Ռ. Քոչարյանը շնորհավորել է Ս. Սարգսյանին
Քոչարյանը մասնակցելու է
05 Մար 2013  
05.03.2013  |  11:12   |   Անձնական

Վ.Սողոմոնյանի հարցազրույցը yerkir.am կայքին

Մարտի 7-ին Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կլսվի Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյանների հայցն ընդդեմ "Առաջին լրատվական" կայքի եւ "Ժամանակ" օրաթերթի:
 
yerkir.am-ի զրուցակիցն է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:  
 
- Պարոն Սողոմոնյան, ինչպես հայտնի է, Քոչարյանների ընտանիքը դատի է տվել "Ժամանակ" օրաթերթին: Ո՞րն է պատճառը:
 
- Անցած տարվա նոյեմբերի վերջին "Ժամանակ" օրաթերթը և "Առաջին լրատվական" կայքը հրապարակել էին միանգամից երկու հոդված, որոնցում տեղ գտած Ռոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի գործունեության մասին իբր փաստերը ոչ միայն ամբողջովին չեն համապատասխանում իրականությանը, այլև ակնհայտորեն նպատակ ունեն զրպարտել նրանց: Սա, ցավոք, առաջին դեպքը չէ, երբ նշված լրատվամիջոցները նման փորձ են կատարում: Մենք էլ արդարությունը վերականգնելու ուրիշ օրինական ճանապարհ, քան դատարան դիմելը, չենք տեսնում: Քոչարյանների ընտանիքի փաստաբանների կողմից այդ լրատվամիջոցներին առաջարկվել է հերքել ապատեղեկատվությունը և այդքանով խնդիրը լուծված համարել, սակայն նրանք չեն արձագանքել: 
 
- "Երևանի մամուլի ակումբը" և մի շարք այլ լրագրողական կազմակերպություններ այս և տարբեր ԶԼՄ-ների դեմ ուղղված այլ նմանատիպ հայցերի վերաբերյալ հանդես էին եկել հայտարարությամբ եւ հայտնել, որ այդ ամենն ուղղված է խոսքի ազատության դեմ: Չեք կարծո՞ւմ, որ անյուամենայնիվ նման դատական հայցերը ոտնահարում են խոսքի ազատության իրավունքը:
 
- Չէի ուզենա խոսել այլ հայցերի հետ կապված, քանի որ ծանոթ չեմ մանրամասներին: Ինչ վերաբերում է Քոչարյանների ընտանիքի հայցին, ապա ժամանակին ես արդեն առիթ ունեցել եմ մեկնաբանել նման մեղադրանքները և հիմա պարզապես կկրկնեմ. խոսքի ազատությունն ու զրպարտանքը, խոսքի ազատությունն ու սուտը բոլորովին տարբեր բաներ են: Պետք չէ զբաղվել նենգափոխությամբ և փորձել փոխարինել մի երևույթը մյուսով ըստ հարմարության: Ցավում եմ, որ ստիպված եմ նման տրիվիալ ճշմարտություններ ասել: Իսկ ընդհանրապես, կարծում եմ, որ սուտը պաշտպանելու և այդպիսով հանրության առաջ վարկաբեկվելու փոխարեն, լավ կլիներ, որ այդ կազմակերպությունները աշխատանք տանեին ԶԼՄ-ներում լրագրողական էթիկայի տարրական կանոնների կիրառման ուղղությամբ: 
 
- Անցած անգամ, երբ Քոչարյանների ընտանիքի ներկայացված հայցը բավարարվեց, Դուք հայտարարեցիք, որ ստացված ամբողջ գումարը ծախսվելու է բարեգործական նպատակով: Արդյո՞ք այդ խոստումն իրականացվեց:
 
- Այո, իհարկե: Գիտեմ, որ այդ հարցը եւս շատ լրատվամիջոցների կողմից բազմիցս շահարկվել է, քանի որ մենք մինչ օրս չենք հրապարակել որևէ տեղեկություն արված բարեգործության հասցեատիրոջ մասին: Եթե հիշում եք, ես ժամանակին հայտարարել էի, որ Քոչարյանների ընտանիքը, թեև պարբերաբար բարեգործություն է իրականացնում, սակայն, համապատասխան կառույց /օրինակ՝ ընտանեկան հիմնադրամ/ չունենալու պատճառով նպատակահարմար չի գտնում այդ գործունեության հրապարակայնացումը: Բայց այս անգամ ես բացառություն կանեմ և կտեղեկացնեմ, որ ատացված գումարը փոխանցվել է "Երեխաների աջակցման կենտրոն" բարեգործական հիմնադրամին: Ի դեպ, նաև լիազորված եմ հայտարարել, որ այս անգամ էլ, հայցը բավարարվելու դեպքում, ամբողջ գումարը կրկին ծախսվելու է բարեգործական նպատակով:  
 
Հարցազրույցը՝ Ագնեսա Խամոյանի
www.yerkir.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: