25.03.2005. Многие мероприятия Года России в Армении будут посвящены
08.05.2005. Лидеры СНГ обсудят вопросы соцобеспечения ветеранов
26 Ապր 2013  
26.04.2013  |  13:43   |   Համացանց

"Պարո՛ն Քոչարյան, մենք Ձեր կարիքն ունենք, վերադարձե՛ք"

"Առաջին լրատվական"-ի զրուցակիցն է մարտաֆիլմի հերոս, ռեժիսոր, պրոդյուսեր Գոռ Վարդանյանը (Լոս Անջելես):

- Պարոն Վարդանյան, 2012 թ. օգոստոսին Լոս Անջելեսում Դուք Ձեր տիկնոջ և երեխաների հետ ավտովթարի ենթարկվեցիք: Ավտովթարից հետո մի քանի ամիս շարունակ բուժման կուրսեր էիք անցնում` ասելով, որ ծրագրեր ունեք, բայց կենտրոնացած եք Ձեր և Ձեր ընտանիքի առողջության ամբողջական վերականգնման վրա: Բայց տեղեկություններ կան, որ արդեն նոր ծրագրեր եք նախաձեռնել, ֆիլմ եք պատրաստվում նկարահանել: Կմանրամասնե՞ք՝ ինչո՞վ եք զբաղվում հիմա, և ի՞նչ ծրագրեր ունեք:

- Մոտավորապես երկու շաբաթ է, ինչ ես սկսել եմ մարզվել: Ավտովթարից հետո, իսկապես, առողջական խնդիրներ ունեի։ Քանի որ հիմա ինքնազգացողությունս նորմալ է, սկսել եմ կամաց-կամաց մարզումներ անցկացնել: Ես Dokando-ի դպրոց ունեի ԱՄՆ-ի Հոլիվուդ քաղաքում, իսկ այս ընթացքում բացեցի երկրորդ դպրոցը Բըրբանք քաղաքում: Այս ամենին զուգահեռ՝ պատրաստվում ենք ֆիլմ նկարահանել ԱՄՆ-ի էմիգրանտների մասին: Ֆիլմի բնույթը դաստիարակչական է լինելու: Փորձելու ենք հնարավորինս լավ ներկայացնել, թե ինչպես են էմիգրանտները գալիս Ամերիկա և խաբնվում ամերիկյան գայթակղությանը, ինչպես են ԱՄՆ-ում անչափահասները սխալ ճանապարհով գնում: Այս խնդիրներն ենք ցույց տալու: Օրինակ՝ ԱՄՆ-ում հայի անուն-ազգանուն լսելիս՝ անմիջապես տպավորություն է առաջանում հանցագործությունների և խաբեբայությունների մասին:

Շատ կարևոր է նաև ֆիլմով փոխանցել, որ ԱՄՆ-ում շատ լավ հայեր են բնակվում, շատ ճանաչված հայեր՝ բժիշկներ, փաստաբաններ, անվանի մարդիկ, բայց, ինչպես ասում են, մի քանի վատ օրինակի պատճառով ԱՄՆ ժողովուրդը հայերին այլ կերպ է ընդունում: Կարծում եմ՝ այս ֆիլմը նույնիսկ այդ հարցերի պատասխանը կտա: Այս պահի դրությամբ բանակցություններ ենք անցկացնում մի քանի հեռուստաընկերությունների հետ՝ և՛ ամերիկյան, և՛ USA Armenia-ի հետ: Որոշում ենք նաև ֆիլմի ֆորմատը՝ հեռուստասերիա՞լ, թե՞ խտացված տարբերակով գեղարվեստական ֆիլմ: Հավանաբար այս շաբաթ արդեն կորոշվի ֆիլմի ծավալը, բայց բազմասերիանոց ֆիլմ չի լինելու, հաստատ, քանի որ ես հեռուստասերիալներ չեմ նկարահանում: Երևանում նույնպես ծրագրեր ունեմ՝ կապված ֆիլմի և աշխատանքային գործունեության հետ, բայց քանի որ դեռ չեմ կարողանում ԱՄՆ-ից դուրս գալ առողջական խնդիրների պատճառով, դրանք դեռ կյանքի չեմ կոչում: Չի բացառվում, որ մայիս ամսին կարողանամ վերադառնալ Հայաստան:

- Պարոն Վարդանյան, ենթադրում եմ, որ հետևում եք նաև հայաստանյան իրողություններին: Մայիսի 5-ին Երևանում ավագանու ընտրություններն են անցկացվելու, որին մասնակցում են քաղաքական դաշտի գրեթե բոլոր ազդեցիկ կուսակցությունները: Թեև Դուք այժմ Երևանում չեք, կա՞ մի ուժ, որին Դուք հավատում եք կամ սատարում: Ըստ Ձեզ՝ ընտրություններին մասնակցող ո՞ր ուժն է ունակ վարել քաղաքային տնտեսությունը՝ դրականորեն փոխելով քաղաքը:

- Այս պահի դրությամբ ես ավելի դիտորդի դիրք եմ գրավել, ավելի ձեռնպահ: Սրա պատճառներից մեկն այն է, որ նախ՝ ուսումնասիրում եմ, հետո՝ գրեթե բոլոր կուսակցությունների շարքերում էլ ընկերներ, ծանոթներ ունեմ, չեմ ուզում առանձնակի շեշտադրում անել որևէ կուսակցության վրա: Այս պահին որոշել եմ չխառնվել և հետևել:

- Պարոն Վարդանյան, Երևանի ավագանու ընտրությունների ցուցակներում կուսակցություններն ընդգրկում են նաև մտավորականների, մշակութային, սպորտային գործիչների: Դուք 2009 թ. Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի խորհրդականն եք եղել մշակույթի, սպորտի և կրթության հարցերով: Այսօր ցանկություն չունե՞ք Ձեր մասնակցությունն ունենալ Երևանի կառավարման գործընթացում: Ձեզ որևէ կուսակցությունից չե՞ն առաջարկել ընդգրկվել իրենց ավագանու ցուցակում:

- Այո, ես նախորդ քաղաքապետի ընտրությունների ժամանակ ակտիվ մասնակցել եմ քարոզարշավին, որից հետո նշանակվել եմ խորհրդական: Կարծում եմ, որ հարկ եղած դեպքում, որպես հայ մարդ, պետք է իմ մասնակցությունն ունենամ մեր պետության կառուցման գործում, նշանակություն չունի՝ որ ոլորտում: Պարզապես հիմա ինձ համար ավելի կարևոր են ընտանիքիս առողջական խնդիրները: Կվերադառնամ Երևան և ինչով կարող եմ՝ իմ մասնակցությունը կունենամ երկրի կառուցման գործին: Իսկ կուսակցություններից որևէ մեկից, ճիշտն ասած, ինձ առաջարկ չի եղել:

- Վստահ եմ՝ գիտեք, որ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անունը, գործունեությունը կապվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, ում Դուք հարգում եք, ում ընտանիքի հետ մտերիմ եք եղել։ Այսօր վիրավորված չե՞ք ԲՀԿ-ից կամ Ռոբերտ Քոչարյանից, որ չեք հայտնվել Երևանի ավագանու ընտրությունների ԲՀԿ ցուցակում, ինչպես, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը:

- Ոչ, ինչո՞ւ պետք է վիրավորեր դա ինձ: Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի կապի մասին խոսակցություններն իսկապես խոսակցություններ են: Ինչ որ մի պաշտոնական հայտարարություն չի եղել, կարծիքներ են դրանք: Չեմ կարծում, որ դա թեմա է, որի շուրջ կարելի է խորանալ ու ենթադրություններ անել: Իսկ նրա եղբոր դուստրն անհատ քաղաքացի է, կարծում եմ:

- Այսինքն՝ Ձեզ վիրավորված չեք զգում և շարունակելու եք պահանջել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն:

- Ես նման բնավորության տեր մարդ չեմ: Ես միշտ ասել եմ, որ ընդունում եմ Ռոբերտ Քոչարյանի տեսակը՝ որպես մարդ, իրեն հարգում եմ՝ որպես հայ մարդ: Ինքը մեծ ավանդ ունի մեր պետության կազմավորման գործընթացում և պատերազմի հաղթանակում: Նա կարող է մեր երկիրն այս տնտեսական ճգնաժամից հանել: Այսօր ՀՀ-ն շատ վատ տնտեսական վիճակում է՝ արտագաղթ, սոցիալական վատ պայմաններ, իսկ դա կարող է փոխել միայն Ռոբերտ Քոչարյանը, ես համոզված եմ: Իմ կարծիքը երբևէ չի փոխվի:

- Պարոն Վարդանյան, Facebook սոցիալական ցանցում գործում է Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական էջը, որի միջոցով էջի համակարգողները պահանջում են երկրորդ նախագահի վերադարձը: Դուք ևս այդ էջից հաճախ հղումներ եք տեղադրում Ձեր ֆեյսբուքյան էջում և պահանջում նրա վերադարձը: Ըստ Ձեզ՝ այսօր հայ հասարակության շրջանում իսկապե՞ս կա պահանջ նրան մեծ քաղաքականություն վերադարձած տեսնելու, երբ նրա անունը անմիջականորեն կապվում է Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի հետ:

- Ես փոքր-ինչ ավելի այլ անկյունով եմ նայում այս ամենին: Ես չեմ սիրում, երբ այս մասին շեշտում են: Հոկտեմբերի 27-ը և Ռոբերտ Քոչարյանի անունը դրանք ընդհանրապես իրար հետ կապ չունեն: Ես մի քանի անգամ ասել եմ, գրեթե ամեն անգամ նույն բանն եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանն այն մարդն է, որ 1998 թ. եկավ Երևան և ՀՀ տնտեսական վիճակը շատ վատ էր, և նա տասը տարիների ընթացքում ապացուցեց, որ տնտեսական աճ գրանցեց իր կառավարության ներքո, որովհետև նա շատ լավ պատկերացնում է կառավարման ձևը, շատ խիստ է, պահանջկոտ, կառուցող։ Ես կարծում եմ, որ այժմ մեր պետությունը, հայ ազգն իր կարիքն ունի՝ որպես մարդու: Մեր երկիրը պետք է դուրս գա այս ճգնաժամից և կարող է դուրս գալ Ռոբերտ Քոչարյանի օգնությամբ:

- Այսօր, երևի թե նկատել եք, որ հասարակությունը տրանսֆորմացիայի է ենթարկվել, սկսել է ընդվզել բռնությունների դեմ: Դա հաշվի առնելով՝ ի՞նչ եք կարծում Հայաստանի այսօրվա հասարակությունը Ռոբերտ Քոչարյանին կընդունի՞:

- Ինչո՞ւ պետք է չընդունի: Այդ հասարակության մեկ անդամ էլ ես եմ և ինձ նման շատ մարդիկ: Ես ամեն օր զրուցում եմ, հանդիպում եմ, ինտերնետով կապերի մեջ եմ տարբեր մարդիկանց հետ, ովքեր հասարակության մաս են կազմում և բավականին մեծ մաս են կազմում: Հավատացեք, որ ես ում հետ որ շփվել եմ, ում հետ խոսել եմ, գրեթե բոլորը նույն կարծիքի են, որ այսօր մեզ հարկավոր է Ռոբերտ Քոչարյանը, որ տնտեսական վիճակը դուրս բերի այս վիճակից: Ժամանակի ընթացքում նրան սկսում են հասկանալ և այլ կերպ ընդունել: Մարդիկ, ովքեր չունեն ճիշտ ինֆորմացիա, չեն պատկերացնում և չեն հասկանում նրան, բայց երբ ավելի լուրջ են մոտենում այս հարցին, սկսում են ետ նայել, ավելի խորանալ, հասկանում են, որ իսկապես նա այն մարդն է, ով հպարտության զգացում է առաջացնում: Ես կարծում եմ, որ միակ մարդը, ով կարող է երկիրն այս վիճակից հանել, դա Ռոբերտ Քոչարյանն է: Մենք պետք է բոլորս միանանք և կոչ անենք. "Պարո՛ն Քոչարյան, մենք Ձեր կարիքն ունենք, վերադարձե՛ք":

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: