"Հուսով եմ, որ իշխանությունը կհաղթահարի այս մարտահրավերները"
"Պայքար, պատերազմ, հաղթանակ"
18 Հուն 2013  

Վերադարձի առաջին քայլը

Երեք օր առաջ "Մեդիամաքս" գործակալությունը հրապարակեց Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որն ինչ-որ իմաստով, գուցե թե նույնիսկ լավ իմաստով, պայթյուն առաջացրեց մեր քաղաքական ու լրատվական դաշտում:

Արձագանքները չափազանց բուռն էին նախ այն պատճառով, որ  իրավիճակը կարևորագույն քաղաքական իրադարձության` նախագահի ընտրության փուլում չափազանց միօրինակ ու կանխատեսելի է:  Միօրինակ, անհետաքրքիր ու կանխատեսելի է նաև ամբողջ հռետորաբանությունն ու առհասարակ խոսքը, որ հնչում է ներկա փուլում: Միակ հետաքրքիրն ու միօրինակությունից շեղումն այս օրերին Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն էր: Արձագանքները բուռն էին նաև այն պատճառով, որ հարցազրույցն ինքնին նշանակալի էր: Մենք երեք օր անց ենք անդրադառնում հարցազրույցին, որովհետև երեք օր հետևում էինք այդ արձագանքներին ու փորձում ինչ-որ կերպ ի մի բերել դրանք: Ասենք, որ դա այնքան էլ հեշտ գործ չէր, և ոչ միայն անդրադարձերի քանակի պատճառով, այլ նաև` որակի: Անհնար էր անմտությունների հեղեղից խելքը գլխին եզրահանգումների գալ: Ասել կուզի, թե հիմնականում մամուլն իրեն կրկին դրսևորեց ընդամենը մտավարժանքների, երևակայական, հնարածին ենթադրությունների ու աչառու պնդումների մակարդակում: Ճիշտ նույնը կարելի է ասել նաև թեմային անդրադարձող քաղաքական գործիչների մասին: Դրանց կանդրադառնանք մի փոքր ուշ, իսկ առայժմ ցանկանում ենք ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մեր ընկալումները:
 
Հենց սկզբից ասենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեծ քաղաքականություն իր վերադարձի բոլոր խոչընդոտները թողեց անցյալում: Ուշադիր ընթերցողը կնկատեր, որ երկրորդ նախագահն օգտագործում է հիմնականում "էի" կամ "էր" օժանդակ բայերը:Ահա հարցազրույցից մի քանի մեջբերում. 
 
"Երեք հիմնական հանգամանք կառաձնացնեմ, որ դրդում էին ինձ ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց:

Առաջինը` իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, եւ վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է:

Երկրորդը` չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ եւ, վստահ եմ, երկրի համար վնասակար ձեւաչափի կազմավորմանը":

 
Սա, նախ նշանակում է, որ սկսվում է միանգամայն նոր փուլ, և կարող ենք վստահորեն ենթադրել, որ նա այլևս չի սահմանափակվի միայն հազվադեպ հարցազրույցներով և կընդլայնի իր հրապարակային գործունեության դաշտը: Փաստորեն, արդեն անցյալում են նաև այն դրդապատճառները, որոնք խոչընդոտ էին ակտիվ քաղաքականություն Ռոբերտ Քոչարյանի վերադարձին: Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ էության, հայտարարել է քաղաքականությունից իր վերջնական հեռացումի մասին, գործող նախագահն իր նախագահության երկրորդ ժամկետին է գնում և երեք նախագահների մրցակցության այն ձևաչափը, որը Ռոբերտ Քոչարյանը արատավոր էր համարում, այլևս գոյություն չունի:

Հարցազրույցից մեր երկրորդ եզրահանգումն այն է, որ Քոչարյանը  երբևիցե ու որևէ պայմանով հարցականի տակ չէր դնի Ղարաբաղի ու Հայաստանի ոչ միայն ապագան, այլև` արդեն պատմություն դարձած անցյալը: Ինչ պիտի հավելվեր  այդ հերոսական պատմությանը, եթե Արցախի երկու հերոսներ միմյանց դեմ կատաղի պայքար մղեին իշխանության համար: Դժվար չէ կռահելը, թե ինչ պիտի գրվեր այդ մասին ոչ միայն պատմության գրքերում, այլ նաև այսօր՝ Ադրբեջանում ու Թուրքիայում:

Հարցազրույցից մեր երրորդ ըմբռնումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի պայմանով չէր գնա մեր երկրի ապակայունացմանը: Չկա նրա համար մի բան, հանուն որի արժեր գնալ այդպիսի անկայունության, ինչն արեց Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին: Առանց ակնարկների, պարզ ու թափանցիկ այդ մասին է Քոչարյանն ասում իր հարցազրույցում: 

Հաջորդ, և նույնքան ակնհայտ եզրակացությունը հիշյալ հարցազրույցից այն է, որ Քոչարյանը շարունակում է դժգոհ մնալ ոչ միայն երկրի տնտեսական իրավիճակից, արտագաղթի շարունակաբար աճող տեմպերից, այլ նաև կառավարության ոչ համարժեք գործողություններից, ինչը հարցազրույցում ստացել է Քոչարյանի "հանգիստ ու հանդարտ ջանքեր" ձևակերպումը:

Եվ վերջապես, մենք հարցազրույցի բովանդակության մեջ հստակ տեսնում ենք վստահություն, որ նա գիտի հասարակությանը հավատ ներշնչելու, համախմբելու և այս ծանր իրավիճակից ելքեր գտնելու ձևերն ու ճանապարհները:

Մեր կարծիքով, սրանք էին այն հիմնական դրույթները, որոնց մասին Ռոբերտ Քոչարյանը ցանկացել էր իրազեկել հանրությանը ու քաղաքական դաշտին: Մեզ` 2rd.am-ի խմբագրակազմին ոգևորում է այն փաստը, որ Քոչարյանն այս հարցազրույցով կատարեց մեծ քաղաքականություն վերադարձի իր առաջին քայլը:

Մենք Ռոբերտ Քոչարյան պետական ու քաղաքական գործչին  գնահատում ենք իր նախագահության տասը տարիների արդյունքներով:  Սակայն կայքէջի գործունեության շուրջ երկու տարվա ընթացքում կարողացանք էլ ավելի լավ ճանաչել նրան, և կրկնակի վստահությամբ կարող ենք պնդել, որ նա երբեք ոչ մի խոսք հենց այնպես չի ասում:

Իսկ ի՞նչ են հասկացել ու ի՞նչ հետևություններ են արել նույն հարցազրույցից մեր զանգվածային լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները:  Կրկին շեշտենք, որ անհնար է անդրադառնալ բոլորին թե քանակի պատճառով և թե տրամաբանության պակասի: Սակայն մի քանի տեսակետ չենք կարող անպատասխան թողնել: Առաջին այդպիսի մի պնդումի անունը դնենք աշոտյանական, քանի որ առաջինը հենց կրթության նախարարն է այն արտահայտել, բայց խախտելով նրա հեղինակային իրավունքը, Գագիկ Մինասյանն ու ԱԺ հանրապետական մի քանի այլ պատգամավորներ մեկին մեկ համընկնումով կրկնեցին այն` որպես սեփական գնահատական: Նրանք վերջին հարցազրույցը համեմատում են 2011 թվականին Քոչարյանի տված մեկ այլ հարցազրույցի հետ, որտեղ վերջինս իր վերադարձի երեք նախապայման էր նշում, և հայտարարում, որ ուրեմն վերացել են այդ երեք նախադրյալները և այդ պատճառով է, որ երկրորդ նախագահը չի մասնակցում նախագահական ընտրապայքարին: Առանձնապես խորաթափանց լինել պետք չէր նկատելու համար, որ 2011 թվականի հարցազրույցի երեք պայմաններն իրենց ուղղակի տրամաբանական շարունակությունն են գտել այս հարցազրույցում: Քոչարյանի պատասխանը հարցին, թե ինչի չի մասնակցում նախագահական պայքարին, այնքան աներկիմաստ է, որ այլ մեկնաբանությունների սիրահարներին ստիպված ենք տարրական դասարանի ուսուցչի պես բացատրել. դա  ոչ թե ֆունդամենտալ պատճառների հետևանք է, այլ էմոցիոնալ ու բարոյական դրդապատճառներ ունի: Իսկ ֆունդամենտալ պատճառները, այսինքն երկրի քաղաքական ու տնտեսական իրավիճակը, առանձնակի լավատեսություն այսօր էլ չեն ներշնչում: Բացի այդ, ամբողջ հարցազրույցում ակնարկվում է, որ չկա այլևս մեծ քաղաքականություն վերադարձի ոչ մի խոչընդոտ: Ասել կուզի, վերադարձը նույնացնել նախագահի թեկնածուի կարգավիճակի հետ /ու հենց հիմա, հենց այս ընտրություններում/, պարզապես ծիծաղելի է, բայց և բնական հանրապետական որոշ գործիչների համար, որովհետև հենց լսում են Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադարձի մասին, անմիջապես նրան պատկերացնում են նախագահի պաշտոնին: Բայց չարժե այնքան տրվել սեփական երևակայության մտապատկերին, որ մտածելու, կշռադատելու, տրամաբանելու ընդունակությունը գրողի ծոցը թռչի:

Հարցազրույցի արձագանքների մի զգալի մասը վերաբերում էր ղարաբաղցիների թեմային: Հայերենի ու հայության միասնականության կարևորության մասին հերթապահ ճոռոմ հայտարարությունների հեղինակներն այս անգամ իրենք իրենց համար թակարդ լարեցին, քանի որ կամ գլխի չընկան, կամ էլ պարզապես չուզեցին հասկանալ, որ հարցազրույցում խոսք էր գնում ոչ թե պարզապես երկու ղարաբաղցիների, այլ երկու ղարաբաղցի գործընկերների պայքարի աննպատակահարմարության մասին: Եվ այս ուղիղ խոսքը, փաստի արձանագրումը հորջորջվեց ղարաբաղցի-հայաստանացի հարաբերության մեջ սեպ խրելու փորձ: 

Շահախնդիր մյուս գնահատականը ներկա պահի քաղաքական մանր առևտրի մասին Ռոբերտ Քոչարյանի մտահոգությանն է վերաբերվում, և ոմանք խղճին ու արժանապատվությանը խորթացած հայտարարեցին, թե այդ առևտուրը սկսվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում: Մինչդեռ ինքներս որքան էլ փորձեցինք, չկարողացանք վերհիշել գոնե մի դեպք, երբ ընդդիմադիր գործիչը  հանկարծ աշխատանքի անցներ նախագահի աշխատակազմում: Գուցե թե Ռոբերտ Քոչարյանը սխալվել է միայն այդ առևտուրը սոսկ մանրածախ կոչելով, քանզի առևտրի արդյունքում ընդդիմադիրները մեծաքանակ բլոկով էլ են հայտնվում  իշխող կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի կազմում: Եվ կամ էլ առանց առևտրի ինչպե՞ս է արմատական ընդդիմության դիրքերից հանդես եկող թերթը մի գիշերվա մեջ հանկարծ կերպարանափոխվում այնքան, որ առավոտյան արդեն հանդես է գալիս որպես իշխանության գաղափարափող: Չէ, Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է. անկախ քաղաքական կուսակցության ղեկավարին կամ թերթի խմբագրին տրվելիքի մեծությունից, ֆինանս լինի, թե պաշտոն, առևտուրը, միևնույն է մանրածախ է, քանի որ հետապնդում է միայն մանր ու անձնական շահախնդրություն: 

Եվ վերջապես, գնահատականների վերջին խումբը վերաբերում էր հարցազրույցի` իբր պարտվողական բնույթին: Ի՞նչ պարտության մասին է խոսքը և` ո՞ւմից: Եթե սույն հարցազրույցը պարտվողական էր, կամ` ռևերանս իշխանությունների առջև, ապա ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին` պաշտպանել որևէ մեկի թեկնածությունը, կամ գոնե չքննադատել տիրող իրավիճակն ու պարզապես լռություն պահպանել: 

Ընդհանրապես, երբ խախտվում է տրամաբանությունը, հնարավոր են դառնում ամեն կարգի պնդումները: Նույն հոդվածում հանդիպում են հոդախախտված տրամաբանությամբ իրար հակասող եզրակացություններ: Էլեկտրոնային կայքի հոդվածագիրը նախ հայտարարում է, թե Քոչարյանն այս հարցազրույցով մեսիջ է ուղարկում գործող նախագահին, թե ահա ես հասկանում եմ քո ընտրվելու ցանկությունը, որպեսզի դու էլ հինգ տարի անց հասկանաս, ու ինձ չխանգարես երրորդ անգամ ընտրվել: Հետո նույն հեղինակը մի քանի պարբերություն անց պնդում է, թե երկրորդ և երրորդ նախագահները գործում են գաղտնի պայմանավորվածությունների համաձայն: Թվում է, թե ոչ մի հակասող բան այստեղ չկա, բայց ո՞վ է տեսել, որ գաղտնի պայմանավորվածության հեղինակներն իրար  հետ մեսիջներով խոսեն:

Կարճ ասած, մեկ անգամ էլ երկրի ինչպես քաղաքական, այնպես էլ լրատվական դաշտը խիստ հիասթափեցնող էր թե իր պրոֆեսիոնալ կարողությունների և թե բարոյական ըմբռնումների առումով: Էլ չենք խոսում տարբեր կարգի բեղիկավոր թալանչիների ու անասնապահի դիպլոմով /առանց կատակի/ քաղաքագետների մասին: Այնուհանդերձ քիչ չէին, գուցե նույնիսկ քանակական իմաստով հավասար էին նաև այն արձագանքները, որոնք Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին համարժեք ու խորքային գնահատականներ էին հնչեցրել: Դրանց մեջ հանդիպեցինք նաև այնպիսի արձագանքների, որ քիչ էր մնում գայթակղված` սույն վերլուծականի փոխարեն պարզապես այդ ճշմարիտ անդրադարձները դնեինք: Այնուհանդերձ դրանցից մի քանիսը զետեղել ենք մեր կայքէջում:

Ամփոփելով, ցանկանում ենք բավարար վստահությամբ պնդել, որ այսքան ջուր խմած այս հարցազրուցով Ռոբերտ Քոչարյանն իր վերադարձի առաջին քայլն է անում: Պետք է աչք ունենալ այդ տեսնելու համար, և ականջ ունենալ` լսելու համար: Անկախ այն հանգամանքից, թե ում սրտով է և ում` ոչ, Ռոբերտ Քոչարյանը մեր ժամանակների ամենափորձառու և ամենամեծ ներդրում ունեցող պետական գործիչն է, և անհրաժեշտ է, որ վերադառնա մեծ քաղաքականություն: Սա արդեն անխուսափելի է թվում, և խորհուրդ կտայինք հաշտվել այս իրողության հետ, և հետագա տարիների դեպքերի ընթացքին նայել հենց այս պրիզմայի միջով:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: