26.04.2006. Ռոբերտ Քոչարյան. "Հայաստանի համար ցեղասպանության ճանաչման
24.04.1998. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը հայ ժողովրդին
12 Սեպ 2011  
12.09.2011  |  13:47   |   Հարցազրույցները

20.02.2007. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ հարցազրույցը "Ֆիգարո" թերթին

Ֆրանսիայում անցկացվող Հայաստանի տարվա առիթով փետրվարի 17-ին պաշտոնական այցով Փարիզ մեկնած ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել "Ֆիգարո" ազդեցիկ թերթի թղթակցին:

- Ինչպե՞ս եք գնահատում Ֆրանսիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ուրացումը քրեապես պատժելի դարձնելու հարցում:

- Մենք Ֆրանսիային երախտապարտ ենք Հայոց ցեղասպանության ճանաչմանն օրենքի ուժ տալու համար: Գիտեմ, որ ավելի հեռուն գնալու փորձեր են արվում: Դրանք ոչ թե մեր նախաձեռնությունն են, այլ ավելի շուտ հայ համայնքի ջանքերի արդյունքն են: Դա Ֆրանսիայի ներքաղաքական գործն է եւ նա էլ պետք է գտնի համապատասխան ձեւակերպումներ: Բայց, անշուշտ, Հայաստանը չի կարող համաձայն լինել Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող ամեն ինչի:

- Թուրքիայի հետ ձեր հարաբերությունները կարո՞ղ են բարելավվել Ստամբուլում հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունից հետո:

- Կարծիքները տարբեր են, բայց ես կարծում եմ, նախնական ցնցակաթվածն անցնելուց հետո այդ սպանությունն ազդեցություն չի ունենա: Հիմնահարցը շատ ավելի խորն է եւ սկիզբ է առնում թուրք ժողովրդի պատմությունից: Կայսրությունները միշտ էլ դժվարանում են ներողություն խնդրել, եւ սա է՛լ ավելի ճիշտ է, երբ խոսքն արեւելյան կայսրության մասին է:

- Հայաստանն ինչո՞ւ է մերժում ցեղասպանության հարցում պատմաբանների խառը հանձնախումբ ստեղծելու Թուրքիայի առաջարկը:

- Երկկողմ հարաբերությունների կարգավորումը կառավարությունների գործն է եւ ոչ թե պատմաբանների: Ահա թե ինչու մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, պատրաստ ենք ստեղծել միջկառավարական հանձնաժողով եւ քննարկել բոլոր, այդ թվում առավել ցավոտ հարցերը: Եվրոպա աշխարհամասում շատ երկրներ ունեն պատմական կամ տարածքային վեճեր: Դա նրանց չի խանգարում ունենալ բաց սահմաններ, բնականոն հարաբերություններ եւ զուգահեռաբար քննարկել առկա խնդիրները: Իրական հարցը հետեւյալն է. Անկարայի իշխանություններն ինչո՞ւ են մերժում երկկողմ բոլոր խնդիրների լուծման նպատակով միջկառավարական հանձնաժողով ստեղծելու գաղափարը:

- Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությունը լա՞վ կլիներ Հայաստանի համար:

- ԵՄ-ին անդամակցելու գործընթացը ենթադրում է թուրքական հասարակության վերափոխմանն ուղղված լուրջ բարեփոխումներ: Դա նշանակում է առաջընթաց դեպի ավելի կանխատեսելի, ավելի բաց, փոքրամասնությունների հանդեպ ավելի հանդուրժող, սեփական պատմության վերագնահատմանն առավել հակված Թուրքիա: Բացի դրանից, Թուրքիայի անդամակցության դեպքում մենք կունենայինք սահման ԵՄ-ի հետ, ինչը, անշուշտ, դրական կլիներ: Բայց մենք չենք ուզում ԵՄ-ին «ապառիկ» անդամակցություն: Չմոռանանք, որ բանակցություններ են սկսվել հարեւանի հետ իր սահմանները փակած երկրի հետ, չխոսելով արդեն թուրք-կիպրական հարաբերությունների չկարգավորվածության մասին:

- Ինչպիսի՞ լուծում եք ակնկալում հայաբնակ ադրբեջանական տարածք Լեռնային Ղարաբաղի համար, որի անկախացումն եք պահանջում:

- Ամեն ժողովուրդ ունի անկախության բացարձակ իրավունք: Հայտնի չէ դեպք, երբ որեւէ ժողովուրդ փաստական անկախության ձեռբերումից հետո հրաժարված լինի դրանից: Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին խոսելն անհեթեթություն է, քանզի Լեռնային Ղարաբաղն անկախացել է ԽՍՀՄ-ի փլուզման ընթացքում, իրավաբանական անթերի գործընթացի շնորհիվ եւ երբեւէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Բանակցությունների նպատակը կարող է լինել միայն հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման ժամկետի սահմանումը:

- Ձեր փարիզյան այցը համընկնում է Ֆրանսիայում Հայաստանի տարվան: Գո՞հ եք երկկողմ հարաբերություններից:

- Ֆրանսիայում Հայաստանի տարվա կազմակերպումը մեր երկու երկրների բացառիկ հարաբերությունների վկայությունն է: Կուզենայի ընդգծել Ֆրանսիայի օժանդակությունը եվրոպական կառույցների հետ գործակցության խորացման ոլորտում, նրա ակտիվ միջնորդությունը եւ կառուցողական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Ի դեպ, զարգանում են նաեւ մեր տնտեսական հարաբերությունները: Մեր տնտեսության տարբեր ճյուղերում ներկա են ֆրանսիական խոշոր ընկերություններ: Վերջապես, մենք մեծ կարեւորություն ենք տալիս մշակույթի, հետազոտությունների եւ կրթության ասպարեզներում համագործակցելուն: Այսպես, Երեւանի Ֆրանսիական համալսարանը դարձել է մեր երկրի ամենահեղինակավոր բարձրագույն կրթական հաստատություններից մեկը:

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: