"Ես սիրում եմ նրան որպես հաջողակ մարդու"
Մեր ազգային համակարգի հիմքը
04 Հուլ 2012  

Սառը խոսք շոգ ամռանը

Հասանք օրացույցային տարվա կեսին, իսկ քաղաքական իմաստով երևի թե կեսից էլ անցել ենք, որովհետև գլխավոր իրադարձությունը` խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալ են: Այսօր, արձակուրդի մեկնելուց առաջ փորձ ենք արել ի մի բերել այդ կես տարվա մեր աշխատանքը, և ինչ որ կերպ ինքնագնահատական տալ:
 
Ուրախ ենք, որ մեր կայքը իր գործունեության ողջ ընթացքում այսօր այդքան թմբկահարվող քաղաքական հանդուրժողականության լավագույն օրինակով է առաջնորդվել: Չկա, չեք գտնի մեր կայքէջում որևէ անձնական վիրավորանք, թեպետ ոմանք խիստ արժանի էին դրան: Որքան էլ որոշ մարդիկ ողջ տարվա ընթացքում փորձում էին մեզ հունից հանել, այնուհանդերձ մենք մեր ասելիքն ենք ասել: Ինչպես և խոստացել էինք կայքի գործունեության առաջին իսկ օրը, մեր նպատակը եղել ու մնում է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաստակի ճշմարիտ գնահատումը` որպես գործունեությունը հայ ժողովրդի նորագույն պատմության նշանավոր պետական ու քաղաքական գործչի:

Այսօր մեկ ավելորդ անգամ չենք ուզում այդ մասին խոսել, բայց գուցե արժե մի նկատառում ներկայացնել: Շատ բան է Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կիրառել, շատ բան է ներդրել մեր պետական, քաղաքական ու հասարակական կյանքում: Այսօր ուզում ենք նշել էքս նախագահի ինստիտուտի գոյությունը: Ցանկացած կայացած երկրում նախկին նախագահը մնում է երկրի քաղաքական կյանքի վրա` իր անձնական հատկանիշների բերումով մեծ կամ փոքր չափով ազդեցություն ունեցող դեմք: ՀՀ առաջին նախագահը անիծեց հրաժարական տալիս /դե արի ու մի ասա` սարսափած փախչելիս/, ասաց, որ կվերադառնա, երբ ազգովի պաղատենք, հեռացավ և տասը տարի նրա գոյությունը ոչ մի կերպ` ոչ դրական, ոչ էլ բացասական իմաստով չէր զգացվոմ: Նկատի ունենք անմիջական գոյությունը, ոչ թե ամեն պահ նրան հիշեցնող երկրի ավեր վիճակը: Երբ նորից հայտնվեց, արդեն ոչ թե նախկին նախագահ էր, այլ նոր նախագահական ընտրության թեկնածու:
 
Իսկ Ռոբերտ Քոչարյանը բերեց նախկին նախագահի կուլտուրան: Սա է պատճառը, որ երբ նա որևէ հանդիպում է ունենում կամ վճռորոշ մի պահի հարցազրույց է տալիս, բոլորը խառնվում են իրար, թե ահա իր վերադարձի հիմքերն է ստուգում: Մինչդեռ ինքը պարզից էլ պարզ հայտարարել էր, որ իր հսկայական փորձով չի կարող անկյուն քաշված անտարբեր դիտել, թե ինչ է կատարվույմ երկրում, ինչը հաճույքով անում էր առաջին նախագահը: Իսկ վերադարձի մասին էլ պարզից պարզ հայտարարեց, թե ինչ պարագաներում ինքը ակտիվ քաղաքական կյանք կվերադառնա: Լրատվամիջոցները երբեմն ուռճացնում, երբեմն էլ նվազեցնում էին երկրորդ նախագահի ազդեցությունը երկրի արդի քաղաքական գործընթացների վրա, բայց որ այն ինքնին առկա էր, ոչ ոք չի կարող ժխտել: Եթե ուրիշ ոչինչ հաշվի չառնենք, ապա հենց միայն սպասումը, որ Քոչարյանը կմտնի ակտիվ քաղաքական խաղի մեջ և որոշակի հետաքրքրություն էր առաջացնում, և հույս և փոփոխությունների ակնկալիք: Սակայն կվերադառնա՞ նա ակտիվ քաղաքական կյանք, թե՞ ոչ, կամ թե երբ կվերադառնա, միշտ չէ, որ կախված է միայն քաղաքական գործչի ցանկությունից: Ավելի հաճախ պետական ու քաղաքական գործչի պահանջարկը ինքը` ժամանակն ու օրն են թելադրում, ինչպես նաև քաղաքական իրավիճակն ու հասարակական ձգտումները: Ըստ էության, այդ վերադարձի երևույթը ինքնաբուխ է, այսինքն դժվար է ասել` տվյալ գործչի ցանկությունն է ավելի կարևոր, թե պահի թելադրանքը: Գալիս է մի պահ, որ սրտացավ ու մտահոգ պետական գործիչն ասում է, որ այլևս չի կարող կողմ քաշված նայել:

Մեր գործունեության մեջ մենք շեշտը դրեցինք հատկապես այն տասը տարիների վրա, երբ երկրի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, և որոնք լիովին վերափոխեցին Հայաստանը: Դժվար թե առաջիկայում այդպիսի մասշտաբի էլի մեկ պետական գործիչ ունենանք: Ու, եթե չենք կարողանալու արժանավույն գնահատել նրա վաստակը, ապա ավելի փոքր մասշտաբի այլ քաղաքական ու պետական գործիչներին, որոնք նույնպես արժանի կլինեն հարգանքի ու բարձր գնահատականի, ընդհանրապես չենք նկատի ու կարևորի: Իսկ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Դա կնշանակի թացն ու չորն իրար խառնել, այսինքն արժանավորին ու անարժանին նույն կշռով կշռել ու նույն գնահատականը տալ:
 
Այո, քաղաքական ու օրացուցային տարին կիսվեց, սակայն աշնանը այն բնականաբար նոր սրացումներ կբերի: Թե քաղաքական ու տնտեսական բանավեճերը, թե Ռոբերտ Քոչարյանի վերադարձի խնդրի շուրջ տեսակետները մեզ ստիպում են վստահորեն դիմել երկրորդ նախագահին. պարոն Քոչարյան, երկիրը ունի Ձեր կարիքը, Ձեր փորձի ու վճռականության կարիքը: Թե ինչպես և որտեղից կորոշեք օգտակար լինել` Ձեր գործն է: Մենք միայն փաստում ենք, որ երկրի արտաքին քաղաքական ու ներքին կյանքի խնդիրները խոշոր հարցականներ են դնում մեր պետության առաջ:
 
Կայքէջի մշտական այցելուները նկատած կլինեն, որ մենք` որպես ֆան ակումբի անդամներ, մոլեռանդ ու հիստերիկ չենք, և Ռոբերտ Քոչարյանին կուռք չենք դարձնում, ինչպես մինչև էս վերջին օրերը փորձում էին անել առաջին նախագահի կողմնակիցները: Մենք մի տեսակ կշռադատված ֆանատներ ենք, որովհետև ինքը` Ռոբերտ Քոչարյանն է կոնստրուկտիվ ու բարդագույն հարցերին սառը նայող: Մեծ առավելություն է, որ այն մասսան, որ համակրում է Ռոբերտ Քոչարյանին, սառը դատող ու տրամաբանող հանրություն է:

Մեր աշխատանքում հենց այդպես սառը և հաստատակամ վճռականությամբ էլ փորձել ենք վեր հանել Ռոբերտ Քոչարյան անհատի դերը մեր երկու անկախ պետությունների ստեղծման ու կայացման գործում: Այդ գործի մի հսկայական մասն արդեն ի կատար ենք ածել: Այսուհետ թե Ռոբերտ Քոչարյան պետական գործչի կերպարը և թե նրա գործունեությունը կլրացնենք նոր էլեմենտներով, նոր մանրամասներով: Խոստովանում ենք, որ մեզ էլ բավական հետաքրքրի աշխատանք է ապասում: 

Հուլիսի վեցից կարող եք մեր կայքէջում ծանոթանալ երկրորդ նախագահի չտարածված լուսանկարների ալբոմին, որոնք ձեռք բերելու գործում մեզ աջակցել են ինչպես Ռոբերտ Քոչարյանի ֆաները, այնպես էլ նրա գրասենյակը:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: