Լավագույններից լավագույնը
07.06.2006. Պարգեվներ չեմպիոններին
15 Սեպ 2011  
15.09.2011  |  11:04   |   Թերթեր և ամսագրեր

05.12.2007. Ծաղկաձորի մարզաբազայի նոր դեմքը

Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական մարզաբազան, որը կառուցվել է 1968 թվականի Մեխիկոյի օլիմպիական խաղերից առաջ, այսուհետ նորովի կներկայանա մարզիկներին եւ պարզապես ակտիվ հանգստի սիրահարներին։ Երեկ տեղի ունեցավ մարզաբազայի հիմնովին վերանորոգված մասնաշենքի հանդիսավոր բացումը, որին մասնակցեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նախատեսվում է, որ սփյուռքահայ բարերար Ալբերտ Բոյաջյանի ֆինանսավորմամբ կատարվող աշխատանքները հաջորդ տարի լիարժեք ավարտին կհասցվեն տակավին շինարարի ձեռքին կարոտ մարզադահլիճների վերանորոգման ավարտով։ 

Ինչպես նշվեց, հյուրանոցային մասնաշենքը հիմնովին վերանորոգվել է, հնից մնացել է միայն կառույցի դիմային հատվածը։ Երկու մասնաշենքերը այսօր ունեն 182 սենյակ եւ միաժամանակ կարող են ընդունել մինչեւ 220 այցելուի։ Կան մեկ տեղանոց կիսալյուքսեր, երկու սենյակ ունեցող լյուքսեր (երկու մահճակալով մեկական ննջասենյակ եւ հյուրասրահ) եւ VIP սենյակներ (մեկ հյուրասենյակով եւ երկու ննջասենյակով)։ Իսկ մասնաշենքի անմիջական հարեւանությամբ գտնվում են մարզադահլիճները։ Կան նաեւ կոնֆերենց-դահլիճ, ֆիտնես ակումբ, լողավազան։ Ընդ որում՝ մարզաբազայում կարող են հյուրընկալվել ոչ միայն մարզիկները, այլեւ այլ բնագավառի ներկայացուցիչներ։ Ճիշտ է՝ գների մասին դեռեւս ոչինչ չի նշվում եւ, ինչպես մեզ հայտնի դարձավ, գնացուցակը հստակեցվելու է հաջորդ շաբաթ։

Իսկ առաջին հյուրերն են լինելու հայ ըմբիշները, որոնք դեկտեմբերի 12-ից ուսումնամարզական հավաք են սկսելու Ծաղկաձորում։ Ինչպես նշեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, մարզիկները եւս այստեղ հանգրվանելու են վճարովի հիմունքներով։ Կառավարության սահմանած գներով, նրանց օրավարձը 9800 դրամ է, սակայն բացառված չէ, որ գումարը հետագայում բարձրացվի։ Ա.Գրիգորյանի խոսքերով, շահույթի հիմնական մասը ստանալու է ներդրողը՝ հանձին Ա.Բոյաջյանի, սակայն պետությունն էլ, բնականաբար, շահույթի որոշակի տոկոս է ունենալու։ Նախարարը վաղ է համարում մարզաբազայի կարգավիճակի փոփոխության հնարավորության մասին խոսելը, նշելով, որ այդ հարցը կհստակեցվի աշխատանքների լիարժեք ավարտից հետո։ Դրա համար Ա.Բոյաջյանը հաջորդ տարի պետք է ներդնի եւս 5 մլն դոլար՝ մարզադահլիճները հիմնովին վերանորոգելու նպատակով։ 

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսքերով, մինչ օրս սփյուռքահայ ներդրողը աշխատանքների իրականացմանը հատկացրել է 10 մլն դոլար։ Ինքը՝ Ալբերտ Բոյաջյանը, մասնաշենքի շահագործման հանձնելու օրն իր համար պատմական համարեց, նշելով. "40 տարի առաջ, երբ Խորհրդային Միությունը կառուցեց Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազան, այս պատերից դուրս եկան հարյուրավոր, միգուցե հազարավոր չեմպիոններ։ Այսօր, կարծում եմ, Ծաղկաձորը պետք է ծառայի հայ չեմպիոնների պատրաստմանը, որոնք միջազգային ասպարեզում բարձր կպահեն ոչ թե ԽՍՀՄ կամ այլ երկրների, այլ հայկական դրոշի պատիվը"։ 

Սակայն Ա.Բոյաջյանը գտնում է, որ միայն մարզումային պայմանների ստեղծմամբ մարզիկների հանդեպ ուշադրությունը չպետք է սահմանափակվի։ Նա կոչ արեց երկրի ղեկավարությանն ու կառավարությանը նյութապես եւ բարոյապես օժանդակել հայ մարզիկներին, սպորտի նախարարին հատկացնել անհրաժեշտ միջոցներ բարձր որակավորում ունեցող մարզիչներ հրավիրելու համար։ Իսկ վերջում բանախոսը, կատակի երանգ տալով խոսքին, դիմեց նախագահ Ռ.Քոչարյանին, որպեսզի նա "միջազգային շինարարի" կոչում շնորհի սպորտպետկոմի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին` Ծաղկաձորում ընթացող աշխատանքները, այդ թվում՝ ճոպանուղու կառուցումը, արագ եւ որակյալ իրականացնելու համար։ 

Իսկ Արմեն Գրիգորյանն ու Գագիկ Ծառուկյանը հույս հայտնեցին, որ Ծաղկաձորը ոչ միայն միջազգային զբոսաշրջության կենտրոն կդառնա, այլեւ կվերականգնի գլխավոր օլիմպիական մարզաբազայի համբավը։ ՀԱՕԿ-ի նախագահը նշեց, որ վերջերս այստեղ տեղի ունեցած ԱՊՀ երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահների համաժողովի մասնակիցները արդեն իսկ լուրջ հետաքրքրություն են դրսեւորել իրենց մարզիկների նախապատրաստությունն այստեղ անցկացնելու վերաբերյալ։ 

Այդ հանգամանքը լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը. "Այս հյուրանոցը յուրահատուկ է նրանով, որ համալիրը ներառում է արհեստավարժ սպորտի համար նախատեսված դահլիճներ։ Ուստի այն կարող է ծառայել ոչ միայն տուրիզմի զարգացմանը, այլեւ տուրիզմի յուրահատուկ սեգմենտին՝ կապված մեծ սպորտի վարժանքների, տարբեր թիմերի եւ օլիմպիական հավաքականների մարզման համար"։ Նախագահն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Ծաղկաձորը օրեցօր կերպարանափոխվում է։ Ընդ որում՝ ուշադրություն է դարձվում նաեւ ենթակառուցվածքների կենսապահովման խնդիրներին։ "Այս տարի մեծ ներդրումներ եղան նաեւ ջրային համակարգի բարելավման ուղղությամբ։ Լուրջ ներդրումներ կատարեցին բաշխիչ ցանցերը՝ ամբողջությամբ վերանորոգելով քաղաքային ցանցը։ Ակնկալում ենք, որ "ԱրմենՏելը" եւս լրացուցիչ ներդրումներ կանի կապի ինտերնետային արագությունն ավելացնելու ուղղությամբ։ Միշտ կատակով ավելի նեղ շրջապատում ասում եմ, որ սա հայկական Կուրշավելը պետք է դառնա, եւ այդ ուղղությամբ աշխատում ենք"։ 

Ըստ Ռ.Քոչարյանի, այս տարի եւս մեծ ներդրումներ են կատարվել Ծաղկաձորի գլխավոր լեռան վրա, կառուցվել են նոր դահուկուղիներ եւ ճոպանուղի։ Ծրագրում կա եւս մի ճոպանուղու շինարարություն, որը պետք է իրականացվի հաջորդ տարի՝ ամփոփելով լեռան ողջ ներուժը։ "Սարից սկսվեց ամեն ինչ",- նկատեց նախագահը։ Նրա խոսքերով, կառուցվում է նաեւ շրջանցող ճանապարհ, որի մնացած հատվածը հաջորդ տարի կասֆալտապատվի։ Նախագահն ուշագրավ է համարում նաեւ այն հանգամանքը, որ ճանապարհի կառուցմամբ արժեւորվեցին նաեւ հարակից հողատարածքները եւ շինարարություն սկսվեց ձորի մյուս կողմում։

Ռ.Քոչարյանի կարծիքով, տարին բավականաչափ հաջող էր հայկական սպորտի համար, սակայն աշխատանքների գլխավոր գնահատականը լինելու է Պեկինի օլիմպիական խաղերը։ Այս ընթացքում կառուցվել եւ վերակառուցվել են բազմաթիվ մարզադպրոցներ, նորմալ պայմաններ են ստեղծվել մարզիկների նախապատրաստության համար։ Ուստի, Ռ.Քոչարյանի համոզմամբ. "Մահանա բռնելու տեղ չկա"։ 

Նախագահը նաեւ արժանին մատուցեց Ա.Բոյաջյանին, որը վերջապես որոշեց ուղղակի ներդրումներ կատարել նաեւ Հայաստանում. "Մենք շահագրգռված ենք, որ սփյուռքահայ մեր բարեկամները մասնակցեն երկրի տնտեսության զարգացմանը նաեւ ուղղակի ներդրումներով։ Դա կնշանակի, որ ընկալում են բիզնես միջավայրի գրավչությունը Հայաստանում եւ պատրաստ են սեփական ներուժով եւ մասնակցությամբ աշխատել երկրի զարգացման համար"։

www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: