

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնն այսօր Հայաստանի ֆրանսիական համալսարանի ուսանողության եւ դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել է ՆԱՏՕ-ի հետ "Գործընկերություն հանուն խաղաղության" ծրագրի շրջանակում առավել ակտիվ համագործակցելու պատրաստակամության մասին։ Ըստ նրա, դաշինքն իր հերթին ունի հարավկովկասյան տարածաշրջանի ներուժը օգտագործելուն ուղղված նոր ծրագրեր, "ինչը կհիմնվի ոչ թե գաղափարի, այլ արդյունքի վրա"։
"ՆԱՏՕ-ն կստանձնի որոշակի դեր այս տարածաշրջանի խնդիրների լուծման հարցում, բայց անվտանգության եւ կայունության ապահովման հիմնական պատասխանատվությունը տարածաշրջանի երկրներինն է։ Մենք կաջակցենք հնարավորին չափով։ Կարծում եմ դրան մեծապես կնպաստի նաեւ Ռուսաստանի հետ մեր խորացող գործակցությունը", - ընդգծեց գլխավոր քարտուղարը։ Նա պատմական որակեց Մոսկվայի համաժողովը, որի ընթացքում "ՆԱՏՕ-ի անդամներն ու Ռուսաստանը, մի կողմ թողած երբեմնի տարաձայնությունները, կլոր սեղանի շուրջ բանակցել են համընդհանուր սպառնալիքների դեմ պայքարի վերաբերյալ"։
Լորդ Ջ. Ռոբերտսոնի խոսքերով, վերջին 15 տարիներին ՆԱՏՕ-ն վերացնում է Եվրատլանտյան տարածաշրջանը բաժանող սահմանները` տարածելով խաղաղության եւ ժողովրդավարության արժեքները։ Ըստ նրա, Դաշինքը ռազմավարական գործակցություն է ծավալում Ռուսաստանի եւ Եվրամիության հետ։ "Անցած տարի Պրահայի գագաթաժողովում մենք միասնաբար քննարկեցինք 21-րդ դարի հիմնական սպառնալիքները` նախապատրաստվելով նոր հազարամյակի փորձություններին։ Մեր որոշումները հնարավորություն են տալիս պայքարելու ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքերի եւ անկայունության հետեւանքների դեմ ու կառուցելու արդյունավետ համակարգ` գիտակցելով այդ հարցում Հյուսիսատլանտյան դաշինքի ներուժը", - նշեց նա։
Ակտիվ հասարակական, քաղաքական գործունեության եւ աշխարհի խաղաղության ապահովման գործում մեծ ներդրումի համար Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտոր Արթուր Բաղդասարյանը Ջ.Ռոբերտսոնին շնորհեց բուհի պատվավոր դոկտորի կոչում։
"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ
Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ: