

Հայոց Մեծ եղեռնը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենաողբերգական եւ մռայլ էջն է: Հայերիս համար 20-րդ դարը սկսվեց Օսմանյան Թուրքիայում իրագործված ցեղասպանությամբ եւ բնաջնջման արհավիրքով, որն իր ճակատագրական ազդեցությունն ունեցավ մեր ազգի ապագայի, հոգեբանության ու գիտակցության վրա:
Սակայն հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի, այլեւ համայն մարդկության ողբերգությունն է: Ցեղասպանության ցանկացած ոճրագործություն, ում կողմից եւ ում դեմ էլ այն կատարված լինի, ծանրագույն հանցագործություն է մարդկության դեմ եւ չունի վաղեմության ժամկետ:
Հայոց եղեռնը ծանր բեռ է հայ ժողովրդի համար առաջին հերթին այն պատճառով, որ հանցագործությունը մնացել է անպատիժ, ավելինª չի արժանացել պատշաճ դատապարտման միջազգային հանրության կողմից: Եվ ամենագլխավորըª չի եղել զղջում: Նաեւ այս պատճառով էր, որ 20-րդ դարում աշխարհն ականատես եղավ մարդկության դեմ իրագործված այլ ծանր հանցագործությունների, որոնցից վերջինը 1988-1990 թվականների Սումգայիթի եւ Բաքվի դեպքերն էին:
Այսօր, գլուխ խոնարհելով մեր միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակի առջեւ, պետք է կատարենք մեր պարտքը եւ հասնենք 1915 թվականի դեպքերի դատապարտմանը` դրանով իսկ, հիշեցնելով բոլորին մեր ողբերգության մասին, կանխենք մարդկության դեմ հնարավոր նոր ոճիրները: Եվ հուսանք, որ միջազգային հանրությունը, կատարվածին տալով համապատասխան գնահատական, մեկընդմիշտ անհանդուրժող կլինի նման անցագործությունների նկատմամբ:
Ցավոք, եղեռնը դարձել է մեր ժողովրդի մտածելակերպի մասը, եւ մենք այդպես ենք մտնում 21-րդ դար: Մենք չենք ուզում լինել անցյալի գերին, սակայն ձերբազատման ճանապարհը` աշխարհի կողմից անցյալը ճիշտ գնահատելն է: Ցեղասպանության ճանաչման մեր պահանջի իրագործումը կծառայի տարածաշրջանում հանգստության եւ խաղաղության հաստատմանը: Ուրեմն, այսօր մեր գերխնդիրն է, համախմբելով համայն հայության եւ աշխարհի մարդասիրական բոլոր ուժերը, հաստատել պատմական արդարության հաղթանակը եւ ապահովել մեր հայրենիքի խաղաղ զարգացումն ու հզորացումը: