

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն այս տարի նորովի՝ ժամանակակից ոճով ձեւավորված եւ արդիական տեխնիկայով զինված լուսավոր եւ ընդարձակ լսարաններով, կոկիկ եւ հարմարավետ առանձնասենյակներով համալրված նոր մասնաշենքով, դիմավորեց ուսումնական նոր շրջանը:
Երեկ այս կապակցությամբ, նաեւ հայոց բանակի ապագա սպաներին, ինստիտուտի ղեկավարությանը եւ դասախոսական կազմին սեպտեմբերի 1-ի, այսինքն՝ գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ շնորհավորելու համար, վաղ առավոտյան, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ կառավարության այլ անդամների ուղեկցությամբ, ռազմական ինստիտուտ էր այցելել զինված ուժերի գլխավոր հրամանատար, նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Կուրսանտները, ինչպես միշտ, պաշտոնական արարողակարգի բոլոր ատրիբուտներով դիմավորեցին գլխավոր հրամանատարին: Ողջույնի արարողությունից եւ կուրսանտների մասնակցությամբ տեղի ունեցած մինի-շքերթն ընդունելուց հետո, նախագահն այցելեց ուսումնական նոր մասնաշենքի բոլոր հարկաբաժինները, մեկ առ մեկ շրջեց դասասենյակներով, պահեստանոցներով, եւ դասախոսական անձնակազմի համար նախատեսված սենյակներով, այնուհետ եղավ կենտրոնական (վարչական) մասնաշենքում:
Ինստիտուտի ղեկավարության հետ անցկացված կարճատեւ խորհրդակցությունից հետո Ռ.Քոչարյանը ձեռնպահ մնաց մեկնաբանություններից՝ լրագրողներին հետաքրքրող հարցերին պատասխանելու առաքելությունը վերապահելով պաշտպանության նախարարին: Այնուհանդերձ ակնհայտ էր, որ նախագահը գոհ էր սպայական կադրերի այս դարբնոցում արձանագրված բարենորոգումներից: Ինչը, նկատենք, միանգամայն հասկանալի է՝ նկատի ունենալով, մասնավորապես, այն իրողությունը, որ ռազմական ինստիտուտի՝ մինչ օրս, ըստ էության, «երկփեղկված» կառույցը այսուհետ կենտրոնացված կլինի "միասնական" տարածքում:
Բանն այն է, որ ինստիտուտի երկու ֆակուլտետներից մեկը՝ հրետանային ֆակուլտետը, այստեղ է տեղակայված դեռեւս 1994 թվականից, երբ հիմնադրվեց իր տեսակի մեջ եզակի այս կրթական հաստատությունը: Մինչդեռ համազորային ֆակուլտետը գտնվում էր ԵՊՀ նախկին (ռազմական ամբիոնի) մասնաշենքում: Ինչը, բնականաբար, լրացուցիչ դժվարություններ էր ստեղծում թե՛ կուրսանտների, թե՛ դասախոսական կազմի համար ինչպես ժամանակի, այնպես էլ տրանսպորտային անհարմարությունների առումով: Եւ, իհարկե, ուրախալի է, որ այսուհետ համազորային ֆակուլտետը՝ բոլոր երեք (կրակային, մարտավարության եւ զորատեսակների) ամբիոններով, դասակներով եւ մասնագիտացված դասասենյակներով հանդերձ, տեղակայված կլինի նորակառույց մասնաշենքում:
Ռազմական ինստիտուտի պետ Ստեփան Միրզոյանի հավաստմամբ, կարեւորն այն է, որ զինվորական կրթությունը մեր երիտասարդների շրջանում գնալով ավելի ու ավելի "պոպուլյար" է դառնում, եւ "ինստիտուտը այսօր կուրսանտների պրոբլեմ չունի: Մեր ուսումնատեխնիկական բազան ամեն տարի ընդլայնվում է, բարձրանում է ուսանողների պատրաստականության աստիճանը եւ գիտելիքների որակը, եւ մենք բանակին տարեցտարի ավելի ու ավելի որակյալ, պատրաստված սպաներ ենք տալիս":
Այսօրվա դրությամբ ռազմական ինստիտուտում սովորում է ավելի քան 1000 ուսանող. միայն այս տարի նրանց թիվը համալրվել է հայոց բանակի մոտ 300 ապագա սպաներով: Ընդսմին` Ս.Միրզոյանի հավաստմամբ, "քննություններն անցել են առանց միջադեպերի, հարթ եւ թափանցիկ: Համենայն դեպս, ոչ մի բողոք չի գրանցվել, կարելի է ասել՝ ընդունվել են արժանավորներից արժանավորները":
Ավելացնենք, որ ուսանողական նոր մասնաշենքը կառուցվել է "զրոյից"՝ երկու տարվա ընթացքում, բյուջետային հատկացումների, մի քիչ էլ՝ նախարարության ռեզերվային միջոցների հաշվին:
www.armworld.am