Նախագահական տարիներ

Ռոբերտ Քոչարյանը թողեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի պաշտոնն ու Հայաստանի Հանրապետության վարչապետությունը ստանձնեց մեր երկրի համար բարդագույն մի շրջանում: Երկրի բարձրագույն իշխանությունները սխալ հաշվարկ էին կատարել` կարծելով, թե նա լինելու է հերթական ու անցողիկ վարչապետերից մեկը: Սակայն, միաժամանակ թուլացվում էր Ղարաբաղը: Չէ որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահն արդեն հռչակել էր "մեր ոտքը մեր վերմակի չափով պարզելու" քաղաքականության մասին, և ուրացումի ու միակողմանի զիջումների պարտադրանքը շարադրել էր."Պատերազմ, թե` խաղաղություն. Լրջանալու պահը" վերնագրված հոդվածում: Ասես մինչ այդ եղածը` պատերազմ ու անկախություն, հաղթանակներ ու կորուստենր միայն անլուրջ կատակ էին եղել:  

Ղարաբաղի ուժեղ նախագահը` ի դեմ Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրերի մեջ չէր մտնում: Կարճ ժամանակ անց Հայաստանի հանրապետության առաջին նախագահը հրաժարական տվեց ու հեռացավ: Ռոբերտ Քոչարյանը չստացավ հեռացած նախագահի օրհնանքը, այլ նրա անեծք հիշեցնող հոխորտանքին արժանացավ. "Հեռանում է խաղաղության կուսակցությունը, և գալիս է պատերազմի կուսակցությունը":  

"Մեծ կանխատեսը" բարեբախտաբար սխալվում էր` պատերազմ այդպես էլ չսկսվեց, իսկ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կրեդոն հստակ էր. "կարելի է երկրի տնտեսական զարգացմանը հասնել առանց Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումների": Նա երկրի ղեկը ստանձնեց, երբ արդեն շուրջ մեկ միլիոն մարդ վտարանդվել էր երկրից: Թեև այսօր էլ գաղթականի ցուպը բռնած քարավանի պոչը դեռ երևում է, բայց համատարած փախեփախի մթնոլորտը, թեև դժվարությամբ, բայց կանխվեց:

Սպիտակի երկրաշարժից հետո առաջին անգամ Աղետի գոտու վերականգման համար պետական բյուջեից գումար հատկացվեց միայն Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուց հետո: Մարդիկ միայն դրանից հետո վստահություն ստանալով, սկսեցին նաև սեփական միջոցներով իրենց տները վերականգնել: Թեև այսօր էլ այնտեղ դեռ կան տնակներում ապրողներ, բայց Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց մեր արդարացի բառապաշարից հանել "աղետի գոտի" արտահայտությունը:Անհնար է մեկ առ մեկ թվարկել այն հիմնավոր փոփոխությունները, այն շրջադարձային գործերը, որոնք իրագործվեցին Ռոբերտ Քոչարյանի կառավարման տասը տարիների ընթացքում: Դրանք առավել մանրամասն կպատկերվեն մեր կայքէջում, սակայն աներկբա է, որ ժառանգություն ստանալով կիսավեր հանրապետություն, Ռոբերտ Քոչարյանն իր հաջորդներին թողեց զարգացող տնտեսությամբ ու բարեկեցության ճանապարհը բռնած երկիր: Արդեն հուշ էին դարձել գարշահոտ, մութ ու ցուրտ թատրոններն ու մշակութային այլ օջախները, քարուքանդ դպրոցները: Արդեն սարսափելի երազ էին թվում կիսաքանդ մայրուղիներն ու ռազմավարական նշանակության ճանապարհները, որոնցով Շումախերն իսկ դժվարությամբ էր անցնելու: Արդեն գազաֆիկացման տեմպերով Հայաստանն առաջ էր անցել ոչ միայն ԱՊՀ երկրներից: Արդեն իրականություն էր Երևանը նախագծող մեծ հայի` Թամանյանի երազային պողոտան` Հյուսիսայինը:  

Վերջապես, հայ գյուղացին թեկուզ ապառիկ գնված մի հեռուստացույցը այնպիսի նշանակալի իրադարձություն չէր համարում, որ հարևաններին օղի ու թթու "մաղարիչ" աներ: Նա արդեն ի վիճակի էր իր հեռուստացույցն ու սառնարանը կանխիկ ձեռք բերել: Ով կմտածի, թե սա մանրուք է, ուրեմն թող ժողովրդի բարեկեցության այլ օրինակ հորինի: 

Իսկ ամենակարևորը, Ռոբերտ Քոչարյանն իր հաջորդների համար թե Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, և թե միջազգային այլ ատյաններում ստեղծել ու թողել էր ամուր պլացդարմ ու այլևս ոչ ոք ռիսկ չէր անելու կրկնել, թե լավ չենք ապրելու, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել:

Տասնամյակ, որ վերափոխեց Հայաստանը
10 years

Այժմ մենք ամփոփ ձևով կներկայացնենք ձեզ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տասը տարիների ընթացքում հայոց պետականության ձեռքբերումները: Մենք չենք պատրաստվում իդեալականցնել այդ տարիները: Պարզապես անկախության քսան տարիներից ուղիղ կեսը` տասը տարի, եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանը: Իսկ այդ տասը տարիները Հայաստանի վերազարթոնքի տարիներ են: Չենք իդեալականացնելու ոչինչ, բայց ինչպես ասում են` թվերը համառ են, ու թվերի լեզուն համոզիչ է:

Կներկայացնենք երկրի կենսագործունեության հիմնական ոլորտները թվերով, փաստերով, ինչպես նաև` միջազգային փորձագետների, երբեմն նույնիսկ ոչ բարեկամաբար տրամադրված վերլուծաբանների գնահատականները: Սակայն մինչ դա սկսելը, հարցնենք ինքներս մեզ. կարելի էր ավելին անել: Գուցե նաև կարելի էր, եթե չլինեին այս, այս, այս խոչնդոտները: Սակայն պատմությունը եթեներ չի սիրում, իսկ պատմական փաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ժառանգություն ստացավ քայքայված տնտեսությամբ, հուսահատ ժողովրդով, Ղարաբաղը կորցնելու վտանգված բանակցային իրավիճակով երկիր, և տասը տարի անց չնայած ամեն տեսակ խոչնդոտներին թողեց զարգացող տնտեսությամբ, իր անկախությունը հաստատած, բնակչության վերընթաց ապրող կենսամակարդակով, իր պատմական իրավունքներին վերատիրանալու վճռականությամբ, միջազգային լայն ճանաչում ստացած և իր անվտանգության երաշխիքները հաստատած պետություն:

Սա ոչ առասպել է, ոչ էլ մեր տատիկների պատմած հեքիաթներից: Ընդամենը մի քանի տարի առաջվա մեր իրողությունն է: Իրողություն, որ տեսանք մեր աչքերով և զգացինք մեր մաշկի վրա:

Իսկապես, 1998-2008 թվականները պարզապես թվականներ չէին, այլ տարիներ, որոնք վերափոխեցին Հայաստանը:

|
Նյութեր
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: