08.12.2006. Գյումրին վերսկսվում է ապրել լիարժեք կյանքով
Ռոբերտ Քոչարյանի դարաշրջանը
19 Սեպ 2011  
19.09.2011  |  16:31   |   Թերթեր և ամսագրեր

Նոր շենքը` ձոն մեր մայրաքաղաքներին

Քաղաքապետարանի մերձակայքում երեկ թեւածում էր երեւանյան թեմատիկայով 80-ականների երգ-երաժշտությունը, ակնհայտորեն բարձրացնելով նորակառույց շենքի մոտ հավաքված բազմության տրամադրությունը։ Բնականաբար բարձր էր քաղաքապետ Երվանդ Զախարյանի տրամադրությունը. չէ՞ որ նրա գլխավորությամբ քաղաքային իշխանությունները բնակարանամուտ էին նշում, այն էլ այդպիսի հոյակերտ շենքում։ 

Ի դեպ, շենքի բացման հանդիսավոր արարողությունից առաջ հիշյալ երաժշտությանը նախապատվություն տալը նույնպես խորհրդանշական կարելի է համարել, քանզի երեկ շահագործման հանձնված քաղաքապետարանի շենքը, որպես այդպիսին, նախագծվել ու շինարարությունն էլ մեկնարկել էր 80-ականներին, ավելի հստակ՝ 1986-ին։

Նախքան բացման արարողությունը, լրագրողները շրջապատել էին այս գեղեցիկ ու հայկական ճարտարապետական մտածողությամբ հագեցած նախագծի հեղինակներից մեկին՝ Ջիմ Թորոսյանին (համահեղինակ՝ Ռուբեն Մարտիրոսյան, կոնստրուկտոր՝ Հենզել Հակոբյան), որն անկասկած երեկ ամենաուրախ մարդն էր, քանզի վերջապես ավարտուն տեսքի էր եկել նրա ստեղծագործական մտահղացումը։ 

Քաղաքապետարանի նոր շենքի, կարելի է ասել, ամենից յուրօրինակ զարդը 47 մետր բարձրություն ունեցող աշտարակ-դիտահարթակն է, որի վերնամասում պատկերված են դափնեծառ, թռչուններ, նռներ, եւ քարակերտ այդ "կենսուրախ միջավայրում" մեծ տառերով գրված է՝ Երեւան։ Հետագայում աշտարակի վրա նաեւ ժամացույց է լինելու։ Իսկ շենքի ճակատային մասում, 12 սյուների վրա գրված են հայոց բոլոր մայրաքաղաքների անունները՝ համառոտ պատմական տեղեկանքով։ Վերջինը նշված է Երեւանը, որ ճարտարապետի համոզմամբ պետք է լինի «մեր մշտական ու մնայուն մայրաքաղաքը»։ 

Ինչ վերաբերում է ամբողջ շենքին, ապա դրա "գեղարվեստական կերպարը մտածված է որպես ձոն՝ հայոց բոլոր մայրաքաղաքներին",- ասաց Ջիմ Թորոսյանը։ Քաղաքապետարանի վարչական նոր շենքն ավարտական տեսքի բերելու մտահղացումը երեւի այդպես էլ կիսատ մնար, եթե այս հարցում անմիջական նախաձեռնություն չցուցաբերեր նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Եւ երեկ, երբ կեսօրից քիչ անց սկսվեց շենքի բացման հանդիսավոր արարողությունը, քաղաքապետ Երվանդ Զախարյանն էլ իր ելույթում ընդգծեց երկրի ղեկավարի այդ նախաձեռնության դերը, նշելով որ միայն այդպիսով հնարավորություն ստեղծվեց 2003թ. օգոստոսին վերսկսել համալիրի ընդհատված շինարարությունը։ 

"Քաղաքապետարանի անավարտ շենքը վերանախագծվեց ամբողջությամբ՝ հաղթահարելով չափազանց բարդ խնդիրներ։ Մի կողմից՝ անհրաժեշտ էր պահպանել տաղանդավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ղեկավարությամբ, մեր ավանդական ճարտարապետության ոգով կատարված նախագծի անաղարտությունը, մյուս կողմից՝ շենքը հարմարեցնել ժամանակի ընթացքում փոփոխված բարդ պահանջներին»,- նշեց Ե.Զախարյանը։

Կարելի է միանգամից ասել, որ թեպետ շենքը մեկ հարկով բարձրացել է նախնական նախագծից, դառնալով 5 հարկանի, ու չնայած 12 տարի կիսակառույցը եղել է առանց կոնսերվացման, բայց վերոհիշյալ բոլոր ժամանակակից պահանջներն ու խնդիրները լուծվել են բարձր մակարդակով։ Նկատենք, որ քաղաքապետարանի արդեն հին շենքի սեփականատերը դառնալու դիմաց "Միջազգային բիզնես կենտրոնը" (ՄԲԿ) ֆինանսավորեց նորի շինարարությունը, որն իրականացվեց ընդամենը 1 տարի 3 ամսում։ Ըստ ՄԲԿ գործադիր տնօրեն Խաչատուր Զաքարյանի, շինարարությունն արժեցել է շուրջ 5,5 մլն դոլար։ 

Շենքի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը կտրելով, նախագահ Ռոբերտ Քոչարյանը գործող եւ նախկին քաղաքապետերի ուղեկցությամբ շրջայց կատարեց։ Երկրի ղեկավարը բարձրացավ նաեւ աշտարակ, որտեղ հընթացս, կեսկատակ դիմելով Երվանդ Զախարյանին, նշեց, թե ամեն շաբաթ գալու եւ այդ բարձրությունից հետեւելու է նրա գործունեության արդյունքներին։ Իսկ քիչ անց, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ներկայացնելով քաղաքապետարանի նոր շենքից ստացած տպավորությունները, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ասաց. "Բավարարված եմ։ Հսկայածավալ աշխատանք է կատարվել շատ կարճ ժամանակահատվածում։ Բավարարված եմ նաեւ այն առումով, որ կատարվել է այնպես, ինչպես իմ մտահղացումն էր։ Վերահսկողության տակ էի պահում այս ողջ գործընթացը։ Համարում եմ, որ երկրի մայրաքաղաքը պետք է ունենա քաղաքապետարանի այսպիսի շենք։ Սա նաեւ քաղաքի կարգն է ընդգծում։ Եւ մեր քաղաքն արժանի է այսպիսի շքեղ շենք ունենալուն։

Իհարկե հիմա պետք է այս շենքում լավ աշխատեն, ժողովրդի հոգսերով ավելի լավ զբաղվեն եւ կյանքի որակի բարձրացմանն ուղղված քայլեր ավելի արագ ձեռնարկեն՝ առանց քաշքշուկների։ Մեկ պատուհանի գաղափարն այստեղ պետք է կիրառվի։ Քաղաքային բոլոր ծառայությունների անխափան, ռիթմիկ աշխատանքը պետք է ապահովվի քաղաքապետարանի կողմից։ Այլեւս բողոքներ չենք ընդունելու, թե պայմաններ չկան։ Սա պետք է նաեւ հատուկ պատասխանատվություն եւ պարտավորության զգացում հաղորդի քաղաքապետարանի ողջ անձնակազմին՝ ավելի ակտիվ աշխատելու համար"։

Այսինքն՝ նոր շենքն ավելի՞ տրամադրող է լինելու քաղաքային իշխանությունների աշխատանքի առումով։ Երկրի ղեկավարը համոզված է, որ այդպես է լինելու։ Իսկ ինչ վերաբերում է շենքը կառուցելու մոտեցմանը, ապա այստեղ եւս կիրառվել է կառավարության երրորդ մասնաշենքի շինարարության սկզբունքը. "Որոշ տարածքներ եւ շենքեր ազատվեցին ՄԲԿ ընկերության համար, եւ դրանցում եւս արդեն շինարարությունն սկսված է։ Իսկ այս վերջին տեղափոխումների արդյունքում հարյուրավոր մարդիկ նոր աշխատանք կունենան, քաղաքն ավելի գեղեցիկ շենքեր կստանա"։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի, սա այն դեպքերից է, երբ շահում են բոլորը. պետությունը, մայրաքաղաքը, բիզնեսը։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում են գտնվում Երեւանի նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները։ «Այս այցն օգտագործեցի նաեւ նոր հատակագծի աշխատանքներին ծանոթանալու համար։ Ներկայացվեց նոր հատակագիծը, որը մինչեւ տարեվերջ պետք է հաստատվի, եւ շատ անորոշություններ դրանից հետո ուղղակի կվերանան։ Ներկայացվեց Հյուսիսային պողոտայի արդեն ճակատային մասի տեսքը։ Գիտեք, որ աշխատանքներն ակտիվ ընթանում են։ 

Եւ Գլխավոր պողոտայի այն մասը ներկայացվեց, որի վերաբերյալ արդեն որոշակիություն կա։ Գիտեք նաեւ, որ իրացման աշխատանքներ են սկսվել Գլխավոր պողոտայում։ Իսկ դա նշանակում է. Երեւանում ակտիվ կառուցապատման աշխատանքներ, շինարարական ծավալներ՝ առնվազն 3-5 տարվա համար, շինարարների պակաս, աշխատուժի կարիք, ավելի բարձր աշխատավարձ։ Քաղաքապետը նաեւ զեկուցեց այն պարտավորությունների մասին, որոնք անցյալ տարի ձեր ներկայությամբ ինքն ստանձնել է՝ լուսավորություն, բարեկարգում, ջրամատակարարում եւ մի շարք այլ հարցեր, որոնցով պայմանավորվում է կյանքի որակը Հայաստանում"։

Երբ հարց հնչեց, թե նախագահի կարծիքով ո՞րն է Երեւանի թիվ 1 խնդիրը, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այդպիսիք մի քանիսն են. "Մայրաքաղաքն ունի տրանսպորտային խնդիր։ Խոստումը եղավ, եւ այդ ուղղությամբ ակտիվ աշխատում ենք։ Քաղաքն ունի ջրամատակարարման հարց։ Մենք երկրորդ պայմանագիրը կկնքենք թերեւս մայիսին։ Մինչեւ տարեվերջ մրցույթ կհայտարարվի, որով շուրջօրյա ջրամատակարարումը կլինի արդեն պայման։ Նախկին պայմանագիրը կնքված էր 99 թվականին, եւ եթե այն ժամանակ 18-ժամյա ջրամատակարարումն էր պայմանը, այժմ կլինի 24 ժամ։ 

Լուսավորության հարց կա։ Նկատո՞ւմ եք, որ խոստումը եղավ, կատարվում է։ Բայց դեռ այնքան փողոցներ կան, որոնք պետք է լուսավորենք, որ մի երկու տարվա աշխատանք պետք է կատարվի։ Դրա համար չեմ ուզում մեկ խնդրի վրա կենտրոնանալ։ Կա վարչարարության խնդիր, որ քաղաքապետարանի կազմն ավելի ուշադիր լինի ժողովրդի հոգսերի նկատմամբ։ Եւ այս ամբողջը միասին մենք ձեւակերպում ենք այսպիսի մի բանաձեւով՝ կյանքի որակի բարելավում, որը գերխնդիր պետք է լինի քաղաքապետարանի համար։ Երեւանում ապրելը պետք է ե՛ւ հարմար, ե՛ւ հետաքրքիր լինի"։

Բնականաբար չէինք կարող չհետաքրքրվել, թե 47 մետր բարձրությունից բացված երեւանյան համայնապատկերից Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ տպավորություն ստացավ։ "Տանիքների վիճակն ահավոր է"։ 

Քաղաքապետին առաջարկեցի շաբաթը մեկ անգամ վերեւից մի քիչ նայել. ավելի լավ են երեւում այն թերացումները, որոնք այսօր կան քաղաքում՝ կառուցապատման խտությունը, տանիքների վիճակը, շատ շենքերի վրա ձեղնասենյակների (մանսարդների) անկապ կառուցումը։ Համոզված եմ, որ դրանց մի մասն ուղղակի ապօրինի է կառուցվել։ Եւ քաղաքապետարանը պետք է շատ ավելի արագ արձագանքի, խստապահանջ լինի։ Այստեղ որեւէ երկրորդ կարծիք չի կարող լինել։ 

Բայց նաեւ որոշ հատվածներում քաղաքն անկասկած գեղեցկանում է։ Որոշ հատվածներ կան, որոնք ժառանգել ենք նախկինից եւ, ցավոք, կառուցապատման այդ խտությունը գալիս է խորհրդային ժամանակներից։ Ակնհայտ է, օրինակ, որ բակը պետք է բաց լինի։ Բայց հենց բակի կենտրոնում շենք է կառուցված։ Կառուցված է վաղուց։ Անշուք վիճակում է եւ ամբողջ այդ տարածքը ոչ շնչում է, ոչ խաղահրապարակների կառուցման հնարավորություն կա։ Այս վիճակը ժառանգել ենք։ Ուղղակի պետք է քայլ առ քայլ այդ պրոբլեմները շտկելով, քաղաքապետարանն առաջ շարժվի",- ասաց երկրի ղեկավարը։

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: