Հայաստանը լուրջ ներուժ ունի ամենաարդյունավետ երկիրը դառնալու համար
12.01.2006. Պահանջվում է ամենօրյա հետեվողական աշխատանք
15 Սեպ 2011  
15.09.2011  |  13:35   |   Թերթեր և ամսագրեր

Վերահսկողականը աշխատանքի պակաս չի ունենա

Հայոց Աշխարհ - Նախագահի վերահսկողական ծառայությունը այս տարվա աշխատանքային ծրագրին համապատասխան, ուսումնասիրություններ է կատարելու բնական հանքավայրերի արտոնագրման, շահագործման, բնավճարների կիրառման ոլորտներում, մաքսային եւ հարկային վարչարարությանն առնչվող հարցերում, ընտրանքային կարգով վերլուծելով նաեւ առանձին ապրանքատեսակների շարժը մաքսային եւ հարկային դաշտում։
   
Այս մասին երեկ լրագրողներին հայտնեց նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ, ասուլիսի ընթացքում անդրադառնալով անցյալ տարի ուսումնասիրված ու տակավին դիտարկման ներքո գտնվող ոլորտներում արձանագրված, բացահայտված իրողություններին։ Ծառայության ղեկավարը հայտնեց, որ վերահսկողականը մոտ տասը օր է, ինչ սկսել է զբաղվել մաքսային ու հարկային վարչարարության խստացման ու բարելավման խնդրով։ Նրա խոսքերով, թերեւս հունիս-հուլիսին վերահսկողական ծառայությունն արդեն ավարտած կլինի ուսումնասիրություններն այս ոլորտներում։ 

Եւ չնայած ընդամենը մի քանի օր է, ինչ վերահսկողականը ուսումնասիրություններ է կատարում մաքսային եւ վերահսկողական դաշտերում, Վ.Բարսեղյանը վստահ է, որ հարկամաքսային մեխանիզմների փոփոխության հետեւանքով արդյունքների հասնելու են։ "Նման պարագայում բնական է, որ կարող է բողոքներ հնչեն մարդկանցից, ովքեր ժամանակին միգուցե արտոնյալ վիճակում են եղել։ Ի վերջո, մարդուց մի ինչ-որ բան վերցնում ես, ո՞նց կարող է չբողոքել",- ասաց վերահսկողական ծառայության ղեկավարը։ 

Վ.Բարսեղյանը հիշեցրեց նախագահի առաջադրած դիրքորոշումը, որ հարկահավաք այդ կառույցները, վարչարարությունը խստացնելով հանդերձ, չխեղդեն գործարարներին, այլ, օրենքին հետեւելով, փորձեն գործունեության հավասար դաշտ ապահովել։ Ասել կուզի՝ հարկահավաքման մեխանիզմը պետք է կիրառվի հավասարակշռությունն ապահովելով։ 

Ինչպես հայտնի է, բյուջեի մուտքերի ապահովման տեսանկյունից առանցքային այս երկու կառույցների գործունեությունը լրջորեն քննարկվել էր երկրի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի մոտ հրավիրված խորհրդակցություններում։ Վ.Բարսեղյանի խոսքերով, այդ խորհրդակցությունների ժամանակ նախագահի տված խիստ առաջադրանքները արդեն իսկ որոշակի արդյունքների են հանգեցրել։ Համենայն դեպս, այս տարվա առաջին եռամսյակում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հարկային մուտքերը 6,4 մլրդ դրամով ավելի են եղել (աճը՝ 22,4%), իսկ մաքսային մուտքերը ավելացել են 4,11 մլրդ դրամով (16,6 տոկոսով)։

Փաստորեն նույնպիսի դրական հետեւանքներ են ունեցել վերահսկողական ծառայության կողմից սոցապահովագրության կամ, ինչպես սովորույթի ուժով ենք ասում, կենսաթոշակային հիմնադրամում անցյալ տարի կատարված ուսումնասիրությունները։ Նախագահն իր վերջին ելույթում անդրադարձել էր այս հիմնադրամում բացահայտված արտառոց փաստերից մեկին, մասնավորապես միանգամից ... 50 իրավաբան պահելու իրողությանը։ 

Վերահսկողական ծառայության ղեկավարը նշեց մի քանի հանգամանքներ, որ ի հայտ են եկել կենսաթոշակայինի ուսումնասիրության ժամանակ։ Մասնավորապես փորձ է արվել համադրել ապահովադիրների տվյալները, որոնք կուտակվում են տարբեր պետական գերատեսչություններում (դիցուք՝ պետռեգիստրներում գրանցվածների, հարկային մարմիններում հաշվետվություն ներկայացնողների թվերը)։ Պարզվել է՝ «խզումը բավականին մեծ է»։ 

Ավելին՝ պարզվել է, որ երթուղիներում մի քանի տասնյակ, նույնիսկ մինչեւ հարյուր ուղեւորատար մեքենա շահագործող ընկերությունները կենսաթոշակայինին ներկայացրած հաշվետվությունների մեջ նշել են, թե մեկ կամ երկու աշխատող ունեն եւ, ըստ այդմ էլ, կատարել են վճարումները։ Ինքնին հասկանալի է, որ նման անհավանական թվով աշխատողներ ունենալու վերաբերյալ հաշվետվությունների կեղծ լինելը հանգիստ կարող են բացահայտել հիմնադրամի աշխատակիցները։ Եթե ցանկանային։ 

Այս ոլորտում վերջերս կատարված փոփոխությունների արդյունքներն ակնհայտ են. "Եթե համեմատելու լինենք 2004թ. նույն ժամանակահատվածի հետ, ապա այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, նշված հիմնադրամի համար 3,39 մլրդ դրամ ավել է հավաքվել։ Դա 35,5 տոկոսի տարբերություն է",- հայտնեց վերահսկողական ծառայության ղեկավարը։ 

Նա ուշադրություն հրավիրեց նաեւ այն իրողության վրա, որ վերահսկողական ծառայությունն ուսումնասիրությունից հետո մոտ մեկ տարի մոնիտորինգի ներքո է պահում տվյալ ոլորտը։ Ըստ որում՝ դիտարկումները շարունակվում են՝ նկատի ունենալով այդ եւ մյուս ոլորտների փոխկապակցվածությունը։ Այս կապակցությամբ բերված ամենից ուշագրավ օրինակը վերաբերում է կրթական, տվյալ դեպքում՝ բուհական համակարգին։ Դպրոցական ոսկե մեդալներին առնչվող արտոնությունների վերացման խնդիրը ժամանակին հանգամանալից լուսաբանվել է, կարծում ենք, կրկնելու կարիք չկա։ 

Բայց դպրոցների ավարտական, ապա եւ բուհերի ընդունելության քննություններն անցյալ տարի ուսումնասիրելուց հետո վերահսկողական ծառայությունը, նկատի ունենալով խնդիրների փոխկապակցվածությունը, վերջերս դիտարկել է առաջին կիսամյակում ուսանողների ներբուհական եւ միջբուհական տեղափոխությունների խնդիրը։ Եւ ի հայտ են եկել չափազանց ուշագրավ փաստեր. "Պարզվում է, որ առաջին կիսամյակից հետո բուհական համակարգում 225 ուսանող է տեղափոխվել մի մասնագիտության կուրսից մյուսը։ Եթե համեմատելու լինենք կառավարության հաստատած վճարովի տեղերի հետ, ապա, պարզվում է, որ այդ տեղափոխություններով կատարվել է նշված թվի 67 տոկոս ավելացում։ Տպավորություն է ստեղծվում, որ լրացուցիչ ընդունելություն է տեղի ունեցել։ Կարծես այնպիսի խնդիր է դրված, որ միայն թե ընդունվեն, իսկ հետո, միեւնույն է, տարբեր ճանապարհներով իրենց վերջնանպատակին հասնելու են",- ասաց Վ.Բարսեղյանը։ 

Իսկ միջբուհական տեղափոխությունների հարցում Վ.Բարսեղյանի խոսքերով, ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ "կարծես դոնոր բուհեր ունենանք, ուր ընդունվում են հետագայում տեղափոխվելու նպատակով։ Օրինակ՝ Գավառի պետական համալսարանից 24 տեղափոխություն է կատարվել, համարյա նույն պատկերն է մանկավարժականում"։

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: