Քոչարյանը 2018թ. նախագահական ընտրություններին ֆավորիտ թեկնածու հայտ
1994-1998: Почему Баку не говорил о войне?
23 Հուն 2013  
23.01.2013  |  12:14   |   Համացանց

"Պատրաստ եմ կանգնել Ռոբերտ Քոչարյանի կողքին". Գոռ Վարդանյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցից հետո համացանցում նախկին նախագահի և նրա տված հարցազրույցի մասին իր կարծիքը հայտնեց ռեժիսոր, դերասան, մարտաֆիլմերի հերոս, մարզիկ Գոռ Վարդանյանը: "Առաջին լրատվական"-ը զրուցեց դերասան, մարզիկ Գոռ Վարդանյանի հետ: 

- Պարոն Վարդանյան, օրեր առաջ համացանցում անդրադարձաք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցին: Ձեր անդրադարձում դրականորեն արտահայտվեցիք նրա մասին, ողջունեցիք նրա մեկնաբանությունները: Նրա հետ աշխատել եք. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի մասին այդկերպ խոսելու հիմքը: 

- Մոտավորապես 10 և ավելի տարի աշխատել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, շատ եմ հետաքրքրվել իր անցյալով: Ղարաբաղյան շարժման ժամանակ նա դժվար օրեր է անցկացրել, հզոր կամք է դրսևորել, կարողացել է օրինակ ծառայել, ղեկավարել հուսախաբ մի ժողովրդի, որը չգիտեր, թե հաջորդ օրն ինչպիսին է լինելու: Դա հայ մարդու տեսակ է. շատ հպարտ եմ, որ մեր ազգի մեջ նման տեսակի մարդ կա: Ես ինձ հպարտ եմ զգացել Եվրախորհրդում նրա ելույթի ժամանակ: Դա միայն ես չեմ ասում` այդ հպարտության զգացումն ունեցել են աշխարհասփյուռ հայերը, որոնց հետ շփվել եմ: Ասում էին, որ վերջապես եղավ մի հայ, որը կարողացավ Եվրոպայում ասել. «Այո, մենք կռվել ենք, ես պաշտպանել եմ իմ ընտանիքը, և ես հպարտ եմ»: Տասնյակ տարիներ մենք չենք ունեցել ղեկավար, քաղաքական գործիչ: Երևի թե մեր հայ ազգի ողբերգություններից մեկն այն էր, որ մենք չենք ունեցել լիդեր: Պատրաստ եմ իր կողքին կանգնել ցանկացած ամենածանր ժամանակահատվածում: Հզոր կամքի, ուժի տեր մարդ է: Եթե ետ ենք նայում, ՀՀ-ում նրա ղեկավարած տարիների ընթացքում տնտեսական մեծ աճ տեղի ունեցավ, Երևան քաղաքում այդքան շինարարություն, այդքան փոփոխություններ չէին եղել: 

- Նրա պաշտոնավարման տարիները մամուլի ներկայացուցիչները այդքան մեծ հիացմունքով չեն հիշում: Ավելին` այդ տարիներին Հայաստանում սահմանափակվում էր խոսքի ազատությունը: Երկրորդ նախագահին մինչ օրս մեղադրում են վերջին տարիներին երկրի կյանքում տեղի ունեցած երկու մեծ ողբերգությունների՝ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի մեջ: Հասարակության մի ստվար հատվածի շրջանում կա բացասական վերաբերմունք նրա նկատմամբ: Դուք ի՞նչ կարծիքի եք: 

- Նշեցիք Հոկտեմբերի 27, Մարտի 1: Այդ հարցերի պատասխանները մի քանի անգամ տվել եմ, այսօր էլ պատասխանս նույնն է: Չեմ կարծում, որ ամեն անգամ նույն պատասխանը պետք է տամ:

- Պարոն Վարդանյան, Դուք աշխատել եք նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ լինելով նրա թիկնապահը, սակայն նրա մասին չեք խոսել այնպես, ինչպես Ռոբերտ Քոչարյանի: Ի՞նչն է պատճառը, որքանո՞վ է դա ճիշտ: 

- Լևոն Տեր-Պետրոսյանի մասին ևս հայտնել եմ կարծիքս: Եթե այսօր ասեմ, էլի նույնն եմ ասելու: Դուք գիտեք այդ մասին: Դա ասվել է, դրա մասին գրվել է:

- Որքան ես գիտեմ, Դուք մշտապես լավ հարաբերություններ եք պահպանել ՀՀ իշխանությունների հետ: Այսօր, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իշխանության մաս չի կազմում, և Դուք նրա մասին խոսում եք դրականորեն` առանց թաքցնելու, մտավախություն չունե՞ք, որ դա կարող է փչացնել այդ հարաբերությունները: 

- Մենք խոսում ենք հայ տեսակի մասին, խոսում ենք մարդու մասին, որը շատ մեծ դերակատարություն է ունեցել մեր պետության ձևավորման գործում. ինչի՞ց պետք է վախենամ: Միգուցե ես սխա՞լ եմ ասում. կա՞ մեկը, որ համամիտ չէ ինձ հետ: Ես ճիշտ բաներ եմ ասում, ես ծանոթ եմ ամբողջ պատմությանը, ես ինձ երբեք թույլ չեմ տա սխալ տեսանկյունից մեկնաբանել, ես գիտեմ, որ ճիշտ եմ խոսում, հպարտությամբ եմ ասում այդ մասին՝ չվախենալով որևէ մեկից:

- Պարոն Վարդանյան, Դուք սիրելի դերաասան եք, մարզիկ, ուստի Ձեզ սիրող, հարգող մարդկանց համար քաղաքական գործիչների վերաբերյալ Ձեր կարծիքը կարող է չափանիշ դառնալ: Շատերն ասում են, որ դերասանները, մարզիկները չպետք է քաղաքականության մեջ խառնվեն: Համամիտ չե՞ք: 

- Ես ինքս պետական գործիչ եմ. երբ վաղվա օրվա, մեր պետականության, մեր հայրենիքի, մեր երեխաների վաղվա օրվա, ապագայի հարցն է դրված, ի՞նչ է նշանակում՝ մարզիկները, դերասաններն իրավունք չունեն կարծիք հայտնել: Եթե մարդը զգում է, որ կարող է որևէ հարցում օգտակար լինել, կարծում եմ՝ "ամոթ" այդ մարդուն, որ չխառնվի և իր կարծիքը չհայտնի: Ես մանկավարժական, դաստիարակչական աշխատանք եմ կատարում՝ սպորտով, ֆիլմերով, մեր օրինակով: Ես ճիշտ եմ անում, որ մասնակցություն եմ ունենում այս հարցին: Եթե իմ օգնության կարիքը լինի, հնարավորություններս կօգտագործեմ մեր երկրի, պետության ավելի ամրապնդման, ավելի հզորացման գործում:

- Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներին հետևեց քաղաքագետների մեկնաբանություններն այն մասին, որ նա հայտ ներկայացրեց 2018թ. նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի ֆավորիտ թեկնածու դառնալու համար: Եթե իսկապես այդ կանխատեսումներն իրականանան, Դուք ի՞նչ դերակատարություն կունենաք այդ գործում:

- Խոսքն ապագայի մասին է. երբ կգա ժամանակը, ու ինքն իր թեկնածությունը կառաջադրի, ես իմ կարծիքը կասեմ: Ես միանշանակ կողջունեմ և ուրախ կլինեմ, որովհետև Քոչարյանն այն անձնավորությունն է, որ, կարծում եմ, մեր ազգը միայն դրական պտուղներ կքաղի, երբ ինքը լինի ակտիվ քաղաքականության մեջ:

- Այսինքն` եթե նրա կողմից առաջարկվի իր ապագա, հնարավոր թիմի մաս կազմելու, կհամաձայնե՞ք: 

- Ռոբերտ Քոչարյանին, որպես տեսակ, համակրում եմ, ուստի պատրաստ եմ կանգնել նրա կողքին:

- Պարոն Վարդանյան, այժմ ԱՄՆ-ում Ձեր գործունեությունն ի՞նչ փուլում է, ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

- Ամռանն էի գնացել մի քանի ամսով, պարզապես այնպես ստացվեց, որ ընտանիքիս հետ ավտովթարի ենթարկվեցի: Այսօր դեռ ընտանիքով ապաքինվում ենք, դեռևս բժիշկների հսկողության տակ ենք, դա է պատճառը, որ այսօր Հայաստանում չենք: Մոտ ապագայում կվերադառնանք:

www.1in.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: