07.04.2007. Роберт Кочарян и Махмуд Ахмадинежад открыли газопровод
23.03.2006. Выставка "Сокровища святого Эчмиадзина" в Эрмитаже имела
23 Մար 2012  
23.03.2012  |  15:35   |   Թերթեր և ամսագրեր

20.03.2003. "Պետությունն աջակցում է այս ոլորտի զարգացմանը"

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Երեւանի ոսկերչական գործարանն այս ոլորտի թերեւս ամենահայտնի ձեռնարկությունն է, որն անցնող 5 տարիների ընթացքում տարեկան ունեցել է արտադրության ծավալների 10-15 տոկոսի աճ։ Երեկ այս ձեռնարկություն էր այցելել նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մինչ նրա ժամանելը գործարանի գործունեության մասին տեղեկություններ հաղորդելու խնդրանքով դիմեցինք ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էմիլ Գրիգորյանին։ Նա հայտնեց, որ ներկայումս մեկ գործարանի փոխարեն փաստորեն 3 գործարան է աշխատում այստեղ։ Առաջինը զբաղվում է ոսկու մաքրմամբ, երկրորդը` մարկետինգով, երրորդը` ամբողջ արտադրությունն է։ Այստեղ ընդհանուր առմամբ աշխատում է մոտ 700 մարդ։ Արտադրական հատվածում միջին աշխատավարձը 48 հազար դրամ է, իսկ մարկետինգայինում` մոտ 85 հազար։

Էմիլ Գրիգորյանը նշեց, որ էապես փոխվել են արտադրանքի որակը եւ տեսականին։ Եթե խորհրդային տարիներին գործարանի արտադրանքն իրացման պարտադիր շուկա ուներ եւ թողարկվում էր մոտ 80 տեսակի արտադրանք, ապա այսօր պատկերն այլ է։ Ամսական արտադրվում է 1500-2000 տեսակի իր` յուրաքանչյուրից 50-60 հատ, ինչը բավականին ծանր աշխատանք է։ Այդուհանդերձ, դրա շնորհիվ Երեւանի ոսկերչական գործարանի արտադրանքի 93-95 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, Ռուսաստան, Միջին Ասիա, Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ներքին շուկայում վաճառվում է միայն մնացած փոքր մասը։ Տնօրենների խորհրդի նախագահը չցանկացավ հայտնել, թե գումարային առումով արտահանման ծավալները որքան են` դա բացատրելով մրցակցային խնդիրներով։ Նա միայն նշեց, որ դա կազմում է մի քանի միլիոն դոլար։

Երեւանի ոսկերչական գործարանն իր բազմաթիվ` թվով 18 մասնաճյուղերն է բացել նաեւ Հայաստանի մարզերում, որոնց զուգահեռ սկսել են բացվել նաեւ ադամանդագործական փոքր ձեռնարկություններ։ Հիմնական խնդիրը, որն ունեն այսօր գործարանը եւ այս ոլորտն ընդհանրապես, արտահանման ծավալների ընդլայնմանն է վերաբերում։ Այդ նպատակով առաջարկվում է ստեղծել մարկետինգային կազմակերպություններ, որոնք ներքին շուկայում իրավունք կունենան առանց ավելացված արժեքի հարկի գնումներ կատարել արտադրողներից եւ արտահանել ձեռք բերածը։ Այս հարցն Էմիլ Գրիգորյանը մտադիր էր բարձրացնել նախագահի առջեւ, գործարանում տեղի ունենալիք խորհրդակցության ժամանակ։

Իր գոհունակությունը ձեռնարկության զարգացման տեմպերից արտահայտեց նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա շրջեց ձեռնարկության արտադրամասերով, ծանոթացավ արտադրությանը եւ թողարկվող արտադրանքի ցուցանմուշներին ու, իր տպավորություններն ասելով լրագրողներին, նշեց, որ գործարանում նկատելի է տեխնոլոգիաների եւ արտադրատեսակների արդիականացումը։ Նախագահն ընդգծեց, որ պետությունն աջակցում է այս ոլորտի զարգացմանը եւ հիշատակեց, որ նախորդ տարի խնդիրներ էին ծագել ԱՄՆ շուկայում մեր արտադրանքի իրացման առնչությամբ, որոնք լուծվեցին։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: