբխազիայի եւ Ռուսաստանի միջեւ։ Եթե այն գործում է, ապա միջանցիկ հաղորդակցության բացակայությունը ուղղակի ձեռնտու չէ ոչ մեզ, ոչ ձեզ։ Հասկանալով այս խնդրի բոլոր մտահոգությունները, բարդությունները, պրագմատիկ մոտեցումն օգտակար կլիներ։ Թեպետ հասկանում եմ, որ դա բարդ է։ Հարցի լուծումը կախված է Վրաստանից, եւ Վրաստանը պիտի որոշի, թե ինչպես վարվի այնտեղ"։

Ոչ պակաս ուշագրավ էր երկու երկրների ղեկավարների անդրադարձը այն հարցին, թե ե՞րբ է սկսվելու հայ-վրացական սահմանի դելիմիտացիայի գործընթացը եւ կա՞ն այդտեղ վեճերի հանգեցնող խնդիրներ։ Ըստ Մ.Սահակաշվիլու. "Վերջին 2000 տարիներին Հայաստանը եւ Վրաստանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չեն ունեցել,- ապա ժպտալով ավելացրեց,- կարծում եմ, ապագայում էլ այդպես կշարունակվի"։

Նախագահ Ռ.Քոչարյանի արձագանքը առավել գործնական եւ որոշակի էր. "Հարցը թերեւս պետք է ձեւակերպել ոչ թե ե՞րբ կսկսվի, այլ ե՞րբ կավարտվի։ Մենք սկզբունքային համաձայնություն ունեինք, որ այդ աշխատանքը պետք է ավարտեինք այս տարի։ Այդ հարցով զբաղվող վրացական կողմի հանձնաժողովի կազմում փոփոխություններ եղան, ձեր ներկայացուցիչը դեսպան նշանակվեց։ Հիմա նոր մարդ կնշանակվի, եւ կարծում եմ եթե նորմալ աշխատենք, ապա 2005 թվականին կարող ենք աշխատանքն ավարտել։ Ինչ-որ ցավագին հարցեր, որոնք այդ հանձնաժողովի շրջանակներում հանգեցնեին լուրջ վեճերի, մինչեւ այժմ չեն եղել։ Դրանք հարցեր են, որոնք նորմալ, աշխատանքային մթնոլորտում կարելի է լուծել"։

Հայաստանի եւ Վրաստանի նախագահների տեսակետները գրեթե լիարժեք համընկան եւ այն հարցում, որ ԵՄ "Նոր հարեւաններ" ծրագրում մեր երկրների ընդգրկվելը պետք է կոնկրետ, բովանդակային ձեւակերպում ստանա, հանգեցնի որոշակի, գործնական քայլերի եւ չմնա սոսկ հռչակագրային երեւույթ։ Իսկ միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրներին, երկկողմ հարաբերություններին վերաբերող բազում այլ հարցեր Ռ.Քոչարյանը եւ Մ.Սահակաշվիլին քննարկելու ժամանակ կունենան նաեւ առաջիկա երկու օրերին, օրինակ, այսօր Բորժոմում։ 

Նշենք, որ այսօր Հայաստանի նախագահը հանդիպում կունենա Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի, վաղը՝ վարչապետ Զուրաբ Ժվանիայի հետ։ Ռ.Քոչարյանը ներկա կգտնվի նաեւ Թբիլիսիի օրվա` "Թբիլիսոբա" տոնի մի քանի միջոցառումներին։ Իսկ երեկ մեր երկրի ղեկավարը հանդիպեց Ամենայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ի հետ։
  
Հավելենք, որ Վրաստան է ժամանել հայ գործարարների բավական ներկայացուցչական պատվիրակություն եւս, մասնակցելու հայ-վրացական բիզնես ֆորումին, որի փակմանը վաղը ներկա կլինեն երկու երկրների նախագահները։

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի
www.armworld.am

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՁԵՌՆՏՈՒ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Կարելի է չկասկածել, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Վրաստան կատարած պաշտոնական այցը նոր խթան կհաղորդի մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 22-24-ը կատարված պաշտոնական այցի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանի ունեցած հանդիպումների արդյունքներին, ապա նախագահը հակիրճ այսպես բնորոշեց. "Գոհ եմ հադիպումների ե՛ւ բովանդակային մասից, ե՛ւ ընդհանրապես այն մթնոլորտից, որ առկա էր Վրաստանի ղեկավարության հետ մեր շփումների ընթացքում"։ 

Այս գնահատականը Հայաստանի նախագահը հայտնեց այցի վերջին օրը, իր կեցավայր "Մերիոթ-Թբիլիսի" հյուրանոցում Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Պաշտոնական այցի մասին պատմող նախորդ հրապարակման մեջ արդեն մանրամասն անդրադարձել ենք Հայաստանի եւ Վրաստանի նախագահների հանդիպմանը։ Հավելենք, որ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 23-ին, Ռոբերտ Քոչարյանը հանդիպում ունեցավ ինչպես վարչապետ Զուրաբ Ժվանիայի, այնպես էլ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ։ 

Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը զրույցի ժամանակ հիմնականում կենտրոնացել են ենթակառուցվածքներին վերաբերող հարցերի վրա, մասնավորապես քննարկվել են բեռնափոխադրումների հնարավոր նոր սխեմաներին վերաբերող խնդիրներ։ Բացի այդ, անդրադարձ է եղել էներգետիկայի ոլորտում համագործակցությանը։ 

Քննարկվել են նաեւ Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հնարավորությունները։ Զուրաբ Ժվանիան եւս նշել է, թե իրենք մեծ ուշադրություն են դարձնում այդ տարածաշրջանի կոմունիկացիաների զարգացմանը, գտնելով, որ տրանսպորտային հարցերի լուծումը կօգնի նաեւ սոցիալական վիճակի բարելավմանը։

Իսկ խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանին հիմնականում հետաքրքրում էր, թե Վրաստանի օրենսդիր մարմինը նոր կազմով, ըստ էության, ընդդիմության բացակայության պայմաններում ինչպե՞ս է լուծում սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցերը։ Ի դեպ, Ն.Բուրջանաձեն Հայաստանի ԱԺ նախագահին հրավիրել է այցելել Վրաստան՝ խորհրդարանական փոխգործակցության արդեն մշակված փորձը թարմացնելու նկատառմամբ։ 

"Գիտեք, թե մեզ համար որքան կարեւոր է էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ։ Դա բխում է ե՛ւ հայ, ե՛ւ վրաց ժողովուրդների, ե՛ւ տարածաշրջանի շահերից։ Ուստի մենք ավելի կակտիվացնենք համագործակցությունը բոլոր մակարդակներում։ Կարեւոր է, որ նախագահները պայմանավորվել են համագործակցության մի շարք ուղղությունների շուրջ։ Իսկ խորհրդարանների կողմից հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի լավ պայմաններ ստեղծենք այդ համաձայնությունների իրականացման համար",- այդ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Նինո Բուրջանաձեն։

Իսկ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը հակիրճ իմի բերեց պաշտոնական այցի արդյունքները. "Հարցերը, որոնք կան Վրաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունների շրջանակներում, կարգավորվում են։ Դա ե՛ւ տրանպորտային հարցերն են, ե՛ւ էներգետիկայի բնագավառը, ե՛ւ մեր մաքսային ծառայությունների համագործակցությունը, ինչպես եւ խոսում էինք ավելի լայն կոնտեքստով "նոր հարեւանության" շրջանակներում մեր համատեղ քայլերի մասին։ 

Վրաստանի հետ մեր հարաբերությունների ծավալը բավական մեծ է ու երեւի չկա մի ուղղություն, ուր համագործակցության ինչ-որ ճանապարհ անցած չլինենք։ Եւ անկեղծորեն շահագրգռված ենք, որ մեր հարաբերությունների ծավալը լինի ավելի մեծ։ Շահագրգռված ենք, որ Վրաստանը լինի կայուն եւ զարգացման լավ տեմպեր ունեցող երկիր։ Դրանից եւս բոլորս շահելու ենք. ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Վրաստանը, ե՛ւ վիրահայերը որպես Վրաստանի քաղաքացիներ"։
   
Վրաստանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ բնականաբար չէին կարող շրջանցվել այս երկրում բնակվող մեր շուրջ 350-400 հազար հայրենակիցներին հուզող այս կամ այն խնդիրները, որոնք նաեւ Հայաստանի ղեկավարների մշտական ուշադրության ներքո են։ Ռոբերտ Քոչարյանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Վրաստանի ղեկավարներն իրեն հավաստիացրել են, թե լեզվի օրենքի հետ կապված որեւէ պրոբլեմ չկա, այլ ուղղակի խոսքը դպրոցներում վրացերենի ավելի խորացված դասավանդման մասին է։ «Դա նորմալ եմ համարում եւ, կարծում եմ, նաեւ վրացերենին տիրապետելը մեր համայնքին, հայերին ավելի մեծ հնարավորություն կտա Վրաստանի քաղաքական եւ հասարակական կյանքին մասնակցելու համար»,- ասաց նախագահը։
   
Քննարկված մյուս հիմնական խնդիրը վերաբերել է Ջավախքը Թբիլիսիին կապող ճանապարհի շինարարությանը։ Ռոբերտ Քոչարյանի տպավորությամբ, վրացական իշխանությունները բավարար վճռականություն են արտահայտել այդ խոստումը կատարելու առումով։ «Եթե այդ ճանապարհի շինարարությունը սկսվի, ապա հնարավորություն կլինի նաեւ Հայաստանի Բավրայի կետից շարունակել ճանապարհաշինությունը եւ կապել այդ ճանապարհները։ Այդպիսով մենք Թբիլիսիից Հայաստան բերող արդեն երկու բարձրորակ ճանապարհի հնարավորություն կստանանք։ Մառնեուլ-Սադախլո ճանապարհը կառուցված է, եւ որակը, ինչպես ինձ ասացին, լավն է։ Սա ե՛ւ ավելի մեծ շփումների, ե՛ւ տնտեսական բեռնափոխադրումների հնարավորություն կտա։ Ուրեմն հույս ունենանք, որ այդ երկրորդ ճանապարհը եւս կլինի",- նկատեց Ռ.Քոչարյանը։

Ա.ՀԱԿՈԲՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: